Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Վերլուծական

Պատերազմը ջարդեց «նախկինների» առասպելը

Օգտվողների գնահատում. 5 / 5

գործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղ
 

«Թավշյա» հեղափոխությունից հետո նոր իշխանությունների կողմից շրջանառության մեջ էր դրվել ստի, շահարկումների կամ, ինչպես ասում են, մանիպուլյացիաների մի ամբողջ կառուցակարգ, որոնցից ամենատարածվածն ու բազմագործառութայինը «նախկինների» առասպելն էր: Թշնամանքի ու ատելության մեքենան անխափան աշխատում էր հանրության մեջ այդ առասպելը լայնորեն ամրապնդելու համար: Սոցիալական ցանցերը, իշխանամերձ լրատվամիջոցները հեղեղված էին նախկին իշխանություններին քննադատող, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին ամեն ինչում մեղադրող, նրանց կառավարման օրոք իրականացված հասարակական-քաղաքական, տնտեսական ցանկացած ծրագիր, գործունեություն ու քայլ փնովող հրապարակումներով: Թե որն էր «նախկիններին» թիրախավորելու իմաստը, սովորական սուտն ու մանիպուլյացիաները գրեթե քաղաքականության առանցք դարձնելու` «թավշյա» իշխանակարգի նպատակը, կփորձենք պարզաբանել 44-օրյա պատերազմի համապատկերին:

2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին գալով իշխանության` Նիկոլ Փաշինյանը եւ «իմքայլականների» թիմը շատ լավ հասկանում էին, որ Հայաստանն ունի Արցախյան չկարգավորված խնդիր, որի հայանպաստ լուծումն այնքան էլ հեշտ չի տրվելու, իսկ չկարգավորման այլընտրանքը պատերազմն է: Փաստորեն Փաշինյանը ստանձնեց վարչապետի պաշտոնը` չունենալով ո´չ հակամարտության կարգավորման հստակ տեսլական, ո´չ հնարավոր պատերազմին դիմակայելու քաղաքական կամք եւ պատշաճ պատրաստվածություն: Եվ այսօր սեփական ձախողումների մեղքը «նախկինների» վրա բարդելու փորձերը, այլ կերպ, քան էժանագին շահարկումներ, չես որակի, մանավանդ որ Արցախի դեմ պատերազմի սպառնալիքն ավելի քան ակնհայտ էր: Այդ մասին էին վկայում ոչ միայն Իլհամ Ալիեւի բերանով պարբերաբար հնչող հոխորտանքները, Ադրբեջանի ռազմաշունչ հռետորաբանությունն ու տեղեկատվական ագրեսիան, այլեւ մեր դիրքերի ուղղությամբ ամեն օր արձակվող ինտենսիվ գնդակոծությունները շփման գծի այս կամ այն հատվածում: Թշնամի պետության ղեկավարի սպառնալիքները, առավելապաշտական նկրտումները, Թուրքիայի եւ մի շարք այլ երկրների հետ ռազմական համագործակցության տեսանելի աշխուժացումը հայկական կողմը չնկատելու էր տալիս:

Ադրբեջանի նախագահի, ԱԳ նախարարի եւ Պաշտպանության նախարարության ղեկավարի հայտարարություններին պաշտոնական Երեւանը արձագանքում էր ոչ այնքան դիվանագիտական բառապաշարով` հաճախ դրսեւորելով իր անփորձությունն ու անհեռատեսությունը: Հատկանշական է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի` «Նոր պատերազմ` նոր տարածքներ» անորոշ պարադիգմը, որն այս պատերազմի արդյունքում ծաղրի առարկա էր դարձել: Մարդիկ մատնանշում էին, որ տարածքային կորուստների վերաբերյալ Տոնոյանի ակնարկը Հայաստանին «կպավ»: Նույնը վերաբերում էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «Հակամարտության կարգավորումը պետք է հավասարապես բավարարի Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդներին»: Հետո էլ, թե`  «Ղարաբաղը Հայաստան է, եւ վե´րջ»` հակասելով ինքն իրեն: Տո´, հեր օրհնած, եթե «Ղարաբաղը Հայաստան է», ինչպե՞ս կարող էր բավարարեր Ադրբեջանի ժողովրդին: Վերջնարդյունքում «կարգավորումը» Փաշինյանի կատարմամբ, ցավոք սրտի, բավարարեց միայն մեկ կողմին` Ադրբեջանին:

Այսպիսով` մինչ հայկական նոր իշխանությունները զբաղված էին ազգի պառակտմանը միտված կեղծ օրակարգերի ու մանիպուլյատիվ հնարքների մշակմամբ, Ադրբեջանը պատրաստվում էր լայնածավալ պատերազմի: Դա պարզորոշ երեւաց հատկապես այս տարվա ամռանը, երբ հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանագծի տավուշյան հատվածում հակառակորդը հրահրել էր ռազմական բախումներ, որոնց օջախը, ի պատիվ մեր քաջարի դիրքապահների, արագ մարվեց: Հակառակորդը` ստանալով իր արժանի դասը եւ տալով լուրջ կորուստներ, ետ շպրտվեց: Նա հասկացավ, որ մեծ հաշվով` ի զորու չէ սեփական ուժերով հասնել հաջողության: Ավելի ուշ` օգոստոսի ամբողջ առաջին տասնօրյակում, Բաքվում, Նախիջեւանում եւ Ադրբեջանի մի քանի այլ քաղաքներում անցկացվեցին թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ, որոնք աննախադեպ էին թե´ անձնակազմի թվով, թե´ նորագույն զենք-զինամթերքի ու տեխնիկայի կուտակումների առումով: Սեպտեմբերի սկզբներից արդեն ակնհայտ էր նաեւ Թուրքիայի ներգրավվածությունն արցախյան հակամարտությունը:

Ինչեւէ, սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սիրացի ահաբեկիչների մասնակցությամբ թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետեւանքով ունենք այն, ինչ ունենք` բզկտված, ավերակված հայրենիք, տարածքային կորուստներ, ավելի քան 5 հազար զոհ, կրկնակի ավելի վիրավորներ ու հաշմվածներ եւ բարոյական-հոգեբանական ճնշվածության խոր նստվածք ամեն հայի սրտում: Պատերազմը բերեց նաեւ նոր առասպելներ կամ նորովի տրանսֆորմացրեց արդեն հրապարակի վրա եղածները` նպատակ ունենալով, ինչպես միշտ, խեղաթյուրել իրականությունը եւ նպաստավոր լույսի տակ ներկայացնել տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուի` Գերագույն գլխավոր հրամանատարի կերպարը: Ու վերստին գործի դրվեց քանիցս շահարկված եւ հաջող քննություն բռնած «նախկինների» առասպելը, որն իշանության գալուց հետո հեռատեսորեն հորինել էր վարչապետի աթոռը զբաղեցնող անձը:

Մարտերի թեժ պահերից մեկի ժամանակ բաց թողնվեց առաջին առասպելը, թե իբր որոշ անձինք շրջում են դիրքերում եւ զինվորների մեջ հուսալքություն առաջացնելու միտումով տարածում են, որ հողերն արդեն ծախված են, պետք չէ իզուր տեղը վտանգել սեփական կյանքը: Մի քանի օր անց այս «հյուսվածքի» հետ սկսեցին կապել այդ օրերին Արցախում գտնվող` ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների, ինչպես նաեւ Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի անունները` նշելով, որ սույն գործով արդեն կան ձերբակալվածներ: Խայծը նետված էր, իսկ սոցցանցերում` թիրախն ընտրված: Տեղեկատվական հարվածը գեներացվում էր երկու հիմնական ուղղությամբ` ա/ «սատկացնել» մեր ներսի թուրքերին ու դավաճաններին եւ բ/ սրել «հայաստանցի-ղարաբաղցի» արհեստական հակադրությունը: Սակայն «ա» կետը` «դավաճանների գործը», հետագա զարգացում չստացավ, քանի որ հերթական փուչիկներից էր, որի նպատակն էր թաքցնել ռազմական ձախողումների իրական պատճառները:

Պետք է ասել, որ ամենաշատ առասպելները Շուշիի շուրջ էին հյուսված, եւ դա պատահական չէ: Բանն այն է, որ Շուշիի անկման դրվագն է ամենաշատը պատված խորհրդավորության քողով եւ այդ դրվագում է ամենաշատը խտացված Գերագույն գլխավոր հրամանատարի անկարողությունը: Ինքը` Գերագույն գլխավորը, նոյեմբերի 11-ին ՖԲ ուղիղ եթերում անդրադառնալով Շուշիի անկման հանգամանքներին, ասել է. «Սխալված չեմ լինի ասել, որ [պարտության] առանցքային պատճառներից մեկը Գագիկ Ծառուկյանի գլխավորած կամավորական ջոկատի բացակայությունն էր Շուշիի մարտին»: Սա բանակի դերի ու առաքելության մասին աղճատված պատկերացում ունեցող մարդու մտածելակերպ է: Շուշիի պաշտպանությամբ շահագրգիռ ղեկավարը պետք է ապավիներ ոչ թե Ծառուկյանի եւ նրա կամավորականների օգնությանը, այլ պետության կանոնավոր բանակի ուժին, որին այդպես էլ ողջ պատերազմի ընթացքում չուղարկեց ռազմաճակատ: Պարտությունը Ծառուկյանի ջոկատի բացակայությամբ պայմանավորելը նաեւ պարզունակ շահարկում է, քանի որ Շուշիի պաշտպանությունը ստանձնելու` գեներալ Վիտալի Բալասանյանի խնդրանքը մերժած անձը հազիվ թե Շուշին անառիկ պահելու անկեղծ ցանկություն էր փայփայում: Այլապես ինչո՞ւ չթողեց, որ պրոֆեսիոնալ զինվորականն իր գործը աներ: Մի՞թե զուտ այն պատճառով, որ Բալասանյանը նախկինների խմբից էր:

«Նախկինների» առասպելն ի սկզբանե ուներ բացառապես «թալանչի» վարչակարգի վերադարձով հանրությանը վախեցնելու «առաքելություն», որը շեշտում էր` «եթե մեզ դեմ եք, ուրեմն կգան նախկինները» գաղափարը: Սրանով միաժամանակ բացառվում էր «Իմ քայլին» որեւէ ուրիշ քաղաքական ուժի այլընտրանքը: Պատերազմի ընթացքում եւ դրանից հետո  այդ առասպելի կիրառական տիրույթն ընդլայնվեց` ձեռք բերելով նաեւ «դավաճանների փնտրտուքի» շեշտադրումներ, ինչը ենթադրում է պարտության համար մեղավորներին ու մատնիչներին «փնտրել» ոչ միայն նախկինների, այլեւ իշխանությանն անհաճո գործիչների շրջանում եւ, ըստ անհրաժեշտության, մեղադրանքները դարձնել ավելի հասցեական:

Շահարկումների այս համակարգը կոչված էր անհաջողությունների համար մեղադրանքի սլաքները Նիկոլ Փաշինյանից հնարավորինս հեռացնելով` ուղղել վերջինիս հրաժարականը պահանջող, դավաճանության մեջ մեղադրող կամ ուղղակի նրան դուր չեկող անձանց դեմ: Մի դեպքում կարող են այդպիսիք լինել ՀՀ նախկին նախագահները, մյուս դեպքում` գեներալ Վիտալի Բալասանյանը, երրորդ դեպքում` Օհանյանի որդին, որն Արցախում մասնակցում էր ռազմական գործողություններին, ապաեւ` ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եւ էլի ուրիշներ: «Ջրից չոր» դուրս գալու համար Գերագույն գլխավոր հրամանատարն ու նրան ձայնակցողները չեն խորշում մեղադրել նույնիսկ բանակին, Գլխավոր շտաբին, բարձրաստիճան զինվորականությանը եւ ում ասես:

Այս օրերին էլ ակտիվորեն շրջանառվում է մի թեզ, ըստ որի` Մոսկվայում հայկական կողմի համար ստորացուցիչ պայմաններով եռակողմ փաստաթղթի ստորագրումը ռազմական պարտության հետեւանք էր։ Սակայն շատերի համար պարզ է, որ նման մանիպուլյատիվ թեզի շրջանառումը պարտության մեղքը Զինված ուժերի վրա գցելու ճիգերից մեկն է, որի նպատակը նույնն է` պարտությունը հեռացնել քաղաքական ղեկավարության պատասխանատվությունից եւ դնել զինված ուժերի վրա։ Այդ միտքը վերջերս զարգացրեց ՀՀ արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանը` ասելով. «Ռազմադաշտում ունեցել ենք ձախողում, եւ դա պետք է ճիշտ գնահատենք… Դիվանագիտության մեջ մենք ձախողում չենք ունեցել»: Արտաքին գերատեսչությունը տնօրինող պաշտոնյայի դեպքում տարօրինակ կհամարվեր նման արտահայտությունը, եթե չհետապնդեր հատուկ նպատակ, որի մասին ասվեց վերը: Գրեթե աքսիոմատիկ ճշմարտություն է, որ պատերազմը ճկուն դիվանագիտության բացակայության արդյունք է:

Կար ժամանակ, երբ բանակցություններում «նեղն ընկած» Ալիեւը խոստովանում էր, որ փակ դռների հետեւում իրեն ստիպում են ճանաչել ԼՂ-ի անկախությունը: Սակայն Փաշինյանը իշխանության գալուց հետո փոշիացրեց մինչ այդ կուտակված բանակցային կապիտալը` հայտարարելով, թե բանակցությունները սկսում է «սեփական կետից»: Թե ուր տարավ մեզ այդ «կետը», հայտնի է բոլորիս: Իսկ երբ հորդորում էին ականջալուր լինել նախկինների առաջարկներին, կոշտ հակադարձում էր` «նախկինները պետք է ձայները կտրեն, հանգիստ նստեն տեղները…»:

 

Գեւորգ Բրուտենց

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: