Ընթացիկ համար#43/2026

Գործող վարչակարգը չի կարողանում ինքն իր համար պարզել սահմանադրական փոփոխությունների նպատակահարմարությունը, ուստի հարցը օդում կախված է. քաղաքագետ

Գործող վարչակարգը չի կարողանում ինքն իր համար պարզել սահմանադրական փոփոխությունների նպատակահարմարությունը, ուստի հարցը օդում կախված է. քաղաքագետ

Newsline-ի զրուցակիցն է «Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը.

- Պարո′ն Սարգսյան, օրերս Եվրամիությունը զեկույց հրապարակեց այն մասին, որ Հ այաստանը 2014-ին սահմանափակ առաջընթաց է գրանցել ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոլորտներում, որ չի գործում հավաքների ազատության մասին օրենքը, իսկ մամուլի ազատության ոլորտում առաջընթաց չկա: Ինչո՞ւ է ԵՄ-ն նման գնահատականներ տվել:

- Միշտ էլ նման մեկնաբանություններ հնչել են, սա նորություն չէ: Պարզապես հիմա Հայաստանը նոր հարաբերություններ է սկսում Եվրամիության հետ, խոսվում է մայիսին Ռիգայում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովում նորացված փաստաթուղթ ստորագրելու մասին և այլն: Եվրամիության հետ հարաբերությունները վերահաստատելու գործընթաց է նկատվում և ԵՄ զեկույցը կարելի է դիտարկել հենց այս ֆոնին: Կարծում եմ, որ Ռիգային ընդառաջ Եվրամիությունը մեծացնում է իր պահանջները Հայաստանի նկատմամբ, ուստի բավական կոշտ, կոնկրետ գնահատականներ է հնչեցնում ժողովրդավարության վերաբերյալ:

- Հայաստանում անցկացվող «Եվրոպական շաբաթ»-ի ընթացքում ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ բավական հստակեցված մոտեցումներ հնչեցին: Ամեն դեպքում Եվրամիության ներկայացուցիչները հայտարարեցին, որ ԵՄ-ն փոխում է իր քաղաքականությունն արևելյան գործընկերության հարցում, որ այսուհետ կլինի անհատական մոտեցում ԱլԳ 6 պետությունների նկատմամբ: Հաշվի առնելով այս հայտարարությունները՝ հնարավո՞ր է, որ Սերժ Սարգսյանին հաջողվի կյանքի կոչել «և-և»-ի քաղաքականությունը և Ռիգայում ՀՀ-ԵՄ միջև նորացված համաձայնագիր կնքվի:

- Դա կախված է միայն անվտանգության խնդրի հետ: ԵՄ-Ռուսաստան ընտրության կամ ավելի ճիշտ ասած՝ բանավեճի առանցքում, անվտանգության հարցն էր, որը, փաստորեն, հիմա Եվրոպան հաշվի է առնելու: Եթե հետևեք նրանց հայտարարություններին, կտեսնեք (ամեն դեպքում ես նման տպավորություն ունեմ), որ Եվրոպան, կարծես, պատրաստակամ է հաշվի առնել ՀՀ-ին անվտանգության երաշխիքներ տալու կարևորությունը: Իսկ ՀՀ հարաբերություններն այս կամ այն կառույցի, կազմակերպության հետ կախված են դրանից: Եթե անվտանգության երաշխիքների հարցում Հայաստանն ու ԵՄ-ն համաձայնության գան, ապա կստորագրվի նոր համաձայնագիրը:

- Եվրամիության կողմից մեզ տրվող անվտանգությունը կարող է լինել ՆԱՏՕ-ի միջոցով: Դուք հավանական համարո՞ւմ եք, որ ՀՀ-ն անդամակցի ՆԱՏՕ-ին, ինչպե՞ս է բավարարվելու անվտանգության ապահովման հարցը:

- ԵՄ-ն չի կոնկրետացնում, թե ի՞նչ նկատի ունի անվտանգության երաշխիքներ ասելով: Չկա հստակություն, չկա հրապարակային տեղեկատվություն՝ բանակցություններ, առաջարկներ եղե՞լ են այդ հարցում, թե՞ ոչ, ի՞նչ պահանջներ կան ԵՄ կողմից մեր նկատմամբ, և ի՞նչ պահանջներ կան մեր կողմից: Մենք ինֆորմացված ենք ակնարկների մակարդակում և ոչ ավելին: Ամեն դեպքում, տեսանելի է, որ նոր փաստաթղթի բանակցությունների կենտրոնում անվտանգության երաշխիքների հարցն է:

- Անդրադառնալով ներքաղաքական կյանքին: Ինչո՞ւ է, ըստ Ձեզ, ձգձգվում սահմանադրական փոփոխություններն անցկացնելու հարցը: Տևական ժամանակ է հարցը քաղաքական օրակագում է, բայց քննարկումներից դուրս այդպես էլ ոչինչ չի արվում, որ դրանք իրականանան, թեև Սերժ Սարգսյանի հրավերն ընդունած կուսակցությունների միջոցով իշխանությունները ցույց տվեցին, որ կա նաև քաղաքական կոնսենսուս:

- Գիտեք, կարծում եմ, որ հենց իշխանությունները չգիտեն՝ ինչ են ուզում: Սերժ Սարգսյանը մի քանի անգամ հայտնել է իր անհամաձայնությունը, ասել է, որ անհասկանալի հարցեր կան, բարձրացրել է այդ անվտանգության հարցը և մի շարք այլ խնդիրներ: Այնպես որ արդեն գաղտնիք չէ, որ պատկերացումները սահմանադրական փոփոխությունների հարցում տարբեր են, որ կասկածներ կան: Գործող վարչակարգը չի կարողանում ինքն իր համար պարզի այդ փոփոխությունների նպատակահարմարությունը, ուստի հարցը օդում կախված է:

- Բայց խոսվում է անգամ այն մասին, որ հնարավոր է ԱԺ-ին ներկայացվի երկու փաստաթուղթ:

-Հնարավոր է, որ ոչ մի փաստաթուղթ էլ չներակայացվի: Գուցե ժամանակին սահմանադրական փոփոխությունների հարցը քաղաքական օրակարգ իջեցնելը ներքին խնդիրներ էր լուծում: Հայաստանում նման պրակտիկա կա չէ՞, որ ինչ-որ մեկը մի գաղափար է նետում, որի շուրջ ամիսներով, տարիներով կեղծ օրակագ է ձևավորվում: Չի բացառվում, որ սահմանադրական փոփոխությունների հարցը կեղծ օրակարգ է եղել ու հիմա իշխանությունները կրակն են ընկել դրա ձեռը, չգիտեն՝ շարունակեն, թե չշարունակեն:

- Կեղծ օրակարգերը, որպես կանոն, որևէ կարևոր հարցից շեղելու նպատակ են հետապնդում: Ի՞նչ խնդիրն էին ուզում քողարկել սահմանադրական փոփոխություններով:

- Ոչ միշտ է կեղծ օրակարգը շեղելու նպատակ հետապնդում, դրանով հնարավոր է, որ իրենք ցանկանում էին վերահսկել, իրենց ձեռքը պահել ներքին քաղաքականությունը: Արհեստական օրակարգ են գցում, դրանից գործընթաց կերտում: Դա համընկավ Եռյակի ակտիվացման հետ, եթե հիշում եք, ու հարցն այդ մասով էլ օգտագործվեց: Նախկինում հայ-թուրքական հարաբերությունների հարցն էր օրակարագային, հիմա էլ Ցեղասպանության հարցն են բերել, ասում են՝ հենց սա է թիվ մեկ օրակարգը: Եվ քաղաքական հարաբերություններն այլ ուժերի հետ դիտվում են այս կեղծ օրակարգերի միջոցով: Մի օր հարցը կհանեն, կզարմանանք, բա էդ ո՞նց հանեցին, բա ամբողջ օրը սահմանադրական փոփոխություններ էին ասում… Սրանք քաղաքական ուժերի հարաբերվելու թեմաներ են: Քրեաօլիգարխիկ համակարգն իր կյանքով, իր օրակարգերով ապրող երևույթ է ու կապ չունի երկրի բուն խնդիրների հետ: Իրենք իրենց շահերից բխող առաջարկներ են անում, փոփոխություններ են անում ու վերջ: Սա է:

Newsline.am