Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Ազատ ամբիոն

Տիրոջ զգացում

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Մեզանում կատարվող գլոբալ փոփոխությունների խորապատկերին մեր քաղաքների ու գյուղերի մաքրության՝ առաջին հայացքից աննշան թվացող խնդիրը մի տեսակ ետին պլան է մղվել: Անշուշտ, բոլորս սիրում ենք մեր քաղաքներն ու գյուղերը, որտեղ ապրում ենք: Հատկապես՝ երեւանցիները: «Իսկական»  երեւանցիների մասին շատ երգեր կան գրված, որոնք միշտ սիրված են ժողովրդի մեջ: Բայց ինչպե՞ս կարելի է սիրել սեփական քաղաքը եւ, տնից դուրս գալով փողոց, աղբը նետել՝ ուր պատահի: Հատկապես «սիրված» են մութ անկյունները, որտեղ կարող ենք աննկատ նետել աղբով լի փոքրիկ ցելոֆանե տոպրակը, ծխախոտի մնացորդը կամ դատարկ տուփը: Վերջինիս դեպքում հատկապես «ջանք չեն խնայում» մեր վարորդները: Իրականում ոչ մի վարորդ չի հետեւում այն ​​կանոնին, որը մեքենայի մոխրամանի մեջ կարելի է դնել ծխախոտի մնացորդը կամ դատարկ տուփը: Բայց՝ ոչ, ինչո՞ւ աղտոտել մեքենան, եթե այս ամենը կարելի է հընթացս նետել պատուհանից դուրս:

Թվում է՝ զրույցի համար դատարկ թեմա է, հաշվի առնելով, որ պետք է մտածել երկրի տնտեսության, արտադրության զարգացման, արտահանման առավելագույն աճի եւ մարդկանց կյանքի բարելավման անհրաժեշտության մասին: Բայց այս ամենում խոր իմաստ կա՝ մենք մեզ չենք զգում այն հողի տերը, որի վրա ապրում ենք: Իմ տունը, իմ բնակարանը մաքուր լինի, իսկ դռնից դուրս այլեւս իմը չէ եւ ինձ չի վերաբերում: Մենք չենք մտածում, որ շքամուտքը, բակը, փողոցը, որտեղ ապրում ենք, նույնպես մերն է, մեր ընդհանուր բնակատեղին: Ինչպե՞ս կարելի է աղտոտել: Կարող են առարկել, թե այս արատավոր մտածողությունն ամրացել է դարերի ընթացքում, նստած է ժողովրդի մեջ դեռեւս այն ժամանակներից, երբ հայերը չունեին սեփական պետականություն, սեփական հող եւ միայն պաշտպանում էին իրենց տունը: Մնացած ամեն բան օտար էր նրանց համար: Այլ կերպ ասած, նրանք իրենց չեն զգացել երկրի տեր: Բայց դա այդպես չէ: Չէ՞ որ նրանք, ովքեր տեղափոխվում են այլ երկրներ՝ ժամանակավոր կամ մշտական բնակություն հաստատելու, միանգամից փոխվում են: Նրանք ԱՄՆ-ում կամ Ռուսաստանում երբեք մեքենայի պատուհանից ծխախոտ չեն նետի կամ մայթին աղբ չեն գցի: Ուրեմն ինչո՞ւ այստեղ չունենք այս մշակույթը: Ինչո՞ւ հոգ չենք տանում շրջակա միջավայրի մասին:

Այս ամենը մեր ներքին մշակույթի կարեւոր բաղադրիչներից մեկն է: Մեզանից շատերը եղել են Արցախում: Ստեփանակերտ ժամանող ցանկացած երեւանցու համար քաղաքի կատարյալ մաքրությունն անմիջապես աչք է շոյում: Ի վերջո, նույն հայերն են: Ինչո՞ւ այդ դեպքում այնտեղ կատարյալ մաքրություն է, իսկ մեզանում՝ աղբանոց: Նույնիսկ՝ կենտրոնական փողոցներում: Միգուցե արցախցիներն իրենց քաղաքի տե՞ր են զգում, որովհետեւ արյամբ են նվաճել ազատ լինելու իրավունքը եւ վերականգնել այդ քաղաքն ավերակներից:

Հայաստան եկած զբոսաշրջիկին բոլորս՝ սկսած տաքսու վարորդից (մենք ունենք բարձր ինտելեկտով տաքսու վարորդներ, որոնցից շատերը համալսարանավարտ են), պատմում ենք հազարամյա մեր պատմության, մշակույթի եւ գիտության մասին, հպարտության մեր զգացումն ենք փոխանցում Անանիա Շիրակացու, Նարեկացու, Կոմիտասի նկատմամբ: Բայց զբոսաշրջիկի համար այս ամենը կոպեկի արժեք չունի, երբ փողոցներում ամենուր խառնափնթորություն ու անմաքրություն է տեսնում: Մարդիկ մտածում են՝ մի՞թե հազարամյակների մշակույթ եւ գիտություն ունեցող ժողովուրդը կարող է նման վիճակում պահել իր շրջապատը:

Իրավիճակը շտկելու համար մեծ նյութական միջոցներ չեն պահանջվում: Պետք է ընդամենը ուժեղացնել հակասանիտարական պայքարը ամենավաղ տարիքից: Տանը՝ ծնողները, մանկապարտեզում՝ դաստիարակները, դպրոցում՝ ուսուցիչները եւ, նույնիսկ, համալսարանական դասախոսները պետք է խթանեն առողջ ապրելակերպը եւ, համապատասխանաբար, քարոզեն մաքրություն ու կոկություն: Հասարակությունը չպետք է հանդուրժի այն մարդկանց, ովքեր աղտոտում են մեր միջավայրը: Քաղաքապետարանը պետք է հոգ տանի, որ փողոցներում միմյանցից առնվազն 20-25 մետր հեռավորության վրա ծխախոտի, դատարկ շշերի եւ մանր աղբի համար աղբամաններ տեղադրված լինեն: Խնդիրն այն է, որ նույնիսկ այն դեպքում, երբ ուզես թղթի մի փոքրիկ կտոր գցել աղբարկղ, այն մոտակայքում չես գտնի: Գրասենյակների եւ խանութների սեփականատերերը պետք է միշտ ուշադրություն դարձնեն իրենց հաստատություններին հարող մայթերի մաքրությանը:

Պետք է միասին լուծենք այդ խնդիրները եւ չբարդենք ամեն ինչ իշխանությունների եւ քաղաքապետարանի վրա: Իսկ պատկան մարմինները թող համապատասխան ծրագրեր մշակեն երեխաների եւ մեծահասակների համար` իրենց շրջակա միջավայրը հարգելու թեմաներով, անգամ տուգանքներ սահմանեն կարգազանցների նկատմամբ: Այս հարցում կարելի է լայնորեն օգտվել հեռուստատեսության եւ սոցիալական ցանցերի հնարավորություններից: Եվ այդ դեպքում մենք բոլորս մեզ կզգանք մեր քաղաքի, գյուղի եւ այն տարածքի տերը, որտեղ բնակվում, աշխատում կամ հանգստանում ենք: Նույնը մեր մայրուղիներին եւ ճանապարհներին է վերաբերում: Հարցը շատ լուրջ է, բայց ինչ-ինչ պատճառներով հիշում ենք դրա մասին տարին մեկ անգամ՝ միայն շաբաթօրյակներին: Իսկ տարածքը մաքրելու շաբաթօրյակից անմիջապես հետո նույն տեղը սկսում ենք ակտիվորեն աղտոտել այնպես, որ մաքրությունը միայն մեկ օր է տեւում:

Մեր կառավարությանն ու քաղաքապետարանին կարելի է խորհուրդ տալ կիրառել Վիեննայի փորձը: Այս քաղաքն ունի էկոլոգիապես աղբի այրման մաքուր կաթսայատուն-գործարան եւ այն գտնվում է քաղաքի գրեթե կենտրոնում: Այդ գործարանի ճարտարապետական ​​լուծումն այնպիսին է, որ առաջին անգամ տեսնելիս՝ Վիեննայի ոչ մի հյուրի մտքով չի էլ անցնի, թե դա ինչ կառույց է: Ամբողջական անունն է՝ District Heating Plant Spittelau: Այս պահին աղբի այրման ավստրիական տեխնոլոգիան գնահատվում եւ վաճառվում է ողջ աշխարհում: Ավելին՝ գործարանն աղբից արտադրում է ջերմային էներգիա եւ Ավստրիայի մայրաքաղաքի մի քանի վայրերում դրանով տաքացնում 107 հազար բնակիչների տներ: Եթե մենք գնենք այս արտադրության տեխնոլոգիաները եւ ներդրում կատարենք, ապա գործարանը կարող է արագ ծախսածածկվել, քանի որ հնարավոր կլինի ջերմային էներգիան ամենացածր գներով վաճառել մոտակա տների բնակիչներին: Եվ դա շատ ավելի էժան կլինի բնակչության համար, քան գազային ջեռուցումը:

Այս խնդիրներն արդիական են, եւ մենք բոլորս պետք է լրջորեն զբաղվենք դրանց լուծմամբ՝ սկսելով ինքներս մեզանից: Տիրոջ զգացումը չպետք է երբեք մեզ լքի:

 

Կարապետ Կալենչյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: