Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Ավագանու ընտրություններ. որոշողը երեւանցու քվեն է լինելու

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

2018 թվականին, ըստ էության, փլուզվեց ՀՀ քաղաքական դաշտը: Ավելի պարզ ասած՝ գաղափարազուրկ, ինչ-որ տեղ կեղծ ընդդիմություն խաղացող կուսակցությունները, որոնք շարունակաբար մասնակցում էին ընտրակեղծիքներով ու կաշառատվությամբ անցնող ընտրություններին, 2018-ին կնքեցին իրենց մահկանացուն:

Այնուհետեւ եկան 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները, եւ իշխող քաղաքական ուժը՝ ՔՊ-ն, այն է՝ պարտության կուսակցությունը, ընտրություններին մասնակցեց խաղաղության խոստումներով: Դաժան պատերազմի արհավիրքից նոր դուրս եկած մարդիկ հավատացին կամ ցանկացան հավատալ, որ կմտնեն խաղաղության դարաշրջան՝ փույթ չէ, թե առանց Արցախի, եւ իրենց ձայնը տվեցին ՔՊ-ին: Մանավանդ որ, այլընտրանքը բավականաչափ վարկաբեկված եւ, նրանց կարծիքով, պարտության հետ չհաշտվող, ռեւանշիստական նկրտումներ ունեցող պաշտոնական ընդդիմությունն էր, որը կարող էր նոր պատերազմի տանել երկիրը՝ մեզ համար նոր աղետալի հետեւանքներով:

Կյանքը ճիշտ հակառակը ցույց տվեց՝ ՔՊ-ի խոստացած խաղաղության ծրագրահենքն (պլատֆորմ) իրականում հանգեցրեց սողացող պատերազմի, որի վերջը չի երեւում: 2020-ի սեպտեմբերին սկսած պատերազմն արդեն երեք տարի շարունակվում է, թշնամին մտադիր չէ կանգ առնել, եւ նրա պահանջներն անսպառ են: Սա հանրության մեջ խոր հիասթափություն ու շփոթմունք է առաջացրել՝ չկան քաղաքական ուժեր, որոնք ողջամիտ այլընտրանք կառաջարկեն:

Եթե չկան այլընտրանքներ՝ նշանակում է չկա քաղաքական համակարգ, այսինքն՝ չկա իշխանական եւ ընդդիմադիր կուսակցությունների ամբողջականություն կամ, ճարտարապետական եզրույթով ասած, կուռ համակառույց, որը կառաջարկի ապագայի այլընտրանքային նախագծեր, հանրությունն էլ ընտրությունների ժամանակ ընտրություն կկատարի այդ նախագծերի միջեւ: Եթե չկան ապագայի նախագծեր՝ ուրեմն չկա նաեւ քաղաքական համակարգ:

Հաջորդ խորհրդարանական ընտրություները, եթե չլինեն արտահերթ պայմանակարգով, տեղի են ունենալու 2026 թվականին: Ակնհայտ է, որ գործող կառավարությունն արդեն իսկ վարկաբեկված է եւ դժվար թե կարողանա իր խղճուկ գոյությունը քարշ տալ եւս 3 տարի: Մենք այդքան տարածք չունենք, որ մինչեւ 2026-ը մաս-մաս զիջենք Ադրբեջանին, մենք չունենք այդքան մարդկային ռեսուրս, որ մինչեւ 2026-ը դնենք զոհասեղանին:

Ուրեմն՝ ի՞նչ կարելի է անել: Այս հարցում հնարավորության պատուհան են մեր առջեւ բացում սեպտեմբերին տեղի ունենալիք՝ Երեւանի ավագանու ընտրությունները: Երեւանը Հայաստանի կեսն է, ֆինանսական ու մշակութաբանական առումներով՝ հիմնական կեսը, հետեւաբար ինչպիսի ընտրություն կատարեն երեւանցիները, այն էլ կարող է վճռական լինել հաջորդ՝ հերթական, իսկ ամենայն հավանականությամբ՝ արտահերթ համապետական ընտրությունների ժամանակ:

Այս իմաստով մայրաքաղաքի ավագանու մոտակա ընտրությունները, հնարավոր է, նշանային լինեն, որոնք պետք է նոր քաղաքական հարաբերությունների մեկնարկ դարձնել: Ավելի լավ պատեհություն հազիվ թե ունենանք մինչեւ տարեվերջ, իսկ միգուցեւ՝ ավելի երկարաժամկետ կտրվածքով:

Եկել է քաղաքական թարմացումների ժամանակը, եւ դրանում երեւանցիները սեպտեմբերի 17-ին իրենց քվեով վճռական խոսք ունեն ասելու: Ժամանակավրեպ են բոլոր այն կարծրատիպերը, թե «մեզնից ոչինչ կախված չէ», «որոշողներն արդեն որոշել են ամեն ինչ» եւ այլն: Սա մոլորությունների շարքից է: Որոշողը քո քվեն է լինելու, երեւանցի: Փորձի՛ր:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: