Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության միջազգային օրն էր, որի առնչությամբ կուզեի երկու խոսք ասել՝ մասնավորապես հանդուրժողականության սկզբունքների պահպանման համատեքստում:
Ես այդ հանդուրժողականությունը տեսնում եմ մեր շուրջը հանրային տարբեր միջավայրերում՝ երբեմն ծանոթ կամ անծանոթ անձանց հետ շփվելիս։ Ինչքան ժամանակ Հայաստանում եմ՝ 2-3 անգամ որոշ անձանց հետ չհասկացված զրույց եմ ունեցել, այն էլ եղել է հայացքների տարբերության պատճառով, որից ժամանակին խուսափել եմ` չուզելով ավելորդ նյարդեր քայքայել։ Թերեւս տվյալ դեպքերում՝ անհանդուրժող լինելով դիմացինի հայացքների հանդեպ, հանդուրժողականություն եմ ցուցաբերել՝ հասկանալով, որ մեզանից յուրաքանչյուրն իրավունք չունի իր տեսակետը պարտադրել դիմացինին։
Համացանցում, թե մամուլի տարբեր աղբյուրներից տեղեկանում եմ, թե իրականության մեջ ինչպիսի անհանդուրժողականություն կա ու այլեւս չեմ զարմանում, այլ օր օրի հիասթափությունս մեծանում է, երբ ամենուր բռնություն է, անգամ ազգակցական կապերն անտեսված՝ մարդասպանության սարսափելի դեպքեր, որ համեմատության մեջ` Արցախում ապրած մեր այն աղետալի տարիները երանելի են դառնում։
Այստեղ տեսնում եմ երկու հակադիր ծայրահեղություն՝ չափազանց մեծ մարդկային անտարբերություն երկրում տիրող կործանարար իրադարձությունների հանդեպ, ինչը տարակուսանք է առաջացնում՝ մտավորականության ստվար հատվածը վախենո՞ւմ է «ժողովրդավար» երկրում խոսել, թե՞ երկրի մասին մտահոգություն արտահայտելը թյուրըմբռնմամբ համարում է քաղաքականություն եւ խույս է տալիս իրականությունից։
Մյուս ծայրահեղությունը՝ երբ առանձին անհատներ, ամբողջական համայնքներ, կուսակցություններ կամ դաշինքներ բռնության եւ դաժանության թիրախ են դառնում միայն այն պատճառով, որ ունեն տարբեր կողմնորոշումներ: Իսկ վերջինս մեզ տեսանելի է դառնում հիմնականում իշխանականների եւ ընդդիմադիրների պայքարում։
Հանդուրժողականության միջազգային օրը համընկել էր Վաղարշապատում մեկնարկած ավագանու ընտրություններին։ Որտեղ իշխանությունները կան՝ այնտեղ ոստիկանական մեծ վերահսկողություն է սահմանված՝ անկախ նրանից, պետական արարողությո՞ւն է, թե՞ կարգալույծ հոգեւորականների մատուցած պատարագ։
Չկա հանդուրժողականություն, եթե գաղափարների բազմազանությունը մարդկային մտքերում, համոզմունքներում ու գործողություններում սպառնալիք է դառնում, որի փաստացի օրինակը մեր քաղբանտարկյալներն են թե՛ թշնամու որջում, թե՛ մայր երկրի ներսում, որոնց իրավունքները տարբեր շինծու պատրվակներով խախտված են։ Միաժամանակ հակառակ պատկերին ենք ականատես, երբ կործանարար գործողությունները հանդուրժելի են դառնում։
Նատաշա Պողոսյան

