Հինգշաբթի, Դեկտեմբերի 13, 2018

Վերլուծական

Ընտրություններ. իսկ արդարության սկզբունքը պահպանվո՞ւմ է

Հետհեղափոխական Հայաստանում քրեաօլիգարխիայի ճիրաններից ընտրական գործընթացի ազատումը եւ քվեարկության օրը ընտրակեղծիքների բացառումը քաղաքացիներին հնարավորություն են տալիս կատարելու ազատ ընտրություն, որի արդյունքում արձանագրվում է նրանց քաղաքական կամքը։ Ազատ ընտրությունների անցկացման այնպիսի պայմանները, ինչպիսիք են հարկադրանքի, ազդեցությունների ու վախի մթնոլորտի վերացումը, արդյունքների խեղաթյուրման գործելակերպի բացառումը, կարեւոր ձեռքբերումներ են իրավական, ժողովրդավարական երկիր կառուցելու ճանապարհին։ Սակայն ժողովրդի քաղաքական կամքի արտահայտման համար անհրաժեշտ է, որ ընտրությունները կայանան ոչ միայն ազատ, այլ նաեւ արդար միջավայրում եւ արդարացի պայմաններով։ Արդյոք ներկայիս ընտրական գործընթացը բավարարո՞ւմ է ժողովրդավարական ընտրությունների «արդարության» չափանիշը։

Թվում է` ստեղծվել են արդար ընտրություններ անցկացնելու բոլոր պայմանները. կեղծիքների մեքենան չեզոքացված է, եւ կա քաղաքական կամք`թույլ չտալու ընտրակաշառք, ընտրակեղծարարություն ու նմանատիպ այլ արատավոր երեւույթներ։ Յուրաքանչյուր դաշինք, կուսակցություն եւ թեկնածու ընտրապայքարին մասնակցում է՝ օրենքով սահմանված իր հավասար հնարավորություններն իրագործելով։ Գոնե առերեւույթ պահպանվում են հրապարակային ու արդար ֆինանսավորման, զանգվածային լրատվության միջոցներից հավասարապես օգտվելու, քարոզչություն իրականացնելու եւ մյուս պայմանները։ Այդուհանդերձ` հանրության որոշակի մի շերտ դժգոհ է ընտրական գործընթացի կազմակերպման վիճակից եւ գտնում է, որ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու ոչ բոլոր նախադրյալներն են ստեղծված։ Մասնավորապես, շատերի կարծիքով` չի պահպանվում արդարության սկզբունքը։

Իհարկե, պետության համար ներքեւից հնչող անաչառ քննադատությունը շատ կարեւոր է, որին պետք է ականջալուր լինել եւ անհապաղ ընթացք տալ: Խոսքը նախեւառաջ առողջ, անկողմնակալ քննադատության մասին է, որով սովորաբար հանդես են գալիս հասարակության այն շերտի ներկայացուցիչները, ովքեր նախկինում ունեցած արտոնյալ կարգավիճակը կորցնելու կամ նոր պայմաններում անտեսված լինելու մտավախություններ չունեն: Տրամագծորեն այլ է մյուս խմբերի պարագան, որոնց բնորոշ է ընտրական գործընթացը, եւ ոչ միայն դա, ամեն կերպ սեւացնելու մոլուցքը, ինչը պայմանավորված է երբեմնի իրենց շահեկան դիրքերի, հնարավորությունների ու ազդեցությունների կորստով։ Սակայն, անկախ ամեն ինչից, պետք է խորամուխ լինել հանրային կարծիքների, առաջարկությունների, դիտողությունների մեջ, փորձել հասկանալ, թե որտեղ է թերացել պետական մեքենան եւ ինչ հետեւանքներով է հղի տեղերում ստեղծված այս կամ այն իրադրությունը։

Քաղաքացիների շատ դժգոհություններ օրենսդրական բացերի ուղղակի հետեւանք են: Օրինակ՝ քվեաթերթիկում «բոլորին դեմ եմ» տողի բացակայությունը կամ` ընտրարշավին մասնակցող միավորների ելակետային անհավասար պայմանները։ Մատնանշվող թերացումների մի պատկառելի մասը հանգում է Սահմանադրության, Ընտրական օրենսգրքի եւ Կուսակցությունների մասին օրենքի անկատարությանն ու խճճվածությանը։

Գաղտնիք չէ, որ մեր ներկայիս Սահմանադրությունը «վերաձեւվել» էր հատուկ Սերժ Սարգսյանի «հագով», որպեսզի կարողանա ոտքերը լայնակի մեկնել, ձեռքերին էլ բացարձակ ազատություն տալ` ՀՀԿ-ի իշխանությունը երկրում հավերժացնելու նպատակով։ Իսկ Սահմանադրության դրույթները կյանքի կոչող օրենքներն այնպես են ձեւակերպվել, որպեսզի սպասարկեն որոշակի անձանց ու խմբերի շահերը։ «Թավշյա» հեղափոխության արդյունքում Հայաստանի ժողովուրդը մերժեց Սերժ Սարգսյանին ու նրա հանցախմբին, մինչդեռ Սարգսյանի Սահմանադրությունն ու Ընտրական օրենսգիրքը շարունակում են մնալ մեր հասարակական-քաղաքական կյանքի կարեւոր բաղադրիչները։

Սա է հիմնական պատճառը, որ ընտրական գործընթացի հետ կապված մի շարք դժգոհություններ հանգում են արդարության սկզբունքի խախտմանը: Վերը նշված օրենսդրական խճճվածությունը կամ միակողմանի իրավական կարգավորումները Հայաստանը քաղաքական, տնտեսական խոր ճգնաժամի մեջ մտցրած նախկին վարչակարգին ու նրան սպասարկելու կոչված օլիգարխիկ կուսակցություններին թույլ են տալիս լիարժեք մասնակցել ընտրարշավին, բայց նորաստեղծ քաղաքական ուժերին հնարավորություն չեն ընձեռում նրանց հետ հավասար պայմաններում մտնել ընտրապայքարի մեջ: Առաջիններն ունեն ֆինանսական, նյութական ու մարդկային ահռելի միջոցներ` ողջ երկրով մեկ սփռված գրասենյակներ, մամուլ, ոմանք նույնիսկ սեփական հեռուստաընկերություններ եւ այլն, իսկ վերջինները` գրեթե ոչինչ:  

Այդ ամենը հիմք է տալիս պնդելու, որ ազատ ընտրություններն, այո, կարող են երաշխավորված լինել, մինչդեռ արդարի մասին վաղ է խոսել, քանի դեռ նորաստեղծ քաղաքական ուժերը ստիպված են առայժմ բավարարվել քաղաքացիների ազատ կամարտահայտության համար ազատ միջավայրի ապահովմամբ: Իրավիճակն, անշուշտ, անելանելի չէ: Պարզապես ժամանակն է հստակ չափանիշներով կարգավորել հանրային համերաշխությունն ու արդարությունը օրենսդրորեն ամրագրող եւ քաղաքական միավորների հավասարությունն ապահովող որոշակի պահանջներ։ Օրինակ` ընտրական գործընթացի մասնակիցների հստակ սահմանազատված գաղափարական, ծրագրային ու ապաքրեականացված լինելը եւ մասնակցության այնպիսի կանոնները, որոնք թույլ կտան մեր քաղաքացիներին իրենց քաղաքական կամքի ազատ արտահայտման ժամանակ բավարարված մնալ մի կողմից հավասար մրցակցությունից ու պայմաններից (պասիվ ընտրական իրավունքի իրացման դեպքում), մյուս կողմից` ընտրարշավի մասնակիցների ծրագրային բազմազանությունից (ակտիվ ընտրական իրավունքի իրացման դեպքում)։

Ընտրական օրենսգրքի եւ Կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունների մասին՝ որպես «թավշյա» հեղափոխության օրակարգի բաղկացուցիչների, շատ է խոսվել, այդ թվում` Նիկոլ Փաշինյանի կողմից։ Ներկա ընտրական գործընթացում` պայմանավորված վերը նշված օրենքների անփոփոխ մնալու հանգամանքով, արդեն իսկ նկատվում են բոլոր այն խութերը, որոնք առաջիկա տարիներին դառնալու են երկրի քաղաքական կյանքի բնականոն ընթացքի արգելակները։ Առաջիկա ընտրությունների արդյունքում ձեւավորվող վարչակազմի նոր օրենսդրական նախաձեռնության հանդեպ վերաբերմունքից կախված, որոշվելու է, թե ինչպիսի կարգավորումներ կամ զարգացումներ են լինելու երկրում։

Սակայն հարկ է արդեն այժմ նախազգուշացնել բոլոր նրանց, ովքեր հավակնում են կանգնել մեր երկրի կառավարման ղեկին, որ նախկին հանցավոր վարչախմբերի այնպիսի գործելաոճը, երբ նրանք` օգտվելով հանրության մեջ շրջանառվող այս կամ այն թեզերից ու գաղափարներից կամ սնվելով ընդդիմադիր շրջանակների առողջ տեսլականներից, վերցնում ու ապականում էին բազմաթիվ հայեցակարգեր, գաղափարներ ու մտքեր, այսուհետ դրանց հետ ձեռնածությունը չի կարող անհետեւանք մնալ։ Անցել են այն ժամանակները, երբ հանրության առջեւ հանձնառության կատարումն ապացուցելու, հանրային առաջարկներն ու սպասելիքները բավարարելու համար կարելի էր սեփական կուսակցական կամ կլանային շահերի իրացման ծրագրերը ֆիքսել օրենքներում ու դրանք մատուցել հանրությանը, որպես նրանց ցանկությունների եւ ակնկալիքների արձանագրում։ Միայն հանրային իրական լսումների, շահագրգիռ բոլոր անձանց կարծիքները հաշվի առնելու միջոցով է հնարավոր ուրվագծել ու մշակել մեր քաղաքական կյանքը կանոնակարգող Սահմանադրությունն ու օրենքները։ Այդ թեմաների լռեցումը, սահմանադրական ու օրենսդրական փոփոխություների նպատակային կասեցումը, իրական փոփոխությունների փոխարեն օրենքներում կոսմետիկ վերաձեւումները կամ տարբեր գաղափարների, հանրային առաջարկների նենգափոխումները դամոկլյան սրի պես կախվելու են նման վարքագիծ ցուցաբերող ու կեղծիքներ թույլ տվող ուժի գլխին:

Այսօր դեռ վաղ է ասել, թե հանրության հետ երկխոսելու ինչ ճանապարհ կընտրի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակած քաղաքական ուժը: Սակայն միանշանակ է, որ առաջիկա տարիներին իրական սահմանադրականության հաստատման ու արդար ընտրակարգի կառուցման բանավեճն է ընկած լինելու քաղաքական զարգացումների առանցքում: Մեզ մնում է պատվով դուրս գալ այդ կարեւոր գործընթացից՝ չմոռանալով, որ արդարության սկզբունքի պահպանումն այլընտրանք չունի:

Սարո Սարոյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am