Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Ազատ ամբիոն

Հեղափոխությո՞ւն, հեղաշրջո՞ւմ, տեղափոխությո՞ւն, իսկ միգուցե բոլորովին ա՞յլ բան

Օգտվողների գնահատում. 5 / 5

գործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղ
 

Արդեն շուրջ մեկ տարի ութ ամիս է անցել Հայաստանում 2018թ․ տեղի ունեցած  գարնանային հայտնի իրադարձություններից։ Սակայն մինչ օրս ինչպես հայ հասարակության, այնպես էլ համաշխարհային հանրության ամենատարբեր շերտերի ներկայացուցիչներին հետաքրքրում է, թե այնուամենայնիվ ի՞նչ է կատարվել ու կատարվում Հայաստանում։ Արդյո՞ք տեղի ունեցածը հեղափոխություն էր, հեղաշրջում, թե, այնուամենայնիվ, իշխանափոխություն կամ, ինչպես արդեն շատերն են պնդում, ուղղակի տեղափոխություն։ Իսկ միգուցե Հայաստանում կատարվածը բոլորովին ա՞յլ բան էր։ Ահա այս եւ բազմաթիվ այլ հարցերի պատասխանները կփորձենք գտնել «ժամանակների խաչմերուկում»` ժամանակների եւ համաշխարհային պատմության փորձի դիտանկյունից։

Այսպիսով, ինչպես հիշում ենք, 2018թ․ գարնանային իրադարձությունների ընթացքում եւ դրանից հետո ամենատարբեր հարթակներում, այսպես կոչված, «շարժման առաջնորդ», այժմ արդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում էր, որ Հայաստանում կատարվածը ոչ այլ ինչ է, եթե ոչ թավշյա հեղափոխություն։ Հասկանալու համար, թե արդյո՞ք Փաշինյանի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, նախեւառաջ, կփորձենք հասկանալ՝ ինչ ասել է հեղափոխություն։ Այդ իսկ նկատառումով կրկին դիմենք համաշխարհային պատմության օգնությանը։ Գիտական լակոնիկ սահմանմամբ՝ հեղափոխություն` նշանակում է արմատական փոփոխություններ։ Որպես կանոն, հեղափոխությունները լինում են տնտեսական, մշակութային, գիտատեխնիկական, սոցիալական եւ, իհարկե, քաղաքական բնույթի։ Եվ բոլոր դեպքերում էլ ենթադրում են համակարգային, արմատական ու բեկումնային փոփոխություններ համապատասխան ոլորտներում։ Նշվածներից ամենաշատը մեզ հետաքրքրում է քաղաքական հեղափոխություն երեւույթը՝ կապված հայաստանյան 2018-ի իրադարձությունների հետ։ Դասական իմաստով քաղաքական հեղափոխությունները առնվազն ենթադրում են. ա/ տիրող կառավարման համակարգի լիակատար վերափոխում, բ/ քաղաքական ինստիտուտների, պետական կառավարման մարմինների կազմավորման, գործունեության եւ էության բովանդակային փոփոխություններ եւ գ/ իշխող քաղաքական էլիտայի որակական փոփոխություն։

Այս շարքը կարելի է շարունակել, սակայն մենք առանձնացրել ենք հիմնականները։ Այնուամենայնիվ՝ հիշատակման արժանի ենք համարում հույն մեծ մտածող Արիստոտելի դիտարկումը, թե յուրաքանչյուր հեղափոխություն անխուսափելիորեն ենթադրում է գործող Սահմանադրության արմատական փոփոխություն կամ բոլորովին Նորի ընդունում։ Դասական հեղափոխությունների համաշխարհային հայտնի օրինակներից են ֆրանսիական Մեծ հեղափոխությունը, ամերիկյան հեղափոխությունը, անգլիական փառահեղ հեղափոխությունը, ռուսական հեղափոխությունը, ինչը, սակայն, ոմանք հակված են համարելու ավելի շուտ հեղաշրջում, քան հեղափոխություն։ Նշված բոլոր երկրներում կատարված հեղափոխությունների արդյունքում հաստատվել են Նոր կամ Առաջին սահմանադրություններ, որոնք էլ ազդարարել են երկրում արմատապես նոր համակարգերի, քաղաքական իշխանության իրացման նոր մշակույթի, նոր որակի պետական կառավարման մարմինների ստեղծման մասին, ինչի գործնական կիրարկումը դրվել է նոր որակի քաղաքական էլիտայի ուսերին․․․

Դիտարկենք, թե ինչ է փոխվել Հայաստանի քաղաքական կառավարման համակարգում եւ, ընդհանրապես, քաղաքական մշակույթում, եթե Հայաստանում, այնուամենայնիվ, հեղափոխություն է եղել.

  1. Մինչեւ 2018 թվական Հայաստանը կառավարվում էր 2015թ․ փոփոխված Սահմանադրությամբ, 2018-ից հետո Սահմանադրությունը չի փոխվել:
  2. Մինչեւ 2018 թվական Հայաստանը խորհրդարանական հանրապետություն էր՝ պարզ մեծամասնության սկզբունքով, 2018-ից հետո այն կրկին նույն խորհրդարանական կարգեր ունեցող երկիրն է մնացել ուղղակի մեկ տարբերությամբ՝ նախկին իշխող ուժին՝ ՀՀԿ-ին փոխարինելու է եկել նորը՝ «Իմ քայլը»՝ հանձին ՔՊ կուսակցության ներկայացուցիչների:
  3. 2018-ից առաջ գործում էր համամասնական եւ մեծամասնական ընտրական համակարգը, 2018-ից հետո կրկին գործում է նույն համակարգը, ավելին՝ նոր «հեղափոխական» իշխանությունը ձեւավորվել է հենց այդ համակարգով կայացած ընտրությունների հիման վրա։ Ըստ էության, չեն փոխվել քաղաքական էլիտայի հավաքագրման նախկին եղանակներն ու մեխանիզմները:
  4. Շարունակելով նախորդ միտքը, հավելենք, որ պարբերաբար մամուլում լուրեր են շրջանառվում, թե նոր իշխանությունների կազմավորման ու համալրման մեջ պակաս դեր չի խախում հասարակական չարիք համարվող «խնամի-ծանոթ-բարեկամ» (ԽԾԲ) համակարգը։ Դրա վառ ապացույց են Փաշինյանի եղբորորդին, աներձագը, սանիկը, Փաշինյանի կնոջ բարեկամ Փաշադյանը, որոնք այսօր համալրել են քաղաքական էլիտայի շարքերը ոչ իրենց ունակությունների, գիտելիքների, ունեցած անգնահատելի փորձի շնորհիվ:
  5. Արտաքին քաղաքական վեկտորի մասին խոսելն անգամ ավելորդ է, քանի որ անձամբ Փաշինյանն է հայտարարել, որ արտաքին քաղաքականության մեջ հեղափոխությունը որեւէ էական փոփոխություններ չի բերելու։

Ամփոփենք․ Ըստ էության, 2018թ․ իրադարձություններից հետո Հայաստանում չեն փոխվել ո´չ նախկին Սահմանադրությունը, ո´չ Ընտրությունների մասին օրենսգիրքը, ո´չ Կուսակցությունների մասին օրենքը։ Արդյունքում պետական կառավարման համակարգը եւ քաղաքական ինստիտուտները մնացել են անփոփոխ: Քաղաքական, պետական կառավարման ոլորտներում որեւէ արմատական, այն է՝ հեղափոխական փոփոխություն չի նշմարվում, որոնք, ինչպես վկայում է համաշխարհային պատմության փորձի գիտավերլուծությունը, պարտադիր պայմաններ են դասական հեղափոխության համար։

Այժմ տեսնենք, թե ի սկզբանե դեպքերի ընթացքն ինչպես պետք է ընթանար, որպեսզի սկսված ժողովրդական հուժկու շարժումն իրապես վերաճեր հեղափոխության՝ իր դասական իմաստով։ Այսպես՝ կարծես թե ամեն բան գնում էր հեղափոխական տրամաբանությամբ առնվազն մինչեւ 2018թ․ մայիսի 8-ը, երբ գործող Ազգային ժողովի կողմից Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ։

Առաջին. Հրապարակն ուղղակի հեղեղված էր տասնյակ հազարավոր քաղաքացիներով, տեղի էին ունենում անհնազանդության զանազան բնույթի գործողություններ, ընթացքում տեղի ունեցան նաեւ ուժի կիրառման դեպքեր։ Խոսքը հանրային ռադիոյի շենքը գրավելու, պետական նշանակության մի քանի շենքեր ուղղակի գրոհով «վերցնելու» մասին է: Օրինակ` մանկավարժական համալսարանի շենքը։ Ուժի կիրառումը նույնպես հեղափոխություններին բնորոշ երեւույթ է, եթե չասենք` նույնիսկ պարտադիր դասական հեղափոխությունների համար։ Ուժի կիրառումը կարող է լինել տարբեր բնույթի՝ ամենաբիրտ դրսեւորումից մինչեւ, այսպես ասած, փափուկ ուժի կիրառում։ Տվյալ դեպքում գործ ունենք փափուկ ուժի գործադրման հետ։ Սակայն ամեն բան փոխվեց, երբ հրապարակում Փաշինյանը հայտարարեց, որ կամ ինքը Ազգային ժողովի կողմից պետք է ընտրվի ՀՀ վարչապետ, կամ ոչ ոք չպետք է զբաղեցնի այդ պաշտոնը։ Այստեղ մեխը այն չէ, որ Փաշինյանն ինքն իրեն հայտարարում էր «վարչապետի ժողովրդի թեկնածու»։ Բանն այն է, որ այդկերպ Փաշինյանը, փաստացի, քաղաքական գործընթացների զարգացման եւ որոշումների կայացման իրավունքը «խլեց» հրապարակից եւ տեղափոխեց, իր իսկ բնորոշմամբ, ոչ լեգիտիմ Ազգային ժողով։ Սա ուղղակի նոնսենս է հեղափոխական գործընթացների դիտանկյունից։ Դասական հեղափոխությունների ժամանակ միակ լեգիտիմ եւ լեգալ, այսպես կոչված, մարմինը «հրապարակն» է, որտեղ էլ տեղի են ունենում հեղափոխական գործողությունները, մինչեւ նոր հեղափոխական մարմինների ու իշխանության նոր մարմինների ձեւավորումը։ Իսկ Փաշինյանը սկսված հեղափոխական գործընթացները, փաստորեն, տեղափոխեց գործող ոչ լեգիտիմ Ազգային ժողով։ Այդ պահից այլեւս խոսք չի կարող լինել հեղափոխության մասին։ Արձանագրենք՝ հեղափոխության տրամաբանական շարունակության համար անհրաժեշտ էր, որ Փաշինյանը հրապարակի անունից անվավեր եւ ոչ լեգիտիմ ու հակաժողովրդական ճանաչեր գործող իշխանության բոլոր մարմինները եւ հայտարարեր հեղափոխական նոր ժամանակավոր բնույթի մարմինների ստեղծման մասին, որոնք կազմելու մեխանիզմներն էլ պետք է դրվեին հանրային քննարկման պահի հեղափոխական-քաղաքական օրակարգում, մշակվեին համընդհանուր սկզբունքներ հեղափոխության մասնակից եւ համազգային բոլոր շերտերի դերակատարների մասնակցությամբ անցումային հեղափոխական մարմիններ ստեղծելու նպատակով։

Երկրորդ. Նոր ստեղծված հեղափոխական մարմինները` իրականացնելով ժամանակավոր կառավարում, պետք է ապահովեին Նոր Սահմանադրական հանրաքվեի անցկացումը եւ լեգիտիմ ու հանրային կամքից բխող Սահմանադրության ընդունումը։ Սրան պետք է հաջորդեին ընտրական, կուսակցությունների մասին նոր օրենքների մշակումն ու ընդունումը։ Եվ վերջապես այս ամենն ապահովելուց հետո միայն պետք է անցկացվեին երկրի բարձրագույն իշխանության մարմինների համաժողովրդական եւ իրապես անկախ ու ազատ նոր որակի ընտրություններ։ Սակայն Փաշինյանը ընտրեց դասական հեղափոխության բովանդակության հետ ոչ մի աղերս չունեցող ուղի՝ գնաց ԱԺ ընտրությունների հին, իր իսկ բնութագրմամբ, կեղծված ու ոչ լեգիտիմ Սահմանադրությամբ, ընտրական եւ կուսակցությունների մասին օրենքներով, ինչի արդյունքում հեղափոխական հայտարարված երկրի քաղաքական դերակատարները մնացին հին խաղացողները՝ հանձին ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ԼՀԿ-ի, Դաշնակցության եւ այլն։ Դա նույնն է, եթե, ասենք, ֆրանսիական Մեծ հեղափոխությունից հետո Ֆրանսիայի միապետ Լուի 16-ին, նախկին միապետության կողմնակիցներին, խոշոր ֆեոդալներին, ճորտատեր ազնավականներին մասնակից դարձնեին նոր, ազատ Ֆրանսիայի կառուցման, երկրի համար Սահմանադրության մշակման ու ընդունման գործին՝ հիմնված ազատության, հավասարության եւ եղբայրության գաղափարների վրա։

Երրորդ. Այս ամենը նշանակում է, որ պետք է իրականացվեին հսկայածավալ կազմակերպչական եւ գաղափարական բնույթի աշխատանքներ, ինչը հնարավոր էր միմիայն համապատասխան մտավոր ու գիտավերլուծական ունակություններ ունեցող կադրային զինանոց հավաքագրելով, այլ ոչ թե ԽԾԲ մեխանիզմով հեղափոխական հռչակված թիմը համալրելու միջոցով։ Ինչպես ցույց տվեցին անցած 20 ամիսները, Փաշինյանը առաջինի փոխարեն ընտրեց արատավոր երկրորդ ուղին, ինչը միշտ քննադատում էր ընդդիմադիր եղած ժամանակ։

Միայն այսքանը բավական է հասկանալու համար, որ Հայաստանում կատարվածը իրականում ոչ մի կապ չունի դասական իմաստով հեղափոխությունների հետ։

Ինչպես ասում են` ժամանակը ետ տալ` հնարավոր չէ։ Ուստի ետ բերել կորցրած պատեհ ժամանակը` նույնպես անհնար է։ Սակայն ինչ ենք մենք առաջարկում Նիկոլ Փաշինյանին` ստեղծված իրավիճակից գոնե նվազագույն կորուստներով դուրս գալու, համաժողովրդական շարժման հսկայական էներգիան իսպառ չմսխելու համար.

  1. Վերջնականապես հրաժարվել հասարակությունը սեւերի ու սպիտակների բաժանելու արատավոր սկզբունքից.
  2. Փորձել ետ բերել շարժման օրերին տիրող համաժողովրդական համերաշխության մթնոլորտը եւ այդ պայմաններում անհապաղ ձեռնամուխ լինել նոր լեգիտիմ Սահմանադրության ընդունման ու հարակից օրենսգրքերի փոփոխման գործին.
  3. Հրաժարվել սուպերվարչապետության ինստիտուտից ու երաշխավորել իրապես հավասարակշռված եւ միմյանց վերահսկող բարձրագույն իշխանության մարմինների ձեւավորումը.
  4. Պետական բոլոր մարմիններում մշակել կադրային քաղաքականության նոր ռազմավարություն, որը հնարավորություն կտա պետական ծառայության մեջ ներգրավելու լավագույն կադրերին՝ ԽԾԲ սկզբունքի փոխարեն.
  5. Ստեղծել գիտավերլուծական եւ ռազմավարական հետազոտություններով զբաղվող ուղեղային կենտրոններ, որտեղ առաջատար մասնագետների կողմից կմշակվեն եւ հանրային քննարկման կդրվեն ազգային անվտանգության, տնտեսական զարգացման, ազգային ինքնության վերարժեւորման եւ համազգային այլ հարցերի վերաբերող ռազմավարական տեսլականներ ու հստակ ծրագրեր։

Ահա սրանք են, ըստ մեզ, այն անհրաժեշտ քայլերը, որոնց իրականացումը հնարավորություն կտա ստեղծված իրավիճակից դուրս գալ նվազագույն կորուստներով։

 

Հայկ Փայտյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: