2017 թվականին International Alert կազմակերպությունը ձեռնարկել էր մի ուսումնասիրություն, որը ցույց կտար պատերազմի հնարավոր այլընտրանքները, հակամարտության փոխակերպման ուղիները: Հետազոտության արդյունքները ներկայացված են 2018թ. հոկտեմբերին հրապարակված` «Խաղաղության տեսլականը. Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին կարծիքների վերլուծություն» զեկույցում:
Հեղինակները նպատակ ունեին գտնել հակամարտությունը փոխակերպելու` հենց հանրություններից բխող ուղիներ: Նրանք ելնում են այն հանգամանքից, որ հանրությունները կարող են ձեռք բերել ունակություններ` լուծելու ծագող հակասությունները, առանց բռնության դիմելու: Այդպիսի ունակություններ ձեռք բերելու համար նրանք երաշխավորում են զարգացնել քննադատական մտածողության հմտություններ եւ քննադատաբար իմաստավորել սեփական ինքնությունը, ինչպես նաեւ ջանքերը կենտրոնացնել` ջարդելու կարծրատիպերը:
Հետազոտողները հանգել են եզրակացության, որ երկարատեւ հակամարտության վիճակը դառնում է սովորական եւ, նույնիսկ, ձեւավորում է հանրությունների ինքնությունը: Նման ինքնության մեջ նկատվում է ապահումանիզացման երեւույթ, երբ անհատի դերն ու նշանակությունը ճնշվում են հասարակության կողմից: Կարծրատիպերի առնչությամբ նրանք ընդգծում են այն փաստը, որ բոլոր երեք հանրություններում կան տարաձայնություններ այնպիսի հասկացությունների շուրջ, ինչպիսիք են խաղաղությունը, հակամարտությունը, փոխզիջումը եւ այլն:
Այս բառերի մեջ յուրաքանչյուր ոք սեփական իմաստն է դնում` առանց պատկերացնելու, թե դրանք ինչ են նշանակում ուրիշների համար: Հետեւաբար` եզրակացություն է արվում է, որ մարդիկ չեն հավատում խաղաղ գործընթացի հնարավորություններին. նրանց պատկերացմամբ` պատերազմի ուժն ավելի զորեղ է, քան խաղաղության ուժը: Նշվում է նաեւ, որ բոլոր երեք հանրություններն ունեն խաղաղության մասին սեփական պատկերացումները. մեկի համար այն կայունությունն է, մյուսի համար՝ արդարությունը:
Համապատասխանաբար` առաջարկվում է խաղաղության հասնելու հետեւյալ բանաձեւը. հարկ է հակամարտության մեջ ներգրավված բոլոր հանրություններում հասնել փոխզիջման հայեցակարգի` որպես հիմնակազմիչ արժեքի ու մեխանիզմի, ավելի խորը գիտակցմանը: Փոխզիջման ուղին անցնում է արդարության` իբրեւ հանրային պահանջի, որոնման միջով, որը միատեսակ է արտահայտված բոլոր երեք հանրություններում: Իսկ արդարությունը պետք է փնտրել, նախեւառաջ, սոցիալական արդարության ընդերքում՝ իբրեւ միավորող գործոն բանավեճերի կազմակերպման համար` ինչպես հանրությունների ներսում, այնպես էլ բոլոր հանրությունների մակարդակով:
Այսինքն` կա վստահություն, որ սոցիալական արդարությունը միավորող երեւույթ է, որն ի զորու է գեներացնել հակամարտության ներկա հոգեբանական բազայի հաղթահարման գործընթացը: Ընդ որում` ապահումանիզացման երեւույթը դիտարկվում է որպես սոցիալական անարդարության անբաժանելի բաղադրիչ: Այստեղ առաջարկվում է ուշադրությունը վերստին կենտրոնացնել անձի վրա: «Եթե մարդիկ կարողանան գիտակցել, թե հասարակության եւ երիտասարդ սերնդի համար ինչպիսի լուրջ վտանգ է իրենից ներկայացնում ատելության ու թշնամու կերպարի քարոզչությունը եւ ինչպիսի ազդեցություն կարող է այն գործել ազգային ինքնության հայեցակարգի վրա՝ դա կարող է ամենադրական արդյունքը տալ: Եթե մարդիկ սկսեն հասկանալ, որ ամեն ոք, ամեն ընտանիք վճարում է ոչ թե խաղաղության համար, այլ` հակամարտության, դա կարող է օգնել փոխելու բուն հակամարտության շարժընթացը»:
Այդպիսի մոտեցման դեպքում արդիական է դառնում այն միտքը, թե «հարկավոր է օգտագործել հանրության մեջ արդեն առկա խաղաղարար ներուժը՝ աշխատանքում ներգրավվելով նրանց, ովքեր պատերազմի եւ մյուս կողմի ներկայացուցիչների հետ կողք կողքի ապրելու անմիջական փորձ ունեն»:
Ինչպե՞ս հասնել դրան: Վերեւում ասվեց` բազմակի ինքնության բոլոր կողմերի քննադատական մտածողության հմտությունները զարգացնելու միջոցով:
* * *
Անկասկած` նախագծի հեղինակների կողմից եւ դրա հիման վրա կազմված զեկույցի մասով բարձր արհեստավարժ աշխատանք է կատարվել: Հասարակական խաղաղարար դիվանագիտության ոլորտում երկարամյա փորձն իրեն զգացնել է տալիս: Իսկ տրված երաշխիքների ու խաղաղության հասնելու բուն հայեցակարգի արդյունավետությունը ցույց կտա ժամանակը:
Մեզ մնում է միայն վերլուծել առաջարկվող բանաձեւը` դրանով իսկ համեստ ավանդ ներդնելով արհեստավարժ հետազոտողների աշխատանքում: Այս իմաստով իսկույն ուշադրություն դարձնենք իրավունք հասկացության հանդեպ հետազոտողների բավական թույլ հետաքրքրության վրա: Այս հանգամանքի վրա արժե սեւեռել ուշադրությունը: Չէ՞ որ կոնֆլիկտային հարաբերությունների հաղթահարման եւ համերաշխության տանող ցանկացած ճանապարհ անհաս կմնա, եթե հակամարտող հանրություններն ու մարդիկ ի վիճակի չեն ճանաչել միմյանց իրավունքները:
Զեկույցից պարզ երեւում է, որ հարցված մարդիկ լավ չեն հասկանում, թե ինչու պետք է թշնամուն զիջեն մի բան, որն իրենցն է` սա անարդար են համարում: Եվ դա միանգամայն բացատրելի է. տասնամյակներ շարունակ շատ կողմերից մարդկանց ներշնչում են, թե այս հակամարտության մեջ ճիշտ ու սխալ չկա` սխալ են բոլորը: Հետեւաբար` մարդկանց մեջ անվստահություն է առաջանում բոլորի հանդեպ. նրանք չեն գտնում, որ իրենք ինչ-որ բանում անարդար են: Անարդար գործի համար ոչ ոք չի գնա մահանալու:
Մեր կարծիքով` հենց այստեղ է թաքնված խաղաղության հասնելու ուղիներ փնտրելու ընդհանուր անզորության հիմնական պատճառը: Խաղաղությունը ոչ միայն կայունություն է, այլ նաեւ համոզմունք, որ քո իրավունքները ճանաչված են եւ պաշտպանված: Սա է արդարության` «իբրեւ բոլոր երեք հանրություններում հավասարապես արտահայտված հանրային պահանջի, ամուր հիմքը»:
Մեր կողմից ասվածը կարող է գնահատվել որպես համընդհանուր համաձայնության եւ խաղաղության հասնելու ուղիների որոնման մեջ ոչ կարեւորագույն կողմ: Ուստի հարկ է պարզաբանել արված պնդման իմաստը: Դրա համար անհրաժեշտ է քննարկել երեք հանրությունների միջեւ դիտարկվող հակամարտության բուն հոգեբանական էությունը:
Ցանկացած հակամարտություն բախում է վիճող անհամաձայն կողմերի միջեւ: Իսկ անհամաձայնությունը միեւնույն իրողությունների տարբեր ընկալումների հետեւանք է: Առաջին հերթին` սոցիալ-քաղաքական իրողությունների: «Ստատուս-քվո» կոչվող այդ իրողություններն անհամաձայնության արտահայտություն են, նախեւառաջ, հակամարտող հանրությունների իրավունքների շուրջ: Նման անհամաձայնությունը անարդարության մթնոլորտ է ձեւավորում բոլոր հանրությունների համար: Նախագծում ուսումնասիրված մյուս բոլոր պարամետրերը համընդհանուր «ստատուս-քվո»-ի հետեւանքներ են` հանրայինից, միջանձնայինից մինչեւ հոգեբանական:
Չափազանց դժվար է համոզել մարդկանց, որ իրենց իրավունքների պաշտպանության գործում որեւէ ակտիվություն չի կարող ավելի արժեքավոր լինել, քան խաղաղության հասնելու ուղիների որոնումը: Միշտ կարելի է հանդիպել հակափաստարկի, որ աշխարհը քայքայվում է հատկապես վիճող հանրությունների իրավունքները ճանաչելու ցանկության բացակայության պատճառով: Այս հանգամանքը չափազանց կարեւոր է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակում, որտեղ հանրությունները պաշտպանում էին իրենց իրավունքները՝ միանգամայն անկախ արտաքին դերակատարների կողմից այդ իրավունքների ճանաչման կամ չճանաչման փաստից: Տարածաշրջանի հակամարտող հանրություններն, իրենց հերթին, չեն ճանաչում արտաքին ատյանների իրավունքները սեփական հայեցողությամբ «բաժանելու»` այլոց իրավունքը:
Տվյալ հակամարտության կարգավորման բոլոր առկա մոտեցումներում անտեսվում է կոնֆլիկտային հարաբերությունների առաջացման եւ զարգացման տրամաբանությունը պայմանավորող հանգուցային հայեցակետը: Դա վերաբերում է մասնավորապես առանձին քաղաքացիների, հանրությունների, հակամարտող սուբյեկտների ղեկավարների, միջազգային ատյանների մակարդակով ամենասկզբից ընդունված որոշումներին: Սակայն հենց այդ որոշումներն էին պարբերաբար պայմանավորում վեճի բոլոր սուբյեկտների իրավունքների պատկերը, որոնց շուրջ չկար եւ չկա ընդհանուր համաձայնություն:
1991-ին Խորհրդային Միության փլուզման պահից, երբ հետխորհրդային տարածքի նոր սուբյեկտները միջազգային ճանաչում ստացան, այդ իրավունքները տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար ճակատագրական նշանակություն ձեռք բերեցին: Միջազգային ճանաչում ստացած սուբյեկտները ստացան նաեւ զենքի կիրառմամբ սեփական սահմաններն օրինական ճանապարհով պաշտպանելու իրավունք: Չճանաչվածների այդ իրավունքը օբյեկտիվորեն մերժվեց: Ճանաչվածների կողմից զենք կիրառվում էր, սակայն դա ավելի բարդացրեց հակամարտության գոտիներում ստեղծված իրավիճակը: Ի հայտ եկավ հակամարտող սուբյեկտների վերահսկողության տակ գտնվող տարածքների սահմանազատման մի պատկեր, եւ տեղի ունեցավ բնակչության էթնիկական զտում: Ստեղծված իրավիճակի վերաբերյալ որեւէ համաձայնություն չկայացավ:
Կոնկրետ Լեռնային Ղարաբաղի մասով՝ նրա վերահսկողության տակ գտնվող տարածքի նկատմամբ գրեթե բոլոր միջազգայնորեն ճանաչված իրավունքները մնացին կազմավորվող Ադրբեջանի Հանրապետությանը, որն ի զորու չգտնվեց իր վերահսկողության տակ առնել այդ տարածքը: Սրանում է «ստատուս-քվո»-ի ողջ իմաստը: Ադրբեջանը չի դադարում պնդել, որ Լեռնային Ղարաբաղի դեմ զենք կիրառելու իրավունք ունի: Հայաստանը ստանձնել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը: Լեռնային Ղարաբաղը չի ճանաչում իր վերահսկած տարածքների նկատմամբ որեւէ մեկի իրավունքը:
Ինչպիսի՞ն կարող է տվյալ իրավիճակում լինել հանրությունների Նպատակը, եթե նրանք ցանկանում են խաղաղություն հաստատել: Մեր կարծիքով՝ այդպիսի նպատակ կարող է ձեւակերպվել հետեւյալ պայմանների դեպքում.
ա/ խորապես գիտակցելու հակամարտության իմաստն ու պատճառները.
բ/ անձի եւ հասարակության մակարդակով ընդունելու, որ յուրաքանչյուրը մեղավոր է կայացրած որոշումների ու կատարված գործողությունների արդյունքների համար.
գ/ ընդունելու, որ կան մարդիկ ու հանրություններ, որոնց իրավունքները ոտնհահարվել են եւ շարունակում են մնալ ոտնահարված.
դ/ ընդունելու, որ առանց նոր որոշումներ կայացնելու, որոնք կկարգավորեն բոլորի համար ընդունելի իրավունքների պատկերը, հակամարտությունը չի կարող հաղթահարվել:
Այս դեպքում բոլորի համար ռազմավարական Նպատակ կարող է դառնալ փոխադարձ ընդունելի իրավունքների արդար պատկերի որոնումը: Եթե այդպիսի ռազմավարական նպատակ դրվի, ապա յուրաքանչյուր քաղաքացու համար պարզ կդառնա սեփական կեցության, չվերջացող անհարմարության պատճառների պատկերը եւ խաղաղության ուղու որոնման իմաստը: Սա էլ կլինի սեփական ինքնության քննադատական իմաստավորման սկիզբը: Զեկույցի հեղինակների առաջարկած՝ խաղաղության ուղիների որոնման բոլոր մեխանիզմները կարող են ավելի մեծ արդյունավետություն ձեռք բերել:
Մանվել Սարգսյան