Monday, 25 November 2024

W Weekly Update

9-16 մարտի 2024թ.

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

ՀՀ-ում վարչապետ աշխատող անձը մարտի 12-ին հանդես եկավ մամուլի ասուլիսով եւ փաստացի՝ կամքից անկախ, վերահաստատեց իր հավատարմությունը ազգակործան այն ծրագրին, որի իրականացման համար Արեւմուտքի մանդատով եւ իր անհայրենիք թիմով եկել էր իշխանության: Այս անգամ Փաշինյանին հարցեր հղելու հնարավորություն ունեցան, իբր, մի քանի տասնյակ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Իսկ նրանց մասին, ովքեր այդ հնարավորությունը չունեցան, օրվա բանախոսը նախընտրեց լռել: Ասուլիսում նա, իհարկե, չխոսեց ՀՀ 200 քկմ ինքնիշխան տարածքների մասին, որտեղ հետպատերազմյան շրջանում ներխուժել է Ադրբեջանը եւ այնտեղից դուրս գալու մտադրություն չունի:

Փոխարենը մուտքի խոսքում մանրամասն անդրադարձավ ՀՀ-ի առաջարկած երեք սկզբունքներին, որոնց հիման վրա շարունակում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու քաղաքականությունը: Դրանք են՝ ա/ ՀՀ-ն եւ Ադրբեջանը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը; բ/ Նույն հռչակագիրն ընդունել որպես սահմանազատման հիմք, ինչը նշանակում է, որ ԽՍՀՄ փլուզման շրջանում հանրապետությունների միջեւ դե յուրե գոյություն ունեցած վարչական սահմանը դառնում է պետական սահման եւ գ/ Տարածաշրջանային հաղորդակցությունները պետք է բացվեն դրանց անցման երկրների ինքնիշխանության եւ իրավազորության ներքո:

Ասուլիսում հնչած հարցերին Փաշինյանը խուսափողական պատասխաններ էր տալիս, ինչպես հարիր է իր բնավորությանը, կիրառում էր էժանագին մանիպուլյատիվ հնարքներ եւ թեման «ջրելու» կամ իր ուզած հունով տանելու պարզունակ մեթոդաբանություն: Քանի որ հնարավոր չէ ասուլիսային երեքուկեսժամյա խառնիճաղանջ խոսույթն ամբողջովին ներառել մեկ փոքրածավալ հրապարակման մեջ, որը մեր ձեւաչափն է, կփորձենք մեկնաբանությունը կառուցել ամենաուշագրավ դրվագների ներկայացման հիմունքով:

Եվ այսպես՝ դրվագ 1-ին: Լրագրողական պարզ հարց. դուք խոստացաք խաղաղության դարաշրջան բացել, բայց, կարծես թե, չստացվեց: Արդյոք ձեզ օրինակարգ համարո՞ւմ եք: Բառացի պատասխանի բավիղներում չմոլորվելու ու ընթերցողին էլ չմոլորեցնելու համար պատասխանը ներկայացնենք պատմողաբար: Ասուլիսի բանախոսը երկար-բարակ բացատրում է, թե ինչ ասել է՝ ռազմավարություն, խորհուրդ է տալիս մի պահ վերանալ աքսիոմատիկ մոտեցումներից, փորձել աքսիոմները վերաձեւակերպել թեորեմների եւ ցանկացած խնդիր դիտարկել հենց թեորեմների լույսի ներքո: Պարզ ասած՝ փորձում է համոզել, որ աշխարհում չկան աքսիոմատիկ ճշմարտություններ, կա սոսկ թեորեմով ապացուցվող ճշմարտություն:

Պետք չէ մաթեմատիկոս լինել՝ հասկանալու եւ որոշ տհասների էլ հասկացնելու, որ մաթեմատիկայում թեորեմները, առհասարակ, ապացուցվում են աքսիոմների հիման վրա: Տարրական դասարանից շատերս դեռ հիշում ենք տարածված աքսիոմներից մեկը՝ «Գումարելիների տեղերը փոխելուց գումարը չի փոխվում»: Ի՞նչ կարող է ստացվել, եթե մենք բոլոր աքսիոմները վերածենք թեորեմների, այսինքն՝ բացառապես ապացուցման ենթակա հիմնախնդիրների: Վերցնենք մեր կյանքից հետեւյալ աքսիոմը՝ «Արցախը հնամենի հայկական բնօրրան է»: Եթե սա չենք ընկալում որպես աքսիոմ, այն դարձնում ենք վեճի առարկա: Նույնը՝ «Հայոց ցեղասպանություն» եւ անհաշիվ թվով այլ աքսիոմների է վերաբերում: Նման տրամաբանությամբ կարող ենք պետություն կորցնել:

Դրվագ 2-րդ: Հարցնում են՝ հաճախ եք խոսում պատերազմի վերսկսման մասին. արդյոք պատրա՞ստ ենք մենք պատերազմի: Պատասխանում է, որ մենք գնում ենք խաղաղության պայմանագրի ստորագրման, իսկ հնարավոր պատերազմի դեպքում պետք հույսներս մեզ վրա դնենք: Հետաքրքիր է՝ մեր ինչի՞ վրա դնենք հույսներս. անվտանգության հարցերը ձախողել եք, գործընկերներին հիասթափեցրել ու հեռացրել մեզանից, պաշտպանողական մի քանի զենք, մի քանի ամենագնաց մեքենա եք ձեռք բերել, աշխարհով մեկ ձեններդ գցել: Ո՛չ մեկ զինավարժություն, ոչ առաջնագծի պատշաճ կահավորում, ո՛չ դիվանագիտական ճակատի ամրացում: Վերջերս էլ պարզվեց, որ Թուրքիայից առաջարկ է եղել Սյունիքին տալ ինքնավար մարզի հատուկ կարգավիճակ:

Նույն լրագրողի երկրորդ հարցը Էդմոն Մարուքյանի եւ Արշակ Կարապետյանի հրաժարականների մասին էր: Շատ հակիրճ նշեց, որ Էդմոնից դժգոհ է, չնայած վերջինիս հրաժարականի պատճառը շատերին է հայտնի: Այդ մասին հրաժարականի դիմումում Մարուքյանն ընդգծել է, որ մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ իր եւ Փաշինյանի տեսլականներն անհամատեղելի են: Մեկ այլ տեղեկությամբ, որ հայտնել է Փաստ»-ը, դեսպանի պաշտոնից Մարուքյանի ազատվելու իրական պատճառը վերջին երեք ամսվա ընթացքում նրա թվիթերյան ակտիվ գրառումներն են։ Իսկ ինչ վերաբերում է Արշակ Կարապետյանի հրաժարականին, ապա դա երկու խոսքով չես ասի: Կփորձենք այն ավելի մանրամասն ներկայացնել 3-րդ դրվագի տակ:

Դրվագ 3-րդ: Նախկին Պնախարար Արշակ Կարապետյանի մասով Փաշինյանն ասել է. լինելով Պաշտպանության նախարար, 2021թ. նոյեմբերի 14-ին իրեն չի զեկուցել, որ ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի տարածք։ Կարապետյանն՝ ի պատախան, ավելի ուշ հերքել էր Փաշինյանը պնդումները՝ հակադարձելով, որ իր մասին արված բացահայտումները շինծու են։ Նրա խոսքով՝ ինքն այդ օրը եղել է Դուբայում։ Իր հերթին՝ Փաշինյանը «Վոթսապ»-ում հրապարակված նամակագրությունից միացնում է 2021-ի նոյեմբերի 14-ի առավոտյան Կարապետյանից ստացած ձայնային հաղորդագրությունը, որում ասվում է. «Ողջություն եմ ցանկանում, պարոն վարչապետ։ Մեզ մոտ ամեն ինչ նորմալ ա»։

Մի կողմ թողնենք բոլոր ոչ էական հանգամանքները, նույնիսկ Փաշինյանի՝ բանակի գործերին միջամտելու ու դրա հետեւանքների մասին նախկին Պնախարարի բավական աղմկոտ բացահայտումները՝ դրանով թող զբաղվեն պատկան մարմինները: Լա՛վ, սա երկրի առաջին դեմքի ու պաշտպանական գերատեսչության ղեկավարի շփման ձե՞ւ է, այն էլ «Վոթսապ» կապով, որը շատ հեշտությամբ Թուրքիայից կարող է գաղտնալսվել: Եվ այն էլ՝ 2021-ի նոյեմբերյան անհանգիստ ժամանակներում: Սա առողջ տրամանաբանության մեջ դժվար է տեղավորել: Տեսնես մոլորակում կգտնվի՞ մեկ այլ երկիր, որտեղ «Վոթսապ»-ով են հաղորդակցվում երկրի ղեկավարն ու պնախարարը:

Փաշինյանը դժգոհում է, թե գեներալն իրավիճակի մասին իրեն սխալ է զեկուցել: Իր նշանակած կադրն է: Եթե մի փոքր հեռուն գնանք՝ կպարզվի, որ ժամանակին իրեն սխալ էր զեկուցում նաեւ Օնիկ Գասպարյանը, իսկ էլ ավելի հեռու գնալով, հնարավոր է՝ բախվենք Դավիթ Տոնոյանի սխալ զեկույցին: Այս ինչպե՞ս է լինում, որ նշանակածդ բոլորը կադրերը մի գլուխ սխալվում են, պարոն Փաշինյան, եւ դրանց արանքում Ձերդ գերազանցությունը միշտ անսխալական է դուրս գալիս: Միակ անսխալականը, որին անվերջ թյուրիմացներ են «ռաստ» գալիս՝ բախտի տերը մեռնի: Հիմա գոնե կա՞ երաշխիք, որ վաղը կամ մյուս օրը ներկայիս Պնախարարը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, մյուս առանցքային օղակների պատասխանատուները ճիշտ կզեկուցեն: Կապրենք՝ կտեսնենք:

Դրվագ 4-րդ: Փաշինյանը ասուլիս էր բերել Հայաստանի քարտեզի ստվարաթղթե մանրակերտը եւ անամոթաբար ցույց էր տալիս Տավուշից հանձնելիք՝ Բաղանիս-Այրում, Ներքին Ոսկեպար (Աշաղը Աքսիպարա), Խեյրիմլի եւ Ղըզըլհաջիլի բնակավայրերը, որոնք արհեստականորեն անկլավներ են անվանվում, իսկ իրականում ադրբեջանցիներով բնակեցված հայկական գյուղեր են եղել: Փորձագիտական հանրույթը զգուշացնում է, որ դրանց հանձնմամբ՝ ՀՀ-ն ազերի թուրքերի առջեւ կբացի իր հյուսիս-արեւելյան դարպասը: Եթե նկատի առնեք, որ հարավից էլ լրջորեն վտանգված է Սյունիքը,- նրա սահմաններում թշնամին մեր թողտվությամբ ժամանակին շահեկան դիրքեր էր գրավել ու ամրացել,- կպարզվի, որ մենք թշնամու աքցանի մեջ ենք:

Նշված չորս գյուղերը Ադրբեջանը պահանջում է անհապաղ: Ինչո՞ւ: Որովհետեւ ուզում է հնարավորինս շուտ հաստատել ռազմավարական ենթակառույցների նկատմամբ իր վերահսկողությունը: Հայտնի է, որ Տավուշի այս հատվածը ՀՀ-ի ամենապաշտպանված բնագծերից է, եւ եթե հանձնում ենք խնդրո առարկա գյուղերը, ինչի «դաբրոն» Փաշինյանը, կարելի ասել, տվել է, թեպետ ասուլիսում հակառակն էր պնդում, նշանակում է սեփական ձեռքերով քանդել այդ հատվածի ամբողջ պաշտպանական գիծը: «Ադրբեջանի նպատակը շատ հստակ է. Իլհամ Ալիեւը մի առիթով հայտարարել էր, որ Սոթք-Խոզնավար մտել են, որպեսզի վիզուալ տեսանելիություն ապահովեն հայկական շարժերի վրա: Այս հատվածում եւս թշնամու խնդիրը նույնն է»,- համոզված է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը:

Նիկոլ Փաշինյանը մեր աչքի առջեւ շատ հանգիստ, անվրդով, անգամ կատակային բարձր տրամադրությամբ ավարտին է հասցնում մեր պետությունը թշնամուն հանձնելու ծրագրային գործընթացը: Հողը գնում է մեր ոտքերի տակից, տիկնայք եւ պարոնայք: Օր առ օր, ժամ առ ժամ: Ունե՞նք մենք հանդուրժելիության կարմիր գծեր, թե՝ ոչ: Մինչեւ ե՞րբ ենք մեր տներում նստած սպասելու այս համազգային տնաքանդության օրհասին:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Ձայների 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ հարաբերակցությամբ Եվրախորհրդարանը (ԵԽ) մարտի 13-ին ընդունեց Եվրամիության եւ Հայաստանի միջեւ կապերի մասին հատուկ բանաձեւը, որում դաշինքի օրենսդիր մարմինն անդրադառնում է նաեւ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությանը: «Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալ եւ շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար»,- ասված է ԵԽ պատգամավորների կողմից համատեղ ներկայացված բանաձեւում։

Ադրբեջանի զինված ուժերի՝ Նախիջեւանում տեղակայված համազորային բանակում լայնածավալ հրամանատարաշտաբային զորավարժություններ են մեկնարկել։ Այդ մասին մարտի 9-ին հաղորդել է Ադրբեջանի ՊՆ-ը՝ տեղեկացնելով, որ զորավարժություններին մասնակցում են ինքնավար հանրապետության տարածքում տեղակայված տանկային, հակաօդային պաշտպանության եւ հատուկ նշանակության ստորաբաժանումները։ Զորավարժություններին մասնակցող ստորաբաժանումները, ըստ ՊՆ-ի հաղորդման, խաղարկում են մարտական գործողությունների մի շարք սցենարներ:

Աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը մարտի 11-14-ը հանդիպումներ է ունեցել այդ երկրի Պաշտպանության, Արտաքին գործերի եւ Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնյաների հետ: Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ Հնդկաստանի ռազմարդյունաբերության համակարգի մի շարք պատասխանատուների հետ հանդիպումների ժամանակ քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Երեւանի ավագանին մարտի 12-ին ընդունեց տրանսպորտի սակագնի վերանայման մասին նախագիծը՝ 32 կողմ, 2 դեմ ձայներով։ «Ազգային առաջընթաց» եւ «Մայր Հայաստան» խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը։ Նախագիծը չէր ընդունվի, եթե «Հանրային ձայնի» երկու անդամներն էլ ընդդիմադիր մյուս խմբակցությունների օրինակով լքեին դահլիճը։ Որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից: Նախատեսվում են անսահման երթեւեկության համար մեկամսյա (8.800 դրամ), եռամսյա (23.600 դրամ) եւ մեկ տարվա (88. դրամ) փաթեթներ: Բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի համար կկիրառվեն զեղչեր:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, թե մարտի 11-ին ժամը 12:10-ին հայկական ԶՍՒ ստորաբաժանումները Հայաստանի Տավուշի մարզի Չինարի (հաղորդագրությունում՝ «Թովուզգյալի շրջանի Չինարլի») բնակավայրի ուղղությամբ տեղակայված դիրքերից փորձել են քվադրոկոպտերի միջոցով հետախուզական թռիչքներ իրականացնել Թովուզի շրջանի Էսրիկ (Ասրիկ) բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական բանակի դիրքերի վրայով: Ըստ հաղորդագրության՝ «հայտնաբերված անօդաչու թռչող սարքը հատուկ տեխնիկական միջոցներով չեզոքացվել է»։ Հայկական կողմն առայժմ չի մեկնաբանում Բաքվի հաղորդումը:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.