Ուրբաթ, Ապրիլի 17, 2026

Խմբագրական

Հայկական «դեժավյու»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Հայաստանյան մամուլը կարդալիս՝ «դեժավյու»-ի (déjà-vu) տպավորություն է թողնում: «Դեժավյու»-ն ֆրանսերեն արտահայտություն է, ինչը բառացի նշանակում է «արդեն տեսած» կամ «արդեն վերապրած» երեւույթ, իրավիճակ, պատկեր եւ այլն: Հիմա երբ որեւէ հոդված ես ընթերցում՝ այն զգացողությունն է, թե ավելի վաղ՝ ամիսներ, նույնիսկ տարիներ առաջ, հանդիպել ես նման նկարագրության կամ հայտնվել ես նման իրավիճակում:

ՀՀ-ում ոչինչ չի փոխվում, եւ կյանքը, կարծես թե, կանգ է առել՝ հատկապես քաղաքական եւ քաղաքագիտական մտքի առումով: Փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում: Փաստն այն է, որ կուսակցություններն այսօր վարկաբեկված են, ժողովրդի ճնշող մեծամասնությունը չի վստահում ո՛չ իշխանությանը, ո՛չ էլ ընդդիմությանը, հանրության հիասթափությունը մեծ է: Բոլոր մակարդակներում հիմնական խոսույթը երկրի հնարավոր կործանման, վերահաս ցեղասպանության, պատերազմի եւ այլ սպառնալիքների շուրջ է: Իշխանափոխության կոչեր հնչում են ամենօրյա պարբերականությամբ, բայց՝ անօգուտ:

Այս ամենին գումարվում են միմյանց հանդեպ գեներացվող մեղադրանքները, Արցախի շրջափակման անվերջանալի շղթան, սահմաներին չդադարող կրակոցները, ամբարիշտ ոսոխի նոր ագրեսիայի փորձերը, որոնց համար գործող վարչապետը փոխանակ մեղա գալու՝ մեղավորներ է նշանակում իրենից բացի ում ասես՝ շարունակելով հանրությանը «կերակրել» բազմիմաստ հայտարարություններով ու հոռետեսական կանխատեսումներով: Գաղջ մթնոլորտը գնալով խտանում է եւ, ասես, ցրվելու միտք չունի:

Մյուս կողմից՝ աշխարհում լուրջ գործընթացներ են ծավալվում, անհավանական թվացող հայտարարություններ են հնչում գերտերությունների ղեկավարների շուրթերից եւ տեղի են ունենում իրադարձություններ, որոնց ազդեցությունը կարող է վճռորոշ լինել մեզ նման փոքր երկրների վրա: Սակայն դրանք հասկանալու եւ մարդկանց հասկացնելու փորձերը մամուլում ու տեղեկատվական այլ միջոցներում աննշան են: Նոր աշխարհակարգի կանոնները, ինչպես միշտ, մշակվում են պատերազմների միջոցով: Մենք հայտնվել ենք փակ շղթայի մեջ, որից ելքեր չենք տեսնում: Հայ քաղաքական միտքը մի տեսակ խամրել է, ինքն իր մեջ պարփակվել:

Այս խառն անցուդարձի համապատկերին Ադրբեջանի նախագահը վաշինգտոնյան բանակցությունների օրերին հայտարարում էր, որ եթե Հայաստանը չստորագրի իրենց ուզած պայմանագիրը, Ադրբեջանն այդ երկրի նկատմամբ կկիրառի դիվանագիտական եւ այլ կարգի ճնշումներ, քանզի իրենք շտապելու տեղ չունեն: Ալիեւի խոսքով՝ Ադրբեջանը գտել է փոփոխվող աշխարհակարգում իր ապագա տեղը, իսկ Հայաստանն իր տեղը չի գտնում, եւ Ադրբեջանը շարունակելու է Երեւանին մեկուսացնելու քաղաքականությունը՝ թույլ չտալով նրան ինտեգրվել աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող ապագա ծրագրերին: Սա բառացի քաղվածք չէր, այլ՝ բովանդակային:

Այս մեջբերումը համահունչ չէ Հայաստանի հանրության, լրատվամիջոցների թեմաների եւ աշխարհում տեղի ունեցող գործընթացներին: Առհասարակ՝ պետությունների,- խոսքը հատկապես փոքրերի մասին է,- գոյությունն ու նշանակությունը պայմանավորված են աշխարհաքաղաքական ու տնտեսական հարաբերություններում ունեցած դերով: Ունես դեր՝ ուրեմն ունես նշանակություն մյուս երկրների համար, չունես՝ ուրեմն կամ դադարում ես գոյություն ունենալ ու ստանալ զարգացման հնարավորություն, կամ քո գոյությունը մյուսների կողմից մնում է աննկատ:

Սա է ամենագլխավոր օրակարգը, որ պետք է քննարկվի (քննարկվեր) քաղաքական, պետական շրջանակներում ու լինի (լիներ) մամուլի լուսաբանման կիզակետում, ինչը մենք, ցավոք սրտի, չենք տեսնում եւ, բնականաբար, չենք տեսնում նաեւ «դեժավյու» իրավիճակը շտկելու ելքերը:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: