Ուրբաթ, Հոկտեմբերի 09, 2026

Ô Կենտրոնի կյանքը

ԳԵՎՈՐԳ ԼԱԼԱՅԱՆ

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Անցած դարի 70-ական թվականներին ադրբեջանահայ գրական աշխարհում երևան եկավ մի նոր, խոստումնալից անուն՝ Գևորգ Լալայան, որի գողտրիկ բանաստեղծությունները  տպագրվում էին ոչ միայն տեղական մամուլում, այլև «Գրական Ադրբեջան» հանդեսում, հանրապետական «Կոմունիստ» օրաթերթում, ինչպես նաև հայաստանյան թերթերում ու գրական ալմանախներում և հաղորդվում հանրապետական ռադիոյով: Մտերիմների հորդորով Գևորգը հրատարակման էր պատրաստում բանաստեղծությունների իր անդրանիկ ժողովածուն, որն այդպես էլ մինչ օրս մնում է անտիպ և այժմ գտնվում է նրա պահոցում՝ իբրև անցած-գնացած ժամանակների քաղցր հիշողություն:

Նրա գրական մուտքը դրվատանքի խոսքերով էին ողջունել ժամանակի ճանաչված բանաստեղծներ Աբրահամ Բախշունին, Վլադիմիր Աբրահամյանը, Գևորգ Աղաջանյանը, Ալեք Խաչունցը, գրող-գրականագետ Վազգեն Մնացականյանը և ուրիշներ: Կիրովաբադի (Գանձակ) և Խանլարի քաղաքային գրադարաններում, շրջանի հայկական խոշոր գյուղերի՝ Գետաշենի, Ազատի, Այգեստանի, Ոսկանապատի, Միրզիկի դպրոցներում կազմակերպում էին գրական երեկոներ՝ հրավիրելով երիտասարդ բանաստեղծին, որտեղ նա կարդում էր իր գրվածքները, պատասխանում ներկաների հարցերին:

Սակայն մի կարճ ժամանակահատված անց, շատերի համար անսպասելիորեն, Գևորգ Լալայանի բանաստեղծական քանքարը, որ այնքան փայլուն էր ու այնքան խոստումնալից, կարծե թե, սկսում է մարել: Անցնում էին ամիսները, բոլորում էր տարին, բայց՝ ոչ մի տող: Ինչպես հետագայում պարզվեց, վաղ երիտասարդության տարիքից նրա ողջ ժամանակն առանց մնացորդի կլանում էին կուսակցական և լրագրողական հանձնառությունները: Իսկ մերձավորների համար, որոնք միշտ հանդիմանում էին, թե ինչու թողեց գրելը, մի հերթապահ «արդարացում»-պատասխան ուներ. «Շիրազի, Սևակի, Սահյանի, Էմինի նման մեծությունների դարաշրջանում դժվար է մրցունակ բանաստեղծ լինել: Թող ամեն մարդ կատարի այն գործը, որի համար կոչված է ի վերուստ»:

…Պոեզիայի առինքնող աշխարհում առաջին փորձերը պատանին սկսել էր տակավին ուսումնառության տարիներից, երբ սովորում էր Խանլարի միջնակարգ գիշերօթիկ դպրոցի 9-11-րդ դասարաններում: Դպրոցը հիմնադրվել էր 60-ականների սկզբներին և տարածագոտու առաջատար կրթական հաստատություններից էր: Այդտեղ մշտապես բնակվում, սնվում և կրթություն էին ստանում Գանձակի մոտակա հայաշատ վայրերից (Խանլար, Շամխոր, Դաշքյասան, Շահումյան և այլն) եկած տարբեր տարիքի դպրոցահասակ երեխաներ, որոնց թիվը գերազանցում էր մեկուկես հազարը:

Գիշերօթիկը մի մեծ ու համերաշխ ընտանիք էր, որտեղ Խանլարի շրջանի Կուշչի-Արմավիր գյուղի ութամյա դպրոցի վերջին դասարանը չավարտած՝ ուսումը շարունակելու էր եկել նաև 14-ը նոր բոլորած տղան, քանի որ հայրենի գյուղի ութամյակն ավարտելուց հետո ստիպված պիտի լիներ միջնակարգի պակասը լրացնելու համար հարևան Մարտունաշեն կամ Գետաշեն գյուղերից մեկի դպրոցը հաճախել, ինչը անբարեհարմարություններ շատ կառաջացներ: Ուստի լավագույն տարբերակը գիշերօթիկն էր: Այդ տարիներից էլ սկսեց գրականության ուսուցչի խորհրդով թղթին հանձնած իր առաջին գրական թոթովանքները ծրարել և ուղարկել Խանլարի շրջանային «Լենինյան ուղիով» թերթի խմբագրություն, որի «Գրական էջ» հավելվածում սկսեց պարբերաբար տպագրվել:

Միջնակարգն ավարտելուց անմիջապես հետո 17-ամյա պատանուն թղթակցի աշխատանք առաջարկեցին շրջանային թերթում, որտեղ նրան արդեն ճանաչում էին որպես սկսնակ հեղինակի: Խմբագրությունում կային փորձառու, ստեղծագործական մեծ ճանապարհ անցած մարդիկ, որոնցից շատ բան կարելի էր սովորել: Արձակագիր Սայամ Բաղդասարյանը, բանաստեղծ, երգիծաբան Հովհաննես Բալչունասը արդեն մի քանի գրքերի հեղինակներ էին, Սերգեյ Եպիսենցը «Ջեյրանի պես սարերի…» հայտնի երգի տեքստի հեղինակն էր և հրաշալի ակնարկագիր: Գևորգը շատ արագ մերվեց խմբագրակազմին, սիրվեց բոլորի կողմից՝ իր համեստության ու կազմակերպվածության, աշխատանքում ցուցաբերած բարձր պատասխանատվության շնորհիվ:

Ութ տարի աշխատեց այդ խմբագրությունում՝ թղթակցից «բարձրանալով» մինչև խմբագրի տեղակալի պաշտոնը, իսկ վերջին մեկ տարում արդեն փոխարինում էր կենսաթոշակի անցած խմբագրին: Այդ ընթացքում հասցրեց նաև հեռակա կարգով ստանալ բարձրագույն կրթություն: 1973 թվականին՝ Ադրբեջանի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետն ավարտելուց հետո զորակոչվեց մեկամյա զինվորական ծառայության և 1974-ին՝ վերադառնալով բանակից, շարունակեց աշխատանքը թերթում:

Շատ չանցած՝ հանրապետության ամենաերիտասարդ խմբագրի լրագրողական ձիրքը, մյուս տվյալները և, մասնավորաբար, պաշտոնեական արագ վերընթացը գրավում են Բաքվում լույս տեսնող «Կոմունիստ» (հայերեն) թերթի ղեկավարության ուշադրությունը. այդ թերթի էջերում նա բանակ մեկնելուց առաջ ժամանակ առ ժամանակ հանդես էր գալիս օրախնդիր հրապարակումներով: Եվ այդպես՝ նոր-նոր ընտանիք կազմած Գևորգը (այդ ժամանակ նա 25 տարեկան էր) առաջ է քաշվում ավելի պատասխանատու աշխատանքի՝ նախ Կիրովաբադ-Գանձակի գոտում «Կոմունիստ»-ի սեփական թղթակից, ապա՝ երկու տարի անց, նույն թերթի նամակների բաժնի վարիչի պաշտոն: Ու նա հարկադրված է լինում նորակազմ ընտանիքով տեղափոխվել Բաքու՝ չնայած երիտասարդ ընտանիքին վիճակված չէր այնտեղ երկար մնալ: Բայց ամեն ինչի մասին՝ հերթով:

«Կոմունիստ» օրաթերթի խմբագիրը՝ Հրանտ Բաբայանը, բավական կոփված, թրծված կուսակցական-քաղաքական գործիչ էր, մամուլի մեծ նվիրյալ, հեռատես, նպատակասլաց և, այդով հանդերձ, շատ սրամիտ անձնավորություն, որի հետ պարզապես շփվելը բարձրագույն հաճույք էր: Խմբագրությունում Լալայանի պաշտոնեական առաջխաղացման հետ կապված՝ նա ավելի լուրջ մտադրություններ ուներ, սակայն, ինչպես ասում են՝ «ուրբաթը շաբաթից շուտ եկավ»: Հանգամանքների բերումով այդ օրերին թափուր էր մնացել Գանձակում հրատարակվող հայալեզու «Բանվորական Կիրովաբադ» թերթի խմբագրի հաստիքը, և կուսակցության Կիրովաբադի քաղկոմը պատրաստվում էր այդ պաշտոնում առաջադրել Գևորգ Լալայանի թեկնածությունը:

Կադրային վերաբաշխումն արդեն համաձայնեցված էր Հրանտ Մարգարիչի հետ, բնականաբար՝ կար նաև թեկնածուի համաձայնությունը: Մնում էր, որ վերջինս անցնի Ադրկոմկուսի Կենտկոմի գաղափարախոսական աշխատանքի հարցերը տնօրինող քարտուղարի հետ հարցազրույցը, և Կիրովաբադի քաղկոմի առաջարկությունն արդեն կդրվեր Կենտկոմի բյուրոյի հաստատմանը: Չերկարեցնենք: Հետագա ողջ ընթացակարգը բարեհաջող անցնելով՝ Լալայանը «Կոմունիստ»-ում ընդամենը 8 ամիս նամակների բաժնի վարիչ աշխատելուց հետո «պարտիայի կոչով» նորից մեկնում է Գանձակ՝ ստանձնելու քաղաքային թերթի խմբագրի նոր պաշտոնը: Դա 1977 թվականի օգոստոսն էր:

Քաղաքային (շրջանային) թերթերի այն տարիների խմբագիրներին չի կարելի նույնացնել ներկայիս տնաբույս խմբագիրների հետ: Միակուսակցական համակարգի պայմաններում, խմբագիրը նոմենկլատուրային պաշտոն էր, խմբագրությունը տվյալ քաղաքի (շրջանի) կուսակցության կոմիտեի մաս էր կազմում՝ վերջինիս գաղափարախոսական հենարանը: Խմբագիրն ի պաշտոնե ընտրվում էր կուսքաղկոմի (կուսշրջկոմի) անդամ և քաղխորհրդի (շրջխորհրդի) պատգամավոր՝ դրանցից բխող լրացուցիչ հանրային հանձնառություններով հանդերձ: Էլ չասած, որ խմբագրի աշխատանքն ինքնին ամենօրյա խիստ լարված, պատասխանատու պարտավորություն էր:

Իզուր չէ, որ նրան հաստատում է Կենտկոմի բյուրոն՝ հանրապետության փաստացի իշխանության ամենաբարձր ատյանը: Սա նշանակում է, որ խմբագիրը դառնում է հաշվետու այդ բարձր ատյանին, և նրա գործունեության նկատմամբ վերահսկողությունը հանձնարարվում է կուսակցության քաղկոմի բյուրոյին: Իսկ թե ինչ է նշանակում Ադրբեջանում հայերեն թերթ հրատարակել և այն էլ՝ կուսակցության օրգան հանդիսացող պաշտոնաթերթ, պետք է որ սրա առանձնահատկության նրբությունները շատերին հայտնի լինեն: Մի խոսքով՝ 28-ը նոր լրացած Լալայանը մտնում է մի բեռան տակ, որտեղ մի փոքր թուլակամ մարդը ոչ միայն բանաստեղծություն գրելը կմոռանար, այլև իր հասցեն ու ծագումը:

Այդ օրվանից ընդհուպ մինչև 1988-ի ազգամիջյան հայտնի ընդհարումների պատճառով իր տպագրության դադարեցումը՝ շուրջ 12 տարի, «Բանվորական Կիրովաբադը» կարողացավ ադրբեջանական միջավայրում ոչ միայն անխաթար պահել ոսկեղենիկ հայերենը, այլև 45-50 հազար հայության շրջանում կաթիլ-կաթիլ սերմանել ազգային արժանապատվության, մայրենի լեզվի, պատմության, կրոնի, մշակույթի և արվեստի նկատմամբ հպարտության զգացումներ: Դա արվում էր հիմնականում հայկական կրթօջախներում անցկացվող միջոցառումները, հայ գրողների, մշակույթի ներկայացուցիչների, ռազմական գործիչների հոբելյանական տարեթվերի անդրադարձները լայնորեն լուսաբանելու միջոցով:

1988-ի հոկտեմբերին ընտանիքով (տիկինը՝ Ռամելա Բալասյանը, որ իր համակուրսեցին է եղել, 14-ամյա Էդգար որդին և 12-ամյա դուստրը՝ Շահանեն) տեղափոխվելով ՀՀ Աբովյան քաղաք՝ Գևորգ Լալայանը որոշ ժամանակ աշխատել է Հայկական ռադիոյի խմբագրությունում, ապա աշխատանքի ընդունվել ՀԱՄԽ-ում՝ որպես «ՀԱՄԽ տեղեկագրեր» ամսագրի գլխավոր խմբագիր: 1998-ից մինչև օրս Գևորգ Լալայանն աշխատում էր Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ)՝ այդ կենտրոնի «Հայացք Երևանից» վերլուծական շաբաթաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնում: Նա 77 տարեկան էր, և այդ տարիքում էլ շարունակում էր աշխատել երիտասարդական անդադրում եռանդով ու պատասխանատվության բարձր զգացումով:

Ստորև ներկայացնում ենք անցած դարի 70-ականներին նրա գրած քնարական բանաստեղծություններից մի համեստ փունջ:

 

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԵՐ

 

Գևորգ Լալայան

 

ԹՐԹԻՌՆԵՐ

Թրթիռներ կան կյանքով լեցուն,

հավերժակա՜ն, անմարելի՜.

Ե՛վ օվկիանի ալիքներում,

ե՛ւ հունդի մեջ ցորյան ծիլի,

Թրթիռներ կան օդում, հողում,

ցոլքերի մեջ արեգակի,

Ծիածանի գույների մեջ՝

բեկված բարձին իմ բալիկի:

Թրթիռներ կան, թրթիռներ կան

կարոտներիս երակներում,

Աղջիկների աչքերի մեջ,

ժպիտների կրակներում,

Թրթիռներ կան, որ այրող են

ու արևի նման անշեջ՝

Խմոր հունցող ջահել հարսի

շորորանքում ու ծոցի մեջ:

Ճախրանքի մեջ ծիծառների,

կռունկների կանչ-կռինչում,

Աստղի շնչում, տիեզերքում,

ամենուրե՜ք, ամեն ինչո՜ւմ:

Թրթիռով են ինձ հմայում

շողերն անեղծ առավոտի,

Լոկ չոր ծառը չունի թրթիռ

և ցամաքած հունը գետի:

Թրթիռները շունչն են երգի,

նրա սրտի զարկն են անբեկ…

Երգ ի՛մ, եթե թրթիռ չունես,

լավ է՝ աշխարհ չգաս երբե՛ք:

 

ՑՈՐՅԱՆ ԾԻԼ

Ցորյան մի ծիլ տեսա քարին,

Սիրտս քարին հողի փոխվեց:

Երաշտ չոքեց հողին, ծառին,

Սիրտս շիթ-շիթ ցողի փոխվեց:

Ամպի միջից ճայթեց կայծակ,

Սիրտս մի բուռ դողի փոխվեց:

Բայց… ծիլն աճեց ու հասկ դարձավ,

Սիրտս խնդուն շողի փոխվեց:

Ցորենն՝ արդար, ալյուրը՝ լավ,

Սիրտս թոնրում պողի փոխվեց:

Թոնրահացի բույրը ելավ,

Սիրտս երգի տողի փոխվեց:

 

ՄԱՆՈՒԿՆԵՐԸ

Զգո՛ւյշ, վարորդ, ճանապարհով

Մանուկներ են անցնում հուշիկ,

Իրար թաթիկ ամուր բռնած,

Ամուր բռնած իրար փեշիկ:

Արևներ են մի-մի հատիկ,

Մի-մի փնջիկ մանուշակներ,

Ամուր բռնած իրար թաթիկ,

Բռնած փոքրիկ դրոշակներ:

Իր խցիկից՝ գլուխը թեք,

Ժպտում է մի վարորդ պապիկ.

- Բարի ճամփա, սիրուն բալեք,-

Ասում է ու տալիս պատիվ:

Եվ, չնայած երթը փակ է,

Ուստի պատճառ չկա վախի,

Տագնապում է դաստիարակը՝

Հանկարծ վթար չպատահի:

Խինդ են ապրում նրանց տեսքով

Բարեժպիտ անցորդ մարդիկ…

Ու անցնում է խումբը երգով,

Ճռվողյունով շարվում մայթին:

Մանուկներ են անցնում անթիվ

Քո ճամփեքով ամեն պահի,

Զգո՛ւյշ, աշխարհ, նրանց ճամփին

Հանկարծ վթար չպատահի:

 

ԹԻԹԵՌ

Ամառ էր ու կիրակի,

Փոշի, աղմուկ ու մայթեր,

Ժխորի մեջ քաղաքի

Այ քեզ հրաշք… մի թիթեռ:

Ապշած նրան եմ նայում՝

Արարածին այդ ներհակ,

Որ ծաղկունքը հմայուն

Թողած եկել է քաղաք:

Ո՞ւմ է փնտրում նա այստեղ,

Ճանապա՞րհն է մոլորել,

Թե՞ ծաղկանց հետ միատեղ

Պոկել, շուկա են բերել:

Ամառ էր ու կիրակի,

Սիրտս նոթերն էր կիտել,

Ժխորի մեջ քաղաքի

Մոլորվել էր մի թիթեռ:

 

ՊԱՊՍ

Պապս գալիս էր սարից,

Ձեռքին՝ փնջով սուսամբար,

Սարի նախշերը առած

Խուրջինի մեջ նախշակար:

Լո՜ւյս էր ասես ճառագում

Պապիս ձիու շորորից,

Վազում էինք, աղմկում,

Կախվում պապի շորերից:

Սարի մորի էր բերում,

Չէ, ի՜նչ մորի, ալ բոցեր…

Հազիվ էինք համբերում,

Մինչև խուրջինը բացեր:

Բաժանում էր բոլորիս

Բերածները հավասար,

Պապս գալիս էր սարից,

Խուրջինի մեջ՝ մի բուռ սար:

 

Քաջարանյան պատկերներ

 

1. ՔԱՐԱՅԾԸ

Ասես քարակերտ հուշարձան էր մի

Քարայրի վրա սիրուն մի քարայծ,

Ոգեղեն կերտվածք, ոգեղեն մարմին,

Դեմառդեմ ելանք ու… մնաց սառած:

Դեմառդեմ ելանք ու մնաց սառած,

Խումար աչքերում մի սառած թախիծ,

Ինձ այնպես թվաց, թե խրտնի հանկարծ՝

Հազար կայծ կելնի կճղակի տակից:

Հազար կայծ կելնի կճղակի տակից,

Կբոցավառվեն քարեր ու մացառ,

Բայց անշարժ կանգնած դիտում էր նա ինձ,

Ո՞ւմ էր որոնում իմ մեջ՝ չիմացա:

Ո՞ւմ էր որոնում իմ մեջ՝ չիմացա,

Թե՞ համարում էր ինձ դարանակալ.

Սրտիս մեջ մի ցավ չվստահվածի՝

Փորձեցի նրան մոտենալ մի քայլ:

Փորձեցի նրան մոտենալ մի քայլ,

Մոտենալ գրկել մեջքը ոսկեգույն,

Բայց… այնպե՛ս ոստնեց, թռավ քարեքար,

Ասես ամպրոպ ճայթեց երկնքում:

Ասես ամպրոպ ճայթեց իմ սրտում,

Հոգուս մեջ հանգան հազար բոց ու կայծ,

Որտե՞ղ ես հիմա, ո՞ր դարավանդում,

Օ՜, քաջարանյան իմ հպարտ քարայծ…

 

2. ԱԿԱՄԱ ԱԼՊԻՆԻՍՏՆԵՐ

Մագլցում է ճամփան

Քարե կիրճերն ի վեր.

Մագլցում ենք և մենք,

Ինչպես ալպինիստներ:

Ժայռին թև է բուսել,

Ժայռից ահ է ծորում,

- Ալպինիստներ չկա՞ն,-

Հարցս զնգաց ձորում:

Ուղեկիցս կանգնեց,

Ժպտաց հարևանցի.

- Ալպինիստ է,- ասաց,-

Ամեն քաջարանցի…

 

3. ՔՆՔՈՒՇ ՍՐՏԵՐ՝ ՔԱՐԵՐԻ ՄԵՋ

Շատ շրջեցի քերծերն այս լերկ,

Տեսա հազար ու մի հրաշք՝

Ժայռե՜ր, կիրճե՜ր ամենուրեք

Մորուքավոր ու անթրաշ:

Աղջիկները հո՜ւր են այստեղ,

Քնքուշ, ինչպես առտվան եղյամ,

Ամեն մի մարդ՝ մի վառ աստղ,

Ամեն մի տուն՝ մի բաց սեղան:

Եվ ամենուր ժայռե՜ր, կիրճե՜ր՝

Հասած մինչև գահն արևի,

Քարեր շատ կան Քաջարանում,

Բայց քար սրտեր՝ ամենևին:

 

Համո Սահյան

 

Քեզ ինձանից խորհուրդ✨

Տխրությունով, սիրով,

Բախտով հարբած եղիր,

Մի քիչ պարտված մնա,

Մի քիչ աստված եղիր։

Բախշիր ինչ որ ունես,

Մի ափսոսա ոչինչ,

Սրտիդ ուզածն արա

Ու սրտաբաց եղիր։

Ամեն բացվող օրվադ

Աստծու պարգև ասա,

Մի լավ խոսք ես լսել`

Թռնելու թև ասա,

Միշտ ճերմակին ճերմակ

Ու սևին սև ասա,

Ծուռ նայողիդ վրա

Դու ծիծաղած եղիր։

Ու երբ ցերեկն անցնի,

Ընկնի գիշերը մութ,

Երբ չգտնեն արդեն

Ինձ` աչքերը քո լուրթ

Եվ դու մենակ մնաս,

Քեզ ինձանից խորհուրդ.

Համո Սահյան ասա,

Նստիր ու լաց եղիր։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: