Նիկոլ Փաշինյանը շարունակում է տարբեր կերպերով ի ցույց դնել իր հիվանդագին բարդույթները: Դրանք ավելի ճիշտ ներքին վախեր են, որոնք հունիսի 7-ը մոտենալուն զուգընթաց` նրա մեջ խորանում են: Արդեն վերջին օրերին գործադիր իշխանության ղեկավարը, որքան էլ շատերի համար տարօրինակ հնչի, տանել չի կարողանում «ուժեղ» բառով կազմված բառակապակցությունները՝ «ուժեղ Հայաստան», «ուժեղ բանակ», «ուժեղ խաղաղություն», «ուժեղ դիվանագիտություն» եւ այլն: Անգամ մարտի 19-ի ճեպազրույցից հետո, որի ընթացքում վիճահարույց հայտարարությունների պակաս չկար, Փաշինյանը չէր զլացել տելեգրամյան ալիքում զետեղած մի տեսանյութում անդրադառնալ «ուժեղ» բառին:
Տեսանյութում մասամբ երեւակում են «ուժեղ» արտահայտության նկատմամբ նրա յուրովի ընկալումը, վերաբերմունքը, նույնիսկ՝ խանդը: Ձեռքը հնար լիներ՝ կարժեզրկեր այդ բառը, կտրորեր ու կնետեր գրողի ծոցը: Բայց քանի որ նման հնարավորություն չունի,- եւ, փառք Աստծո, որ չունի,- որոշում է բանավիճել: «Էդ որ ասում եք՝ ուժեղ եք, ուժեղ եք, ինչո՞վ եք ուժեղ, արա՛ (փողոցային դիմելաձեւ), մտեք ուղիղ եթեր, 30 անգամ ձգվեք, եւ ես կընդունեմ, որ ուժեղ եք»: Այսինքն՝ առաջարկում է պտտաձողի վրա ձգում վարժության կատարմամբ ցույց տալ ուժը: Նաեւ մտավոր ուժը ցույց տալու առաջարկ ունի. «Կամ՝ ուրիշ տարբերակ. ուղիղ եթերում, առանց կողմնակի օգնության, ասեք՝ ո՞րն է Իսպանիայի մայրաքաղաքը, եւ ես կընդունեմ, որ «ուժեղ ինտելեկտուալ» եք»:
Այսպիսի «թեստեր» է իր տեսանյութում տարածում Փաշինյանն ընդդիմախոսների համար: Հետո մտածում է «ուժեղ ինտելեկտուալների» թեստին հավելել մեկ բառի՝ «արհամարհել» բայի ուղղագրությունը եւս: Վերջում պարզվում է, որ Փաշինյանը նորերս Ֆեյսբուքում արած գրառումներից մեկում նույն այս բառի մեջ երկու սխալ էր թույլ տվել՝ «արհամարհել» բառը գրելով՝ «առհամարել»: Անշուշտ՝ սխալվել կարող է՝ ով ասես, բայց տարակուսելին տելեգրամյան ալիքում նրա տեղադրած տեսանյութի տոնայնությունն է, որից երկու կարճ մեջբերում հիշատակեցինք վերը: Խոսքի մեջ մի փոքր հեգնանք, մի փոքր հումոր, մի փոքր մարտահրավեր՝ նա ուզում է հասկանալ, թե ինչո՞վ է ուժեղ առաջնորդն ընդհանրապես, ո՞րն է նրա ուժը:
Կփորձենք այդ հարցում նրան օգնած լինել՝ իհարկե, մեր համեստ կարողության չափով: Եվ այսպես՝ ճկուն, խարիզմատիկ առաջնորդի ուժը նրա հեռատեսությունն է, պետական մտածողությունը, ճշմարտախոսությունը, անբասիր վարքը, նվիրվածությունն իր երկրին ու ժողովրդին, բարոյական անաղարտությունը, մի խոսքով՝ բոլոր այն հատկանիշները, որոնցից ՀՀ-ում վարչապետի աթոռը զբաղեցնող անձն իսպառ զուրկ է: Ուժեղ ղեկավարը չեղած տեղը պատերազմ չէր հրահրի եւ մարդկային, նյութական բազում կորուստներ, ողբերգություն ու ավեր չէր բերի, հարյուր հազարավոր իր հայրենակիցներին չէր ունեզրկի, սեփական պետությունը չէր ծվատի եւ մաս-մաս դարավոր թշնամուն չէր նվիրի:
Ուժեղ առաջնորդը՝ ա/ քաղաքական ընդդիմախոսներին կեղծ մեղադրանք չի առաջադրի, նրանց ապօրինի կերպով բանտերում չի փակի; բ/ Եռաբլուրը եռապատկելուց հետո իրեն քեֆ-ուրախությունների, տարատեսակ անզուսպ, ինքնամոռաց վայելքների չի տա; գ/ կեղծ պատարագները չի խրախուսի, 1700-ամյա Հայ Առաքելական եկեղեցու վրա ճնշումներ չի բանեցնի եւ, առհասարակ, Եկեղեցու գործերի մեջ քիթը չի խոթի; դ/ իր Զինված ուժերը չի թուլացնի, թշնամու պատվերով բանակը չի «ամորձատի», փորձառու սպայակազմին չի հեռացնի, անհիմն չի պատժի; ե/ Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ չի դնի, չի ուրանա մեկուկես միլիոն հայ նահատակների արյունն ու հիշատակը: Այս ցանկը կարելի է երկար շարունակել:
Թույլ առաջնորդը՝ ա/ իրեն շրջապատում է ուժայիններով, քանի որ վախը միշտ սրտումն է. նրան թվում է՝ իրեն հետապնդում են, եւ սպանես՝ 10 քայլ առանց թիկնապահների չի գնա; բ/ հակված է դավաճանության եւ առաջին իսկ պատեհության դեպքում կմատնի ընկերոջը, զորամիավորմանը, անգամ՝ հայրենիքը; գ/ իշխանատենչ է եւ իր իշխանությունը ցկյանս պահելու համար պատրաստ է ցանկացած ստորացման եւ ստորության; դ/ չի վայելում վստահություն ո՛չ հանրության ո՛չ էլ յուրայինների շրջանում: Խոսքն արժեզուրկ է, խոստումները՝ անհրապույր; ե/ թույլ բանակցող է եւ անզոր է միջազգային ասպարեզում պաշտպանել իր դիրքորոշումն ու իր պետության շահերը:
Թույլ առաջնորդից միշտ անբաժան է պարտվածի համախտանիշը: Իսկ ընդհանուր առմամբ՝ թույլ առաջնորդ չի լինում: Եթե թույլ է, ուրեմն՝ առաջնորդ չէ: Համենայն դեպս՝ պետք է այդպես լինի:
«Հայացք Երեւանից»

