Հայաստանում շատ հիմնախնդիրներ են կուտակվել՝ քաղաքական, գոյութենաբանական, սոցիալ-տնտեսական, գիտակրթական, հոգեւոր-մշակութային, մարզական եւ այլն: Նշված բոլոր ոլորտների անհաջողություններն ու ձախողումները հետեւանք են բավական մեծ տարածում գտած մարդկային մի թուլության, որի անունն է անպատասխանատվություն: Այդ թուլությունը՝ չնչին բացառությամբ, բնորոշ է ոչ միայն իշխանությանը, այլ նաեւ իր քվեով իշխանություն ձեւավորող հասարակությանը, համենայն դեպս՝ հասարակության մեջ որոշակի դիրք զբաղեցնող առանձին անհատների: Անպատասխանատվությունն, այդպիսով, հասարակություն-իշխանության շղթայում միշտ ունեցել է եւ ունի իր կայուն տեղը:
Անշուշտ, դա բնավ չի նշանակում, որ այդ շղթան ամբողջությամբ անպատասխանատու անձանցից է բաղկացած: Պարտքի ու պատասխանատվության բարձր գիտակցման ոգով են իրենց կյանքը կազմակերպում, ապրում եւ արարում բազմահազար մարդիկ թե՛ իշխանության մեջ, թե՛ հասարակության ծոցում: Եվ, առհասարակ, կա չգրված մի կանոն՝ եթե հանրությունը մեծամասնությամբ պատասխանատու անհատներից է կազմված, ապա նման մթնոլորտում անպատասխանատու վերնախավ չի կարող գոյություն ունենալ: Պատասխանատուների ճնշող մեծամասնությունն այդպիսի իշխանությանը չի հանդուրժի: Իսկ նա, ով ինչ-որ կերպ, այնուամենայնիվ, հայտնվել է իշխանության գահին, վաղ թե ուշ, փողոց կշպրտվի: Այնտեղ, որտեղից եկել է:
Ամեն դեպքում անպատասխանատվության ակունքը, կամա թե ակամա, հանրությունն է՝ ի դեմս անպատասխանատու ընտրազանգվածի եւ, մասնավորապես, նրա անկիրթ, շահամոլ ու անձնակենտրոն տարրերի, որոնց համար պատասխանատվություն ասվածը խորթ երեւույթ է: Զիգմունդ Ֆրեյդն այդ առնչությամբ իմաստուն խոսք ունի. «Մարդկանց մեծամասնությունն իրականում չի ցանկանում ազատություն, քանի որ դա ենթադրում է պատասխանատվություն, իսկ պատասխանատվությունը սարսափելի է մարդկանց մեծ մասի համար»: Եվ այդպես՝ անպատասխանատու հասարակությունն իր թեթեւ ձեռքով իշխանության է բերում անպատասխանատու խմբի, որը քանդում, ապականում է իրեն ծնած հանրային միջավայրը:
Այսինքն՝ տեղի է ունենում այն, ինչի ականատեսն ենք այսօր ՀՀ-ում: Անպատասխանատու, անբարեխիղճ, չհաշվետու իշխանություններ, որոնց թիվ մեկ հոգսը սեփական աթոռը պահելն է, հանուն որի պատրաստ են անգամ ազգուրացության: Իշխանություններ, որոնք ունակ են իրենց ընտրած ժողովրդի թիկունքում գաղտնի պայմանավորվածություններ ձեռք բերել թշնամու հետ, եւ որոնք սեփական ժողովրդի կյանքը վերածել են դժոխքի, իսկ երկիրը ենթարկել կեղեքման ու թալանի, քաոսի ու անտերության: Ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար՝ ոչ ոք չգիտի: Պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյան պետք է նախ ինքը հարգի խոսքի արժեքը, ապաեւ նույնը պահանջի իր ենթականերից:
Ցավոք, պատասխանատվությունը՝ որպես մարդու պատվի ու արժանապատվության գիտակցված արժեք, մեզանում ամենաշատը իշխանության թիվ մեկ կրողից է պակասում: Հիշենք նրա ճոխ խոստումները 2018-ի ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ: Խոստանում էր առաջիկա 5 տարվա ընթացքում 2.5 մլրդ դոլար հավելյալ գումար հատկացնել Զինված ուժերի արդիականացման համար: Ընդ որում՝ այդ գումարը պիտի բռնագանձվեր «թալանչիների» գրպանից: Խոստանում էր վերադարձնել թալանը, հաստատել ժողովրդավարություն, վերացնել կոռուպցիան եւ այլն, բայց մատը մատին չտվեց, եթե չասենք՝ ամենը տարավ ճիշտ հակառակ ուղղությամբ՝ թուլացման, քանդման, մսխման, վատնման…
Ի դեպ՝ խոսում էր նաեւ հեռավոր ապագայի մասին՝ իբր 2050-ին ՀՀ բնակչության թիվը հասնելու է 5 միլիոնի, իսկ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դառնալու է աշխարհի առաջնության գավաթակիր, օլիմպիական չեմպիոն եւ այդպես շարունակ: Փաստացի այս խոստումներից 5 տարի անց մեր բնակչության թիվը կրճատվել է շուրջ 500 հազարով, իսկ ֆուտբոլի «զարգացման» մասին կարող ենք դատել Վրաստանի ազգային հավաքականի հետ վերջին երկու հանդիպման խայտառակ արդյունքով՝ 9:1, հօգուտ հարեւան երկրի թիմի: Երբ ասում ենք՝ Փաշինյանի գործերը թարս են գնում, հենց սա նկատի ունենք, այլ ոչ թե Գյումրիի եւ Փարաքարի ՏԻՄ արտահերթ ընտրություններում կրած պարտությունները, որոնք իրականում հաղթանակ են: