Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Ապագայի շուրջ բանավեճ` առանց կառավարող կուսակցության մասնակցությա՞ն…

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Այսօրվա Հայաստանը հայտնվել է գաղափարական փակուղում։ Գործող իշխանությունը` ի դեմս վարչապետի, հայտարարում է, որ իրենք «իզմ»-եր չունեն, այսինքն` ոչ մի գաղափարախոսություն չեն դավանում։ «Քաղաքացիական Պայմանագիր» (ՔՊ) կուսակցության վարչության նոր կազմի ընտրությունների ժամանակ` այս տարվա հունիսի 14-ին,  նա ասել է.

«Մեզ շատ հաճախ անվանում են լիբերալ կամ ցենտրիստ, բայց սա թյուրըմբռնում է, որովհետեւ մենք կուսակցություն ենք, որ մերժել ենք «իզմ»-երը, որովհետեւ ժամանակակից աշխարհում կարծրացած գաղափարախոսություններ այլեւս գոյություն չունեն։ Քաղաքական իմաստով մենք լիբերալ չենք, ցենտրիստ չենք, սոցիալ-դեմոկրատ չենք, մենք քաղաքացիական կուսակցություն ենք։ Ի՞նչ է սա նշանակում գործնականում: Սա նշանակում է, որ մենք մեզ դուրս ենք դնում գաղափարախոսական ստանդարտներից եւ ձեւավորում ենք գաղափարական նոր հարթություն, որը հիմնված է 4 առանցքային սյուների վրա՝ պետականություն, քաղաքացիություն, ազգային ինքնություն, անհատականություն»։

Վարչապետի նշած չորս «սյուները» կարող են հենարան հանդիսանալ ե´ւ աջերի, ե´ւ ձախերի, ե´ւ կանաչների, ե´ւ ազգայնականների, անգամ պացիֆիստների համար` կախված նրանից, թե ով ինչպես է մեկնաբանում այդ «սյուները»։ Պարզ ասած` «սյուներ» մատնանշելը դեռ ոչինչ չի նշանակում։

Անցած տարվա իշխանափոխությունից հետո տակավին ուշքի չեկած քաղաքական կուսակցությունները կամ նրանք, ովքեր դեռ կենդանության նշաններ են ցույց տալիս, քննադատում են վարչապետին` ասելով, որ «իզմ»-եր չունենալը նշանակում է չունենալ քաղաքական գիծ, որով պետք է շարժվի կառավարությունը։ Կան նաեւ այլ կարծիքներ, ըստ որոնց` ներկայիս կառավարությունը, այնուամենայնիվ, մի «իզմ» ունի, դա պոպուլիզմն է։ Մեր նպատակն այդ վեճում նեգրավվելը չէ, բայց փորձենք հասկանալ` արդյո՞ք քաղաքական գաղափարախոսությունները, թեկուզ ոչ «կարծրացած» տեսքով, իրենց սպառել են, թե` ոչ։

Եթե դիտարկենք Եվրոպական միությունում գրանցված կուսակցությունները, ապա կտեսնենք, որ այնտեղ «իզմ»-եր լավ էլ ներկա են.

  • լիբերալներ. Լիբերալների ու դեմոկրատների ալյանս, Եվրոպական ժողովրդական կուսակցություն,
  • սոցիալիստներ. Եվրոպական քրիստոնեական քաղաքական շարժում, Եվրոպական սոցիալիստների կուսակցություն, Եվրոպական ձախերի կուսակցություն,
  • կանաչներ. Եվրոպական կանաչների կուսակցություն,
  • պահպանողականներ. Եվրոպական պահպանողականների եւ ռեֆորմիստների կուսակցություն եւ այլն։

Ցուցակը կարելի է շարունակել` կան ցենտրիստներ, ազգայնականներ, եվրոսկեպտիկներ եւ էլի ուրիշներ։

Ի դեպ, ՔՊ կուսակցությունը` չունենալով գաղափարախոսություն, չի կարողանում կողմնորոշվել, թե եվրոպական կուսակցությունների որ միության գործընկերը դառնալ։

Քաղաքական գաղափարախոսությունները դիտարկվում են երկու հարթությունում.

  • ինչպես պետք է կազմակերպվի հասարակությունը,
  • ինչպես պետք է հասնել այդ նպատակին։

Ինչպես ցույց տվեցինք, արդի աշխարհում սոցիալական գաղափարախոսություններ դեռեւս առկա են, ավելին` չունենալ գաղափարախոսություն, խոսքը մասնավորապես Եվրոպայի մասին է, նշանակում է չունենալ գաղափարախոսական գործընկերներ, ինչը Հայաստանի համար խնդրահարույց է: Բայց սա մեկ այլ քննարկման թեմա է։

Սկիզբ առնող ներհայաստանյան քաղաքական պայքարի նոր ռաունդում կենտրոնական բանավեճը, ըստ էության, կընթանա երկրի զարգացման ուղղության խնդրի շուրջ. ինչպե՞ս ենք մենք պատկերացնում ապագա Հայաստանում հասարակության կազմակերպման ձեւը եւ ո՞րն է լինելու դրան հասնելու ճանապարհը, այսինքն` ո՞րն է լինելու ապագա կառավարության ծրագիրը, զարգացման ուղիները, ճանապարհային քարտեզը։ Եթե կառավարող կուսակցությունը շարունակի որդեգրել «իզմ»-երից հրաժարվելու քաղաքական ուղեգիծ, ապա այդ բանավեճը տեղի կունենա առանց իր մասնակցության, որքան էլ նման վիճակն արտառոց լինի։

Հայաստանում փաստաբանական ինստիտուտի կայացման համար մեծ քայլ է կատարվել։ Մոտ հարյուր փաստաբան, ի նպաստ անկախ դատական համակարգի կայացման, իրենց ընտրությունը կատարել են։ Նրանց պետք է շնորհակալություն հայտնել։

Հերթը դատավորներինն է։ Եթե դատավորները նույնպես կարողանան միավորվել իրենց անկախությունը պաշտպանելու համար, ապա դա հսկայական քայլ կլինի անկախ դատական համակարգի կայացման գործում։

Հատուկ շնորհակալություն պետք է հայտնել Նիկոլ Փաշինյանին, ով դատական համակարգի նկատմամբ իր աննախադեպ հակասահմանադրական գործողություններով նպաստում է փաստաբանական եւ դատական համակարգի կայացմանը։ Դա իր միակ խոստումն է, որի կատարման համար կոնկրետ եւ հետեւողական քայլեր է ձեռնարկում։

Շնորհակալություն նաեւ Գագիկ Ջհանգիրյանին եւ Վահե Գրիգորյանին` «սեւ ու սպիտակի» հալալ-զուլալ տարանջատումը լղոզելու համար, ինչի շնորհիվ մարդիկ սկսել են կյանքը ոչ թե հուզական-բնազդային կերպով ընկալել, այլ դատել սկզբունքներով։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: