Կիրակի, Մայիսի 29, 2022

Խմբագրական

Մինսկի խումբը ե՛ւ կա, ե՛ւ չկա. Հայաստանի ու Ադրբեջանի անկեղծության պահը մոտ է

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Ապրիլի 8-ին Մոսկվայում Ռուսաստանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարել է գործել, սակայն Արարատ Միրզոյանը հակառակը պնդեց՝ ասելով, որ իր տվյալների համաձայն՝ այն գործում է: Եվ, որպես ապացույց, Միրզոյանը Մոսկվայից վերադառնալուն պես հանդիպում ունեցավ ապրիլի 11-ին Երեւան ժամանած՝ ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ: Լավրովը, կարծես թե, մի փոքր չափազանցում էր, բայց էականը դա չէ:

Մինսկի խմբի շուրջ առաջացած այս վեճն արտահայտում է Ռուսաստանի եւ Արեւմուտքի առճակատումը արդեն հարավկովկասյան տարածաշրջանում, ինչն ի զորու է արմատապես փոխել տարածաշրջանի աշխարհաքաղաքական պատկերն ու ճակատագիրը։ Մինսկի խումբը նախեւառաջ միջազգային հանրության կողմից Արցախի խնդրի ճանաչման վկայականն է: Իզուր չէ, որ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, թե նման հարց այլեւս չկա: Ավելին՝ նա պնդում է, որ Լեռնային Ղարաբաղ անվանմամբ տարածք գոյություն չունի:

Մինսկի խմբի մյուս կարեւոր նշանակությունն այն է, որ միջազգային հանրությունը զբաղված է խնդրի լուծումների որոնմամբ՝ չնայած շատերի համար հասկանալի է, որ խմբի գոյության իմաստը հարցի սառեցումն է: Հնարավոր է նաեւ, որ ՄԽ-ն մի հարթակ է, որտեղ համանախագահ երկրները միմյանց հսկում են, որպեսզի նրանցից որեւէ մեկը «վերմակն իր վրա չքաշի», քանզի Արցախի խնդրով է պայմանավորված, թե գերտերություններից ով է տիրապետելու տարածաշրջանին եւ ով է այն լքելու։

Ինչո՞ւ ՄԽ-ն, ըստ Լավրովի, այլեւս չի կարողանում աշխատել: Պարզ է, որ Ռուսաստան-Արեւմուտք առճակատումը բացառում է համագործակցությունը նման ձեւաչափերում: Մյուս կողմից էլ՝ երեք երկրների աշխարհաքաղաքական շահերի բախումը Հարավային Կովկասում եւս սրվել է: Արեւմուտքը ջանում է խանգարել Ռուսաստանի ներկայությունը Կովկասում, իսկ Ռուսաստանը՝ ընդհակառակը: Սա է տարաձայնությունների հիմնական պատճառը: Արեւմուտքն ուզում է, որ ռուս խաղաղապահները լքեն Արցախը, ինչը հաջորդ փուլում անիմաստ է դարձնում ՀՀ-ում ռուսական ռազմակայանի ներկայությունը:

Բրյուսելյան վերջին հանդիպումից, ըստ հրապարակային հայտարարությունների, կարելի է եզրակացնել, որ Արեւմուտքի ու Ադրբեջանի նպատակն է՝ Հայաստանին մղել Ադրբեջանի կազմում Արցախի ընդունման քայլին, եւ դա նրանց, կարծես թե, հաջողվում է։ Մինսկի խմբի պահպանումը, որի իրական կոչումը մինչ այդ հարցի սառեցումն էր, արդեն իմաստազրկվում է: Լավրովը հենց դա նկատի ուներ, երբ ասում էր, թե ՄԽ-ն դադարել է գոյություն ունենալ՝ միաժամանակ պնդելով, որ Արեւմուտքը փորձում է զոհաբերել հայկական շահերը, ինչպես նաեւ Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից:

Ինչ վերաբերում է ՀՀ ԱԳ նախարարի հավաստիացմանը, թե Մինսկի խումբը տակավին գործում է, պետք է հասկանալ այլաբանորեն, այն է՝ Հայաստանը պատրաստ է կայացնել աշխարհաքաղաքական որոշում, թե ում հետ լինել՝ Ռուսաստանի՞, թե՞ Արեւմուտքի: Միրզոյանի հակադարձումը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը չեղարկված չէ, այդ երկընտրանքից խուսափելու փորձ էր:

Սակայն որքան խորանում է ռուս-ուկրաինական պատերազմը, որին Արեւմուտքն ավելի լայնորեն է սկսում մասնակցել՝ արդեն մատակարարելով ծանր զենքեր, այնքան խամրում է Ռուսաստան-Արեւմուտք համագործակցության հեռանկարը։ Ասել է թե՝ Հայաստանի ու Ադրբեջանի համար անկեղծության պահը մոտենում է, ինչը ենթադրում է, որ հիմնական իրադարձությունները՝ աշխարհաքաղաքական ընտրանքի ելեւէջներով, դեռեւս ապագայում են, որոնց չեն կարող անմիջականորեն չմասնակցել ոչ միայն Արեւմուտքն ու Ռուսաստանը, այլեւ Իրանը, որը նույնպես Հարավային Կովկասում ունի շահեր եւ արդեն զորախաղեր է անցկացրել մեր սահմանին: Իրանի դերը գնալով սկսել է աճել, իսկ ձայնը՝ ավելի բարձր հնչել։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: