Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Վերլուծական

Հետանկախական Հայաստանն այսքան անպաշտպան երբեք չի եղել

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Ամեն ինչից երեւում է, որ Ադրբեջանի հետ գաղտնի պայմանավորվածությունները, որոնց մասին սոցիալական ցանցերն ու լրատվամիջոցները երկար ժամանակ ահազանգում էին եւ են, ամենեւին չափազանցված չեն, որքան էլ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները փորձեն հակառակը համոզել հանրությանը: Փաշինյան-Ալիեւ «օպերատիվ կապը», ըստ երեւույթին, գործում է անխափան, եւ գործում է հօգուտ Ադրբեջանի: Ժողովրդից գաղտնի, միանձնյա որոշմամբ կամ բանավոր ձեռք բերված ստվերային համաձայնությունների հիման վրա Հայաստանի ինքնիշխանությունը մաս առ մաս հանձնվում է: Այդ մասին վկայող փաստերը չափից դուրս շատ են՝ դրանց զիջողամտաբար վերաբերվելու համար: Ամենաթարմ ապացույցներից մեկը Գորիս-Կապան ավտոճանապարհի մի քանի հատվածներում ադրբեջանցիների տեղակայած մաքսային ու սահմանային կետերն են, որոնք բազում անհարմարություններ են ստեղծել բեռնափոխադրողների եւ Սյունիք մեկնող ՀՀ քաղաքացիների համար: Շրջակայքի մոտ մեկ տասնյակի հասնող բնակավայրեր հայտնվել են կիսաշրջափակման ծանր պայմաններում:

Ոմանք տարակուսանք են ապրում՝ չունենալով այն հարցի պատասխանը, թե ինչպես եղավ, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը մնաց ազերիներին: Այս հարցին մենք մի առիթով հարեւանցիորեն անդրադարձել էինք՝ նկարագրելով 2020թ. դեկտեմբերի 17-ին Կովսականի ու Սանասարի դիրքերից հայկական զորքերի՝ ավելի քան 20 կմ հետքաշման դրվագը, որի արդյունքում թշնամին ընդհուպ մոտեցել է Կապանին եւ, որքան էլ տարօրինակ հնչի, ՀՀ պաշտպանության նախարարության օժանդակությամբ, տիրացել հայկական կողմի շահեկան դիրքերին ու բարձունքներին: Զորքերի հետքաշման հրամանն անձամբ արձակել է Գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշիյանը, ինչի մասին խոստովանել էր ԱԺ-ում՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցապնդմանը:  «Հրամանը տվել եմ ես, կատարել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը»,- ասել էր Փաշինյանը:

Պաշտպանական գերատեսչության կողմից հետքաշման հրահանգ էր տրվել նաեւ սահմանապահներին, որոնք դեռեւս Արցախյան առաջին պատերազմի ժամանակներից այդ վայրում հարմար դիրքավորված՝ պաշտպանում էին Սյունիքի, այդ թվում` Գորիս-Կապան ավտոճանապարհի ու Կապան քաղաքի հարակից բնակավայրերի անվտանգությունը: Հենակետերն ազատելու համար հայ դիրքապահներին ընդամենը մեկ օր ժամանակ էր տրվել՝ չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության որեւէ կետում ակնարկ անգամ չկար Կովսականի (Զանգելան) եւ Սանասարի (Կուբաթլու) նախկին շրջանների ամբողջական հանձնման մասին: Փաստաթղթում խոսքը բացառապես Ակնայի (Աղդամ), Քարվաճառի (Քելբաջար) շրջանների ու Քաշաթաղի շրջանի Բերձորի հատվածի (Լաչինի նախկին շրջան) հանձման մասին էր: Նոյեմբերի 10-ի դրությամբ Կովսականի եւ Սանասարի որոշակի հատվածներ տակավին Հայաստանի վերահսկողության տակ էին. դրանք Սյունիքի անվտանգության համար կարեւոր դեր ունեին: Առանց իրավական որեւէ հիմքի՝ ռազմավարական նշանակության ճանապարհների, բարձունքների եւ տարածքների հանձնումը դավաճանություն էր որակել ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժումը» դեկտեմբերի 18-ին տարածած հայտարարության մեջ:

Բնականաբար՝ դեկտեմբերյան այդ օրերին Սյունիքն անհանգիստ էր: Թշնամին փորձում էր ոչ միայն մեկընդմիշտ փակել Արցախի հարցը, այլեւ խոցելի դարձնել Սյունիքը՝ զբաղեցնելով իրեն ձեռնտու դիրքեր, որտեղից Կապան քաղաքը եւ շրջակա գյուղերը ուղիղ նշանառության տակ էին: Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանն արդեն 2-3 օր առաջ ափսոսանքով հայտնել էր, որ կա հատուկ հրահանգ դեկտեմբերի 18-ին մինչեւ ժամը 17.00-ն Կապանի 13 բնակավայրերի բարձունքները՝ բոլորը նպաստավոր դիրքեր, հանձնել թշնամուն, որովհետեւ դրանք, իբր, Ադրբեջանի տարածք են: Դեկտեմբերի 18-ի կեսգիշերին Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը կոչ արեց գնալ ինքնապաշտպանության, քանի որ բարձունքները մերն են, եւ հանձնելը՝ կնշանակի ադրբեջանական վերահսկողության տակ թողնել Շուռնուխը եւ մոտակայքի էլի մի քանի գյուղեր, ինչը կարող է հումանիտար աղետի հանգեցնել: Այն ժամանակ Սյունիքի համայնքապետերի ու հարյուրավոր կամավորականների ջանքերով հաջողվեց հետ գրավել որոշ դիրքեր եւ ինչ-որ չափով չեզոքացնել վտանգը: Թե ինչ եղավ դրանից հետո, հայտնի է բոլորին՝ ինքնապաշտպանության կազմակերպիչների քաղաքական հետապնդումներից ու կալանավորումներից մինչեւ դիրքապահ պահեստազորայինների մասնակի զինաթափում:

Հաջորդ նշանավոր միջադեպի պատճառը դարձյալ ՀՀ իշխանությունների լիակատար բարձիթողությունն ու թշնամու նախահարձակ, լկտի վարքագիծն էր: Մայիսի 12-ին ադրբեջանական երկու զինված խմբավորում գրեթե անխոչընդոտ ներթափանցել էին Հայաստանի ինքնիշխան տարածք: Դրանցից մեկը՝ 2-2.5 կմ խորանալով, «խարիսխ ձգեց» Իշխանասարի մերձակայքում՝ Սեւ լճի ափին, որը Սյունիքի մարզում է, իսկ մյուսը նույնքան խորացավ Վերին Շորժա համայնքի ուղղությամբ: Տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ թշնամական ուժերի թվակազմերը թե՛ Սյունիքում, թե՛ Գեղարքունիքում սկսեցին համալրվել մարդկային եւ ռազմատեխնիկական համապատասխան միջոցներով: Կարճ ասած՝ թշնամին ամրապնդվեց մեր տարածքում եւ ցայսօր այնտեղից դուրս գալու միտք չունի: Մեծ հաշվով՝ այնտեղից նրանց քշող էլ չկա: Ավելին՝ ՀՀ-ում վարչապետ աշխատող անձի խոսքով՝ Սեւ լճի 30 տոկոսի պատճառով հո չե՞նք պատերազմելու: Մեկ ուրիշ անգամ, երբ մամուլը սկսել էր ահազանգել, թե ազերի զինվորականներն արդեն փորձում են տիրանալ նաեւ մեր բարձունքներից մեկին, ավելի զավեշտալի հիմնավորում էր բերել, թե՝ «Էդ սարի գագաթին, որը տարվա մեծ մասը ձյունածածկ է, ի՞նչ իմաստ ունի հենակետ դնել»: Ասել է թե՝ «դժբախտ, դժգույն» տարածք է, մեր ինչի՞ն է պետք:

Այս ամենի դառը պտուղներն այսօր քաղում ենք՝ նոյեմբերի 14-16-ին Հայաստանի սահմանի արեւելյան ուղղությամբ նենգաբարո ոսոխը ձեռնարկեց լայնածավալ հարձակում, որի հետեւանքով դարձյալ ունենք մարդկային, տարածքային եւ ռազմական կորուստներ: Նման իրավիճակի պատճառը խաղաղության կեղծ օրակարգ քարոզող իշխանությունների ապազգային, հակապետական ու անհեռատես գործունեությունն է: Հարկ չկա այլեւս ոչինչ ապացուցելու՝ միանգամայն պարզ է, որ գործող իշխանություններն ի զորու չեն հանգուցալուծել ստեղծված անվտանգային եւ քաղաքական ճգնաժամը: Եթե ամիսներ շարունակ փաշինյանական վարչախումբը թշնամուն չզիջեր մեր կարեւոր ռազմավարական բարձունքները, ինչի շնորհիվ ադրբեջանցիներին հաջողվեց ավելի հարմար վայրերում դիրքավորվել, այս հարձակումները չէին լինի: Ինչպես նաեւ չէին լինի մի քանի տասնյակի հասնող զոհերը, անհետ կորածներն ու գերեվարվածները: Ճիշտ է, մեր տղաները համարժեք պատասխան տվեցին ագրեսորին, բայց դա չի կարող սփոփանք լինել որդեկորույս ծնողների ու մյուս մերձավորների համար: Բոլորի՛ս համար:

Սահմանի արեւելյան ուղղությամբ թշնամու զինված ագրեսիայի նպատակն ակնհայտ է՝ մեր տարածքի ամենանեղ հատվածում կտրել Սյունիքը եւ ճանապարհ բացել դեպի Նախիջեւան: Այսինքն՝ Ալիեւն ուզում է ուժային եղանակով լուծել իր հորինած՝ «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը: Այս անգամ չստացվեց, սակայն դրանից թուրք-ադրբեջանական տանդեմը չմտափոխվեց՝ վտանգը շարունակում է մնալ: Հայաստանի թիվ մեկ օրակարգը, հետեւաբար, խաղաղությունը չէ, այլ սեփական սահմանների ամրապնդումը, որի ուղղությամբ հետպատերազմյան մեկ տարվա ընթացքում մեր իշխանությունները «մատը մատին» չտվեցին: Ոչ մի ողջամիտ քայլ չարվեց Հայաստանի ջլատված անվտանգային համակարգը վերականգնելու, ինչպես նաեւ արտաքին քաղաքականության, դիվանագիտական ոլորտը աշխուժացնելու համար: Իշխանությունը լիակատար անգործության է մատնված: Հենց սահմանում թշնամին սրացնում է իրավիճակը, հիշում ենք ՀԱՊԿ-ին եւ Ռուսաստանին՝ ինքներս ոչինչ չձեռնարկելով: Ռուսաստանի գործոնն ավելի շուտ իշխանամերձ որոշ շրջանակներ շահարկում են հակառուսական տրամադրություններ գեներացնելու նպատակով, քան՝ դրանից օգուտ քաղելու:

Սթափվել է պետք: Պատերազմի դեմքով մեր տուն ներխուժող թուրքը այսօր նորից ուզում է թույն խառնել մեր արդար հացին, մռայլ, խավարտչին գույներով ներկել մեր իրականությունը, անվտանգային մեր միջավայրը, պաշտպանական մեր կենսադաշտը: Հետանկախական Հայաստանն այսչափ անպաշտպան, այսչափ խոցելի երբեք չի եղել: Հայն իրեն դրսից այսչափ ստորացված, ներսից` այսչափ անտերունչ ու խաբված երբեք չի զգացել: Չպաշտպանվածության զգացողությունը շատերին է համակել, բայց հույսը կենսունակ է՝ ազգը պետք է դիմակայի, վերընձյուղվի եւ հզորանա: Իսկ նրանք, ովքեր խութ ու խոչընդոտ են այդ ճանապարհին, պիտի հեռացվեն, եւ մեր Հայրենիքը կկարողանա լիաթոք շնչել:

 

Գեւորգ Բրուտենց

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: