Հինգշաբթի, Փետրվարի 13, 2025

Խմբագրական

Ազգային ինքնության ոչնչացման ծրագիր

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանի էթնոմշակութային, աշխարհայացքային եւ հոգեւոր-գաղափարական ոլորտում, կարելի է դիտարկել որպես ազգային ինքնության կամ տեսակի ծրագրված ոչնչացման գործընթաց: Դրանում համոզվելու համար հեռու գնալ պետք չէ. բավական է ուշադիր հետեւել ՀՀ կառավարության օրակարգին, վարչապետի աթոռը զբաղեցնող անձի, նրա տիկնոջ, թիմակիցների խոսույթներին, ինչպես նաեւ Արեւմուտքից ժամանակ առ ժամանակ փոխանցվող ազդակներին, եւ կունենանք վերն արձանագրված դատողության անառարկելի ապացույցները:

Երեւույթը նոր չէ. այն սկզբնավորվել է տակավին 2018 թվականին, իսկ միգուցե՝ դրանից էլ առաջ, երբ այժմյան Կառավարության առանցքային պաշտոններում նշանակված կամ ԱԺ պատգամավորներ ընտրված երիտհայերը վերապատրաստման դասընթացներ էին անցնում Ստամբուլում եւ տեղի մասնագետների հետ համագործակցաբար վերախմբագրում Հայոց պատմությունը, արվեստը, մշակույթը, սերտում արեւմտահայության նկատմամբ իրագործված 1915-ի Մեծ եղեռնի ու Հայրենազրկման մասին թուրքական «ճշմարտությունը»:

Թեմայի համատեքստում հատկանշական է 2018թ. հոկտեմբերին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Հայաստան: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա ասել է. «Կարծում եմ՝ ժողովրդի համար առավել նախընտրելի է միջազգային հարթակում ունենալ լայն հնարավորություններ եւ կաշկանդված չլինել պատմական կաղապարներով։ Միացյալ նահանգների տեսանկյունից՝ որքան ավելի ուժեղ է ժողովրդավարությունը, այնքան ավելի մեծ է ԱՄՆ-ի եւ նույն արժեքները կրող այլ երկրների հետ շփվելու հնարավորությունը»։

Դժվար չէ հասկանալ, թե ինչ նկատի ուներ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան «պատմական կաղապարներով կաշկանդված չլինելու» արտահայտության տակ: Դե, հո բաց տեքստով չէ՞ր ասելու՝ Հայաստանի համար նախընտրելին ազգային ինքնությունից հրաժարվելն է, որպեսզի արժանի տեղ ունենա միջազգային ասպարեզում: Եվ խոսքն այստեղ ժողովրդին էր ուղղված, որովհետեւ իշխանությունը՝ ի դեմս դրա թիվ մեկ կրողի, այդ մասին անգիր գիտի ու հետեւողականորեն մարմնավորում է կյանքում՝ գոհացնելով արեւմտյան իր տերերին եւ, անտարակույս, թուրք-ադրբեջանական տանդեմին:

Պատահական չէ, որ 2021թ. դեկտեմբերի 8-9-ը ԱՄՆ ներկայիս նախագահի նախաձեռնած՝ ժողովրդավարական երկրների գագաթաժողովին հրավիրված էր նաեւ Հայաստանը, մինչդեռ հրավիրյալների ցանկից դուրս էին մնացել այնպիսի երկրներ, ինչպիսիք են Չինաստանը, Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը եւ էլի շատեր: Համաժողովի նպատակն էր «խթանել պարտավորություններն ու նախաձեռնությունները երեք հիմնական թեմայի հարցում՝ պաշտպանություն ավտորիտարիզմից, կոռուպցիայի դեմ պայքար եւ աջակցություն մարդու իրավունքները հարգելու գործում»: Ակնհայտ է, որ նշված բոլոր ուղղություններով Հայաստանը երկու ոտքով «կաղում» է: Բայց քանի որ հավատարիմ է Վաշինգտոնի պատգամներին, ուրեմն, «արժանի տեղ ունի միջազգային ասպարեզում»:

Ուշագրավ մի հիշեցում. Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ պարտված Գերմանիան եւ Ճապոնիան սկսեցին համարվել նոր աշխարհակարգի համար վտանգավոր երկրներ, նրանց նկատմամբ ապառազմականացմանը զուգահեռ՝ սկսեց կիրառվել նաեւ ապազգայնացման գործընթաց: Մասնավորապես՝ Գերմանիայի դեպքում նախատեսվում էր համապատասխան մասնագետների՝ հոգեբանների, սոցիոլոգների ջանքերով գերմանացի ժողովրդի միջից հանել, այսպես ասած, ազգայնական վերապրուկները, ասել է թե՝ վերադաստիարակել նրանց, «մաքրել հոգիները»:

Ընդ որում՝ ապազգայնացման ծրագրի ապահովումը թողնվում էր տեղական վարչակարգերի վրա, որոնց նախապես իշխանության էին բերել՝ ապազգայնացման քաղաքականությունը գլուխ բերելու խստիվ հանձնարարությամբ: Եթե հակիրճ ամփոփենք՝ ներկայումս Հայաստանում, կարծես թե, ապազգայնացման նույն ծրագիրն է կենսակոչվում հատուկ իշխանության բերված տեղական վարչակարգերի կողմից՝ նույն արտաքին ուղեցույցներով, Երկրորդ աշխարհամարտից հետո մշակված ապազգայնացման փորձի ոգով:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: