Շաբաթ, Նոյեմբերի 28, 2020

Վերլուծական

Իլհամի ստերը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Սուտասանի տունը կրակ ընկավ` ոչ ոք չհավատաց:
Ժողովրդական

 

Լինելով արհեստական պետություն` անմշակույթ ու անավանդույթ, Ադրբեջւանը միշտ էլ թերարժեքության բարդույթ է ունեցել, որով տառապում է առայսօր: Այն ամենը, ինչն իր համեստ պատմության բերումով չի հասցրել ստեղծել, ստիպված է եղել հորինել: Այդ պատճառով ոչ ստեղծելն է նրան կարգին հաջողվել, ոչ էլ նույնիսկ հորինելը: Այդ երկուսի արանքում, այնուամենայնիվ, կա  մի բան, որում բավական առաջադիմել է` դա ժողովրդական բառուբանով ասած` սրանից-նրանից թռցնելն է: Այստեղ ջանք չի պահանջվում: Թռցնել կարելի է` ինչ ուզես, մշակույթ, պատմություն, սովորույթ, խոհանոց, նույնիսկ` կենցաղային նիստուկաց: Թռցրել է եւ ժամանակի ընթացքում յուրացրել, թե «իմն է, այդ դուք եք ինձնից գողացել»: Եվ որպեսզի ասածներն ապացուցի, հորինել է ստերի ու կեղծիքների մի ունիվերսալ համակարգ: Այդ օրվանից էլ` արդեն մեկ դար, սուտը դարձել է այդ արհեստական կազմավորման հիմքերի հիմքը, նրա կենսափիլիսոփայության «Ալֆան եւ Օմեգան»:

Սուտը` մարդկային այդ զազրելի թուլությունը, ապագա չունի: Ժողովրդական հայտնի խոսք կա դրա մասին` անառակի եւ ստախոսի բացահայտման ժամկետը քառասուն օր է: Թեպետ ոմանց կարծիքով` սուտն ի զորու է գոյատեւել այնքան ժամանակ, քանի դեռ դրան հավատացողներ կան: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ստերին, ըստ երեւույթին, հավատացողներ կան` ի վերջո, ոչ խերով-բարով, նա պետության ղեկավար է: Ոմանք ուղղակի չեն պատկերացնում, որ այդքան բարձր պաշտոն զբաղեցնող անձը կարող է այդքան անպատկառորեն ստել: Տարիներ առաջ նա պնդում էր, թե ոչ միայն Ղարաբաղը, այլ նաեւ Զանգեզուրը, անգամ` «Էրիվանը» պատմական ադրբեջանական տարածքներ են, որոնք վաղ թե ուշ վերադարձվելու են Ադրբեջանին: Հանուն արդարության` հարկ է խոստովանել, որ հայր Ալիեւը, ի տարբերություն Թուրքիայի խամաճիկը դարձած անողնաշար որդու, խելացի էր, համենայն դեպս` նման ցինիկություններ իրեն թույլ չէր տալիս, ավելին` վաղուց շրջանառվող մի տեսագրության մեջ անկեղծորեն հայտարարում է, որ Ղարաբաղն իրենցը չէ` «Կարաբախ բիզիմ դեյիլ»:

Ասում են` անցյալ դարի 80-ականներին Կրեմլում ԽՍՀՄ Նախարարների խորհրդի առաջին փոխնախագահի բարձր պաշտոնը զբաղեցնող Հեյդար Ալիռզաօղլիի երես առած որդին` Իլհամը, Մոսկվայում ուսանելու տարիներին իրեն զգում էր` ինչպես ձուկը ջրում: Այն ժամանակների համար եզակի շքեղության ավտոմեքենայի ղեկին` նա Մոսկվայի «ոսկե» երիտասարդության ոգին էր, մայրաքաղաքային շվայտ բարքերի` մոլախաղերի, աղմկոտ «սխոդկաների», «ռազբորկաների» մշտական մասնակիցն ու երեւելի դեմքերից մեկը: Սրանք յուրահատուկ մտածողության եւ հոգեկերտվածքի տեր անձանց հավաքատեղիներ էին, որտեղ ստելը, խորամանկելը, խարդախելը, երկակի կյանքով ապրելը սովորական երեւույթներ էին: Այդպիսի մթնոլորտում է ձեւավորվել ապագա միջազգայնագետի բնավորությունը եւ այդպիսի խառնվածքով էլ նա տարիներ անց մուտք է գործել մեծ քաղաքականություն` նախ որպես Ադրբեջանի երկու գումարումների խորհրդարանի պատգամավոր, ապա` երկրի վարչապետ: Իսկ 2003-ին հայր Ալիեւը առողջական վիճակի վատթարացման պատճառով հանել էր իր թեկնածությունը հօգուտ որդու` նրան կարգելով որպես ժառանգորդ Ադրբեջանի նախագահի պաշտոնում եւ, միաժամանակ, որպես պատուհաս` հայ ժողովրդի գլխին:

Հետաքրքիր օրինաչափությամբ` վարած պաշտոններին համընթաց փոխվում էր Իլհամ Ալիեւի ստերի կշիռը` որքան բարձր էր պաշտոնը, այնքան լկտի էր սուտը: Եվ այդպես, նախագահության առաջին իսկ տարիներից ի հայտ եկավ ստեր մոգոնելու եւ կեղծիքն ու հերյուրանքը իր քաղաքականության հիմքը դարձնելու` Ալիեւ կրտսերի անառարկելի քանքարը, երբ միջազգային այլեւայլ կառույցների ամբիոններից անվեջ-անդադար կրկնում էր, թե հայերն «օկուպացրել են» Ադրբեջանի տարածքի 20%-ը, թե մեկ միլիոն ադրբեջանցի փախստականներ մնացել են անօթեւան եւ այլն: Ի դեպ, այդ տարաբախտ թշվառականներին Ադրբեջան պետությունն ավելի քան երկուսուկես տասնամյակ պահում էր «Գետտո» հիշեցնող ճամբարներում մեկուսացված` զուտ աշխարհին ցույց տալու համար, թե որպիսի դժբախտություն են հայերը պատճառել ադրբեջանցի ժողովրդին` զրկելով նրանց տունուտեղից եւ ինչքից:

Բրիտանացի լրագրող եւ գրող Թոմաս դե Վաալը իր «Սեւ այգի․ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության եւ պատերազմի միջով» գրքում մանրակրկիտ կերպով ուսումնասիրել, հաշվարկել է Արցախա-ադրբեջանական առաջին պատերազմում Ադրբեջանի կորցրած տարածքները եւ մատնանշել իրական ցուցանիշը` այդ երկրի ընդհանուր տարածքի 13,62%-ը: Ինչ վերաբերում է ադրբեջանցի փախստականների մեկ միլիոն թվին, ապա դա նույնպես Իլհամի պոչավոր ստերից է` 1988-ից մինչեւ 1990-ականների սկիզբը ՀՀ-ից ողջ ու անվնաս հեռացած ադրբեջանցիների թիվը 170 հազարից ավելի չէր կարող լինել, քանի որ ՀՀ-ում ճիշտ այդքան ադրբեջանցիներ էին այն ժամանակ բնակվում: Մինչդեռ Ադրբեջանից բռնի տեղահանված հայերը շուրջ 500 հազար էին, որոնց թողած տներում 170 հազար ադրբեջանցիների բնակարանային խնդիրը հեշտությամբ կարելի էր լուծել, բայց…

Իլհամի հղացած «Գետտո»-ում մեկ միլիոն անտունիներն իրականում այդ երկրի ներքին տեղահանվածներն էին, որոնք 1992-94 թթ. Ադրբեջանի սանձազերծած եւ տանուլ տված պատերազմի արդյունք էին: Այս հանգամանքն Իլհամ Ալիեւը երկար տարիներ խնամքով թաքցնում էր միջազգային հանրության աչքից: Արցախի դեմ այս նոր պատերազմում նույնպես նա թաքցնելու շատ բան ուներ, ինչով եւ զբաղված էր: Ստերի, աճպարարությունների, իմիտացիաների բեմականացման իր ողջ զինանոցը մերօրյա «փչան Թեոդորոսն» ի սպաս էր դրել միջազգային հանրության, աշխարհի աչքերին «թոզ փչելու» գործին: Այդ գործն իր մոտ միշտ լավ է ստացվել` մտածեց, որ դրանով էլ կզբաղվի: Մանավանդ որ, մարտական գործողությունների ղեկավարումը օդում եւ ցամաքում իր ձեռքն է վերցրել ավագ եղբայր Թուրքիան` իր ահաբեկիչներով:

«Տեղեկատվական պատերազմի» դասը լավ սերտած Իլհամ Ալիեւը համոզմունք ունի, որ դրա առանցքային բաղադրիչներից մեկը սուտն է, իսկ կարեւոր գործիքը` մեդիան, որով տարածվում է այդ սուտը: Որպես այդպիսի գործիք` նավթադոլարների դիմաց նրան հավատարմորեն ծառայող տեղեկատվության միջոցների պակաս չկար ոչ միայն բուն Ադրբեջանում, այլեւ ՌԴ-ում, Թուրքիայում եւ այլուր: Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան haqqin.az-ի էջերը ողողված էին Ադրբեջանի դեմ «թշնամական Հայաստանի սանձազերծած ագրեսիայի» մասին լկտի ապատեղեկատվությամբ: Սոցցանցերի հայկական տիրույթում նույն պահին քար լռություն էր: Մարդիկ քնից նոր-նոր արթնացած` «ցավին անհաղորդ, դավին անտեղյակ», նույնիսկ չէին հասցրել նախաճաշել: Հարեւան երկրի վրա «իր հարձակման» բոթը Հայաստան հասավ այդ տեղեկատվությունից 2-3 ժամ հետո: Այսպիսի ստով սկսվեց թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիան եւ նույն ոգով էլ շարունակվեց պատերազմական 45 օրերին:

Այդ օրերի ուշագրավ դրվագները շատ են` մի դեպքում Ալիեւն իր հարցազրույցներում պնդում է, թե հայկական կողմն է հրթիռակոծել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին` մեղքը մեզ վրա գցելու համար, մյուս դեպքում` թե զանգվածային ոչնչացման ֆոսֆորային զենք իրենք չունեն, եւ Արցախում այդ զինատեսակի կիրառումը հայերի ձեռքի գործն է, նպատակը` պատերազմական հանցագործության մեջ Ադրբեջանին մեղադրելը: Երրորդ դեպքում նա ի լուր աշխարհի հայտարարում է, թե Ադրբեջանում վարձկան ահաբեկիչներ չկան, դրանք Հայաստանում են, որոնք կռվում են մեր դեմ: «Մեզ վարձկաններ պետք չեն, մենք լավ սպառազինված 100-հազարանոց բանակ ունենք»,- իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում պնդել է նա։ Իսկ ամբողջ պատերազմի ընթացքում Թուրքիայի կողմից Բաքվին ցուցաբերված ռազմական աջակցության մասին խոսելիս` ընդհանրապես չքմեղացել է. «Ուզում եմ ընդգծել, որ Թուրքիայի նախագահի աջակցությունը բացառապես բարոյական է եւ քաղաքական»։ Ահա թե ստի ու կեղծիքի ինչպիսի գագաթների կարող է հասցնել Ադրբեջանի նախագահի բացարձակ աճպարարությունը:

Խաբելը, կեղծելն ու աճպարարություններ անելը միշտ չէ, որ կարող են ճանապարհ հարթել դեպի նպատակակետ: Աշխարհը քանիցս ականատես եղավ, թե ինչպիսի պարզունակ, երբեմն զավեշտալի միջոցների են դիմում այդ երկրում իրենց ստերը տեղ հասցնելու համար: Գանձակի ռմբակոծության արդյունքում ադրբեջանցի դեռահաս աղջկա սարքովի «ողբերգության» կամ մեկ այլ տեղ գետնի մեջ հատուկ քարոզչական նպատակով «ցցված» հրետանային արկի հեռուստատեսային կադրերը եւ նմանատիպ այլ ստահոդ տեսարանների մեկնաբանությունները բազմաթիվ են, որոնք միայն ծիծաղ կարող են առաջացնել: Բայց ամենազավեշտալին Ադրբեջանի ղեկավարի պահվածքն էր BBC-ի եթերում, որտեղ եւս չխորշեց կեղծիք տարածել: Նա ապատեղեկատվություն որակեց ոչ միայն հայկական կողմի փաստերը, այլեւ BBC-ի` Ստեփանակերտում աշխատող թղթակցի եւ Human Rights Watch կազմակերպության հանգամանորեն փաստագրված վկայությունները, որոնք վերաբերում էին Ադրբեջանի կողմից կասետային եւ այլ զինատեսակներով Արցախի խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորմանը: «Այդ բոլորը կեղծ է, մենք չենք օգտագործել դրանք»,- ասել է` առանց կարմրելու:

Ալիեւի խոսքերը քննադատության ալիք էին առաջացրել Արցախում կատարվող դեպքերն իրենց աչքով տեսած` միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների շրջանում: Սոցիալական ցանցերն այդ օրերին հեղեղված էին Ալիեւին ծաղրող եւ խարազանող գրառումներով: Արձագանքողների թվում էր նաեւ գերմանական հեղինակավոր Bild պարբերականի լրագրող Փոլ Ռոնժեյմերը, որը թվիթերյան իր միկրոբլոգում շեշտել է, որ Ադրբեջանի ղեկավարը ստում է. «Իլհամ Ալիեւ, բազմաթիվ լրագրողներ կան, որոնք կհաստատեն` դուք ստում եք»,- գրել է նա:

Սուտը, կեղծիքը, անազնվությունը, երեսպաշտությունը չարիք են, նման որակների կրողները` վտանգավոր չարամիտներ, որոնցից պետք է թոթափել հասարակությունը: Բարձր դիրքի հասած այդպիսի անձինք միայն սովորական չարամիտներ չեն: Նրանք պատուհաս են մի ողջ պետության ու ժողովրդի գլխին:

 

Գեւորգ Բրուտենց

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Նիշքեր

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: