Անցած շաբաթ Հայաստանի խորհրդարանը սկսել էր 2018թ. պետական բյուջեի քննարկումները: Դատելով այդ քննարկումներից եւ բյուջեում բերված թվերից, կառավարության միակ հույսը դարձյալ երկրի բնակչությունից փող կլպելն է: Ժողովուրդը կրկին պետք է վճարի իշխանությունների անարդյունավետ տնտեսական քաղաքականության համար: Եվ քանի որ ձմեռվա շեմին ենք, որը, համաձայն որոշ կանխագուշակումների, խստաշունչ է լինելու, դիտարկենք էներգետիկ ոլորտի վիճակը:
Այսօրվա դրությամբ Հայաստանում արտադրվող էներգիայի միակ աղբյուրը հիդրոէլեկտրակայաններն են: Մնացածը ներմուծվում է այլ երկրներից: ԱԷԿ-ի վառելիքը գալիս է Ռուսաստանից, ջերմային էլեկտրակայանների համար պահանջվող գազը՝ նույնպես Ռուսաստանից: Հայաստանի շրջափակման եւ մոտ ապագայում այն ճեղքելու հույսի բացակայության պայմաններում երկաթուղին չնչին դեր է խաղում երկրի ներսում: Բեռներ փոխադրող հիմնական տրանսպորտային միջոցները ավտոմեքենաներն են: Որքան շատ են ապրանքների արտադրության եւ դրանց մատակարարման համար պահանջվող էներգիայի ծախսերը, այնքան մեծ է ապրանքների ինքնարժեքը: Որոշ դեպքերում տրանսպորտի ծախսերը հասնում են մինչեւն ապրանքի արժեքի 50 տոկոսին: Եթե ապրանքի ինքնարժեքը բարձր է, պարզ է, որ չի կարող մրցակցել նմանատիպ ապրանքներ արտադրողների հետ` ինչպես արտաքին շուկաներում, այնպես էլ Հայաստանում:
Հայաստանը էներգապես կախված է Ռուսաստանից, քանի որ ոլորտի ողջ ենթակառուցվածքը նրան է պատկանում: Գազ եւ բենզին ստանում ենք բացառապես Ռուսաստանից՝ չնայած հարեւան Իրանը մեզ ավելի էժան գազ է առաջարկում, իսկ Եվրոպան ու Միացյալ Նահանգները խորհուրդ են տալիս դիվերսիֆիկացնել էներգետիկ ոլորտը, զարգացնել վերականգնվող էներգիայի սեփական աղբյուրները: ԱՄՆ-ը Հայաստանին առաջարկել է 8 մլրդ դոլարի ներդրում Հայաստանի էներգետիկ ոլորտում: Բայց այս խնդրով լրջորեն զբաղվելու փոխարեն, ՀՀ բնապահպանության եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը ԱԺ-ում իրեն ուղղված հարցին, թե արդյո՞ք քայլեր ձեռնարկվում են այդ գումարները ներգրավելու համար, «դժվարացավ» պատասխանել, քանի որ... «չեմ կարողանում հիշել, թե ինչ նպատակով էին այդ գումարներն առաջարկվել»: Այժմ հանրությունն է դժվարանում մեկնաբանել նմանօրինակ պատասխանը` դիլետանտությո՞ւն, բացարձակ անգրագիտությո՞ւն, թե՞ ազգային շահերի սաբոտաժ:
Մեզ համար գոյություն ունի գազի մեկ գին՝ դա այն գինն է, որը Հայաստանի քաղաքացիներս վճարում ենք ռուսական «Գազպրոմ»-ին եւ «Գազպրոմ Արմենիա»-ին, որի նույն «Գազպրոմ»-ն է՝ իր 100 տոկոս բաժնետոմսերով, միայն գտնվելու վայրը Հայաստանում է: Գազի գինը թելադրում են այս կազմակերպությունները: Հնարավոր է, որ այդ գնի վրա ազդում են նաեւ մեր կառավարության եւ օլիգարխների շահերը, որոնք ունեն իրենց բիզնես-հետաքրքրությունները: Ի դեպ, Ուկրաինան հրաժարվել է ռուսական գազից, որը ՌԴ-ն առաջարկում էր այն գնով, որով ստանում է ՀՀ տարածքում գործող ռուսական ընկերությունը: Վերջերս Դմիտրի Մեդվեդեւի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ կառավարությունը ուրախությամբ հաղորդեց, որ 2018-ին գազի գինը չի բարձրանա: Սա ժողովրդին մատուցվում է որպես մեծ ձեռքբերում: Մենք գիտենք, թե որքան արժե գազը Հարավային Կովկասում, էլ չենք խոսում մյուս հարեւանների մասին, այդ թվում՝ Իրանի: Տարածաշրջանում ամենից թանկ գազը Հայաստանում է: Այստեղ քաղաքացիները եւ տնտեսվարող սուբյեկտներն ամենաբարձր գինն են վճարում սպառած 1 խորանարդ մետր գազի դիմաց:
Տարբեր աղբյուրներից քաղված տվյալներով ներկայացնենք 2017թ. մեզ հետաքրքրող երկրներում գազի գները՝ վերահաշվարկված դրամով ($ 1 = 480 դրամ):
Հայաստան |
139 դրամ |
Ռուսաստան |
46,74 դրամ |
Բելառուս |
54,94 դրամ |
Ղազախստան |
25,42 դրամ |
Ղրղզստան |
99,0 դրամ |
Իրան |
62,4 դրամ |
Վրաստան |
83,26 դրամ |
Ադրբեջան |
28,25 դրամ |
Ուկրաինա |
122,18 դրամ |
Այստեղ ներառված են մեր հարեւանները եւ ԵԱՏՄ անդամ երկրները, որոնցից մեկն էլ Հայաստանն է: Ուշադրություն դարձրեք Բելառուսին: Այն ամբողջությամբ, ինչպես եւ մենք, գազը ներմուծում է Ռուսաստանից եւ Եվրասիական տնտեսական միության անդամ է:
Եթե ԵԱՏՄ երկրներում գազի մեկ խորանարդ մետրի միջին գինը 31,775 դրամ է (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան եւ Ղրղզստան), ապա Հայաստանում այն կազմում է 139 ՀՀ դրամ: Ուկրաինան ամբողջությամբ հրաժարվել է ռուսական գազից, եւ այն գնում է եվրոպական գներով: Համեմատե՛ք Հայաստանի գնի հետ: Կարո՞ղ է նման պայմաններում զարգանալ մեր տնտեսությունը՝ անգամ մեկ մաքսային միության սահմաններում: Թող այս հարցին պատասխանի ընթերցողը: Նույնն է պատկերը նաեւ բենզինի հարցում: Երբ բարձրացել էր բենզինի գինը, վարչապետը պատասխանեց, թե բենզինն ամենուր է թանկացել: Որտե՞ղ է այն թանկացել, երբ նավթը գնալով էժանանում է: Ստորեւ բերված աղյուսակում ներկայացված է 1 լիտր բենզինի արժեքը մեզ հետաքրքրող երկրներում.
Հայաստան |
420 դրամ |
Վրաստան |
391 դրամ |
Ադրբեջան |
326,4 դրամ |
Իրան |
168 դրամ |
Ռուսաստան |
331 դրամ |
Բելառուս |
302,4 դրամ |
Ղազախստան |
235,2 դրամ |
Ղրղզստան |
292,8 դրամ |
Հարց է առաջանում. եթե Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, ինչո՞ւ են հիմնական էներգետիկ ռեսուրսների գները շատ ավելի բարձր, քան միության մնացած երկրներում: Ի վերջո, միասնական մաքսային կանոնների համաձայն, գինը չպետք է այս աստիճան տատանվի: Եթե ԵԱՏՄ-ն ի վիճակի չէ իր անդամներից մեկին ապահովել էներգիայի համարժեք գներով, որոնք կիրառվում են մնացած երկրներում, ապա ինչո՞ւ մեր կառավարությունն այդ հարցը ԵԱՏՄ-ում չի բարձրացնում: Ինչո՞ւ մեր փոխնախարարը «չգիտի» էներգետիկ համակարգում ԱՄՆ 8 մլրդ դոլարի ներդրման պատրաստակամության մասին: Ուրեմն՝ ինչպե՞ս է այս ձմռանը տաքանալու միջին վիճակագրական հայաստանցին, երբ գազն ու հոսանքն այսքան թանկ են, իսկ իր գրպանը՝ դատարկ:
Այս եւ շատ այլ հարցեր լուծելի են: Մենք անլուծելի խնդիրներ չունենք: Միակ անլուծելի խնդիրը մեր մտածելակերպն է: Բոլորս մտածում ենք ոչ թե երկրի բարօրության մասին, այլ՝ այն, թե ինչ կասեն այս աշխարհի հզորները, իսկ եթե նրանց հանկարծ մի բան դուր չգա՞: Մենք դեռ հասու չենք՝ ունենալու այնպիսի պետություն, որը գերակա կհամարի իր ազգային շահերի պաշտպանությունը, այլ ոչ թե կմտահոգվի, թե ինչ կասեն ուրիշները:
Կարապետ Կալենչյան