Երկուշաբթի, Նոյեմբերի 25, 2024

Վերլուծական

Արցախը չի հանձնվում՝ երբեք չի եղել ու չի լինի Ադրբեջանի կազմում

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիեւի՝ նախ առանձին-առանձին հանդիպումները, այնուհետեւ ՌԴ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների բանակցությունները շարունակվեցին եռակողմ ձեւաչափով, որը տեւեց մոտավորապես 3 ժամ: Հանդիպման արդյունքում ընդունվեց հայտարարություն, որի սկզբունքները կդրվեն թե՛ Լեռնային Ղարաբաղի կարգավորման, եւ թե՛ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման հիմքում։ Պուտինի հետ շփումից հետո Փաշինյանը հայտարարեց, որ ընդունելի է համարում Արցախի հարցով Մոսկվայի առաջարկած նախագիծը։

Ռուսական լրատվամիջոցները չէին բացառում, որ Սոչիում կողմերը կպայմանավորվեն 10-20 տարով երկարաձգել ռուսական խաղաղապահ առաքելության մանդատը։ Նման դրույթ հայտարարության մեջ չներառվեց, սակայն տեղ գտավ դրան փոխարինող մի ձեւակերպում, որով կարեւորվում է խաղաղապահների ներկայության գործոնը: Ահավասիկ. «Նշելով ռուս խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրումը տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում՝ ընդգծեցինք տարածաշրջանում վիճակի կայունացմանն ուղղված նրա ջանքերի պահանջարկը»: Ռուսական ներկայության պահանջարկի շեշտադրում կա, բայց «Լեռնային Ղարաբաղում» տեղանունը, որից Ադրբեջանը սարսափում է, փոխարինվել է «տեղակայման վայրում» արտահայտությամբ:

Դատելով ՌԴ նախագահի հրաժեշտի ելույթի որոշ ակնարկներից, թե հայտարարության նախագծից հատվածներ են հանվել, կարելի է համոզված ասել, որ Ադրբեջանի պահանջով է տեքստից հանվել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հիշատակումը։ Այդ մասին վկայում է նաեւ Պուտինի հետ երկկողմ հանդիպման ժամանակ Ալիեւի այն պնդումը, թե Ղարաբաղի խնդրի մասին խոսելու կարիք չկա, քանի որ «այն արդեն պատմություն է»: Ըստ երեւույթին, ադրբեջանական կողմի այդ կոշտ համառությունը նկատի ունեն ՌԴ իշխանությունները, որոնք վերջերս հաճախ են կրկնում Արցախի կարգավիճակի հարցը հաջորդ սերունդներին թողնելու թեզը: Նոյեմբերի 1-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին հիշեցրեց նաեւ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Առաջին հայացքից կարող է թվալ, թե հայտարարության մեջ հայանպաստ երանգներ փոքրիշատե կան: Օրինակ՝ համաձայնություն է ձեռք բերվել լրացուցիչ ջանքեր գործադրել՝ ուղղված մնացած խնդիրների անհետաձգելի լուծմանը՝ «ներառյալ հումանիտար հարցերի բլոկը»։ Պարզ է, որ խոսքն այստեղ հայ ռազմագերիների հայրենադարձման չարչրկված թեմայի մասին է: Կամ՝ զերծ կմնա՞ արդյոք Ալիեւը «ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից»՝ անսալով փաստաթղթի պահանջին, կլուծի՞ բոլոր խնդրահարույց հարցերը «բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա»։ Խիստ կասկածելի է:

Սոչիում Պուտին-Փաշինյան-Ալիեւ եռակողմ հանդիպման նախաշեմին Հայաստանում եւ Արցախում բուռն իրադարձություններ, հանրային քննարկումներ ու բանավեճեր էին ընթանում՝ պայմանավորված, մասնավորապես, հայկական զույգ հանրապետությունների ապագային առնչվող անորոշություններով, հայ-ադրբեջանական շփման գծում թշնամու կողմից պարբերաբար հրահրվող սրացումներով, զինված սադրանքներով, երկրի արտաքին քաղաքական ու ներհայաստանյան սպառնալիքների եւ գոյաբանական մարտահրավերների սաստկացմամբ:

Տրամաբանական կլիներ՝ ավելի մանրամասն անդրադառնալ այն գործընթացներին, որոնք երեք երկրների առաջնորդների՝ Սոչի այցից առաջ ակտիվորեն ծավալվել էին ՀՀ-ում եւ նրա շուրջ: Հոկտեմբերի 28-ին Երեւանում մեկնարկել էր հայ-ռուսական՝ «Լազարեւյան ակումբ»-ի 5-րդ նիստը, որը տեղի էր ունենում Մոսկվա-Երեւան տեսակամրջի ձեւաչափով։ Թեման «Ռուս-հայկական հարաբերությունների պատմական անցյալը եւ ներկան» էր, հիմնական բանախոսներն էին. ռուսական կողմից «Լազարեւյան ակումբ»-ի համակարգող, ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, հայկական կողմից՝ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:

Երկօրյա շահագրգիռ քննարկումներին մասնակցում էին հայ եւ ռուս քաղաքական գործիչներ, փորձագետներ, լրագրողներ: Լայնորեն արծարծվեցին ՀՀ-ում եւ Արցախում տիրող հասարակական-քաղաքական կացությանը, հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին, տարածաշրջանային իրավիճակին եւ այդ համատեքստում հայ-ադրբեջանական չթուլացող լարվածությանն առնչվող հրատապ հարցեր:

Սակայն հարցերի հարցը, որի վերաբերյալ երկուստեք հետաքրքրությունների ալիքը, ինչպես սպասվում էր, ամենափոթորկոտն է, վերաբերում էր Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որը Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, պետք է իրականացվի մինչեւ տարեվերջ, ամենայն հավանականությամբ՝ նոյեմբերին: Այս թեմայի շուրջ աճած հետաքրքրությունն արդարացված է այնքանով, որքանով որ մեկ օր առաջ «Վալդայ» ակումբում խնդրին անդրադարձել էր ՌԴ նախագահը՝ հայտարարելով, որ Ռուսաստանն աջակցում է Հայաստան-Ադրբեջան խաղաղ կարգավորմանը:

Ինչպես հայտնի է, հայ-ադրբեջանական հաշտեցման վերաբերյալ փաստաթղթի երկու նախագիծ է դրված սեղանին. մեկը Վաշինգտոնի կողմից, մյուսը՝ Ռուսաստանի: Կողմերի ստորագրությամբ վավերացվելու դեպքում Արցախը, համաձայն առաջին տարբերակի, անվերապահորեն մնում է Ադրբեջանի կազմում, ՌԴ-ի տարբերակով եւս գրեթե նույն դրույթներն են, բացառությամբ Արցախի կարգավիճակի, որն անորոշ ժամանակով հետաձգվում է, այսինքն՝ թողնվում է ապագային: Ըստ շրջանառվող լուրերի, Վաշինգտոնին վերագրվող նախագծի տեքստը լիովին Ադրբեջանի պատրաստածն է՝ բոլորիս ծանոթ բովանդակությամբ, որին հակված են Փաշինյանը եւ նրա «գրպանի» արեւմտամետները:

Հոկտեմբերի 27-ին «Վալդայ» ակումբում ունեցած ելույթում Պուտինն ընդգծել է, որ հայ ժողովուրդն ու ղեկավարությունը իրենք պետք է ընտրեն իրենց ցանկացած տարբերակը: «Մենք չենք կարող եւ չենք պատրաստվում Հայաստանին որեւէ բան թելադրել… որքան ես եմ հասկանում, այսպես կոչված՝ «վաշինգտոնյան» տարբերակը նախատեսում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում, եւ եթե Հայաստանը համաձայն է դրան՝ խնդրեմ։ Մենք կսատարենք հայ ժողովրդի յուրաքանչյուր ընտրություն»,- ասել է ՌԴ նախագահը՝ հավելելով. «Եթե ՀՀ-ն ու ներկա իշխանությունը կարծում են, որ Ղարաբաղը ունի իր յուրահատկությունները, որոնք պետք է հաշվի առնել եւ ներառել պայմանագրում, դա եւս հնարավոր է քննարկել»:

Բացի նրանից, որ Պուտինը ջանում է հնարավորինս գրավիչ դարձնել ՌԴ առաջարկը, նրա խոսքը եւս մեկ այլ հետաքրքիր ուղերձ է պարունակում, որը նկատել է նաեւ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Ահավասիկ. «Չփորձեք ձեր խնդիրը իմ կամ Ռուսաստանի «ջեբը գցել», դա ձեր խնդիրն է, ինչպես կլուծեք՝ այդպես մենք տեր ենք: Կուզենա՞ք Արցախը լինի Ադրբեջանի կազմում, մենք կհամաձայնենք, չե՞ք ուզենա, կփորձենք օգնել»: Փաշինյանի արձագանքը չի ուշանում. «ՀՀ-ն համաձայնել է աշխատել ՌԴ-ի կողմից դեռ սեպտեմբերին առաջարկված՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջպետական հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքների ու պարամետրերի հիման վրա, եւ պատրաստ է հաստատել դա Սոչիում: Հուսով ենք, որ Ռուսաստանը կաջակցի իր առաջարկներին»:

Չնայած ՌԴ նախագահի նախազգուշացմանը, Փաշինյանն, այնուամենայնիվ, հող է պատրաստում հնարավոր ձախողումը կամ ժողովրդի կամքին հակառակ կատարած հերթական ստորությունը գցել Պուտինի «գրպանը»՝ գրելով, թե «հուսով է՝ Ռուսաստանը կաջակցի իր առաջարկներին»: Հիմա արդեն հիմք կունենա պնդելու, որ ինքը պատրաստ էր աշխատել Ռուսաստանի առաջարկած սկզբունքներով, բայց ռազմավարական դաշնակիցը տեր չկանգնեց իր բաժին պատասխանատվությանը: Նման մանիպուլյացիաների փորձ ունի, դրանք իր մոտ լավ են ստացվում:

Պուտինի դիրքորոշումը թունելի վերջում նշմարվող լույսի ցոլքի տպավորություն առաջացրեց Արցախում եւ ՀՀ ընդդիմության շրջանակներում: Նախկին Պնախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի խոսքով՝ Ռուսաստանի մոտեցումը հույս է ներշնչում։ «Կա շանս, որ ապագայում հայկական կողմին կհաջողվի վերադառնալ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծմանը, իսկ ամերիկյան կողմի առաջարկը ենթադրում է, որ այդ հարցը ընդմիշտ փակվում է»,- նշել է Օհանյանը։ ԱԺ ընդդիմությունը, ըստ էության, ընտրում է «չարյաց փոքրագույնը», քանզի կտրուկ դեմ է «վաշինգտոնյան» փաստաթղթին, որի պարագայում կվտանգվի ոչ միայն Արցախի, այլեւ ՀՀ-ի գոյությունը:

Սոչիի գագաթաժողովին նախորդող շրջանի կարեւոր միջոցառումներից մեկն էլ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստն էր, որը տեսակոնֆերանսի ձեւաչափով անցկացվեց հոկտեմբերի 28-ին: Առցանց խորհրդաժողովը, որին մասնակցում էին Կազմակերպության անդամ բոլոր երկրների առաջնորդները, ռոտացիայի սկզբունքով նախաձեռնել էր ՀԱՊԿ-ի ղեկավարումը մեկ տարով ստանձնած Հայաստանը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի: Նա ՀԱՊԿ-ից երկու ակնկալիք ուներ. 1/ հստակ քաղաքական գնահատական տալ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ 2021թ. մայիսին եւ դրանից հետո, այդ թվում՝ 2022-ի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային, եւ 2/ ձեւավորել ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու ճանապարհային քարտեզ:

Փաշինյանի «ակնկալիքներին» հանպատրաստից արձագանքեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ընդ որում՝ կիսահեգնական տոնով. «Դուք պահանջում եք, որ մենք հստակեցնենք մեր դիրքորոշումը։ Չգիտե՞ք մեր դիրքորոշումը։ Մենք ցանկանում ենք, որ հարեւան պետությունների միջեւ առճակատումը կարգավորվի խաղաղ ճանապարհով: Երկրորդ հարցը՝ ճանապարհային քարտեզ. ի՞նչ ճանապարհային քարտեզ… նստեք Իլհամ Ալիեւի հետ, եթե պետք է, հարցրեք ՌԴ նախագահին եւ որոշում կայացրեք։ Եթե այսօր չանեք դա, ավելի վատ կլինի, ինքներդ էլ դա հասկանում եք։ Մեզ այս հակամարտությունը պետք չէ»,- հարցը փակել է Իլհամ Ալիեւի մտերիմը՝ եզրահանգելով. «Դուք երկու հարց ունեք. դրանք ավելի քան տարօրինակ են, Նիկոլ Վովաեւիչ»:

Հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հանդիպմանն ընդառաջ տեղի ունեցան էլի մի քանի կարեւոր իրադարձություններ, որոնցից կարելի է առանձնացնել երկուսը՝ հոկտեմբերի 29-ին ՔՊ-ի 6-րդ համագումարը (հանգամանալից մեկնաբանությունը՝ տես թողարկման համապատասխան խորագրի ներքո), որտեղ կուսակցության վարչության նախագահ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը, եւ բանակցություններից երկու օր առաջ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում անցկացված աննախադեպ մարդաշատ հանրահավաքը, որն ի լուր աշխարհի եւ, հատկապես, ՀՀ իշխանությունների՝ հստակ արձանագրեց. «Արցախը երբեք չի եղել ու չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում»:

 

Գեւորգ Բրուտենց

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: