Ուրբաթ, Հոկտեմբերի 04, 2024

Վերլուծական

Քավության նոխազի փնտրտուքը հասավ գերիներին

Օգտվողների գնահատում. 5 / 5

գործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղ
 

Նախորդ շաբաթ լրատվադաշտը պայթում էր գերիների խնդրի շուրջ տարաբնույթ մեկնությունների առատությունից: Առիթը, ինչպես հայտնի է, «տելեգրամյան» ալիքներում ԱԺ նախագահի մասնակցությամբ նկարահանված աղմկահարույց տեսանյութն էր, որը խոցել էր հայ ռազմագերիների ու անհետ կորած զինծառայողների հարազատների ինքնասիրությունը, հարուցել շատերի զայրույթը: Եվ այդ առնչությամբ նոյեմբերի 7-ին իրենց դժգոհությունն էին մարդիկ արտահայտում Կառավարության շենքի դիմաց իրականացրած բողոքի ակցիայով՝ անթույլատրելի համարելով Ազգային ժողովի նախագահի կողմից գերիների հասցեին հնչեցված հայտարարությունները: «Ո՞ւմ է ասում դասալիք, իմ երեխո՞ւն… Իմ երեխան կռվել է մինչեւ վերջին փամփուշտը ու հայտնի չէ, թե հիմա ուր է: Մի հատ դասալիք, որ ինքը ոտից գլուխ դասալիք է, իմ երեխուն դասալի՞ք ասի, ոտներս կուտի՝ մեղմ եմ ասում»,- բողոքի ցույցի ժամանակ բորբոքվել էր անհետ կորած զինվորի հայր Արսեն Ղուկասյանը:

Ի՞նչ էր ասել գերիների մասին Ալեն Սիմոնյանը: «Դեժավյու» տելեգրամյան ալիքի գաղտնի տեսագրված նյութում նա մի քաղաքացու հետ խոսելիս՝ անդրադարձել է գերիներին առնչվող իրավիճակին՝ ասելով, որ գերիներն իր համար արդեն չկան. «Իսկ գիտե՞ք էդ գերիներն ովքեր են… էն մարդիկ են, որոնք զենքը դրել ու փախել են եւ մոլորվել»,- նշել է ԱԺ նախագահը՝ խոստովանելով, որ այդ բանը չէր կարող բարձրաձայն ասել: Երբ ձայնագրությունը տարածվում է սոցցանցերում ու մամուլում, ԱԺ նախագահը պնդում է, որ այն մոնտաժված է: Որոշ ժամանակ անց նրա մամլո խոսնակը հրապարակում է ամբողջական, իր խոսքով՝ չմոնտաժված տարբերակը եւ միաժամանակ տեղեկացնում, որ զրույցը Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ է: Այն տեղի է ունեցել Ֆրանսիայի Սենատում ՀՀ խորհրդարանի ղեկավարի պաշտոնական հանդիպումից  հետո կազմակերպված ընդունելության ժամանակ: «Նրանց հետ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անկաշկանդ մթնոլորտում ոչ հրապարակային զրույց է ունեցել»,- հավելել է մամուլի քարտուղարը՝ նույնպես ակնարկելով, որ «անկաշկանդ մթնոլորտում» կարելի է ասել մեկ բան, իսկ պաշտոնական մակարդակում՝ դրա հակառակը:

Մոնտաժված ու չմոնտաժված համարվող տարբերակները, մեծ հաշվով, չեն բացասում միմյանց: Այսինքն՝ երկու ձայնագրությունների միջեւ էական տարբերություններ չկան, իսկ ինչ վերաբերում է մոնտաժված լինելուն՝ դեռ հարց է, թե այդ երկուսից որն է մոնտաժվածը: Օրինակ՝ տելեգրամյան ձայնագրության մեջ (իբր՝ մոնտաժված)  Սիմոնյանը փորձում է հիմնավորել, թե ինչու վերջին ժամանակներս գերեվարված զինծառայողների ծնողներն ակտիվ չեն, բողոքի ցույցեր չեն անում եւ այլն։ Պատճառը, ըստ նրա, այն է, որ ծնողները գիտեն իրենց որդիների դասալիք լինելը։ «Չմոնտաժված» տարբերակում այդ մասը հանված է: Եվ դա հասկանալ կարելի է: Իրականում ծնողների «ոչ ակտիվ» լինելու պատճառն այն է, որ իշխանությունները պարբերաբար գերիների հարազատներին հորդորում էին՝ հրապարակավ շատ չերեւալ, քանզի դա կարող է տղաների վերադարձման գործընթացին խանգարել: «Եթե ես հիմա էդ գերիների պատճառով պիտի Սյունիք կորցնեմ, եթե ես պիտի Սիսիան կորցնեմ, կներես, մի քիչ կարող է սխալ բան եմ ասում, բայց ես էդ գերիներին համարում եմ, որ իրենք իմ համար չկան»,- ԱԺ-ի ներկայացրած տարբերակի այս հատվածում էլ ավելացվել են որոշ մեղմացնող նրբերանգներ, որոնք տելեգրամյան ալիքներով ցուցադրված տեքստում չկան:

Սրանք այն նկատառումներն են, որոնք ի հայտ եկան մի հպանցիկ համեմատական անցկացնելու արդյունքում: Ձայնագրության ամբողջական (իբր՝ չմոնտաժված) տարբերակը տարածելուց կարճ ժամանակ անց խորհրդարանի նախագահը փորձեց բացատրել, թե ինչ է ցանկացել ասել «կադրից դուրս», սակայն, ըստ էության, վերահաստատեց տեսանյութում արդեն ասվածը: «Ցավոք սրտի, կան զինվորներ եւ սպաներ, որոնք իրենց պարտականությունը չեն կատարել ու հայտնվել են գերության մեջ»,- պնդում է նա՝ կարծես թե չհասկանալով, որ ոչ ոք, առավել եւս պետության երկրորդ դեմքը, չի կարող նման անպատասխանատու հայտարարություն անել: Ուղղակի չի կարող ստանձնել դատավորի դեր եւ պնդել, թե զինծառայողները դասալիքներ են, քանի որ չեն կատարել իրենց պարտականությունները, եւ այդ պատճառով հայտնվել են գերության մեջ: Սա անմեղության կանխավարկածի կոպտագույն խախտում է, քանի որ այդ առնչությամբ չկա օրինական ուժի մեջ մտած դատական վճիռ:

Սիմոնյանը հաստատ չի կարող իմանալ, թե ով է թերացել պարտականությունների կատարման գործում՝ սպա՞ն, զինվո՞րը, թե՞ զորահրամանատարը կամ Գերագույն գլխավոր հրամանատարը: Դա ցույց կտա միայն անաչառ քննությունը. զինվորի՝ գերեվարվելու հանգամանքները կարող են տարբեր լինել եւ հաճախ՝ ոչ իր մեղքով: Ռազմական փորձագետները թող ինձ ուղղեն, եթե սխալվում եմ՝ գերի ընկնելու ամենամեծ սպառնալիքը գալիս է սխալ մարտավարությունից եւ սխալ հրամաններից, որովհետեւ ռազմի դաշտում զինվորն իր գլխի տերը չէ, նա հրաման կարտարող է, եւ սրանով, կարծես թե, ամեն ինչ ասված է: Կամ, ասենք, ի՞նչ է նշանակում ԱԺ նախագահի հետեւյալ արտահայտությունը. «ՀՀ սահմանը պաշտպանելու փոխարեն որոշ զինվորներ եւ սպաներ նախընտրել են հանձնվել»: Եթե նման նախընտրության կարիք առաջացել է՝ չնայած դրան հավատալու համար շատ մեծ երեւակայություն պետք է ունենալ, սխալը դարձյալ գալիս է սահմանի խոցելիության, առաջնագծի անբավարար կահավորվածության, զինամթերքի անկանոն մատակարարման առումով պատասխանատու անձանց կազմակերպչական անկարողությունից:

Այդուհանդերձ՝ պետք է ընդունել, որ գերությունը՝ թշնամուն գերի ընկնելը, սեւ բիծ է զինվորի կենսագրության վրա: Մյուս կողմից՝ դատական կարգով ապացուցվելու դեպքում, որ զինծառայողը թշնամուն հանձնվել է ինքնակամ, դատարանը միանգամայն արդարացիորեն կարող է արարքը որակել որպես ծանր հանցագործություն եւ գերուն դատապարտել երկարամյա ազատազրկման: Գերեվարումը շատ նուրբ եւ բազմաշերտ երեւույթ է, որին չի կարելի այնքան հեշտ ու թեթեւ վերաբերվել կամ խելքին փչած բնորոշումները տալ, ինչպես դա անում է տվյալ գաղտնի ձայնագրության հերոսը: Տպավորություն է, թե իշխանությունները, սովորության համաձայն, փորձում են իրենց բոլոր ձախողումների մեղքը դարձյալ բարդել բանակի վրա՝ այս անգամ ի դեմս սահմանապահ զորամիավորումների զինծառայողների եւ ստորին ու միջին օղակների սպայակազմի: Գերեվարված զինծառայողների մասին ավելի վաղ խոսել է նաեւ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը՝ նշելով, որ դեռ պետք է քննությամբ պարզվեն նրանց գերեվարման հանգամանքները:

Ենթադրվում է, որ խոսքը նոյեմբերի 16-ին Իշխանասարի ու Ծիծեռնաքարի լեռնային հատվածում գերեվարված 32 զինծառայողների մասին է: Այդ օրն ադրբեջանական զինուժը առաջխաղացման փորձ էր արել, գրավել էր երկու հենակետ եւ գերեվարել 32 հայ զինծառայողի: Նրանցից 11-ը օրեր առաջ վերադարձվել էր, 4-ի նկատմամբ Հայաստանում դատական գործ էր բացվել: Ամենայն հավանականությամբ՝ հարձակվողները եղել են թշնամու այն զորախմբի գրոհայիններից, որոնք մայիսի 12-ին մի քանի կմ խորացել էին Սեւ լճի հատվածում եւ անխոչընդոտ ամրացել Իշխանասարի մատույցներում, որտեղ գտնվում են մինչեւ օրս: Թշնամու մի ամբողջ զորամիավորում շուրջ 7 ամիս ՀՀ ինքնիշխան տարածքում հանգիստ հանգրվանել է, կուտակել զենք-զինամթերք, ռազմատեխնիկա, իրականացրել ամրաշինական աշխատանքներ՝ ուղիղ նշանառության տակ պահելով Սյունիքի մարզի մի շարք բնակավայրեր ու ռազմավարական ճանապարհներ, իսկ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ձեւացնում է, թե արտառոց ոչինչ տեղի չի ունեցել: Ավելին՝ թերացումների եւ, մասնավորապես, գերեվարման մեղադրանքի սլաքն ուղղում է պատշաճ ուշադրությունից դուրս մնացած, տակավին անփորձ, երբեմն նույնիսկ կրակելու հրաման չունեցող 18-20 տարեկան զինծառայողների կողմը:

Կար ժամանակ, որ Նիկոլ Փաշինյանը գերիների մասին խոսում էր, որպես հերոսների, որպես ազատության ու անկախության համար մարտնչող մարտիկների, մեր զավակների, որոնց հեռակա կարգով հորդորում էր եւս 1-2 ամիս համբերել, եւ անպայման կհայրենադարձվեն: Նա պատրաստ էր անգամ իր որդուն ուղարկել Բաքու՝ գերիների հետ փոխանակելու պայմանով: Հիմա գերիները, չգիտես ինչու, դարձել են իշխանությունների «աչքի փուշը»: «Հիմա մեկ այլ ծայրահեղություն ենք տեսնում, երբ բոլոր գերիները դասվում են հանցագործների շարքը՝ առանց գերեվարման բոլոր հանգամանքների պատշաճ ուսումնասիրության։ Կարող եմ ասել, որ հաճախ գերության են հանգեցրել պետության կողմից թույլ տրված թերությունները»,- մամուլի հետ զրույցներից մեկում ասել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը՝ մտավախություն հայտնելով, որ Ադրբեջանը կարող է հայ պաշտոնյաների թեզերն ակտիվորեն օգտագործել իր օգտին, այդ թվում՝ միջազգային ասպարեզում Հայաստանին վարկաբեկելու, հայ-ադրբեջանական սահմանի գծման ու սահմանազատման, Արցախի ինքնորոշման եւ այլ հարցերում։

Եվս մեկ դիպուկ արձագանք, եւ ավարտենք: Հեղինակն Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն է, որը Facebook-ի իր էջում, մասնավորապես, գրել է. «Ալենը միանշանակ սխալ է, քանի որ գերիներն ավելի վատ բան չեն արել, քան Ալենի ղեկավար նեռը, որը փաստացի գերի է հանձնվել ալիեւին ու բոլորիս դարձրել գերի»:

 

Գեւորգ Բրուտենց

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: