Կիրակի, Մայիսի 19, 2024

Խմբագրական

Ռուսաստանը կլքի՞ Հարավային Կովկասը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Տեսակետ է տարածվում, որ Ռուսաստանի համար Հայաստանը կենսական նշանակություն չունի։ Դժվար է համաձայնել դրա հետ։ Ընդհանուր առմամբ աշխարհում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ցանկացած երկիր՝ նույնիսկ փոքր, լինի Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում, թե Խաղաղ Օվկիանոսում գտնվող կղզի-պետություն՝ փոխում է աշխարհաքաղաքական խճանկարը, և լարված իրավիճակներում ցանկացած նման փոփոխություն կարող է մեծ պատերազմի առիթ դառնալ: Դրա հիմնական պատճառն աշխարհում ուժերի դիսբալանսն է՝ աշխարհաքաղաքական հավասարակշռության խախտումը և գերտերությունների միջև ընթացող մրցակցությունն արդեն որոշ տեղերում, ուժի գործադրմամբ:

Փորձենք հասկանալ կովկասյան տարածաշրջանում ընթացող գործընթացները՝ Ռուսաստանի տեսանկյունից: Ռուսաստանը դեռ երկար ժամանակ մեկուսացված է լինելու Եվրոպայից, նույնիսկ Կալինինգրադի հետ կապն է արդեն բարդ խնդիր։ Պետրոս Առաջինի՝ դեպի Եվրոպա Բալթիկ ծովի միջոցով բացված պատուհանն արդեն փակվում է։ Բալթիկ ծովով Ռուսաստանի բեռնափոխադրումների ծավալը կտրուկ նվազել է:

Սեւ ծովի նավատորմի ապագան էլ է հարցականի տակ Ուկրաինայի հետ պատերազմի պատճառով, իսկ Բոսֆորն ու Դարդանելը նույնպես կարող են նմանատիպ ապագա ունենալ Թուրքիայում իշխանության և արտաքին քաղաքականության կուրսի փոփոխության դեպքում: Իսկ դա բավականին իրական սցենար է:

Կենտրոնական Ասիայում նույնպես կան խնդիրներ՝ սկսած այնտեղ ընթացող աշխարհաքաղաքական մեծ մրցակցությունից, վերջացրած իսլամիստների ակտիվությամբ՝ բնականաբար տարբեր հատուկ ծառայությունների տանիքի տակ գործող։ Հատկապես Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Կենտրոնական Ասիան կարող է տեռորիստական մեծ վտանգ ունեցող տարածքի վերածվել:

Հիմա գանք Հարավային Կովկաս: Հարավային Կովկասն է այն հնարավոր նոր պատուհանը, որը Ռուսաստանին կարող է կապել գլոբալ հարավի հետ։ Ըստ էության՝ Ռուսաստանին այլ ելք չի մնացել, քան տնտեսական կապերն ակտիվացնել հարավային երկրների հետ: Նախ՝ գլոբալ հարավը տնտեսական վերելք է ապրում, երկրորդը՝ Սուեզի նեղուցով անցնող բեռնափոխադրումները վտանգի տակ են, վաղը հնարավոր է՝ նման մի բան կատարվի Մալակայի նեղուցի հետ, իսկ նրանք միասին աշխարհի բեռնափոխադրումների 40 %-ից ավելին են ապահովում: Սա նույնպես խոսում է Հարավայն Կովկասով անցնելիք կապուղիների ապագա նշանակության բարձրացման մասին:

Չմոռանանք նաեւ, որ 19-րդ դարում Ռուսաստանը «իջավ» Հարավային Կովկաս Սեւ Ծովի իր ափերը հարավից պաշտպանելու համար։ Դա հասկանալու համար բավական է վերհիշել 19-րդ դարում Կովասյան ավերիչ պատերազմները, որտեղ Ռուսաստանին ընդդիմանում էին Օսմանյան Թուրքիան ու Բրիտանիան: Եթե Ռուսաստանը լքի մեր տարածաշրջանը, այդ խնդիրները նորից են կրկնվելու։

Այսպիսով, Ռուսաստանը դեռ պայքարելու է այստեղ մնալու համար, և Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական գլոբալ խաղն ընդամենը նոր է սկսվում։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: