Ուրբաթ, Դեկտեմբերի 06, 2024

Ազատ ամբիոն

Ինքնակազմաքանդվող պետության մի դրվագ

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանը միշտ եղել է Հայաստանի՝ տվյալ ժամանակաշրջանի արտացոլանքը, իշխանության եւ հանրության արատավոր բարքերի,  թերակատար բարեփոխումների խտացումը։

…Այդ օրը լուսադեմին օդանավակայանի ժամանման սրահը երեւանյան ռեստորան էր հիշեցնում. դհոլ-զուռնա, գոռում-գոչյուն, խմբված տղամարդիկ, փուչիկներ։ Ովքե՞ր էին, ո՞ւմ էին դիմավորում, ո՞վ էր իրավունք տվել միջազգային օդանավակայանը վերածել երգ ու պարի հավաքատեղիի։

Ժամանման սրահից բարձրանում եմ մեկնման սրահ, ուր ԱԱԾ սահմանապահ զորքերի պատուհանների մոտ հնդիկների հսկայական հերթ է, գետնին նստած, կիսապառկած մեծաթիվ հնդիկներն ու մյուս ասիացիները գրեթե փակել են անցուդարձը օդանավակայանի այդ հատվածում՝ Երեւանի օդանավակայանի փոքր չափերի համար սա մեծ անհարմարություն էր առաջացնում. ասիացիները, ճիշտ է, ոչ մի վատ բան չէին անում, սակայն իրենց նեղություն չէին տալիս գոնե պայուսակները մի կողմ դնել, որպեսզի անցուդարձը չխաթարվի։

Թանկարժեք ավտոկայանատեղից դուրս եմ գալիս, աղջիկս զանգահարում է եւ բողոքում, որ անվտանգության ստուգման ժամանակ աշխատակցուհին իրեն դարձյալ ռուսերենով է դիմել։ Երբ աղջիկս բողոքել է եւ ասել, որ ինքը հայերեն է խոսում, աշխատակցուհին անվրդով արձագանքել է՝ «Լավ եք անում»։

Մինչ ԱԺ նախագահը իրավացիորեն ուզում է «Զվարթնոցից» դուրս բերել ռուս սահմանապահներին, լավ կլինի զուգահեռ կամ դրանից առաջ օդանավակայանի աշխատողներից պահանջել նախ՝ չխախտել Լեզվի մասին ՀՀ օրենքը, երկրորդ՝ ուղեւորների հետ հաղորդակցվելուց առաջ հարցնել, թե ինչ լեզվով են խոսում, ինչպես վարվում են արտերկրի օդանավակայաններում։

«Զվաթնոց» օդանավակայանը միշտ էլ Երեւանի այցեքարտն է համարվել։ Ժամանակին օդանավակայանից մայրաքաղաք ձգվող ճանապարհին խաղատների մեծաթիվ գովազդը վկայում էր, թե ինչպես է իշխանությունը նախընտրում փող աշխատել, թե ինչ բարքեր են խրախուսվում երկրում։

Այժմ արդեն օդանավակայանում դղրդացող դհոլ-զուռնան, ՀՀ քաղաքացիներին ռուսերենով դիմող անվտանգության աշխատակցուհին, վրադ գրոհող տաքսիստներն ի ցույց են դնում ինքնակազմաքանդվող պետության ցավալի պատկերը։

Մեզ՝ հայերիս, դժբախտաբար, չհաջողվեց ոչ միայն անկախ պետություն կայացնել, այլեւ անգամ «Զվարթնոց» օդանավակայանը կարգի բերել։

 

Նարինե Մկրտչյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: