Երկուշաբթի, Մարտի 09, 2026

Խմբագրական

Նիկոլի մրցանակը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Մամուլը լայնորեն լուսաբանել է Արաբական միացյալ էմիրությունների մայրաքաղաքում՝ Աբու Դաբիում, փետրվարի 4-ին անցկացված՝ «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակաբաշխությունը, որին մասնակցել եւ, ի նշանավորումն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման, մրցանակների են արժանացել այդ երկու երկրների ղեկավարները: Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիեւը անցած տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի միջնորդությամբ, համապատասխան համաձայնագիր էին նախաստորագրել խաղաղության պահպանման ու ամրապնդման հավաստիքով:

Մրցանակների հանձնման արարողության ժամանակ արծարծելով խաղաղության թեման՝ հայ մրցանակակիրն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստան-Ադրբեջան շուրջ 40-ամյա հակամարտության էջն այլեւս փակված է: Նման հայտարարությունը, բացի վիճահարույց լինելուց, վտանգավոր է նաեւ այն առումով, որ միջազգայնորեն սահմանափակում է մեր հայրենակիցների՝ Արցախ վերադառնալու, հազարամյա իրենց բնօրրանին տեր կանգնելու իրավունքները: Այո, հակամարտության էջը գուցեեւ փակ է, սակայն հակամարտության առարկայի՝ Արցախի ինքնորոշման օրինական պահանջի հարցը մնում է ուժի մեջ: Ինչ վերաբերում է խաղաղությանը, ապա այն ոչ թե խորհրդանիշներով է հաստատվում, այլ կոնկրետ փաստերով:

Իրական գետնի վրա առկա փաստերը, սակայն, խաղաղություն չեն խոստանում: Գիտենք, որ Բաքուն պարբերաբար պահանջներ է դնում Երեւանի առջեւ՝ ՀՀ Սահմանադրության փոփոխություն, դրա նախաբանից Անկախության հռչակագրին արված հղումի հեռացում, այսպես կոչված՝ «Արեւմտյան Ադրբեջան» կեղծիքի տարածում, ազերի փախստականների վերադարձ Հայաստան եւ այլն: Գիտենք նաեւ, որ ՀՀ տարածքի մի ստվար հատված՝ շուրջ 240 քառ./կմ, տակավին ադրբեջանական բռնազավթման տակ է, իսկ Բաքվում տարիներ ի վեր ապօրինաբար պահվող հայ գերիները՝ այդ թվում Արցախի պատանդառված նախկին ռազմաքաղաքական ղեկավարները, ոչ միայն ազատ չեն արձակվում, այլեւ ենթարկվում են ցմահ ազատազրկման:

Եվ ուշագրավն այն է, որ Բաքվում գրեթե մեկ տարի ընթացող կեղծ դատավարությունն ավարտվում է Աբու Դաբիում անցկացված մարդասիրական միջոցառման ճիշտ հաջորդ օրը՝ փետրվարի 5-ին՝ քաղաքականապես կանխորոշված դատավճիռներով: Դրանք են՝ ցմահ բանտարկություն կամ, լավագույն դեպքում, 15-20 տարի ժամկետով ազատազրկում: Նիկոլի հետ նույն՝ մարդկային եղբայրության մրցանակը ստացած եւ համարյա նրա հետ եղբայրացած, անգամ ընտանիքներով մերձեցած Իլհամ Ալիեւը մրցանակաբաշխությունից 24 ժամ անց ցմահ բանտարկության է դատապարտում Արցախի նախկին ղեկավարներին ու բարձրաստիճան զինվորականներին: Հաստատ սա պատահական զուգադիպություն չէր:

Բաքվի «դատավարական» գործընթացը չի կարող դիտարկվել որպես արդարադատության իրականացում: Այն քաղաքական հետապնդման ու հայատյացության դասական օրինակ է եւ, ոլորտի մասնագետների գնահատմամբ, հակասում է միջազգային իրավունքի մի շարք հիմնարար նորմերի. ի մասնավորի՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին, Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին, Ժնեւի կոնվենցիաներին եւ դրանց հավելյալ արձանագրություններին, ինչպես նաեւ արդար դատաքննության, անմեղության կանխավարկածի ու գերիների պաշտպանության մասին միջազգային պարտավորություններին:

Այն հորինովի մեղադրանքներն ու կանխորոշված պատժաչափերը, որոնք Իլհամ Ալիեւի պատվերով ներկայացվել են մեր հայրենակիցներին, ոչ այլ ինչ են, քան հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցության եւ արժանապատվության նվաստացում, քաղաքական հաշվեհարդար հայազգի անձանց նկատմամբ, որոնց Բաքվի միապետը հոգաչափ ատում է: Դատավճիռների օրվա հարմարեցումը Աբու Դաբիի միջոցառմանը, թերեւս, Նիկոլի ստացած մրցանակի գինն էր: Նա կարող էր, չէ՞, հրաժարվել մրցանակից, քաղաքավարի ասելով. «կներեք, բայց ես չեմ կարող սա ընդունել, քանի որ Բաքվի բանտերում հանիրավի պահվում են իմ հայրենակիցները»: Բայց նա նախընտրեց մրցանակը՝ մեկ միլիոն դոլարն էլ վրադիր:

 

«Հայացք Երեւանից»

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: