Oգոստոսի 15-ին Ալյասկայում երկու միջուկային գերտերությունների՝ Ռուսաստանի Դաշնության եւ Միացյալ Նահանգների ղեկավարների հանդիպումները շարունակում են մնալ աշխարհի ուշադրության կենտրոնում`դառնալով բոլոր մակարդակի հարթակների ամենաքննարկվող նյութը: Արդեն երեքուկես տարի տեւող Ռուս-ուկրաինական (կամ ՌԴ-Հավաքական Արեւմուտք) պատերազմի դադարեցման օրակարգով Պուտին-Թրամփ բանագնացությունը, խոշոր հաշվով, համաշխարհային անվտանգության հարաճուն խնդիրները կարգավորելու, մոլորակի բազմաթիվ ծագերում խաթարված խաղաղությունը վերահաստատելու մասին էր:
Ակնհայտ է, որ ուկրաինական ձգձգվող ճգնաժամի կասեցումը կխթանի հակամարտող մյուս տարածաշրջաններում եւս հասնելու կրակի դադարեցման, վիճելի իրավիճակների հանգուցալուծման ու կողմերի փոխհարաբերությունների հստակեցման: Խաղաղություն տենչում են բոլորը, բայց՝ իրական խաղաղություն, որը երաշխավորված է ուժեղ բանակով եւ համախմբված հասարակությամբ: Աստված մի արասցե՝ եթե ԱՄՆ զինուժ մտնի մեր տարածք՝ թեկուզ մասնավոր ռազմական կառույցի տեսքով, Հայաստանը կվերածվի աշխարհի եզակի վայրերից մեկի, որտեղ միաժամանակ կգտնվեն առնվազն ամերիկյան եւ ռուսական զինված ուժեր: Կդառնանք Սիրիայից հետո երկրորդ պետությունը՝ նման անցանկալի իրավիճակում:
Ցավոք սրտի, մենք այնքան էլ հեռու չենք Սիրիայի իրավիճակում հայտնվելուց: Երեւում է՝ ՀՀ գործող վարչախումբն այդ մասին կարգին «հոգացել» է: Համենայն դեպս՝ արդյունքում ունենք այն, որ ինքնիշխանության առումով Հայաստանն այսօր «սիրիացման» եզրին է: Այսինքն՝ վիճելի, անորոշ ու անհասկանալի անվտանգային համակարգով մի տարածք, որի ճակատագիրը պայմանավորված է գերտերությունների հարաբերություններով եւ հարեւան Իրանի կամ ռազմավարական գործընկեր Ռուսաստանի բարեհաճությամբ: Այնպես որ, Նիկոլ Փաշինյանը լավ կանի՝ մի փոքր զսպի այս օրերի խանդավառությունն ու վաշինգտոնյան խիստ կասկածահարույց ֆորումի թեմայով իր պաթոսախառն ուղերձները:
Այո, հնարավոր է՝ Դոնալդ Թրամփը ստանա երազած խաղաղության Նոբելյան մրցանակը, հնարավոր է՝ հաջողության հասնի ՌԴ նախագահ Պուտինի հետ բանակցություններում, բայց ՀՀ ինքնիշխան տարածքով անցնող՝ իր պատվին անվանակոչված «Թրամփի ուղին» երբեք չի դառնա հայանպաստ նախագիծ: Եվ գիտե՞ք, թե ինչու: Որովհետեւ չափից դուրս շատ են անորոշություններն ու արհեստականությունը վաշինգտոնյան գործընթացում: Պարզ տեսանելի է,- եւ դա հաստատում են նաեւ մի շարք փորձառու դիտորդներ,- որ Նոբելյան մրցանակ ստանալուց հետո Թրամփը մոռանալու է նույնիսկ Հայաստանի տեղն ու անվանումը, որին զրույցի ժամանակ մի քանի անգամ շփոթեց Ալբանիայի հետ:
ԱՄՆ փառասեր նախագահին պարզապես հաղթաթուղթ էր պետք՝ Ալյասկայում Պուտինի հետ կայանալիք հանդիպմանը բանակցային սեղանին ունենալու համար: Պատահական չէ, որ դրանից մեկ շաբաթ առաջ Թրամփը «Զանգեզուրի միջանցքի» օրակարգով Սպիտակ տանն ընդունեց Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարներին՝ միջնորդելով կողմերի միջեւ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, ինչպես նաեւ երկկողմ ու եռակողմ ձեւաչափով մի քանի այլ փաստաթղերի ստորագրումը: Առաջիկա բանակցություններում սա Թրամփին ինքնավստահություն, հեղինակություն եւ ուժեղ դիրքերից հանդես գալու պատեհություն է խոստանում:
Կարելի է վստահ ասել, որ քաղաքական «մեծ առեւտրի» մեկնարկը տրված է: Այն աշխարհն ու այն իրավիճակը, որում այժմ ապրում ենք, հար եւ նման են Առաջին աշխարհամարտի նախաշեմին ստեղծվածին, երբ ուժեղ պետությունները դուրս էին եկել, այսպես ասած, բոլորը բոլորի դեմ, որովհետեւ ունեին միմյանցից տարբեր, փոխհակասող շահեր, նպատակներ ու հիմնախնդիրներ: Շատ փորձագետներ՝ հիմք ընդունելով առկա հակասությունները, որ կային նաեւ անցյալ դարասկզբներին, հանգում են եզրակացության, որ «Թրամփի ուղի» նախագծի իրականացումը կարող է ձախողվել: Ոմանց վստահեցմամբ՝ մոտակա տարիներին հիմնական հակամարտությունները տեղափոխվելու են իսլամական աշխարհ՝ ընդհուպ մեր տարածագոտի:
Մեծ է վտանգը, որ Հարավային Կովկասը կարող է դառնալ մեծ առճակատումների փորձադաշտ: Եվ ամենամեծ դժբախտությունն է, որ նման իրավիճակում ունենք մի իշխանություն, որը գլխովին կլանված է անձնական խնդիրներով: Իշխանության միակ սփոփանքն այն է, որ խնդիր ծագելու դեպքում կարող է զանգել Սպիտակ տուն, եւ Թրամփն այն կլուծի:
«Հայացք Երեւանից»