Երկուշաբթի, Մարտի 01, 2021

Խմբագրական

Պատասխանատվություն եւ ազատ կամք

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Պետության, հասարակության, ցանկացած կազմակերպության կայացման հիմքում կան մարդկային որակներ, առանց որոնց հնարավոր չէ ոչ միայն որեւէ առաջընթաց, այլ նաեւ պարզ կենսագործունեություն։ Ամենակարեւորներից մեկն այդ որակներից «պատասխանատվություն» հասկացությունն է, որի բացակայությունը քայքայում է ցանկացած օրգանիզմ` լինի անձ, պետություն, հանրույթ, թե բիզնես կառույց։

Պատասխանատվությունը` որպես որեւէ գործի, արարքի, անգամ խոսքի հանդեպ անձի` սեփական պարտքի խորը գիտակցում, տարածվում է երկու հիմնական հարթության վրա․ ա/ խմբակային, կորպորատիվ ու ծառայողական կամ նմանատիպ այլ կարգի մասնավոր պատասխանատվություն, որը փոխկապակցված է «հաշվետվողականություն» հասկացության հետ, բ/ անձի պատասխանատվություն, որը փոխկապակցված է «պարտականություն» հասկացության հետ։

Փիլիսոփայական միտքը հաճախ պատասխանատվությունը փոխկապակցում է «ազատություն» հասկացության հետ։ Կարծես թե այդ կապը պետք է պարզ լինի` մարդը կամ կազմակերպությունը պատասխանատու է իր այն գործունեության կամ անգործության համար, որը ինքն իրականացրել է ազատ կամքով։ Օրինակ` Նյուրնբերգյան դատավարության ժամանակ գերմանական սպաներն արդարանում էին` ասելով, որ իբրեւ զինվորական, պարտավոր էին առանց քննարկման կատարել վերադասի հրամանները։ Սակայն այս դեպքում գոյություն ունի նաեւ «հավաքական պատասխանատվության» մասին թեզը, այսինքն` հանցավոր կառույցի անդամ լինելը չի ազատում պատասխանատվությունից։

Սա «պատասխանատվություն» հասկացության հակիրճ եւ փիլիսոփայական մոտեցման թեզեր էին, սակայն վերադառնանք մեր իրականություն։

Հայաստանի պատմության առնվազն վերջին երեսուն տարվա ընթացքում մեր ամենացավոտ խնդիրը հենց պատասխանատվության կամ, ավելի ճիշտ, դրա բացակայության հետ է կապված։ Այն ոլորտներում, որտեղ թույլ տրված լուրջ սխալների, խախտումների, երբեմն անգամ հանցավոր գործողությունների համար պաշտոնատար անձը չի ենթարկվում համարժեք պատասխանատվության, տեղ են գտնում ամենաթողությունն ու կատարողական անկարգապահությունը:

Անպատասխանատվությունը քայքայում է մեր պետական ու սոցիալական կառույցները, վատթարացնում միջանձնային հարաբերությունները։ Խոսքը դրժելը, ստելը, հանրությանն ապակողմնորոշելը սովորական երեւույթ են դարձել, իսկ պարտականությունները չկատարելը` բնական պահելակերպ։

Պետական կառավարման համակարգի բազմաթիվ օղակներ վերից վար ներծծված են անպատասխանատվության եւ անպատժելիության ախտով, ինչը պատերազմում մեր պարտության հիմնական պատճառներից մեկը եղավ։ Այդ առումով հատկանշական է մարտական գործողությունների ընթացքում Կառավարության եւ, մասնավորապես, ՊՆ որոշ ներկայացուցիչների անպատասխանատվությունը, որոնք պարբերաբար խեղաթյուրում էին իրականությունը, ապակողմնորոշում հանրությանը եւ մնում անպատիժ։

«Հեղափոխությունից» հետո մեզ խոստանում էին «Նոր Հայաստան»` այն կապելով, իբր, արդյունավետ կառավարման պատրաստ նոր մարդկանց հետ: Սակայն քանի որ «նոր մարդիկ» զուրկ էին «նոր արժեքներից», այն է` սուտ չխոսել, կրել պատասխանատվություն եւ այլն, անցած երկուսուկես տարում ոչինչ մեր կյանքում չփոխվեց կամ փոխվեց դեպի ավելի վատը։ Այդ ընթացքում մենք լսեցինք այնքան ստեր ու տեսանք այնքան անպատասխանատվություն, որ մինչ այդ չէինք տեսել։

Հիմա հանրային հարթակներում կրկին շրջանառում են «նոր կյանք» կառուցելու առասպելը` արդեն, իբր, հաշվի առնելով պարտության դասերը: Սակայն այդ հույսերը նորից սին ու չհիմնավորված են, որովհետեւ դարձյալ պակասում է արժեքային համակարգի վերափոխման ընկալումը: Այդ մասին անգամ խոսակցություն չկա։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: