Երկուշաբթի, Նոյեմբերի 25, 2024

Վերլուծական

Ի՞նչ են նշանակում Ջոն Բոլթոնի աղմկահարույց հայտարարությունները

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի` Ռուսաստան եւ Հարավային Կովկասի երկրներ կատարած այցերը շատ վերլուծաբաններ սկսել են անվանել պատմական։ Կան տեսակետներ, որ այցերը կարող են աշխարհաքաղաքական փոփոխությունների սկիզբ հանդիսանալ։  Ժամանակը ցույց կտա, թե որքանով են այդ տեսակետները հիմնավոր, սակայն հայտարարությունների առումով Բոլթոնի այցերն արդեն իսկ կարելի է պատմական անվանել՝ նմանօրինակ անկեղծ եւ հանդուգն մտքերն աննախադեպ են։

Նշենք մեր տարածաշրջանին առնչվող առանցքային հայտարարություններից մի քանիսը.

  • Կովկաս այցելելուց առաջ Բոլթոնը շատ կարճ մեկնաբանել էր տարածաշրջան գալու իր այցի նպատակը՝ նշելով, որ Կովկասը «նշանակալիորեն մեծ» դեր ունի Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի հարաբերություններում։ Հետաքրքիր է նաեւ այն, որ Կովկաս այցելելու նպատակը Բոլթոնը բացատրել է նրանով, որ ցանկանում է գնահատել Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի հանդեպ նրանց վերաբերմունքը։ Այսինքն՝ այցը չի սահմանափակվում միայն Իրանի խնդրով:
  • Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը, նրա խոսքով, կարող է ազդել ողջ աշխարհում տիրող իրավիճակի վրա:
  • Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը, Բոլթոնի ներկայացմամբ, բխում է ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլեւ ԱՄՆ-ի շահերից:
  • Այնուհետեւ կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի կողմից հակամարտության մեջ գտնվող երկու երկրներին զենք վաճառելը չի նպաստում կարգավորման գործընթացին, որովհետեւ դա կողմերի վրա ազդեցության մեծ լծակ է տալիս Ռուսաստանին եւ խաղաղության չի բերում։ Ավելին` նա նկատել է. «Մենք ամերիկացիներ ենք, մենք հավատում ենք մրցակցությանը՝ որպես բարելավման շարժիչ ուժի։ Մեր զենքն ու զինամթերքն այս պարագայում ավելի լավն են, քան` ռուսականը։ Կարծում եմ` սա մենք պետք է քննության առնենք, դիտարկենք մեր օրենքների շրջանակում»:
  • Հայաստանում եւ Ադրբեջանում հայտարարել է, որ այդ երկրների հետ ԱՄՆ-ի հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն:
  • Հայ-ադրբեջանական հակամարտությունը, ըստ նրա, կարող է կարգավորվել ինչպես Մինսկի խմբի ձեւաչափում, այնպես էլ «այլ հնարավորություններ» օգտագործելով:
  • «Մենք մտադիր ենք սեղմել Իրանի շուրջ օղակը, քանզի կարծում ենք, որ Մերձավոր Արեւելքում եւ ամբողջ աշխարհում նրանց վարքագիծը չարամիտ է եւ պետք է փոխվի»,- հայտարարել է ամերիկացի պաշտոնյան:
  • Եվ վերջում` Հայաստանում հնչեցրած հետեւյալ հայտարարությունը. «Եթե դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կուսակցությունը ստանա մանդատ` դա լավ հնարավորություն կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ձեռնամուխ լինել ավելի վճռորոշ քայլերի»։

Ուրիշ ժամանակներ այս հայտարարություններից յուրաքանչյուրը ամերիկացի մեկ այլ պաշտոնյայի շուրթերից հնչելու դեպքում մամուլը «կպայթեցներ», սակայն մտքերի այսօրինակ «ծաղկափունջը» դժվար է միանգամից մարսել։ Այնուամենայնիվ` փորձենք հպանցիկ անդրադառնալ եւ փորձել հասկանալ, թե ինչ են նշանակում այդ հայտարարությունները։

Առաջինը, ինչն արժե մատնանշել, դա այն է, որ ԱՄՆ-ը մուտք է գործել Ռուսաստանի ավանդական ազդեցության գոտի եւ ցուցադրաբար վիճարկում է այդ կարգավիճակը։ Միացյալ նահանգները փաստորեն հայտ է ներկայացրել Կովկասը հայտարարել իր ազդեցության գոտի։ Դրա մասին է վկայում ամերիկյան ռազմատեխնիկայի տրամադրման առաջարկը, ինչը քաղաքական ազդեցության առումով ունի ռազմավարական նշանակություն։ Այս տրամաբանության մեջ է արցախյան հակամարտությունը նաեւ որպես «ամերիկյան հարց» դիտարկելը, այսինքն` հիմնախնդրի լուծումը բխեցվում է արդեն ամերիկյան շահերի տեսանկյունից, իսկ եթե ավելի հստակ արտահայտվենք` տարածաշրջանը հայտարարվում է իբրեւ ամերիկյան ազգային շահերի գոտի։ Նույն տրամաբանության շրջանակում պետք է դիտարկել նաեւ մյուս հայատարարությունը, թե Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները ռազմավարական բնույթ ունեն:

Աննախադեպ է Արցախի խնդրի լուծման Մինսկի խմբի հարթակից զատ «այլ հնարավորությունների»  վկայաբերումը։ Փաստորեն կասկածի տակ է դրվում Արցախի խնդրով զբաղվող Մինսկի խմբի կարգավիճակը` որպես միակ հարթակ։ Աննախադեպ լինելով հանդերձ` այս հայտարարությունը, սակայն, համահունչ է նախկինում հայտարարված գաղափարներին։ Եվ վերջապես` սրանով Արցախի խնդրին տրվում է համաշխարհային հնչեղություն, ինչը նշանակում է, որ կարող են աշխարհաքաղաքական փոփոխություններ սկսվել շուրջ երեք տասնամյակ մխացող արցախա-ադրբեջանական առճակատման կարգավորման համատեքստում: Չմոռանանք, որ Հարավային Կովկասը Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի միջեւ ձեւավորված հավասարակշռության գրավականն է։

Բավական ուշագրավ է նաեւ այն միտքը, որ ՀՀ Ազգային ժողովի դեկտեմբերին կայանալիք ընտրություններից հետո Միացյալ նահանգները մեր երկրից ակնկալում է «վճռորոշ» քայլեր։

 

Ս. Դանիելյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: