Ուժային կառույցների միջոցով երկար ժամանակ իշխանություն պահելն անհնար է: Այդ մասին են վկայում նաեւ համաշխարհային փորձն ու պատմությունը: Նախ՝ ուժային կառույցները նույնպես պետք է ունենան կուռ հիմնավորումներ, թե ինչի համար է եւ ում է ծառայում այդ իշխանությունը, որի կյանքի ու գործունեության անվտանգությունը (ինչպես յուրաքանչյուր քաղաքացու դեպքում) պարտավորված են պաշտպանել: Այսինքն ուժայինները՝ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, բանակը եւ բոլոր մյուսները, պետք է մոտիվացված լինեն, մինչդեռ չկա այժմ այդպիսի մոտիվացիա։
Երկրորդ՝ հասարակությունն առնվազն պետք է երկփեղկված լինի ըստ ռասսայական, ազգային, կրոնական հատկանիշի կամ ըստ սոցիալական խմբերի՝ մասնավորապես ունեւորների ու չքավորների, որպեսզի գոնե մի մասի համար հասկանալի լինի նման իշխանության գոյության իմաստը: Ներկայիս Հայաստանում նմանատիպ բաժանում գոյություն չունի, չկա նաեւ գաղափարական երկփեղկվածություն:
Իրականում այսօրվա Հայաստանում որեւէ միտք, գաղափարախոսություն, աշխարհընկալման որեւէ խոսույթ, բանավեճ գոյություն չունեն: Սա քաղաքական մտքի ճգնաժամ է, սակայն բացի այս ամենից, կա մի իշխանություն, որը կրում է պատերազմի պարտության պատասխանատվությունը, ինչպես նաեւ կան այդ իշխանության վարած քաղաքականության վերաբերյալ մի շարք հարցեր, որոնց պետք է պատասխանել, եւ այդ պատասխանները մենք կստանանք իշխանության փոփոխությունից հետո:
Սակայն ստեղծված իրավիճակում մենք նորից գնում ենք մերժման ճանապարհով: 2018-ին մերժեցինք Սերժին, հիմա մերժում ենք Նիկոլին: Դարձյալ մեր պահանջի մեջ բացակայում է «հանուն»-ը, հեռու հորիզոնում անգամ այն չի երեւում։
Մենք հայտնվել ենք հերթական իշխանափոխության պարբերափուլի առջեւ, եւ այն տեղի կունենա, քանզի ծանր է գործող իշխանության պատասխանատվության չափը, բազմաշերտ են միտումնավոր պարտության հետ կապված կասկածները, որպեսզի հիմնավոր չլինեն։ Իշխանափոխությունը, անտարակույս, տեղի է ունենալու, լինելու են արտահերթ ընտրություններ, գործող իշխանության պատասխանատուներին հուզող հարցերը տրվելու են, եւ նրանք ստիպված են լինելու պատասխանել:
Քաղաքական դաշտի, քաղաքական մտքի ամլությունը մնալու եւ հետապնդելու է մեզ։ Այդ ամենի հետեւանքով հասարակությունը շարունակելու է ապրել ցանկացած նոր իշխանության հանդեպ վստահության պակասուրդի իրադրությունում եւ մնալ ապակողմնորոշված, իսկ պետական ինստիտուտները շարունակելու են քայքայվել։ Սա պետականության ճգնաժամ է, սակայն ամեն մի ճգնաժամ կարող է վերածվել մի նոր ուղու մեկնարկի եւ անցյալի ու ներկայի վերագնահատման առիթ հանդիսանալ։
Նիկոլ Փաշինյանը դատարկ տեղը «չծնվեց»։ Մենք երկար տարիներ փափագում էինք իշխանափոխություն եւ 2018-ին ունեցանք այդ իշխանափոխությունը։ Հիմա պիտի հասկանանք, որ իշխանափոխությունը մեխանիկական գործընթաց է՝ առանց բովանդակային բաղադրիչի։ Այսպիսով՝ նոր իշխանափոխությունն անհրաժեշտ պայման է, բայց՝ ոչ բավարար։ Առջեւում ծանր քաղաքական փուլ է սպասվում, եւ մենք պետք է պատրաստ լինենք բովանդակային քննարկումների, կարողանանք լսել միմյանց ու խոսել ըստ էության: