Սոսուկե Նացուկավա, «Կատուն, որը փրկեց գրքերը», մանկապատանեկան, 224 էջ, թարգմանությունը՝ Լուսինե Քիշմիրյանի, հրատ. «ԴաՎինչի», 2024թ.:
Պապիկի մահից հետո դպրոցական Ռինտարոն, ում կյանքը մանկուց կապված է եղել գրքերի հետ, մնում է միայնակ՝ ժառանգելով փոքրիկ բուկինիստական գրախանութը: Ռինտարոն կմնար պարփակված ու մոլորված մի տղա, եթե նրա կյանքում չհայտնվեր զոլավոր կատուն, որն օգնեց Ռինտարոյին բացահայտել գրախանութի գաղտնիքները եւ իր թաքնված տաղանդը։
Ռինտարոն ու զոլավոր կատուն (Զոլավոր Վագրը) միասին պիտի հաղթահարեին 4 լաբիրինթոս, որոնցից յուրաքանչյուրում նրանց սպասվում էր մի նոր փորձություն, որոնք հաղթահարելուց հետո Ռինտարոն վերադառնում էր «Նացուկի գրատուն» ավելի հասուն եւ իմաստուն՝ բացահայտելով իր ուժը, ուրիշներին եւ գրքերին օգնելու շնորհիվ:
Այս պատմությունը կօգնի հասկանալ գրքերի եւ ընթերցանության իրական արժեքները, կսովորեցնի սիրել, հոգ տանել, հասկանալ եւ ընդունել շատ կարեւոր ու անհրաժեշտ կանոններ, որոնք ներկայիս աշխարհում այլեւս նորաձեւ չեն: Քաղցր ձայնով կարեկցանքի դատարկ խոսքեր արտահայտելու ունակությունը մարդուն չի դարձնում հոգատար ու կարեկցող: Կարեւորն այն է, որ կարողանաս ապրումակցել դիմացինին՝ զգալով նրա ցավը, լինել նրա կողքին, նրա տառապանքին հարեհաս:
Այս գիրքը լավագույն նվերը կլինի բոլոր գրքասերների, հատկապես՝ ընթերցանության հաճույքը նոր-նոր բացահայտող դեռահասների համար: