Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Ազատ ամբիոն

Եվս մեկ անգամ բանակային խնդիրների շուրջ

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Մեզանում ամենացավոտ թեման, որի մասին խոսելն իսկ ամոթ է, մեր զինվորների` արդեն երկար տարիներ շարունակվող մահվան դեպքերն են, ընդ որում` ոչ թե մարտադաշտում, այլ բանակային խաղաղ պայմաններում, որտեղ նման բաներ չպետք է լինեն: Բանակից ստացվող ամփոփագրերը մարտական գործողություններ են հիշեցնում: Անիմաստ է թվարկել «չբացահայտված հանգամանքներում», «ինքնասպանության», «զենքի հետ անզգույշ վարվելու» հերթապահ վարկածներով ուղեկցվող սպանությունների թիվը, որոնց հավաստիությանը հանրությունը վաղուց դադարել է վստահել: Արցախի պաշտպանության բանակի ամենաթողությունը քողարկող բարձրագույն բանակային ղեկավարության բոլոր այս կարգի պատրվակները ցույց են տալիս, որ մեր բանակը հիվանդ է եւ նրան պետք է բուժել վիրահատական միջամտությամբ: Առավել եւս, որ մենք հարեւան պետության հետ պատերազմական վիճակում ենք: Եվ այդ վիրահատական բուժումը ոչ մի կերպ չի կարող վնասել բանակային կարգերին, ազդել զինվորների ու սպաների հոգեբանական ոգու, բանակի մարտունակության վրա եւ Զինված ուժերի խնդիրները բացեիբաց արծարծելու վտանգավորությունը պայմանավորել զանազան հեքիաթներով, որ սիրում էին հորինել նախկին իշխանությունները:

Հայաստանի ժողովուրդը, հասարակական կառույցները, փորձագետները բազմիցս վերհանել են բանակի կենսագործունեության այդ ամենացավոտ հարցը: Նախորդ իշխանությունների ժամանակ եւ հիմա` ներկայիս կառավարության օրոք եւս, այս անկարգությունը շարունակում է տեղ գտնել: Անկախ հանրապետություն դառնալով` մենք հայոց բանակը կառուցելիս ժառանգել ենք ԽՍՀՄ զինված ուժերի բոլոր ամենաբացասական բարքերը: Ցավոք, մեր բանակը կազմավորելիս` հաշվի չառնվեց այն հանգամանքը, որ մենք պատերազմող երկիր ենք, եւ զինվորների ու սպաների միջեւ հարաբերությունները չպետք է հիմնված լինեն քրեական օրենքների եւ, այսպես կոչված, «դեդովշչինայի»-ի վրա: Բայց այն ժամանակվա ղեկավարությունը գնաց այլ ճանապարհով` բանակի զորամասերում ամենուրեք ծաղկում էր քրեական «էլիտան», որին հովանավորում էին ինչպես բանակի իրավապահ կառույցները, այնպես էլ քաղաքացիական դատախազությունը եւ քննչական մարմինները: Դա արվում էր երկրի քաղաքական ղեկավարության կողմից բանակի տոտալ վերահսկման համար: Զինվորների բոլոր սպանությունները, որպես կանոն, չէին բացահայտվում եւ հանգում էին մահվան` վերը նշված երեք վարկածներին:

Այժմ Հայաստանում «թավշյա» հեղափոխության արդյունքում ձեւավորել է նոր կառավարություն` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Հասկանում ենք, մեկ օրում անհնար է արմատախիլ անել կոռուպցիան, վերացնել համակեցության՝ քրեական օրենքների հիման վրա հաստատված հարաբերությունները միջին եւ ցածր մակարդակի կառավարող շրջանակներում, բայց դրա դեմ պետք է վճռականորեն պայքարել ու մեղավորներին դատել ցուցադրական դատավարություններով, ինչպես հաճախ էր արվում խորհրդային տարիներին: Օրինակ` ցուցադրական դատ կարելի էր կիրառել վերջին շրջանում զինվորների սպանության մեջ մեղավոր անձանց նկատմամբ: Ցավալի է արձանագրել, որ «թավշյա» հեղափոխությունից գրեթե երկու տարի անց այդ առումով բանակում ոչինչ չի փոխվել: Չկա մի շաբաթ, մի տասնօրյակ, որ անցնի առանց հերթական ողբերգության գույժի:

Ըստ մամուլի հաղորդումների, Արցախի պաշտպանության բանակում հատուկ զորամաս կա, որտեղ «ծառայում» են ռազմական գեներալների, քրեական հեղինակությունների եւ «էլիտայի» այլ ներկայացուցիչների որդիները, որոնք երբեք չեն եղել առաջավոր գծում, զբաղվել են բենզինի ու դիզելային վառելիքի գողությամբ, դրամաշորթությամբ եւ ծառայության ժամանակի մեծ մասն անցկացրել են տանը: Եթե բանակում կան այդօրինակ հարաբերություններ, ապա ոչ մի նորագույն սպառազինություն, զինվորի բանակային կյանքի ոչ մի բարելավում չեն կարող օգնել պաշտպանունակության բարձրացմանը, քանի որ այնտեղ ծառայող հասարակ ընտանիքների զինվորների մեծամասնությունը քաջատեղյակ է այդպիսի «էլիտար» ստորաբաժանումների մասին: Հենց նման երեւույթներն են, որ կազմալուծում եւ թուլացնում են բանակի բարոյական ոգին:

Անխոս` նոր իշխանությունները որոշ աշխատանք կատարել են բանակի կյանքը բարելավելու ուղղությամբ` ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում: Զինվորների ու սպաների համար ավելի որակյալ սննդակարգի հաստատումը, նրանց ապահովումը զինվորական հանդերձանքով եւ այլն, ծնողներին ազատել են լրացուցիչ ծախսերից, որովհետեւ մինչ այդ զինծառայող որդիների ծնողներն էին հոգում որոշ պիտույքների ու հանդերձանքի կարիքները: Սակայն բանակում զինվորների մահվան դեպքերը, ցավոք, արմատախիլ չեն արվում: Աշխարհում ամենաթանկը մարդկային կյանքն է: Հայերի դեպքում յուրաքանչյուր կյանք եռակի արժեքավոր է, քանի որ մենք թվով քիչ ենք: Զինվորի մահը սոսկ մարդու կորուստ չէ: Դա կերակրողի եւ, ամենագլխավորը, սերնդի կորուստ է: Չէ որ այդ զինվորը պետք է վերադառնար տուն, ամուսնանար եւ զավակներ ունենար: Հետեւաբար` զինվորի կյանքի, նրա մահվան հանգամանքների քննության նկատմամբ հրամանատարության ծայրաստիճան քամահրական վերաբերմունքը, բանակի իրավապահ մարմինների կողմից սպանության մեղավորների պարտակումը կամ հովանավորումը դատապարտելի են:

Ազգային ժողովը պետք է ստեղծի մշտական գործող հանձնաժողով` անձնական վերահսկողության տակ առնելով ոչ միայն մահվան դեպքերի հետաքննությունը, այլեւ բանակում տիրող` զինվորների միջանձնային եւ զինվոր-հրամանատար հարաբերությունների համակարգը: Զինված ուժերի ներկայիս ղեկավարությունն ակնհայտորեն չի հաղթահարում այդ խնդիրները: Առաջիկայում Արցախում պետք է կայանան ընտրություններ: Հույս կա, որ նորընտիր նախագահը, ՀՀ պաշտպանության նախարարության հետ մեկտեղ, պատգամավորական անձնակազմի խիստ վերահսկողության ներքո, առանձնակի ուշադրություն կդարձնի բանակում «դեդովշչինայի» եւ քրեական ենթամշակույթի վրա հիմնված հարաբերությունների իսպառ վերացմանը:

Մենք պետք է ընդօրինակենք Իսրայելի պաշտպանության բանակի փորձը: Իսրայելը նույնքան տարածքով փոքր երկիր է, ինչպես Հայաստանը, եւ նույնպես շրջապատված է ոչ բարեկամ երկրներով: Սակայն այդ բանակում «դեդովշչինա» երբեք չի եղել: Այնտեղ ոչ կանոնադրական հարաբերությունների ամենաաննշան զանցանքի դեպքում անգամ պատժվում է այն զորամասի սպայակազմը, որտեղ կատարվել է միջադեպը, եւ զորամասն ինքնին լուծարվում է: 90-ականների սկզբին, երբ Իսրայելում եղավ ԽՍՀՄ-ից հայրենադարձների մեծ ներհոսք, փորձ արվեց «դեդովշչինան» ներմուծել իսրայելական բանակ: Դրա բացահայտումից հետո միջադեպի բոլոր մեղավորներն ուղարկվեցին ճաղերի հետեւ: Ահա այդպես: Նրանք գիտակցում են, որ բանակում ոչ կանոնադրական հարաբերությունը նրա ուղղակի փլուզում է նշանակում: Դրան ուշադրություն չդարձնելը կամ այս աղաղակող հիմնախնդիրն աչքաթող անելը մեր երկու պետությունների համար ամենամեծ վտանգն են:

 

Հետգրություն. Երբ գրվում էին այս տողերը, ՀՀ Պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ փետրվարի 12-ին Արցախի ՊԲ-ի տարբեր զորամասերում՝ դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում են ստացել երկու զինծառայող՝ 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը՝ ժամը 11:30-ի սահմաններում եւ 2000թ. ծնված Տիգրան Հուսիկի Մխոյանը՝ ժամը 13:00-ի սահմաններում: Երկու դեպքերի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Տեղի ունեցածը տարեսկզբից այս կողմ արձանագրված մահվան 13-14-րդ դեպքերն են:

Խորապես վշտացած ենք եւ ցավակցում ենք զոհվածների հարազատներին:

 

Կարապետ Կալենչյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: