Հինգշաբթի, Սեպտեմբերի 20, 2018

Հարցազրույց

Սուրեն Սարգսյան. «Հայաստան կատարած այցը Մերկելի համար առավելապես PR բաղադրիչ էր պարունակում»

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը տարածաշրջան կատարած այցի շրջանակում օգոստոսի 24-25-ը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան: Մերկելը հանդիպումներ եւ քննարկումներ ունեցավ ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ, ծաղիկներ խոնարհեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում` հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Անգելա Մերկելի կատարած այցի, Հայաստանի միջազգային դերի եւ օրակարգային այլ հարցերի շուրջ «Հայացք»-ը զրուցել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանի հետ: 

- Պարոն Սարգսյան, ավանդույթի համաձայն` պաշտոնական այցերը հաջողված են համարվում կնքված փաստաթղթերով: Մերկելի այցի ընթացքում երկկողմ հարաբերությունների վերաբերյալ որեւէ փաստաթուղթ չստորագրվեց, բայց կարծես` կանցլերը գոհ գնաց Հայաստանից: Սա կարելի՞ է հարաբերությունների խորացման ճանապարհին առաջընթաց  ու հիմք համարել` հետագա համագործակցության զարգացման համար:

- Չեմ հիշում մի պաշտոնյա, որ Հայաստանից դժգոհ գնացած լինի: Ինչ վերաբերում է փաստաթղթերի ստորագրման գործընթացին, օգնության եւ ներդրումների մասին մեծ ֆինանսական փաստաթղթեր ստորագրվեցին Վրաստանում, փաստաթուղթ ստորագրվեց նաեւ Ադրբեջանում, իսկ Հայաստանում, ըստ էության, ոչինչ չստորագրվեց: Հայաստանյան այցը, կարելի է ասել, տարածաշրջան Անգելա Մերկելի կատարած այցի ամենաթեթեւ հատվածն էր. այն առավելապես աչքի ընկավ PR բաղադրիչի մասով: Այստեղ Մերկելը հնարավորություն ունեցավ դուրս գալ փողոց, շփվել մարդկանց հետ, նրա այցի շեշտադրումներն առավելապես այդպիսին էին: Հայաստանում նաեւ քաղաքական լուրջ հայտարարություններ չեղան: Մերկելը հայտարարություն չարեց Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, իսկ Արցախի վերաբերյալ Գերմանիան կրկնեց Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը: Տարածաշրջանային այցը կարեւոր եւ բացառիկ էր, որովհետեւ նման մակարդակի այց երբեք չէր եղել, սակայն Մերկելի համար հայաստանյան այցի հատվածն առավելապես PR-ի որոշ բաղադրիչներ ուներ: 

- Անգելա Մերկելը չարտասանեց ցեղասպանություն բառը: Այնուամենայնիվ, Ծիծեռնակաբերդ այցելելն ու հարգանքի տուրք մատուցելը Գերմանիայի կողմից ցեղասպանության ճանաչման ճանապարհին առաջընթաց համարո՞ւմ եք:

- Առաջընթաց չեմ համարում, որովհետեւ Հայաստան եկող բոլոր հյուրերը, մեր երկրի արարողակարգի համաձայն, այցելում են Ծիծեռնակաբերդ եւ հարգանքի տուրք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Շատ դեպքերում պետությունների պաշտոնյաները նույնիսկ նախապայման են դնում, որ որեւէ հայտարարություն չեն անելու Ծիծեռնակաբերդում: Այս առումով որեւէ առաջընթաց չկա, սա Հայաստանի արարողակարգի բաղկացուցիչ մասն է: 

- Նման բարձրաստիճան այցերը կապվա՞ծ են վերջին շրջանում Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացման հետ:

- Բարձրաստիճան այցելություններ Հայաստանում միշտ եղել են եւ լինելու են: Հայաստանում եղել են տարբեր, այդ թվում` գերտերությունների առաջնորդներ, արտգործնախարարներ, խորհրդարանների խոսնակներ, այսինքն` բացառիկ չէր այս առումով Գերմանիայի կանցլերի այցը, որովհետեւ Հայաստանում եղել են թե´ Ռուսաստանի, թե´ Ֆրանսիայի ու այլ տերությունների առաջնորդները: Ինչ վերաբերում է Հայաստանի միջազգային հեղինակությանը, ապա բնական է` եթե որեւէ երկրում ժողովրդավարական գործընթացներ են տեղի ունենում, քաղաքակիրթ եւ առաջադեմ աշխարհը դրան համարժեք պատասխան է տալիս: Այս իմաստով` եթե Հայաստանը կարողանում է քաղաքակիրթ աշխարհում ժողովրդավարական պետության ընկալում ձեւավորել, ապա, իհարկե, սա հեղինակության վրա դրական ազդեցություն է ունենում: 

- Ադրբեջանը մուտքի արտոնագիր չէր տվել գերմանական պատվիրակության անդամ, Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներից մեկին: Կանցլեր Անգելա Մերկելը տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման համար հարցը լուծեց այդ պաշտոնյային մեկ ուրիշով փոխարինելով: Այս հարցում Գերմանիայի պես գերտերության նահանջն արդյոք Ադրբեջանը չի՞ օգտագործի իր ռազմատենչ հռետորաբանության ամրապնդման համար:

- Ադրբեջանը ռազմատենչ հայտարարություններով միշտ հանդես է եկել: Նման քաղաքականություն վարել է եւ շարունակելու է վարել` անկախ ցանկացած տեսակի այցերից, բանաձեւերից, քննադատություններից, միջազգային հանրության, կազմակերպությունների եւ պետությունների կոչերից: Այսինքն` աշխարհը մի կողմ, Ադրբեջանի գործողությունները` մի կողմ: Չեմ հիշում դեպք, որ որեւէ հայտարարության, որեւէ բանաձեւի պատճառով Ադրբեջանը փոխի իր ռազմատենչ հայտարարությունների տոնը եւ նախահարձակ պահվածքը: Այսպիսի քայլերը որեւէ հետեւանք եւ ազդեցություն չեն ունենում Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության վրա:

 

Հարցազրույցը վարեց Նորայր Շողիկյանը

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am