Կիրակի, Մայիսի 29, 2022

Վերլուծական

«Կորսված հաղթանակ. դավաճանությո՞ւն, թե՞ անգրագիտություն»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Ինչպես խոստացել էինք, կփորձենք վերլուծաբար ներկայացնել ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի նախաձեռնությամբ հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած երկրորդ ամենախոշոր դահլիճային միջոցառումը, որի քննարկման նյութն էր՝ «Կորսված հաղթանակ. դավաճանությո՞ւն, թե՞ անգրագիտություն»: Հիշեցնենք, որ թեմատիկ քննարկումների շարքը մեկնարկել է հոկտեմբերի 22-ին՝ «Հայաստանին եւ Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» խորագիրը կրող համաժողովով եւ հանրորեն հայտնի անկախ քաղաքագետների, փորձագետների ու քաղաքական վերլուծաբանների մասնակցությամբ: Հիշեցնենք նաեւ, որ նոյեմբերի 9-ի հանրահավաքին ընդառաջ անցկացվող հանրային քննարկումները միակ միջոցառումը չեն: Ազգային դիմադրության շարժումն այս օրերին կազմակերպում է մարզային այցեր, ասուլիսներ, զրույց-հանդիպումներ ինչպես տարբեր համայնքներում, այնպես էլ հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչների հետ:

Փորձագիտական հանրույթի մասնակցությամբ երկրորդ միջոցառումը, որի թեման խիստ կարեւոր, արդիական եւ պատասխանատու էր, անցկացվեց պանելային դիտարկումների սկզբունքով: Առաջին պանելում քննարկվում էին պատերազմի սկսման աշխարհաքաղաքական, տարածաշրջանային ու տնտեսական նախադրյալներն ու այն գործընթացները, որոնք, ի վերջո, հանգեցրին պատերազմի, իսկ երկրորդ պանելում առավելապես խոսվեց ներքաղաքական խնդիրներից՝ մասնավորապես արծարծվեց պատերազմից առաջ, դրա ընթացքում եւ հետպատերազմյան շրջանում իշխանությունների վարքագծի, նրանց իրական մտադրությունների, նպատակների ու ձգտումների, իրականացնելիք ծրագրերի թեման: Բովանդակային ու մասնակիցների կազմի տեսակետից այս համաժողովն ավելի ներկայացուցչական էր, իսկ քննարկումների պանելային ձեւաչափը հնարավորություն էր տալիս ավելի խորը թափանցել 44-օրյա պատերազմի պատմության առեղծվածային գաղտնարանները:

Կազմակերպիչները հավաստիացնում են, որ սույն քննարկումների նպատակն է փաստական ու գիտական հիման վրա վերլուծել, ՀՀ հասարակությանը ներկայացնել պատերազմի պարտության իրական եւ խորքային պատճառները, ինչպես նաեւ բացահայտել այն շարժառիթները, որոնք նկատելի էին եւ են Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձի՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական վարքագծում: Մասնավորապես՝ հատուկ քննության նյութ է, թե ինչ գործոններ են ազդել նրա՝ որպես Գերագույն գլխավոր հրամանատարի, կայացրած կասկածահարույց որոշումների վրա, մասնակցե՞լ են արդյոք երկրի ռազմական իշխանության բարձրագույն ներկայացուցիչներն այդօրինակ որոշումների կայացմանը եւ, ընդհանրապես, ունեի՞ն հնարավորություն ազդելու ճակատագրական վճիռների ընդունման գործընթացի վրա, այսինքն՝ բեկանելու կամ հաստատելու մարտավարորեն անտրամաբանական կամ առերեւույթ ոչ հայանպաստ պատկերանող որոշումները: Իսկ այդպիսի օրինակներ քանիցս մատնանշվել են մեր հրապարակումներում:

Իհարկե, հետպատերազմյան մեկ տարվա ընթացքում փորձագիտական մակարդակով կատարվել են առանձին ուսումնասիրություններ, հրապարակվել են լրագրողական հետաքննություններ, հոդվածներ, որոնք մեծամասամբ կրում են հատվածական-դրվագային բնույթ, որոշ հեղինակների խանգարում են ավելորդ զգացմունքայնությունը, քաղաքական կամ աշխարհայացքային նախապատվությունները: Համենայն դեպս՝ այսօր հրապարակի վրա չունենք խնդրի ամբողջական, մասնագիտական եւ խորքային հետազոտություն, ինչպես նաեւ չունենք այն ակնկալիքը, որ այդպիսի անաչառ ուսումնասիրություն կարող է լինել Արցախյան վերջին պատերազմի հանգամանքները քննելու առաքելությամբ կազմավորվելիք խորհրդարանական հանձնաժողովը: Մանավանդ՝ այս իշխանության օրոք, որն ամբողջ մի ընտրություն կեղծեց, եւ մանավանդ՝ Անդրանիկ Քոչարյանի նման մեկի նախագահությամբ ձեւավորված հանձնաժողովը: Այդպիսի պատվիրովի հանձնաժողովների ուսումնասիրություններից հետո, որպես կանոն, հարցերն ավելի են շատանում, քան՝ պատասխանները: Կա իրականությունը կեղծիքից զտելու հույժ անհրաժեշտություն: Կհաջողվի՞ ազգային դիմադրության շարժմանը բացել, ի ցույց դնել անթեղված ճշմարտությունը՝ մոտալուտ ժամանակի խնդիր է:

Այդպիսով՝ «Կորսված հաղթանակ. դավաճանությո՞ւն, թե՞ անգրագիտություն» հարցադրումը փորձ է՝ հանրային-քաղաքական ճանաչված գործիչների, բարձր որակավորում ունեցող փորձագետների դիտարկումները, նկատառումներն ու վերլուծական ներուժը ի մի բերելու միջոցով ստանալ պատերազմի պարտության իրական պատճառների, հանգամանքների ամբողջական պատկերը: Հարցադրում, որի պատասխանը հետաքրքրում է ողջ հասարակությանը. մի ստվար զանգված գտնում է, որ տեղի է ունեցել դավաճանություն, մեկ այլ, հնարավոր է՝ ավելի մեծաթիվ զանգված, կարծում է, որ պարտությունը ոլորտի մակերեսային իմացության, ապիկարության ու անգրագիտության հետեւանք է: Այս քննարկումը կոչված է տալ անաչառ, մասնագիտորեն փաստարկված պարզաբանում, օգնել մեր քաղաքացիներին, հատկապես հասարակության մոլորված հատվածին՝ ճիշտ հասկանալու եղելությունը եւ որդեգրելու համարժեք քաղաքացիական կենսադիրքորոշում:

Դատելով համաժողովում հնչած բանախոսություններից եւ փորձագիտական եզրահանգումներից, կարող ենք անվարան արձանագրել, որ «դավաճանությո՞ւն, թե՞ անգրագիտություն» կանխավարկածների երկընտանքում գերակշռողը առաջինն է: Դավաճանության կանխավարկածի «օգտին» բերված փաստարկները բավական համոզիչ եւ ծանրակշիռ են: Դրանց թիվը մեծ է, հնարավորինս հակիրճ կներկայացնենք մի քանիսը՝ առավել հատկանշականները:

Նաիրի Հոխիկյան, լրագրող, հեռուստամեկնաբան - Պատերազմի վտանգն արդեն նշմարելի էր 2018 թվականի հոկտեմբերին` Դուշանբեում Փաշինյան-Ալիեւ «վերելակային» հանդիպումից հետո: Այդ ժամանակ որոշ տեղեկություններ ստացա, որ Դուշանբեում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու տարվա ընթացքում լուծել արցախա-ադրբեջանական հակամարտության հարցը: Դուշանբեից վերադարձած Փաշինյանի հայտնի խոսքը, թե Ալիեւը «բավական կիրթ, կառուցողական մարդ» է, գրեթե հաստատեց ինձ հասած տեղեկությունը: Որպես ոլորտն ավելի քան 15 տարի ուսումնասիրող մասնագետ՝ հասկացա, որ տեղի են ունենում լրագրողական պարզ մանիպուլյացիա, ուղեղների լվացում, թշնամու նկատմամբ մարդկանց վերաբերմունքի փոփոխություն ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Սփյուռքում: Կասկածներս ավելի խորացան, երբ Սփյուռքի նախարարությունը լուծարվեց եւ, ընդհանրապես, Հայաստան-Սփյուռք հարաբերությունները սկսեցին թուլանալ՝ պարզ դարձնելով, որ ոչնչացվում է հայկական դիմադրողականությունը: Այդ օրերին ներքին կարգով արդեն խոսակցություններ էին պտտվում, թե նախապատրաստություն է գնում առաջիկա երկու տարում կազմակերպել առաջին փուլով Արցախի մի քանի շրջանների հանձնումը: Ապա հետեւեցին ԱԺ արտահերթ ընտրություններն ու ամբողջ իշխանության կենտրոնացումը մեկ ուժի ձեռքում: Հետագայում դեպքերի տրամաբանական շղթան անընդհատ երկարում էր՝ հուշելով, որ պատերազմ է լինելու, եւ այդ պատերազմում մենք պարտվելու ենք: Այդ շղթայի օղակներից էին «թշնամու կերպարը» ջարդելու ուղղությամբ 2018-2019 թթ. կատարված աշխատանքները, ինչպես նաեւ 2019թ. հունվարին ՀՀ-ի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը, որտեղ Թուրքիայի կողմից պայման էր դրվել, որ Քարվաճառի, Շուշիի ու Արաքսի հովիտի դիմաց 5 միլիարդ դոլար ներդրում պետք է կատարվեր ՀՀ տնտեսության մեջ եւ բացվեին սահմանները: «Բայց քանի որ ե՛ւ ռազմական ղեկավարությունը, ե՛ւ Արցախի ղեկավարությունը գրողի ծոցն ուղարկեցին այդ դավաճանական ծրագրերը, իմ կարծիքով, որոշում կայացվեց, որ եթե չեք ուզում լավ ձեւով, կլինի վատ ձեւով»,- նշել է Հոխիկյանը՝ եզրակացնելով, որ 2019-ի վերջից եղել է տարածքները պատերազմով հանձնելու պայմանավորվածություն: Ըստ նրա, պատահական չէ, որ 2020-ի մարտից մինչեւ հուլիս Արցախի հարավում փորձառու հրամանատարներին սկսեցին աստիճանաբար հետ քաշել եւ նրանց փոխարեն բարձր պաշտոնների նշանակել վատ հատկանիշներով բնութագրվող մարդկանց:

Արթուր Ղազինյան, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր – ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի նախորդ նիստում՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցի, թե անցյալ տարվա դեկտեմբերին ում հրամանով էին Կովսականում եւ Սանասարում տեղակայված մեր զորքերն ավելի քան 20 կմ հետ քաշվել զբաղեցրած դիրքերից, Նիկոլ Փաշինյանն ուշագրավ ինքնախոստովանություն արեց՝ պատասխանելով, որ դա տեղի է ունեցել իր հրամանով. «Զորքերի հետքաշման հրամանը տվել եմ ես, իրականացրել է Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: Այդ որոշումը կայացվել է ռազմավարական նշանակության ճանապարհն առնվազն ինչ-որ ժամանակ չկորցնելու նկատառումով»,– նշել է Փաշինյանը: Նրա խոսքով՝ Սյունիքի հարցով միանձնյա պատասխանատուն ինքն է: Կարգին երկրում իրավապահ մարմինները նույն պահին կգնային հայտարարության հետքերով, քանզի այդ հրամանը, որի սահմանադրական լիազորությունը նա չուներ, ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողություն է, որով խախտվել է Հիմնական օրենքի 300.2 հոդվածը: Հայկական զորքի հետքաշման արդյունքում բացվեց Սյունիքի թիկունքը, եւ մարզի պաշտպանությունը դարձավ խիստ խոցելի: Վարչապետի աթոռը զբաղեցնող անձի պատասխանը, թե դա չանելու դեպքում Ադրբեջանը ռազմական գործողություններ կսկսեր ՀՀ-ի դեմ, մտացածին է, քանի որ կար նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որտեղ ասված է՝ փաստաթղթի ստորագրման պահից զորքերը մնում են իրենց գտնված տեղերում: Կատարվածն իրականում պետական դավաճանություն էր: Մեկ այլ փաստ. Փաշինյանն իր պատասխաններից մեկում հաստատել է, որ պատերազմի մասին իմացել է սեպտեմբերի 25-ին: Ուրեմն ինչո՞ւ զորքը թիվ մեկ մարտական պատրաստության վիճակի չի բերվել: Սահմանի մյուս կողմում ահռելի քանակությամբ զենք ու զորք էր կուտակված, ինչը հնարավոր չէր չնկատել: Սահմանի մեր կողմում զորքը մնացել էր զորանոցում, իսկ զենքը՝ զինապահեստում: Մինչդեռ առաջին թիրախը նման դեպքերում դառնում են ստատիկ զորքը եւ զինապահեստները, ինչը եւ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ի վաղ առավոտյան: Անսպասելիության գործոնով պայմանավորված՝ հենց առաջին օրը եղան աննախադեպ թվով զոհեր եւ բավական թանկարժեք զինտեխնիկայի կորուստ:

Կարեն Վրթանեսյան, «Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական փորձագետ - Ադրբեջանում պատերազմի որոշումը կայացրել են աստիճանաբար՝ հստակ տեսնելով, որ քանդվում է ՀՀ պաշտպանական համակարգը: Իշխանական քարոզչությունը պնդում է, որ պատերազմը եւ պատերազմում պարտվելն անխուսափելի էին։ Մարդկանց գիտակցության մեջ ստեղծվել է մի առասպել, թե 1991-1993 թթ. մենք ունեինք հզորագույն, կազմավորված բանակ, պետություն, եւ 30 տարի այդ ամեն ինչը թալանել են։ Իրականում այն մարդկանց, ում հիմա մեղադրում են թալանի մեջ, այդ մարդիկ են զրոյից հիմնադրել բանակը եւ հաղթանակներ տարել։ Հիմա անդրադառնամ հարցին, թե արդյո՞ք պատերազմի սկիզբը կանխորոշված էր: Վստահ եմ, որ 2018թ. ապրիլ-մայիսին նման որոշում չի եղել: Ադրբեջանը միշտ պատրաստվել է պատերազմի, այլ հարց էր՝ կգնա՞ր այդ քայլին, թե՞ ոչ: Եթե իմանային, որ այդ պատերազմը չեն մարսի, բնականաբար, չէին սկսի։ 2018-ի ապրիլ-մայիսին անկայուն, քաոսային իրավիճակ էր, բայց Ադրբեջանը, բացի Նախիջեւանում բարձունք գրավելուց, այլ լայնածավալ քայլերի չդիմեց։ Ակնհայտ էր, որ չուներ այդպիսի որոշում։ Ադրբեջանը, այսպես ասած, «թեւեր առավ» Դուշանբեի հանդիպման ժամանակ։ Կարծում եմ՝ Ալիեւը, մի քանի նախադասություն փոխանակելով, հասկացավ՝ ում հետ գործ ունի։ Այդ պայմաններում ադրբեջանցիներն ակտիվ ամրաշինական աշխատանքներ էին իրականացնում սահմանին, ինչը նախկինում չէին կարող անել: Ադրբեջանը տեսնում էր, թե ինչ վիճակ է ՀՀ-ում. Կառավարության նիստի ժամանակ գործադիրի ղեկավարն իր երկրի ռազմավարական պաշարների մասին գաղտնի տվյալներ է հրապարակում. սա խոսուն ցուցիչ է: Ադրբեջանը եւ Թուրքիան 2019-ի կեսերից ունեին պատերազմի որոշում եւ հստակ պլան, այդ մասին ասում էինք, սակայն՝ զրո արձագանք: Սեպտեմբերի 25-ին մարդիկ արդեն հասկանում էին, որ պատերազմը օրերի հարց է, որից հնարավոր էր խուսափել։ Ես պնդում եմ՝ նույնիսկ պետական կառավարման, պաշտպանական ավերված համակարգերով սեպտեմբերի 25-ին, 27-ին, 30-ին Հայաստանը հնարավորություն ուներ, եթե նույնիսկ չհաղթելու, ապա «ոչ ոքի» անելու։ Պարտության հարցը կպարզվի արդար դատաքննությամբ: Սխալների շարանը թույլ չի տալիս հավատալ, որ պարտությունը պատահական էր։ Փաշինյանը կարողացավ իշխանություն պահել այնպիսի, պայմաններում, որի դեպքում Չերչիլը չէր կարող պահել: Ո՞նց է լինում, որ մի հարցում վիրտուոզ աշխատանք է, մյուս հարցերում՝ նման տապալումներ։

Տիգրան Աբրահամյան, ռազմական փորձագետ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր - Նախ փորձենք հասկանալ՝  որքանո՞վ էին հայկական կողմի գործողությունները համահունչ նախապատերազմական իրավիճակին, երբ տավուշյան դեպքերից հետո Թուրքիան եւ Ադրբեջանը համատեղ զորավարժությունների շարք էին սկսել, որոնք տեւեցին մինչեւ պատերազմի մեկնարկը: Այդ ընթացքում նրանք ներդաշնակեցնում էին իրենց մոտեցումները ռազմաքաղաքական, տեղեկատվական, քարոզչական մակարդակներում, ինտենսիվ կերպով վարձկաններ էին տեղափոխում Ադրբեջան, որտեղ միաժամանակ զորահավաք էր սկսվել ոչ միայն զինապարտ քաղաքացիների, այլեւ տեխնիկական միջոցների մասով, եւ սրանք պատերազմի մասին հուշող նախանշաններ էին: Պատերազմի անխուսափելիության հարցին օրեր առաջ վերջակետ դրեց նաեւ Նիկոլ Փաշինյանը` հայտարարելով, որ սեպտեմբերի 25-ին ռադիոկլանում է եղել, ինչը, ըստ նրա, վստահելի տեղեկություն էր պատերազմի սկսման առումով: Նորմալ երկրի նորմալ ղեկավարը նման իրադրությունում պետք է անհապաղ հոգար բանակային կորպուսները եւ ՊԲ-ն ամբողջությամբ ծավալելու, կառավարման համակարգի անցումը խաղաղ վիճակից ռազմականի ապահովելու մասին, Հայաստանն ու Արցախը պետք է անցնեին պատերազմի կամ դրա մեծ ռիսկի պահանջած պայմանակարգի, սակայն ստեղծված իրավիճակից բխող նման ոչ մի քայլ չի արվել: Երկրորդ` Դուշանբեի հայտնի պայմանավորվածությունից հետո, երբ հրադադարի ռեժիմի խախտումները կտրուկ նվազեցին, եւ կար որեւէ պարագայում չկրակելու հրաման, Ադրբեջանը՝ օգտվելով հանգամանքից, 2018թ. աշնանից բավական ինտենսիվորեն աշխատում էր առաջնագծի ենթակառուցվածքների բարելավման, հարձակողական գործողությունների համար նախատեսված հաղորդակցությունների, կրակակետերի, բազավորման կետերի ստեղծման ուղղությամբ եւ այլն: Երրորդ` պատերազմի արդյունքի վրա խիստ բացասական ազդեցություն էր ունեցել մարտական գործողությունների ժամանակ համալրման գործընթացի ձախողումը: Ընդհանրապես՝ կադրային մանիպուլյացիաները մեր ամենախոցելի տեղն են: 2018-2020 թթ. 3-ական հրամանատարներ էին փոխվել Մեխակավանի, Արա լեռան, Վարանդայի զորամասերում եւ 2-ը՝ Հադրութի զորամասում: Պատերազմից առաջ ամենահարավի լավագույն զորամասերը, փաստորեն, «գլխատվում» էին:

Վերջում եւս մի քանի հակիրճ տեսակետներ.

«Երբ հետեւում ենք ՀՀ իշխանությունների նախապատերազմյան բոլոր քայլերին, օրինակ՝ բանակում իրականացվող բարեփոխումներին, կադրային տեղաբաշխումներին եւ այլն, տեսնում ենք, որ այդ քայլերից որեւէ մեկը հետագայում պատերազմի ընթացքի վրա որեւէ դրական ազդեցություն չի ունեցել: Ճիշտ հակառակը՝ ցանկացած փոփոխություն եղել է պատերազմում պարտվելու հերթական պատճառներից մեկը». Հրանտ Մելիք-Շահնազարյան, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի տնօրեն: «Երկրորդ հանդիպումը հոկտեմբերի 19-ին էր նշանակված: Նիկոլ Փաշինյանը եկավ, բավական ծանր հոգեվիճակում էր, ես երբեք նախկինում նրան այդ վիճակում չէի տեսել: Ասաց, որ Պուտինից կա առաջարկ՝ կանգնեցնել պատերազմը: Ներկայացրեց իրավիճակը, ինքն ընդունում էր, որ դա պարտություն է: Տարբեր շշուկներ կային, որ մինչ այդ էլ եղել է պատերազմը կանգնեցնելու առաջարկ ու ավելի լավ պայմաններով: Ի սկզբանե ինքն ասաց, որ դա 5+2-ն է՝ Լավրովյան պլանը կամ դրա մոդիֆիկացված տարբերակը: 5+2-ի մեջ Հադրութն ու Շուշին չէին մտնում». Էդուարդ Շարմազանով, ՀՀԿ մամուլի խոսնակ: «Եթե ՀՀ զինված ուժերը ծավալվեին, եւ մենք սեպտեմբերի 27-ին թշնամուն իրապես դիմավորեինք պատրաստ վիճակում, ես հավաստիացնում եմ, պատերազմը կկանգներ 7-րդ օրը՝ Ադրբեջանի պարտությամբ։ Զորքը չի՛ ծավալվել, գտնվել է զորանոցում, զենքը դուրս չի՛ բերվել զինապահեստից, գտնվել է զինապահեստում, թշնամուն հայտնի են եղել ՀՕՊ համակարգի բոլոր լոկացիաները: Այսպիսի «գրագիտությամբ» դավաճանությունը պետք է մտնի համաշխարհային պատմության դասագրքերի մեջ». Արթուր Ղազինյան, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր: «Եթե ուզում ես պատերազմում պարտվել, պետք է նախ բանակը կազմաքանդես, հետո՝ ԱԳՆ-ը, եւ պարտությունդ ապահովված կլինի։ Մեզ մոտ շատ տիպիկ իրավիճակ էր այդ առումով, եւ այդ գործընթացը շարունակվում է». Սուրեն Սարգսյան, ԱՄՆ հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր:

Փորձագետների խոսքում մեկ ընդհանուր եզրահանգում կա. 44-օրյա պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում եւ հետպատերազմական շրջանում տեղի ունեցած գործընթացների, զարգացումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ռազմաքաղաքական ղեկավարության կողմից թույլ տրված, այսպես ասենք, սայթաքումները մեկը չեն, երկուսը չեն, երեքը չեն, դրանք տասնյակներով են: Ընդ որում՝ սխալների այդ ողջ շղթայում որոշակի հետեւողականություն եւ տրամաբանական կապ կա: Պարզ երեւում է, որ այստեղ պատահականություն լինել չի կարող: Ասված խոսք կա, չէ՞. առաջին սխալը պատահականություն է, երկրորդը՝ զուգադիպություն, երրորդը՝ արդեն օրինաչափություն:

 

Գեւորգ Բրուտենց

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: