Հինգշաբթի, Մայիսի 06, 2021

Շաբաթվա անցուդարձ

10-17 ապրիլի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակված Արտակ Դավթյանը ապրիլի 10-ին հանդիպել է պատերազմի ընթացքում գերեվարված եւ անհետ կորած համարվող զինծառայողների ծնողների ու հարազատների հետ եւ նրանց ներկայացրել իրականացվող որոնողական աշխատանքների որոշ մանրամասներ, պատասխանել հնչեցված հարցերին: Նա հավաստիացրել է, որ բարձրացված խնդիրները մշտապես գտնվում են երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում, այդ թվում` պաշտպանական գերատեսչության իրավասությունների շրջանակում, արվում է առավելագույնը` գերեվարված զինծառայողների վերադարձն ապահովելու, անհետ կորած համարվող զինծառայողների ճակատագրերը օր առաջ պարզելու, աճյունները հայտնաբերելու եւ նույնականացնելու ուղղությամբ։

Միջոցառման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումները դարձնել պարբերական:

…Ըստ երեւույթին, պատերազմում անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների ծնողների հետ հանդիպումը կազմակերպվել էր վերջիններիս կրքերը հանդարտեցնելու համար: Բանն այն է, որ ապրիլի 8-ին պաշտոնական տեղեկություն էր տարածվել, թե Բաքվից ռազմագերիների հերթական խումբն է վերադառնում Հայաստան: Հասկանալի է, թե ինչպիսի հուզմունքով եւ սպասումներով էին գերիների ու անհետ կորածների ծնողները, հարազատները շտապել «Էրեբունի» օդանավակայան՝ դիմավորելու իրենց տառապյալներին: Եվ հանկարծ պարզվում է, որ ինքնաթիռում միայն ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն է: Նրա պնդմամբ՝ գերիների վերադարձի պայմանավորվածություն ադրբեջանական կողմի հետ չի եղել, եւ իրականում Հայաստանի ղեկավարությունը, ըստ Մուրադովի, ժողովրդին մոլորության մեջ է գցել: 

Ի նշան բողոքի՝ հիասթափված մարդիկ նույն օրը մեքենաներով փակեցին եւ մի քանի օր շարունակ պաշարված էին պահում Պաշտպանության նախարարության համալիրի բոլոր մուտքերը։ Նրանք պահանջում էին, որ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը կամ Գլխավոր շտաբի պետ նշանակված Արտակ Դավթյանը մոտենան եւ պարզաբանեն իրենց որդիների վերադարձի հետ կապված իրավիճակը։ Վերջիններս, սակայն, զգուշանալով ծայրաստիճան բորբոքված ամբոխի հաշվեհարդարից, համալիրի հետնամասով դուրս էին եկել ինքնաթիռների համար նախատեսված՝ ՊՆ թռիչքուղի, որտեղ նրանց սպասում էր նախապես պայմանավորված ուղղաթիռը, եւ ճողոպրել շենքից: 

Թյուրիմացություն, թերեւս, չպատահեր, եթե քաղաքական իշխանությունները մի փոքր շրջահայացություն ցուցաբերեին եւ իրար առաջ ընկնելով՝ հաղորդագրություն տարածելու փոխարեն, հատուկ կապով տեղեկանային ինքնաթիռի անձնակազմից՝ գալի՞ս են արդյոք ռազմագերիները, թե՝ ոչ: Առանց նրանց վերադարձի մասին ստույգ տեղեկանալու, գրեթե միաժամանակ, պաշտոնական հաղորդագրություններ էին արդեն հրապարակել վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը եւ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը: Միայն ապատեղեկատվությունը հայտնի դառնալուց հետո Ավինյանի գրասենյակից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ գերիների վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետն ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմյան մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է: 

Ասում են՝ իր սուտը հիմնավորելու համար սուտասանը ստիպված է լինում նոր սուտ հորինել: Փոխվարչապետի գրասենյակի հաղորդումը, թե «գերիների վերադարձը կրկին հետաձգվում է», ակնհայտորեն երկրորդ սուտն է: Պաշտոնական Բաքուն քանիցս հայտարարել է, որ իրենք այլեւս չունեն հայ ռազմագերիներ, կան ահաբեկիչներ եւ ռազմական հանցագործներ, որոնք պետք է դատվեն օրենքով: Այնպես որ, հետաձգվելու մասին հավաստիացումը դատարկ խոսք է, որն ասվում է գլուխը «պրծացնելու» համար: Այն չունի որեւէ հիմնավորում, անգամ՝ կատարման ժամկետ: «Բանակցությունները ռուսական կողմի միջնորդությամբ շարունակվում են, եւ հույս ունենք՝ ադրբեջանական կողմը, ի վերջո, կհարգի ստորագրված հայտարարությունը, կյանքի կկոչի հումանիտար պայմանավորվածությունը»,- ասված է փոխվարչապետի ուղերձում։ Այս ձեւակերպման մեջ ուշագրավ է «ռուսական կողմի միջնորդությամբ» միտքը, ինչը նշանակում է «ձեռքերը լվանալ» եւ խնդիրը տեղափոխել ռուսական պատասխանատվության ներքո: 

Ինչու, այնուամենայնիվ, Բաքուն չի ուզում վերադարձնել հայ ռազմագերիներին, որոնց թիվը տարբեր աղբյուրների համաձայն, տատանվում է 140-ից մինչեւ 300-ի սահմաններում: Հայաստանը, փաստացի, ադրբեջանական կողմին է փոխանցել բոլոր գերիներին, անգամ Արցախում երեխայի սպանության, խափանարար այլ հանցագործությունների համար դատապարտված Շահբազ Գուլիեւին ու Դիլհամ Ասկերովին։ Պատճառները, թե ինչու Ադրբեջանը՝ չնայած միջազգային ճնշումներին, հրաժարվում է վերադարձնել մեր գերիներին ու պատանդներին, տարբեր են: Ամենից շատ շրջանառվող դրդապատճառն այն է, որ պաշտոնական Բաքուն ցանկանում է իր մոտ պահվող հայ քաղաքացիներին վերադարձնելու դիմաց տարածքային կամ այլ կարգի զիջումներ կորզել Հայաստանից: 

Քաղաքագետ Բենիամին Պողոսյանն, օրինակ, համարում է, որ Ադրբեջանը՝ չտալով մեր գերիներին, առաջին հերթին, ցանկանում է Հայաստանում գեներացնել հակառուսական տրամադրություններ եւ անվստահություն ռազմավարական դաշնակցի նկատմամբ: Պողոսյանի դիտարկմամբ՝ գերիների վերադարձի հարցում ո՛չ ռուսական, ո՛չ էլ արեւմտյան կողմը չեն կարող մեծ ազդեցություն ունենալ, եթե Հայաստանն ինքը քայլեր չձեռնարկի՝ մասնավորապես չհայտարարի, որ դադարեցնում է տարածաշրջանի ապաշրջափակման աշխատանքներում իր մասնակցությունը, քանի դեռ լուծված չէ գերիների հարցը: «Չմոռանանք, որ Ռուսաստանը, Ֆրանսիան կամ ԱՄՆ-ը հետեւում են ՀՀ իրավիճակին, եւ նրանց մոտ կարող է տրամաբանական հարց առաջանալ` եթե Հայաստանը շարունակում է կատարել 9-րդ կետի պահանջները, այսինքն` չնայած մեղադրում է Ադրբեջանին, բայց նույնիսկ իր նվազագույն լծակները չի օգտագործում, այդ դեպքում մե՞նք ինչու պետք է, այսպես ասած, մտատանջվենք»,- հիմնավորում է քաղաքագետը: 

Եվ իսկապես, տրամաբանությունից դուրս է, երբ մտնում ես 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսված՝ ենթակառուցվածքների ապաշրջափակման պահանջների շուրջ բանակցությունների մեջ, ինչով շահագրգռված է ադրբեջանական կողմը, եւ անտեսում ես համաձայնագրի նախորդ՝ 8-րդ կետը, որը վերաբերում է բոլոր կողմերի ռազմագերիների անհապաղ փոխանակման պահանջին: Լավ, հասկացանք՝ պարտված կողմին խոսք չի հասնում, պարտված առաջնորդը ձայնազուրկ է, բայց այս աստիճա՞ն…

 

Ադրբեջանական minval.az-ի տեղեկացմամբ՝ երկուշաբթի, ապրիլի 12-ին, Բաքվում բացվել է ռազմական ավարի ցուցահանդես-պուրակ, որտեղ այցելել էր այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւը: Նշվում է, որ «պուրակում» ցուցադրվում են Ադրբեջանի ռազմական ավարները, որոնք հայկական կողմից Բաքվին են անցել 2020 թվականի աշնանը՝ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում: Ցուցադրանքը, ըստ ադրբեջանական կայքի, ավելի քան 300 ցուցանմուշ է, այդ թվում՝ մինչեւ 150 կտոր ծանր տեխնիկա, տանկեր, մարտական մեքենաներ, զենիթահրթիռային համակարգեր, հրետանային կայանքներ, փոքր զենքեր ու ռազմական մեքենաներ, հայ զինվորների սաղավարտներ, զինծառայողների մանեկենային կերպարներ, որոնք ներկայացված են արժանապատվությունը ոտնահարող, նվաստացուցիչ վիճակում:

«Պուրակում» են գտնվում նաեւ «Իսկանդեր-Մ» հրթիռների բեկորները, որոնք, Ալիեւի պնդմամբ, հայկական կողմն արձակել է Ադրբեջանի տարածք:

…Ապրիլի 12-ին սոցցանցերի հայկական հատվածը ողողված էր այդ երկրի խելահեղ քաղաքական իշխանության՝ «պուրակի» բացմանն առնչվող հայտարարություններն ու այդօրինակ տմարդի, միջնադարյան դաժանության թույնով ներծծված միջոցառումները բացառող մեկնաբանություններով, որոնց հեղինակները տարբեր մասնագիտության եւ տարիքի օգտատերեր էին, հասարակական-քաղաքական գործիչներ, փորձագետներ, մտավորականներ, իրավապաշտպան կառույցների ներկայացուցիչներ: Արցախյան պատերազմին նվիրված «պուրակը», ՀՀ ՄԻ պաշտպանի գնահատականով, պետական աջակցությամբ հայատյացության ու ադրբեջանական ցեղասպան քաղաքականության ապացույց է: «Ցուցադրություններն արված են հատուկ ցինիզմով՝ հրապարակայնորեն նսեմացնելու համար պատերազմում զոհվածների հիշատակը, անհետ կորածներին ու գերիներին, ոտնահարելու համար նրանց ընտանիքների իրավունքներն ու արժանապատվությունը»,- նշել է Արման Թաթոյանը: 

Ադրբեջանում պետական մակարդակով տարվող հայատյացության, ատելության եւ թշնամանքի քարոզչությունը հետեւողականորեն իրականացվում է արդեն երկար տարիներ: Այդ ոգով դաստիարակված ամբողջ սերունդներ են մեծացել, որոնցով Ադրբեջանի նախագահը, ինչպես խոստովանեց վերջերս, իրավամբ հպարտանում է: Ալիեւի խոսքով՝ այդ ատելությունն ու թշնամանքը խթանեցին իրենց հաղթանակը Արցախի դեմ 44-օրյա պատերազմում: Անտարակույս, հայատյաց քաղաքականության հետեւանք են այն դաժանություններն ու խոշտանգումները, սպանությունները, որոնք հայ զինվորների ու քաղաքացիական անձանց նկատմամբ կատարում էին Ադրբեջանի զինված ուժերի ծառայողները թե՛ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին, թե՛ 2016թ. Ապրիլյան քառօրյայի եւ թե՛ ադրբեջանական այլ զինված հարձակումների ժամանակ: 

Պետական հովանավորություն վայելող թշնամանքն էր պատճառը, որ դեռեւս 2006-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող ռամիլ սաֆարով տականքը կացնահարեց գիշերն անկողնում խաղաղ քնած լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին, ով եւս մեկ այլ հայ սպայի՝ Հայկ Մուկուչյանի հետ մասնակցում էր այդ դասընթացներին: Ադրբեջանը 2012-ին կարողացավ կազմակերպել հունգարական բանտում ցմահ դատապարտված մարդասպանի արտահանձնումը Ադրբեջանին, որտեղ Իլհամ Ալիեւը նրան անմիջապես ներում շնորհեց, Բաքվում բնակարան նվիրեց եւ տվեց զինվորական բարձր կոչում եւ խոշոր դրամական փոխհատուցում: Այդ երկրում հայ սպանելը գրեթե հերոսական արարք դարձավ, որի համար պետությունը խրախուսում էր եւ է: 

Արարք, որը սկսեցին ընդօրինակել ադրբեջանցի զինվորները, որոնք առիթը բաց չէին թողնում ձեռքներն ընկած հայ զինվորականին կամ անմեղ քաղաքացուն դաժանաբար սպանել, խոշտանգել, կտրել գլուխը: Ամեն ինչ արվում էր հայ ազգաբնակչության շրջանում ահ ու սարսափ տարածելու համար: Գազանաբարո վարքը, իր հետեւից մահ ու ավերածություններ թողնելը թուրքական ձեռագիր է, այդ մասին Վիկտոր Հյուգոյի թեւավոր խոսքը, թե «այստեղով թուրքն է անցել», բավական խոսուն է: Թուրքի հետագիծը սուգն ու արյունն են, թալանն ու ոչնչացումը: Այդ ձեռագիրն է փոխանցվել նաեւ ազերի թուրքերին, որոնք գործում են բացառիկ լկտիությամբ, բաց դեմքերով՝ առանց նույնիսկ մտածելու պատասխանատվության մասին եւ վստահ լինելով, որ դրա համար միայն քաջալերանքի են արժանանալու: Հանրահայտ ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը գրել է «Զարմանալի չէ, որ այդքան ադրբեջանցի զինվորներ իրենց նկարել են դաժան պատերազմական հանցագործություններ կատարելիս։ Նման անբարոյականությունը սատարվում է պետական մակարդակով»։ 

Բաքվում բացված պուրակ-ցուցահանդեսի թեմային անդրադարձել է միջազգային մամուլը՝ France 24-ը, The Guardian-ը, BuzzFeed-ը, The Times-ը, Bloomberg-ը, մի շարք այլ ԶԼՄ-ներ, քաղաքական գործիչներ եւ իրավապաշտպան կազմակերպություններ: Freedom House-ը քննադատության է ենթարկել Ալիեւին՝ Բաքվում, այսպես կոչված, «ռազմական ավարի պուրակի» բացման համար։ Մամուլը Ադրբեջանի նախագահին համեմատել է Ադոլֆ Հիտլերի ու Սադամ Հուսեյնի հետ՝ նրան անվանելով բռնապետ ու հիվանդ։ ԶԼՄ-ներից շատերը բարձրացրել են հայ ռազմագերիների ու Արցախի ինքնորոշման հարցը։ «Պուրակի» հղացումը դատապարտել է նաեւ Եվրախորհրդարանի պատգամավոր Նիկոս Անդրուլաքիսը: Սոցցանցերում վերջինս քննադատել է Ալիեւին եւ ընդգծել, որ նա «զազրելի կերպով վիրավորում է հայ զինվորների հիշատակը»՝ ստեղծելով «բարբարոսության պուրակ»: 

Բարբարոսության պուրակ… դիպուկ է նկատված: Անդրուլաքիսը հույս ունի, որ միջազգային կազմակերպությունները չեն կարող լռության մատնել «մարդկության համար ամոթալի այս միջնադարյան պրակտիկան»:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հրավերով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, ապրիլի 15-ին պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Նախագահի աշխատակազմը ավելի վաղ հայտնել էր, որ այցի շրջանակում նախատեսված է Հայաստանի եւ Վրաստանի նախագահների առանձնազրույցը, որին կհաջորդի հանդիպումն ընդլայնված կազմով: Քննարկումների առանցքում է երկկողմ հարաբերությունների օրակարգն էր եւ տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորություններին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ անդրադարձ տարածաշրջանային խնդիրներին ու զարգացումներին:

Այցի շրջանակներում Սարգսյանը հանդիպում ունեցավ համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի, Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ: ՀՀ նախագահն այցելեց նաեւ Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցի:

Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) որոշում է կայացրել Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցնել որպես դատավոր եւ որպես ԲԴԽ անդամ (նախագահ)՝ մինչեւ վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կիրականացնի Խորհրդի տարիքով ավագ անդամ՝ Բարձրագույն դատական խորհրդի գիտնական-անդամ Գագիկ Ջհանգիրյանը: «Ինտերֆաքս» գործակալության հետ զրույցում Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել, որի մանրամասները, ըստ նրա, հրապարակման ենթակա չեն։

Մոսկվայում ապրիլի 3-11-ն անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը երրորդ տեղը գրավեց մեծ մեդալների եւ հինգերորդը՝ բոլոր մեդալների հաշվարկով։ Մեծ մեդալների հաշվարկով՝ երկամարտի արդյունքներով Հայաստանի ծանրամարտիկները նվաճեցին 8 մեդալ՝ 2-ական ոսկե եւ արծաթե, 4 բրոնզե։ Եվրոպայի չեմպիոններ դարձան Կարեն Ավագյանը եւ Սամվել Գասպարյանը՝ համապատասխանաբար 89 եւ 102 կգ քաշային կարգերում։

Փոքր մեդալների հաշվարկով՝ պոկում եւ հրում վարժությունների արդյունքներով Հայաստանը նվաճեց 23 մեդալ՝ 5 ոսկե, 9-ական արծաթե եւ բրոնզե։ Այս հաշվարկով՝ Հայաստանից շատ՝ 24 փոքր մեդալ նվաճեց միայն Ռուսաստանի հավաքականը:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ապրիլի 13-ին Գյումրիում հանդիպումներ է ունեցել Շիրակից այն զինծառայողների ընտանիքների հետ, որոնք Ադրբեջանում գերության մեջ են պահվում մարդու իրավունքների միջազգային պահանջների կոպիտ խախտմամբ: Քննարկվել են թե´ գերեվարված զինծառայողների, թե´ նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության հարցեր, ինչպես նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում ձեռնարկվող քայլերը: Հիշեցնենք, որ Խծաբերդում գերեվարված 62 գյումրեցի պահեստազորայիններից մինչ օրս հայրենադարձվել է 8-ը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե Բաքուն վերադարձրել է բոլոր գերիներին, պահվում են միայն «ահաբեկիչներն ու դիվերսանտները»։

Ապրիլի 24 2021
Ապրիլի 18 2021
Ապրիլի 11 2021
Մարտի 27 2021
Մարտի 20 2021
Մարտի 13 2021

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: