Երկուշաբթի, Հոկտեմբերի 07, 2024

Վերլուծական

Հայաստանը՝ «Ապագա կա» կարգախոսի ճիրաններում

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

1996-ի նախագահական կեղծված ընտրություններից հետո ՀՀ-ում անվերահսկելի էր դարձել բանակի ղեկավարության եւ «Երկրապահ» կառույցի վարքագիծը։ Արդյունքում՝ օգտվելով ստեղծված իրավիճակից, ռազմականացված այդ կազմավորումը ԱԺ-ում ձեւավորվեց որպես քաղաքական մեծամասնություն, ինչը մեր պառլամենտարիզմի պատմության, թերեւս, ամենազավեշտալի դրվագներից է։ ԱԺ-ի «երկրապահացումը» նաեւ ցույց տվեց, որ խորհրդարանում մինչ այդ մեծամասնություն կազմող «Հանրապետություն» խմբակցությունն ընդամենը օրվա քաղաքական իրավիճակով պայմամավորված արհեստածին միավոր էր, որը ժամերի ընթացքում փսորվեց՝ վերափոխվելով երկրապահական մեծամասնության։

98-ի փետրվարյան իշխանափոխությունը պետության ներսում ստեղծված պատկերի ճիշտ հայելային արտացոլումն էր։ Խորհրդարանի եւ, ընդհանրապես, պետական ինստիտուտների աստիճանական վատթարացումը՝ դեգրադացիան, քայլ առ քայլ ավելի բարենպաստ պայմաններ ստեղծեց քաղաքական տիրույթում նիկոլատեսակի հայտնվելու համար։

Օրվա իշխանությունները՝ օգտվելով իշխանության հասնելու համար որեւէ սրբության առաջ կանգ չառնելու՝ պատուհասի որակներից, նրան օգտագործեցին ամենատարբեր հարցերում՝ այդ թվում ներիշխանական խնդիրներ լուծելիս։ Հայտնի փաստ է, որ այդ անձի չտես, աչքածակ, փողի մեռած եւ պատվերներ կատարողի անբարո հատկանիշների բերումով նրան տարբեր միջոցներով կաշառում էին՝ ընդհուպ մինչեւ ամսական «նալոգ»-ի նշանակում: Այդ մասին կան նաեւ, այսպես կոչված, ինքնախոստովանական ցուցմունքներ։

Նա կարողանում էր անգամ բավական թանկ վաճառել յուր կերած ծեծը, ինչին սովորաբար արժանանում էր նենգ խաղեր տալու կամ տված խոստումները դրժելու պատճառով։ Այլ խոսքով՝ իրենց անձնական խնդիրները լուծելու համար օրվա իշխանությունները, ազդեցիկ գործիչները պարարտ հող էին ստեղծում, հարթում ազգակործան սինլքորի՝ իշխանության հասնելու ճանապարհը։ Եվ ծիծաղելի է, որ հիմնականում այսօր հենց նրանք են փորձում դավաճանի «լույս աշխարհ» գալը պայմանավորել դրսի ուժերով:

Պետք է խոստովանենք, որ Նիկոլ Փաշինյանը հետեւանք է, ոչ պատճառ։ Վստահաբար՝ նրան մենք ենք ծնել ու սնել, մեր հավաքական կերպարը… Օրվա իշխանությունների կողմից կառուցված «ծննդատանն» է սաղմնավորվել եւ լույս աշխարհ եկել նա։ Եվ, նկատի ունենալով, թե ինչ զարգացումներ են ծավալվում քաղաքական դաշտում, կարելի է պնդել, որ այժմ եւս շարունակում է այդ կառույցը ծնունդներ ընդունել։ Նոր նիկոլների ծնունդներ թույլ չտալու համար, կարծում եմ, հիմնավորապես պետք է փակել այդ «ծնարանը» եւ վերացնել այն պատճառները, որոնք նման ասուններ են ծնում։

Բայց մարդիկ, որոնք ոչ միայն չպիտի լինեին ընդդիմադիր դաշտում, այլեւ թույլ տված սխալների համար պետք է ապաշխարեին ու հեռանային քաղաքականությունից, ամեն գնով պայքարում են, որպեսզի քաղաքագիտական միտքը չանդրադառնա վարչապետ կոչվածին ծնող պատճառներին։ Իրենց հրապարակային կամ ոչ հրապարակային գործողություններով նրանք շարունակում են ապահովել այդ «ծննդատան» քաղաքական դիզայնը։

Հաճախ եմ իմ հրապարակումներում անդրադարձել խնդրո առարկա պատճառներին։ Վեց տարի շարունակ այդպես էլ հոդաբաշխ պատասխան չտրվեց մի շարք հարցերի, որոնք հուզում են հասարակությանը։ Իսկ դրանք բազմաթիվ են՝ սկսած իշխանության որոշ ներկայացուցիչների նախաձեռնությամբ «Ելք» դաշինքի ձեւավորումից, ՀՀ նախագահի պաշտոնում, Սահմանադրության կոպիտ խախտմամբ, Արմեն Սարգսյանի նշանակումից, ավարտած երրորդ ժամկետով պետության բարձրագույն պաշտոնում Սերժ Սարգսյանի առաջադրմամբ, ինչն էլ դարձավ ոչ միայն «Սերժին մերժելու», այլեւ հայկական երկու պետությունների ճակատագրերը զոհասեղանին դնելու առիթ։

Արցախի հարցը արդեն, կարծես թե, լուծված է, Հայաստանինը՝ ընթացքի մեջ։

Բայց, ցավոք, բարձրացված հարցերին պատասխանելու փոխարեն նրանք արհեստավարժ խոսափող բռնողների միջոցով սկսեցին զրպարտել ու վիրավորել հարցադրման հեղինակներին։ Զորօրինակ՝ նման զառանցանքներից մեկը. «Ռուբեն Հակոբյանն է Նիկոլ Փաշինյանին իշխանության բերող չեմպիոնը»։ Նպատակը հստակ է՝ ամենաստոր ձեւերով դուրս գալ բոլոր նրանց դեմ, ովքեր ջանում են ջրի երես հանել պետությանը ողբերգության մեջ ներքաշած դավաճանության պատճառները, քանի որ բացահայտումը չի բխում ոմանց շահերից։

Անշուշտ, սխալվելը մարդու համար բնական սայթաքում է, առավել եւս, որ օրվա իշխանությունների դեմ հասարակության զգալի հատվածի ընդվզումն ունի նաեւ օբյեկտիվ պատճառներ։ Բայց երբ հայտարարում են, որ ժողովուրդը գնաց նախիրի միջից «էշի ճակատը պաչեց», մեղմ ասած, երեսպաշտություն է։ Ժողովրդին այդ տարածք ուղղորդեցին օրվա իշխանությունները, որոնք, ի ցույց ժողովրդի, իրենց գործողություններով եւ իրար հերթ չտալով նախ իրենք «պաչեցին» ազգադավի ճակատը։

Բայց, երբ վերախմբագրվելու եւ ինքնահաստատվելու համար փորձում են զրպարտել ու վիրավորել մարդկանց, ովքեր հենց սկզբից պայքարել են այս ազգակործան պատուհասի կողմից իշխանությունը զավթելու դեմ՝ սա իսկսպես ճիզվիտին հատուկ անբարոյականություն է։

Այո, համոզված եմ՝ պատասխանատվությունից խուսափելուն եւ հասարակության ուշադրությունը շեղելուն է միտված վարչապետ կոչվածի գոյությունը դրսի ուժերով պայմանավորելը։ Եվ քանի դեռ մենք փորձում ենք չտեսնելու տալ մեր իսկ ձեռքերով մեր աչքը մխրճած հաստաբուն գերանը եւ մեղադրել այդ գերանի գոյությունից օգտվող աշխարհաքաղաքան կենտրոններին, մենք դեռ երկար կքայլենք ինքնաոչնչացման բավիղներով։ Եվ կշարունակենք գլուխներս տմբտմբացնելով՝ քայլել դեպի ինքնաոչնչացում, քանի դեռ Փաշինյանը մեր լռելյայն թողտվությամբ շարունակում է ղեկավարել Հայաստանը։ Ամփոփենք Պարույր Սեւակի թեւավոր խոսքերից մեկով. «Ազգը չի կարող կործանվել այլ կերպ, քան ինքնասպանությամբ…»: Մեր ազգի համար է այն ամենաշատն ասված:

 

Ռուբեն Հակոբյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: