Ոմանք 2018թ. Հայաստանում կատարվածը համարում են հեղաշրջում։ Հասկանալու համար, թե դա իրո՞ք այդպես է, փորձենք տալ հեղաշրջում երեւույթի գիտական ամենակարճ բնութագրումը: Այսպես` հեղաշրջումը իշխանության բռնազավթումն է մի խումբ մարդկանց կողմից։ Հիմա` մի փոքր ավելի մանրամասն։ Ի տարբերություն հեղափոխությունների՝ հեղաշրջումները չեն ենթադրում ժողովրդական լայն շերտերի մասնակցություն, դեռ մի բան էլ հակառակը, որպես կանոն, հեղաշրջումներն իրենց բնույթով լինում են, այսպես կոչված, պալատական, այսինքն՝ մի խումբ մարդիկ, եւ շատ հնարավոր է` հենց գործող իշխանության ներսից, կազմակերպում են խռովություն ու դավադրություն եւ մի գեղեցիկ օր տապալում գործող իշխանություններին ու բազմում գահին։
Ասվածից պարզ է դառնում, որ հեղաշրջման համար ամենեւին էլ պարտադիր չեն հասարակական, քաղաքական, տնտեսական եւ մշակութային անհրաժեշտ ճգնաժամային պայմաններ։ Եթե մեկ նախադասությամբ ասենք` հեղաշրջման թիվ մեկ նպատակը ոչ թե արմատական փոփոխությունների իրականացումն է, այլ պարզապես իշխանության բռնազավթումը։ Հեղաշրջման օրինակ է Հայաստանում 1999 թվականի հոկտեմբերի 27-ին կատարվածը։ Ոմանք գուցե չհամաձայնեն, բայց մենք կփորձենք հիմնավորել ասվածը: 1999 թվականի մայիսի 30-ին Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ։ Նախընտրական շրջանում ձեւավորվել էին «Միասնություն» դաշինքը, որի մեջ մտել էին ՀՀԿ-ն, ՀԺԿ-ն եւ «Երկրապահ» կամավորականների միությունը։ Այս դաշինքի հիմնադիրներն ու ղեկավարներն էին տվյալ շրջանում ամենաբարձր հեղինակություն վայելող եւ մեծ հնարավորություններ ունեցող անձինք՝ ի դեմս Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի։ Եվ տրամաբանական էր, որ նման ուժեղ միության դեմ որեւէ լուրջ ընդդիմադիր ուժ չձեւավորվեց։ Արդյունքում ընտրություններն ավարտվեցին «Միասնության» անվերապահ հաղթանակով։
Ընտրություններից հետո Վ.Սարգսյանը նշանակվեց երկրի վարչապետ, իսկ Կ.Դեմիրճյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ։ Թեպետ 1998 թվականի մարտին կայացած արտահերթ նախագահական ընտրություններում հաղթանակ էր տարել Ռոբերտ Քոչարյանը, սակայն վերջինիս իշխանությունը գրեթե ձեւական բնույթ էր կրում, քանզի երկրում ռազմաքաղաքական ամբողջ իշխանությունը այդ պահին գտնվում էր, մեր կարծիքով, Սարգսյանի ձեռքում։ Իսկ Սարգսյան-Դեմիրճյան տանդեմի (ի դեպ, վերջինս նույնպես մեծ ժողովրդականություն էր վայելում) ձեւավորումից եւ 1999-ի խորհրդարանական ընտրություններում նրանց տարած հաղթանակից հետո այլեւս կասկած չէր մնում, թե ովքեր էին հանրապետության իրական ղեկավարները։ Իրավիճակը, սակայն, կտրուկ փոխվում է 1999-ի հոկտեմբերի ահաբեկչությունից հետո. սպանվեցին ե´ւ Սարգսյանը, ե´ւ Դեմիրճյանը, ինչի արդյունքում երկրում տեղի ունեցավ կառավարող շրջանակների էական փոփոխություն՝ առանց ժողովրդի մասնակցության։ Թե ով կամ ինչ ուժեր էին կանգնած այս դեպքերի հետեւում, ինչու կատարվեց այս ամենը, արդյոք կա արտաքին ուժի միջամտություն` կարելի է զուտ դատողություններ անել, կարծիքներ արտահայտել, որոնք զուրկ են փաստական հիմքից: Սակայն արդյունքը տեսանելի է` երկրում առանց ժողովրդի մասնակցության, առանց հեղափոխական նախադրյալների, տեղի ունեցավ իշխանափոխություն, այսինքն՝ կատարվածը, ըստ իս, լիովին համընկնում է հեղաշրջում բնորոշմանը։ Այդուհանդերձ` հոկտեմբերի 27-ից հետո կառավարման համակարգում որեւէ արմատական փոփոխություններ տեղի չունեցան, ավելին՝ ի դերեւ ելան Սարգսյան-Դեմիրճյան դաշինքի հետ կապված` հասարակության հույսերն ու սպասումները։
Հոկտեմբերի 27-ից հետո ամբողջ բարձրագույն իշխանությունն իր ձեռքում կենտրոնացրած Ռոբերտ Քոչարյանն անձամբ ոչ միայն նախորդ իշխանությունների մի մասնիկն էր, այլեւ, ինչպես ցույց տվեցին հետագա զարգացումները, նաեւ անցած իշխանությունների տրամաբանական շարունակությունը։ ՀՀ-ում շարունակվեցին նույն օլիգարխիկ կլանային կառավարումը, թայֆաբազությունը, անպատժելիությունը, հասարակության սոցիալական խիստ բեւեռացումը, մի խոսքով` Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիների բոլոր արատավոր երեւույթները ոչ միայն շարունակվեցին, այլեւ ավելի խոր արմատներ գցեցին, ինչի արդյունքում գնալով սրվեց սոցիալական հակամարտությունը Հայաստանում։
Հոկտեմբերի 27-ի մասին խոսելիս` չենք կարող չասել, որ, առնվազն մեր կարծիքով, սա իսկապես բեկումնային էր Երրորդ Հանրապետության պատմության մեջ, քանզի անկախ իրենց գործած նախկին սխալներից, Սարգսյանը եւ Դեմիրճյանը օժտված էին խարիզմատիկ այն հատկանիշներով, որ ի զորու էին միասին հանրապետությունը դուրս բերել իրական զարգացման եւ ինքնիշխան պետության կերտման ճանապարհ։ Եվ եթե այս ամենին ավելացնենք քաղաքական անհրաժեշտ կամքը, որը գոնե ժողովրդական խոսակցությունների ու ակնկալիքների մակարդակով հասունացել էր, ինչին մենք եւս հակված ենք հավատալու, ապա պարզ է դառնում, որ վերջիններիս` ողջ մնալու եւ գործելու պարագայում մեծ հնարավորություններ կբացվեին մեր պետության համար։ Ինչեւիցե։ Քոչարյանի իշխանությունը, ինչպես նշվեց վերը, իր բնույթով Տեր-Պետրոսյանի իշխանության շարունակությունն էր, միակ տարբերությունը, թերեւս, Արցախի խնդրի հանդեպ մոտեցումն էր, որն ունի իր բացատրությունը: Իսկ Սերժ Սարգսյանի իշխանությունը վերջին երկուսի ուղեգծերի շարունակությունն էր։ Այսպիսով` 2018-ի գարնանային իրադարձություններն իրենց բնույթով, ընթացքով ու տրամաբանությամբ տարբերվում էին 1999 թվականի «Հոկտեմբերի 27»-ից եւ, ինչպես տեսաք, չեն համապատասխանում հեղաշրջում երեւույթի գիտական մեկնության հատկանիշներին:
2018 թվականի գարնանային դեպքերը հասկանալու համար փորձենք վերհիշել այդ օրերի իրադարձությունները, դրանց ընթացքը եւ տրամաբանությունը։ Ինչպես հիշում ենք, Նիկոլ Փաշինյանը 2018թ. մարտի 31-ին Գյումրիի կենտրոնական հրապարակից սկսեց դեպի Երեւան իր քայլերթը` ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։ Մոտ երկու շաբաթ քայլելով՝ Փաշինյանը եւ նրա սակավաթիվ կողմնակիցները բացարձակ որեւէ խոչընդոտի չհանդիպեցին։ Պատկերացնո՞ւմ եք` այն Սարգսյանը, որը մինչ այդ ծեծելու, ջարդելու, բռնելու հրամաններ էր տալիս, երբ մի քանի տասնյակից ավելի ցուցարարներ էին հավաքվում, այժմ ոչ մի հակաքայլ չձեռնարկեց իր դեմ մեկնարկած բողոքի գործողության դեմն առնելու համար։ Ես, օրինակ, հիշում եմ, որ տարաբնույթ ակցիաների ժամանակ մասնակիցներիս հետապնդում էին մի քանի անգամ մեզ գերազանցող ոստիկանական ուժեր։ Անգամ երբ փորձում էինք մարզերից որեւէ մեկում ակցիա իրականացնել, քաղաքացիական հագուստներով ոստիկանական ուժերից ու հատուկ ծառայությունների աշխատակիցներից բացի, ցուցարարների դեմ դուրս էին բերում տեղի խուժանին, ովքեր անընդհատ բախումներ էին հրահրում, սադրում, անգամ դանակահարում էին, իսկ ոստիկանությունը, բնականաբար, միջամտում էր, իբր, հասարակական կարգը վերականգնելու համար։
Սա դեռ Սերժ Սարգսյանի գործողությունների տեսանելի մասն էր։ Իսկ ինչեր էին կատարվում անտեսանելի դաշտում` էլ սպառնալիքներ մասնակիցների անձի, նրա ընտանիքի անդամների նկատմամբ, ամենատարբեր բնույթի ճնշումներ, աշխատանքից ազատելու հրամաններ, հարկային տեռոր եւ այլն։ Այսպիսի գործողությունների էր դիմում Սարգսյանի վարչակարգը իշխանության դեմ ուղղված ցանկացած ընդվզում հենց խանձարուրում խեղդելու համար։ Եվ այդ նույն վարչակարգը Նիկոլի քայլերթի դեպքում բացարձակապես մատը մատին չտվեց` ո´չ որեւէ միջադեպ, ո´չ որեւէ խուժանի ձեռքերի արձակում, ո´չ ոստիկանական ուժի կիրառում: Իսկը` «թավիշ»: Անգամ Երեւան գալու ճանապարհին, երբ Փաշինյանն ու նրա կողմնակիցները փակում էին արագաչափի տեսախցիկները, դարձյալ` զրո ուշադրություն: Արդյո՞ք ոստիկանությունը նույնկերպ կվարվեր, եթե մեզանից մեկը փորձեր փակել տեսախցիկները։ Կամ` հենց վաղը փորձի նման բան անել: Առնվազն կփռեն ասֆալտին:
Եվ սա դեռ ամենը չէ: Այն բանից հետո, երբ Փաշինյանն ու նրա` մի քանի տասնյակի հասնող կողմնակիցները առոք-փառոք հասան Երեւան, նրանց ոչ ոք չխանգարեց օրը ցերեկով, այսպես ասած, «ճամբարել» Ռոդենի արձանի մոտ գտնվող կենտրոնական խաչմերուկի փողոցներում։ Անկեղծ ասած` ես նույնպես այդ ժամանակ միացել էի փոքրաթիվ ակցիայի մասնակիցներին եւ, ի թիվս այլ քաղաքական ակտիվիստների, փորձում էի աջակցություն ցույց տալ Սարգսյանի բռնապետական ռեժիմի դեմ սկսված շարժմանը։ Մի քանի օր շարունակ սակավաթիվ ցուցարարներով օր ու գիշեր փակած էինք պահում այդ կարեւոր խաչմերուկը, որը կապում էր Երեւանի ամենաբանուկ փողոցները` «Պրոսպեկտը», Սայաթ-Նովան եւ Բաղրամյանը։ Այդ ամբողջ ընթացքում րոպե առ րոպե` հատկապես գիշերները եւ լուսադեմին, սպասում էինք, որ ուր-որ է` ոստիկանական ուժերը կհարձակվեն, ու կկրկնվի ավանդական դարձած սյուժեն։ Հավելեմ, որ այդ խաչմերուկում կատարվող իրադարձություններին առցանց հետեւող մեր բարեկամներն ու ընկերները նույնպես գրեթե կասած չունեին, որ ոստիկանական ուժերը հիմա բոլորին կծեծեն եւ կցրեն ցույցը։ Որովհետեւ իսկապես անհասկանալի էր, թե ինչպիսի սառնասրտությամբ էր Սերժը հանդուրժում իր «մերժումը»: Էլ չասենք մայրաքաղաքի հանգուցային խաչմերուկի շրջափակումը` այն դեպքում, երբ «Էլեկտրիկ Երեւան»-ի ամենաթեժ պահին` 10 հազարի հասնող ցուցարարների առկայության իրադրությունում, ոստիկանական ուժերը Վովա Գասպարյանի հրամանով ուղղակի պատ շարեցին, ամեն ինչ արեցին` կանխելու այդ նույն խաչմերուկի շրջափակումը թեկուզ հինգ րոպեով։
Ապրիլյան օրերին տեղի էր ունենում միանգամայն հակառակը. շրջակայքում չկար ոչ մի ոստիկան` այն դեպքում, երբ նրանք պարտավոր էին ներկա գտնվել եւ ապահովել ցույցի խաղաղ ընթացքը։ Ինձ համար նույնչափ տարօրինակ էր, որ այդ մի քանի օրերի ընթացքում որեւէ սադրիչ գործողություններ նույնպես տեղի չունեցան, այնինչ դա Սերժ Սարգսյանի ամենաբնորոշ ձեռագրերից է եղել։ «Էլեկտրիկ Երեւան»-ի ժամանակ, հենց որ իրավիճակը դուրս էր գալիս վերահսկողությունից եւ կրքերը թեժանում էին, ամբողջ Բաղրամյան պողոտան հեղեղվում էր սադրիչներով, հարբեցողներով, ինչն էլ աղճատեց շարժման քաղաքակիրթ ընթացքը եւ ստեղծեց տպավորություն, թե այնտեղ հավաքվածները խմում են, ծխում, հայհոյում եւ խախտում հասարակական կարգը։ Ահա այդօրինակ գործելաոճ ունեցող իշխանությունները բացարձակ անգործունեության էին մատնված, անգամ այն ժամանակ, երբ աշխատանքի շտապող քաղաքացիները բողոքում ու պահանջում էին իշխանություններից` բացել ճանապարհները։ Ցույցի խաղաղ ընթացքը, սակայն, երկար ժամանակ չէր հրապուրում նոր մասնակիցների։ Ժողովուրդը դեպքերին հետեւում էր առցանց եւ սպասում, թե երբ է գալու այդ ամենի վերջը։
Ակցիայի միօրինակ եւ անհասկանալի ընթացքը սկսվեց բեկվել այն բանից հետո, երբ Փաշինյանն ու իր կողմնակիցները ներխուժեցին պետական նշանակություն ունեցող Հանրային ռադիոյի շենքը։ Թեպետ, փառք Աստծո, այս ամենը տեղի ունեցավ անարյուն եւ առանց լուրջ բախումների, սակայն իր բնույթով սա վերջին տասը տարիների համար աննախադեպ երեւույթ էր. Սարգսյանի կառավարման օրոք մարդիկ են ձերբակալվել ու դատվել միայն այն բանի համար, որ ունեցել են ընդամենը պետական շենքեր գրավելու մտադրություն: Հիշենք, թեկուզ, «Նորքի խմբի» կամ Ժիրայր Սեֆիլյանի հետ կապված դեպքերը։ Վարչակարգը շարունակում էր լռելյայն հետեւել Փաշինյանի խմբի հանդուգն գործողություններին` փաստորեն աչք փակելով նույնիսկ սահմանադրական կարգի ոտնահարումների, պետական իշխանության բռնազավթման ակնհայտ դրսեւորումների առջեւ: Սարգսյանը թե´ ներքին օրենսդրության տեսանկյունից եւ թե´ միջազգային իրավունքի հիման վրա բոլոր իրավունքներն ուներ կատարվածին համապատասխան գնահատական տալու եւ, ըստ օրենսդրության, մեղավորներին պատժելու, այսինքն` նրան ոչ ոք չէր կարող մեղադրել, եթե փորձեր պահպանել գործող սահմանադրական կարգը, այլ բան է` այդ Սահմանադրությունն արտահայտո՞ւմ էր արդյոք ժողովրդի հավաքական կամքը, թե ոչ: Իրականում բոլոր ուժերը` ներքին, թե արտաքին, ովքեր մինչ այդ արդեն լեգիտիմ էին ճանաչել 2015 թվականին ընդունված սահմանադրական կարգը, այլեւս որեւէ բարոյական եւ օրինական իրավունք չունեին մեղադրելու Սարգսյանին` այդ նույն Սահմանադրությունը պահպանելու փորձի մեջ։
Ամփոփելով` ասենք, որ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին ներում է մի արարք, որի մասին անգամ մտածելու համար մինչ այդ նա մարդկանց ձերբակալում եւ դատում էր։ Խոստովանեք, որ սա շատ տարօրինակ է։ Այստեղ հօդս են ցնդում այն կարծիքները, թե Սարգսյանն, իբր, լուրջ չէր ընդունում երկրում կատարվող այս գործընթացները: Առնվազն Հանրային ռադիոյի շենքը գրավելուց հետո Սարգսյանը չէր կարող անլուրջ վերաբերվել տեղի ունեցածին։ Իսկ տեսակետները, թե Սարգսյանին ճիշտ չէին զեկուցում իրավիճակի մասին` անիմաստ է նույնիսկ քննարկել։ Արդյունքում Հանրային ռադիոյի շենքը գրավելուց հետո հասարակական տրամադրություններում փոփոխություններ նշմարվեցին, քանզի բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր ուղղակի սովորության համաձայն առցանց հետեւում էին կատարվող իրադարձություններին՝ ամեն րոպե սպասելով ոստիկանական ուժի կիրառման, տեսան, որ ուժի կիրառվում չկա, անգամ ռադիոյի շենք են գրավում եւ անպատիժ մնում։ Սա հանգեցրեց նրան, որ մարդկանց մեջ կոտրվեցին այն մտավախությունները, որ իրենց կարող են ձերբակալել, ծեծել, գործից ազատել եւ այլն: Եթե դրան ավելացնենք այն հանգամանքը, որ փողոցում սկսել էր առաջանալ էյֆորիկ հոգեվիճակ, հետաքրքրություն ոչ միայն տեսնելու, այլեւ մասնակիցը լինելու տեղի ունեցողի, ապա հասկանալի է դառնում, թե ինչու է փողոցը սկսեց կամաց-կամաց մարդաշատ դառնալ։ Այստեղ, իհարկե, աբսուրդի կհասներ, եթե ոստիկանությունը գոնե միջամտելու պատրանք չստեղծեր։ Այս առումով չափազանց հետաքրքրական է բերման ենթարկված ցուցարարների նկատմամբ ոստիկանական բաժանմունքներում ցուցաբերված անհասկանալի ջերմ վերաբերմունքը, ինչը նույնպես ինձ վիճակվել զգալ սեփական մաշկի վրա։ Փաստորեն` որեւէ հակաքայլ չձեռնարկելու հետեւանքով հաջորդաբար գրավվեցին Մանկավարժական համալսարանի եւ Պետական համալսարանի շենքերը։
Եվս մեկ ուշագրավ դրվագ, որին արժե անդրադառնալ, դա Սերժ Սարգսյանի պահվածքն էր Փաշինյան-Սարգսյան հայտնի հանդիպման ժամանակ։ Նկատենք, որ նման թեժ պահին, փողոցում հավաքված տասնյակ հազարավոր մարդկանց «Նոր մարտի 1»-ով վախեցնելն անգամ չի կարելի բնութագրել որպես անհեռատես քայլ, սա ուղղակի կրակի վրա յուղ լցնելու պես բան էր: Դժվար է հավատալ, որ Սարգսյանն այդ ամենը չէր հասկանում։ Սարգսյանի պես գործիչը, որ ողջ կյանքում եղել է իշխանական ամենաբարձր օղակներում, ընդորում` տեսել է «Հոկտեմբերի 27», «Մարտի 1», այդ իրադարձությունների ժամանակ եղել վարչապետ, ապա ժառանգել իշխանությունը Քոչարյանից, իսկ նախագահության տասը տարիների ընթացքում ամենատարբեր սադրիչ եւ կուլիսային գործընթացների միջոցով երկարաձգել իր իշխանությունը եւ, որ ամենակարեւորն է, այս ամենից, ժողովրդի ասած, «չոր է դուրս եկել», մի՞թե կարող էր իրեն թույլ տալ նման տարրական, պարզունակ արտահայտություն։
Հաջորդ խորհրդավոր դրվագը Փաշինյանի ձերբակալությունն էր: Ո՞ւր տարան նրան, ո՞ւմ հետ հանդիպեց, ի՞նչ խոսեցին, ի՞նչ պայմանավորվեցին… այդ ամենի մասին մենք, հավանաբար, կիմանանք միայն վերջինիս եւ նրա կողմնակիցների պատմածներից, երբ դրանց իսկությունն ապացուցելու ժամանակը գա։ Այստեղ անհասկանալի է նաեւ ձերբակալությունից ընդամենը մեկ օր անց նրան բաց թողնելը: Արդյոք իշխանությանը կառչած, բազմաթիվ հանցագործությունների մեջ մեղադրվող, պետական իշխանությունը կեղծ ընտրություններով զավթած բռնապետական վարչակարգը կարո՞ղ էր իրեն թույլ տալ առանց որեւէ ճիգ գործադրելու իշխանությունը հանձնել եւ որեւէ մտավախություն չունենալ ապագայում պատասխանատվության կանչվելու համար։ Այսքանն, իբր, քիչ է, վերջում էլ հայտարարել, թե «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր: Ես սխալվեցի»։ Անհնար է պատկերացնել, որ հանցագործ մի վարչակարգ՝ ի դեմս իր պարագլխի, կարող է հենց այնպես, առանց դիմադրության, իշխանությունը հանձնել մեկին, ով մինչ այդ իր հրապարակային ելույթներում նրանց մեղադրում էր մարդկությանը հայտնի գրեթե բոլոր ծանր հանցագործությունների մեջ։ Արդյոք տրամաբանակա՞ն չէր, որ հեղափոխության պարագայում նախորդ հանցավոր իշխանության պարագլուխը առաջինը հայտնվեր մեղադրյալի աթոռին եւ պատասխանատվություն կրեր բոլոր այն հանցանքների համար, որոնց մեջ մինչ այդ նրան մեղադրում էր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը: Սակայն ունենք ճիշտ հակառակ իրականությունը` 2018 թվականի գարնանային իրադարձություններից մեկուկես տարի անց Սարգսյանն ազատության մեջ է եւ բադենբադեններում վայելում է, ինչպես Փաշինյանը կասեր, ժողովրդից թալանած միլիոնները։ Արդյոք հեղափոխության դեպքում ամեն ինչ պետք է հենց այսպե՞ս լիներ։
Այսպիսով՝ թավշյա, գունավոր եւ դասական հեղափոխությունների, ինչպես նաեւ հեղաշրջման գիտական բնորոշիչները համադրելով 2018 թվականի գարնանային իրադարձությունների հետ, գալիս ես այն եզրակացության, որ կատարվածը չի կարելի համարել դրանցից եւ ոչ մեկը: 2018-ի իրադարձությունների ընթացքը եւ անցած մոտավորապես երկու տարվա էական անցուդարձերը վերլուծելով՝ կարելի է հանգել այն կարծիքին, որ տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, քան իշխանության պայմանավորված փոխանցում։ Այս ամենը հնարավոր է անգամ դիտարկել իբրեւ վերեւից իրականացվող հեղափոխության մի յուրօրինակ տարատեսակ, որի արդյունավետությունը ցույց է տալու ժամանակը։
Հայկ Փայտյան