Անցած շաբաթ օրը՝ հոկտեմբերի 11-ին, նշվեց Երեւանի 2807-ամյակը, որն իմ մեջ ոչ վաղ անցյալի մի պայծառ հուշ արթնացրեց: Անցած տարի էր։ Անծանոթ աղջկան խնդրեցի ինձ համար տաքսի պատվիրել։ Նա պատրաստակամ ինձ ընդառաջեց։ Ասացի՝ Երեւանը մեծ քաղաք է, չեմ կարողանում կողմնորոշվել դեպի ուր եւ ինչպես գնալ։ Նա ծիծաղեց. ո'չ,- ասաց,- Երեւանը շատ փոքր է, երբ ճանաչեք, կիմանաք, որ այն մեծ չէ։
Ու ես որոշեցի ճանաչել այս քաղաքը, կուչ չգալ քաղաքում ապրելու, բայց այն չճանաչելու մտածությունից։ Երբեմն հանդիպումներ, որ հիշողություն էին դառնում այս կամ այն հիշարժան վայրում ծանոթ, մտերիմ կամ հարազատ անձանց հետ։ Միջոցառումներ, որոնց հրավիրվում էի, ու հիշողությանս մեջ ամրագրվում էին մշակութային տարբեր օջախների անունները, որտեղ մասնակցություն էի ունենում գրքերի շնորհանդեսների, գրական-գեղարվեստական կամ հոբելյանական տարբեր միջոցառումների:
Ու կամա՜ց-կամաց ափիս մեջ էր հայտնվում Հայաստանի քաղաքամայրը, որին օր օրի ճանաչելով՝ սկսում էր փոքրանալ ու ավելի սքանչելի էին դառնում այն տուֆակերտ շենքերը, որ վարդագույն են հագել, այն տուն-թանգարանները, գրադարանները, հուշարձանները, մշակութային համալիրները:
Հիմա քիչ եմ կարողանում շփվել քաղաքի ու նրա բնակիչների հետ։ Եվ ինքս իմ մեջ ուզում եմ քամել, մաղել այն խոսքի իմաստը, թե իսկապե՞ս Երեւանը փոքր է։ Ու գալիս եմ այն մտքին, որ այն որքան էլ փոքրանա մեր աչքին՝ իրեն ճանաչելու տեսանկյունից, շատ հին է, հեռվից է եկել, որը շատ խոր արմատներ ունի, որի 2807 տարվա պատմությունը ոչ մի անհատ չի կարող մկրատել իրական Հայաստանի, թե 4-րդ հանրապետության վերաձեւումով։
Երեւանը մեր հինավուրց պատմությունն է, հայոց դարերի խտացումը, որի արմատները շատ խորն են, ու ոչ մի անգութ թշնամու չպիտի թույլ տալ՝ հայացք ձգի այս սքանչելիքի վրա։
Ուղղակի տեր պիտի կանգնել քաղաքին, նրա պատմությանը, նրա անցած ճանապարհին, նրա բնակիչներին, նրա ծառերին, փողոցներին, նրա խաղաղ կյանքին, անգամ՝ մեր շնչելու օդին, որը երբեմն աղտոտում են:
Շնորհավոր տոնդ, Երեւա՛ն, մեր քաղցրանուն օթեւան…
Նատաշա Պողոսյան

