Կիրակի, Օգոստոսի 07, 2022

Շաբաթվա անցուդարձ

28 մայիսի - 4 հունիսի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Մայիսի 30–ին «Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվեցին դեպի Կառավարության 3-րդ շենք, պարզելու՝ Արցախի կարգավիճակի հարցով նախարարների դիրքորոշումները։ Երթի մեկնարկին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ շարժումն այսօրվանից սկսում է այցերը տարբեր պետական, գիտական, կրթական հաստատություններ՝ հստակ պահանջով. գնահատական տալ ընդդիմության հայտարարությանը, որն Ազգային ժողովում քննարկվելու է հունիսի 3-ին ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում: Հիշեցնենք, որ ընդդիմության մշակած հայտարարությամբ ամրագրվում է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն արդեն հայտարարել է, որ իրենք չեն մասնակցելու ընդդիմության նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստին։

 

Մեկնաբանությունը

Կառավարության 3-րդ մասնաշենքում աշխատող չորս գերատեսչությունների՝ Շրջակա միջավայրի, Առողջապահության, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների ղեկավարները խուսափեցին խորհրդարանական ընդդիմության պատգամավորների հետ հանդիպելուց՝ չնայած վերջիններս մոտ երեք ժամ «Դիմադրություն» շարժման մյուս մասնակիցների հետ մասնաշենքի դիմաց էին, որտեղ մուտքը հսկող ոստիկանական խմբերի մեծաթիվ ծառայողների եւ ցուցարարների միջեւ լարվածությունը գնալով սրվում էր՝ վերածվելով հրմշտոցի: Ոստիկանությունը թույլ չէր տալիս պատգամավորներին՝ տեսակցել նախարարների հետ:

Ամենայն հավանականությամբ՝ նախարարներ Հակոբ Սիմիդյանը, Անահիտ Ավանեսյանը, Գնել Սանոսյանը եւ Նարեկ Մկրտչյանը չցանկացան հանդիպել պատգամավորներին եւ դիրքորոշում հայտնել նրանց ներկայացրած օրակարգային մի քանի սկզբունքների շուրջ, որոնցից ամենագլխավորն ու «Դիմադրություն»-իշխանություն ջրբաժանի առանցքը Արցախի կարգավիճակին վերաբերող հարցն էր: Այն հնչում էր հետեւյալ կերպ. «Կարո՞ղ եք ասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»:

Հայ պաշտոնյաների համար այս հարցին պատասխանելը տաժանակիր աշխատանքի պես մի բան է դարձել: Ըստ երեւույթին, դրանում իրենց պաշտոնին սպառնացող վտանգ են տեսնում: Օրինակի համար ԵՊՀ ռեկտորը՝ տեղեկանալով համալսարան ընդդիմադիր պատգամավորների այցի մասին, ամուր փակվել էր իր աշխատասենյակում ու ներսից կողպել դուռը, որպեսզի չառերեսվի նրանց հետ: ԱԻ նախարար Արմեն Փամբուկչյանն ասում է, որ «ԱԻՆ-ը իրավասու չէ նման գնահատական տալ»: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նույնպես, ի պատասխան լրագրողի հարցի, հրաժարվում է ասել, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի լինի՝ վկայաբերելով ընթացող բանակցություններին չվնասելու անտրամաբանական հիմնավորումը:

Այժմ գանք բուն թեմային՝ մայիսի 31-ին Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ տեղի ունեցած իրադարձություններին, որոնք, առանց չափազանցության, ոստիկանական գործողությունների դաժանությունների առումով աննախադեպ էին ՀՀ հետանկախական ողջ շրջանի պատմության մեջ: Այդ օրը բիրտ, անհամաչափ ուժի կիրառմամբ բերման են ենթարկվել, պաշտոնական տեղեկությամբ, 111, իսկ ընդդիմության պնդմամբ՝ մի քանի հարյուր ցուցարար, որոնցից շատերի նկատմամբ՝ այդ թվում պատգամավորների, այժմ փորձում են հարուցել քրեական գործեր՝ խուլիգանության հանցակազմով:

Քաղաքացիներն ընդամենը մեկ պահանջ ունեին՝ նախարարների հետ պատգամավորների հանդիպում, եւ խուլիգանի վարքագիծն ավելի շուտ ոստիկանության որոշ անբարեխիղճ ծառայողների էր հատուկ: Անսխալ վկան սոցցանցերում սփռված տեսանյութերն են, որոնք թույլ չեն տա աղավաղել խաղաղ ցուցարարների, մասնավորապես անձեռնմխելիության մանդատով օժտված պատգամավորների հանդեպ գործադրված բռնությունների խոսուն դրվագները: Դրանցում պարզ երեւում է, թե ինչպես են 5-6 հոգով տանում քաղաքացուն՝ քաշելով մազերից, պատառոտելով շորերը, նվաստացնելով, հետն էլ՝ ազատություն տալով բռունցքներին:

Սա՝ լավագույն դեպքում: Բայց կա նաեւ վատագույն դեպքը, որը տեսանկարահանվում եւ հատուկ պատվերով շտապ ուղարկվում է՝ ում որ հարկն է: Կադրերում սեւ եւ կարմիր բերետավորները քաղաքացուն բերանքսիվայր փռում են ասֆալտին կամ գլխիվայր նետում գետնին, ինչը, չնայած կարող է մահացու վտանգավոր լինել, բայց նման տեսարաններից պատվիրատուի հոգին փառավորվում է: Օրվա վայրագությունների մի շարք դրվագներ՝ թող ինձ ներեն համակարգի պարտաճանաչ ծառայողները, հազար վեց հարյուր տարի առաջ Տղմուտ գետի ափին հայերի դեմ կռվող հարբած փղերի գործողություններ են հիշեցնում:

«Էս ի՞նչ են սրանց սրսկել»,- տարակուսանքով հարցնում էին ֆեյսբուքյան օգտատերերից ամենագթասիրտները: Հոգեմետ խթանիչների առումով ձեռնպահ կմնամ մեկնությունից, որովհետեւ ապացուցող որեւէ փաստ չունեմ, փոխարենը ստուգապես տեղեկացված եմ, որ «նյութական» խթանիչների պահով ամեն ինչ OK է: Մայիսի 31-ի նախօրեին ուժայինները լիաբուռն վարձատրություն էին ստացել, հավելավճարներն էլ՝ վրադիր: Եվ հիմա քաղաքացու մուծած հարկերից շռայլորեն վարձատրվելու դիմաց նույն քաղաքացուն իրենց «երախտագիտությունն» են հայտնում… բռունցքներով: Կեցցե՛ն բերետավորները: Նրանք տրորեցին-անցան բոլոր «կարմիր գծերը», գերազանցեցին իրենք զիրենց:

Իրադարձությունների կիզակետից արված տեսանյութերը ուժայինների նախահարձակ գործողությունների մասին են խոսում: Հարվածում են՝ ում պատահի՝ լինի ցուցարար, թե պատահական անցորդ, ճերմակավարս տատիկ, թե դեռահաս պատանի, շարքային քաղաքացի, թե ԱԺ պատգամավոր: Հատկապե՛ս պատգամավոր, որի վրա «օրենքի մարդը» առաջին անգամ հրապարակավ ձեռք բարձրացրեց: Ընդ որում՝ այն պատգամավորի վրա, որն ընդամենը եկել էր Կառավարության անդամի մոտ ընդունելության, ինչի իրավունքն ունի սահմանադրորեն: Ավելին՝ նա ունի պետական եւ տեղական ինքնակառավարման ցանկացած մարմին անարգել մուտքի իրավունք:

Ոստիկանությունը չէր կարող չիմանալ պատգամավորի լիազորությունները՝ դա բացառված է: Հետեւաբար՝ ժողովրդի ընտրյալների հանդեպ դրսեւորած, մեղմ ասած, անթույլատրելի վարքագիծը երկու տրամաբանական բացատրություն կարող է ունենալ. ա/ արմունկով պատգամավորի կոկորդը խեղդելու աստիճան սեղմող ոստիկանը հատուկ առաքելությամբ ուղարկված հանձնակատար է, որը վստահ է իր անպատժելիության մեջ, ուստիեւ ազատ է իր գործողություններում; բ/ ոստիկանական համազգեստի տակ ծպտված անձը իրականում ոստիկան չէ: Պատահական չեն այն չհերքված պնդումները, թե ընդդիմության հավաքները ճնշելու գործում ներգրավված են նաեւ ՔՊ-ական օլիգարխների բազմաթիվ թիկնապահներ եւ վարչապետին սատարող, այսպես կոչված, «հեղափոխության պահապաններ»:

Ամեն դեպքում այդ «ֆեյք» ոստիկաններին ակնհայտորեն հրահանգված էր հատուկ թիրախավորել ու հնարավորինս նվաստացնել պատգամավորներին ու հանրությանը քաջածանոթ անձանց կամ նրանց ընտանիքների անդամներին: Սա վախերի մեջ անքուն գիշերներ լուսացնող հանրահայտ մարդու էլ ավելի հանրահայտ ձեռագիրն է:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Մայիսի 28-ին Հայաստանը նշեց Հանրապետության տոնը, ինչի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի եւ Արցախի ղեկավարները, Ամենայն Հայոց կաթողիկոսը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հասարակական-քաղաքական գործիչներ: Հանրապետության տոնի կապակցությամբ ՀՀ բարձրագույն ղեկավարությունը եւ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներն այցելել են Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, ծաղկեպսակներ դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին: Այդ օրը Արցախի նախագահը ԼՂ Անվտանգության խորհրդի անդամների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր ու զինվորական պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել:

Հայաստանի վարչապետը եւ ՌԴ նախագահը հունիսի 1-ին հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, տարածաշրջանային խնդիրներ ու հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունը: Պուտինը ողջունել է Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի առաջին հանդիպումը, վերահաստատել Ռուսաստանի  պատրաստակամությունը՝ աջակցելու սահմազատման գործընթացին: Հեռախոսազրույցի ընթացքում Փաշինյանը Պուտինին պատմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԵՄ խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ մայիսի 22-ին Բրյուսելում կայացած հանդիպման մասին։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մայիսի 31-ին ընդունել է երկօրյա պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին։ Կողմերը քննարկել են տարածաշրջանի եւ աշխարհի անվտանգության խնդիրները, անդրադարձել նաեւ Ղարիբաշվիլիի առաջարկած՝ Հարավային Կովկասում խաղաղ բարիդրացիության նախաձեռնությանը, որը, ինչպես նշում է աղբյուրը, ենթադրում է փոխշահավետ ոլորտներում համագործակցության նոր ձեւաչափ՝ Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ:

Կես տարվա ընդմիջումից հետո հունիսի 3-ին Մոսկվայում կայացավ կապուղիների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը: Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի ու Շահին Մուստաֆաեւի գլխավորությամբ ստեղծված այս եռակողմ խմբի առաջին հանդիպումը կայացել էր անցած տարվա հունվարին Մոսկվայում: Նախորդը դեկտեմբերին էր։ Երրորդ հանդիպումից առայժմ այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Մայիսի 28-ին հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արեւելյան հատվածում թշնամու նախահարձակ գործողությունների հետեւանքով հրազենային վիրավորում ստացած շարքային Դավիթ Վարդանյանի կյանքը, ցավոք, փրկել չի հաջողվել: Այս մասին մայիսի 29-ին հայտնել է ՀՀ Պաշտպանության նախարարությունը:

Հուլիսի 24 2022
Հուլիսի 17 2022
Հուլիսի 11 2022
Հունիսի 27 2022
Հունիսի 17 2022
Հունիսի 13 2022

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: