Օրեր առաջ ելույթ ունենալով «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով երեւանյան համաժողովում, ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը, որ իր արտահայտություններում միշտ ջանում է ինքնատիպ երեւալ, Զինված ուժերի թեմայով ուշագրավ հայտարարություններ է արել: Նրա համոզմամբ՝ մեր իրականության մեջ անվտանգություն ասելով՝ առաջին հերթին հասկանում են բանակ, ինչը սխալ մոտեցում է:
«Բանակը,- ասել է նա,- ինչ խոսք, առանցքային դերակատարում ունի անվտանգության ապահովման գործում, բայց նրա առանցքային դերակատարումն առաջինը չէ եւ երկրորդը չէ: Էլի եմ ասում. եթե առաջինը կամ երկրորդը լինի՝ նշանակում է անվտանգության համակարգը, առհասարակ, գոյություն չունի՝ այն լիովին խարխլված է»: Տարօրինակ է, որ պետության անվտանգության գործում չընդունելով բանակի գերակայությունը, գործադիրի ղեկավարը չի էլ հստակեցնում, թե որն է այդ դեպքում երկրի անվտանգության թիվ մեկ երաշխիքը:
Եթե դա բանակը չէ, ինչպես պնդում է, ուրեմն ինքն անկեղծ չէ: Այսինքն՝ կամ հիմա է սուտ խոսում, երբ ասում է՝ անվտանգության հարցում բանակն առաջին տեղում չէ, կամ ստում էր ավելի վաղ, երբ հայտարարում էր, թե Կիրանցում տեղադրված սահմանային սյուներն են ապահովելու մեր անվտանգությունը: Անշուշտ՝ սահմանասյուներն ինքնին չեն կարող անվտանգության երաշխիք լինել՝ առանց բանակային ուժերի: Կառավարության գլուխը դա շատ լավ է հասկանում, բայց շարունակում է կառչած մնալ այն կարծիքին, որ պետության անվտանգության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ապահովման գործում բանակը հետին պլանում է:
Փաշինյանը երբեք հենց այնպես չի խոսում: Զինված ուժերի դերի եւ անվան նսեմացումը միանգամայն հարիր է նրա վարած ներքին եւ արտաքին քաղաքական ուղեգծի ոգուն ու տրամաբանությանը: 2018-ին գալով իշխանության, ՔՊ-ական խմբակը երեք կարեւոր պետական հաստատություն թիրախավորեց, որոնցից մեկը բանակն էր (մյուս երկուսը դպրոցն ու եկեղեցին էին-խմբ.): Կարող է հարց առաջանալ՝ ինչո՞ւ է Փաշինյանը խուսափում բանակը դասել անվտանգության իր նախասիրած համակարգերի հետ նույն շարքում եւ ունենալ մարտունակ բանակ, ինչպիսին էր մինչեւ 2018 թվականը:
Եթե բացառենք դավադրության բոլոր տեսությունները՝ կստացվի, որ ՀՀ վարչապետ աշխատող անձի համար, կարծես թե, զորեղ բանակն ուղղակի ավելորդ գլխացավանք է: Այսինքն՝ ունենալ լավ զինված, մարտունակ բանակ՝ նշանակում է ունենալ. ա/ փայլուն սպայակազմ, որն աշխատում է հայրենասիրության ու սպայական պատվի ու արժանապատվության գաղափարների հիման վրա; բ/ կրթական համակարգ, որտեղ դաստիարակվում են հայրենասիրության, ազգային ավանդույթների ու արժեհամակարգի կրող սերունդներ; գ/ ռազմարդյունաբերական հզոր համակարգ; դ/ ազատ մտածող քաղաքացիներ; ե/ պետության կողմից կազմակերպված եւ արդյունավետ գործող Սփյուռք; զ/ եկեղեցու շուրջ կազմավորված ցանցային կառույց եւ այլն:
Սակայն այստեղ առանցքային մի խնդիր կա. արժանապատիվ սպան, ժրաջան ուսուցիչը, բարեխիղճ քաղաքացին, անխոնջ գիտնականը, Սփյուռքի ազատամիտ հայրենակիցը եւ ազգապահպան եկեղեցին երբեք չեն հանդուրժի ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի ու նրա ՔՊ-ական թիմի նմաններին, որոնք երկիրը, փաստորեն, տանում են կործանման: Ստացվում է, որ անվտանգային համակարգն՝ իր բոլոր բաղադրիչներով, եւ գործող կառավարությունը անհամատեղելի երեւույթներ են:
Միայն թույլ, անարժանապատիվ, արտաքին վտանգից սարսափող հասարակությունը կարող է իր քվեն տալ ներկայիս վարչախմբին: Եվ միայն թուլամորթ, աթոռապաշտ ու արժանապատվությունից զուրկ կառավարությունը կարող է ապավինել ինչ-որ սահմանային սյունի մոգական ուժի: