Երկուշաբթի, Նոյեմբերի 25, 2024

Ազատ ամբիոն

ԼՂՀ անկախությունն ու բանակցային գործընթացը միջնորդների ներկայացրած առաջարկների համատեքստում

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Հայաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանն իր հուշերում անդրադարձել է 1988 թվականին հունիսի 15-ի նստաշրջանին՝ գրելով, որ իր գլխավորությամբ ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունել է որոշում Ղարաբաղը Հայաստանի հետ վերամիավորելու մասին: Մանրամասներ, թե ինչպես դա եղավ կամ ինչպես ստացվեց, չի ներկայացնում: Չի նշում, որ այդ որոշումը պարտադրվել էր ներքեւից: Սա մի օրինակ է՝ ցույց տալու համար, թե ինչպես կարելի է պատմությունը չկեղծել, բայց ներկայացնել իրականությանը չհամապատասխանող ձեւով: Դա սուտ չէ, իսկապես, այդ որոշումն ընդունվել է Սուրեն Հարությունյանի ժամանակ, ընդունել է Խորհրդային Հայաստանի խորհրդարանը, բայց թե դրա տակ ինչ կա պահված՝ դա այլ հարց է:

Երբ ԼՂԻՄ-ը ցանկություն էր հայտնել միանալու Հայաստանին, Մոսկվայի կողմից առաջին առաջարկը հետեւյալն էր. իսկ չէի՞ք ցանկանա, որ Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում՝ ինքնավար հանրապետության կարգավիճակում: Ներկայում շատ սիրելի դարձած Հենրիխ Պողոսյանը Կրեմլի այս գիծը բավական ագրեսիվ կերպով տարածում էր այն օրերի ԼՂ-ում, երբ ինքն իշխանության գլուխ էր: Նա մի քանի անգամ մեկնեց Բաքու, հանդիպում ունեցավ ադրբեջանցի պաշտոնակցի՝ Աբդուլռահման Վեզիրովի հետ: Երկու հանրապետությունների ղեկավարները մի քանի հանդիպում ունեցան Արցախում՝ 1988-ին: Հենրիխ Պողոսյանը հետո մեկնեց Մոսկվա եւ Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության առաջարկը հնչեցրեց լուսահոգի Էդուարդ Շեւարդնաձեի անունից:

Պատմությունն այդ մասին լռում է, որովհետեւ մարզկոմի այն ժամանակվա առաջին դեմքին ձեռնատու չէր, որպեսզի դա հիշվի: Այն մասին, թե ինչպես էր Հենրիխ Պողոսյանը փորձում համոզել հանրությանը, որ դա շատ լավ տարբերակ է, հիշատակումներ կարելի է գտնել միայն ժամանակի մամուլում: 1991 թվականի իրադարձությունների՝ «Կոլցո» գործողության ժամանակ Ոսկեպարում 20-ից ավելի միլիցիոների սպանության, Ղարաբաղում 24 գյուղերի հայաթափման պատճառով հուսահատ վիճակ էր տիրում:

Ղարաբաղցիները կողմ էին արտահայտվել սեպտեմբերի 8-ին Ադրբեջանում կայացած ընտրություններին, որում ավելի քան 90 տոկոսով հաղթեց կոմունիստ Մութալիբովը: Պատվիրակությունը վերադարձավ Ղարաբաղ, իսկ Լեոնարդ Պետրոսյանն այնտեղից մեկնեց Մոսկվա, եւ ականատեսների պատմելով` վախենում էր վերադառնալ, որովհետեւ հաշվեհարդարի սպառնալիքներ էին հնչեցնում այն մարդիկ, ովքեր դեմ էին այդ պատվիրակությանն ուղարկել Բաքու:

Եվ իրոք, պատվիրակության վերադարձից օրեր անց` սեպտեմբերի 11-ին, օրը ցերեկով Վալերի Գրիգորյանը` որպես դավաճան, սպանվեց Ազատամարտիկների փողոցում: Այդ ընթացքում Մոսկվայում տեղի ունեցավ մի դիպված, որը բարերար ազդեցություն ունեցավ Շարժման վրա: Դա  ձախողված «պուտչ»-ն էր: Ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ, երբ Մութալիբովն ուրախությամբ ասաց, թե մերոնք հաղթեցին: Նա հրապարկավ իր աջակցությունը հայտնեց Գորբաչովին: Լավ էր, որ Ստեփանակերտում լռություն էր տիրում այդ օրերին, մարդիկ չգիտեին, թե ինչ է կատարվում: Լեւոն Տեր-Պետրոսյանն, ի դեպ, խոհեմ գտնվեց,կարողացավ ճիշտ կողմնորոշվել եւ ոչ միայն չաջակցեց «պուտչին», այլեւ, ըստ էության, դատապարտեց այդ քայլը: Ելցինը դա երբեք չմոռացավ: 

Ելցինը չմոռացավ թե´ Մութալիբովին, ով պաշտպանեց «պուտչը», թե՛ Տեր-Պետրոսյանին, ով աջակցեց Ելցինի շարժմանը՝ դեմոկրատական Ռուսաստանին:

Առաջին անգամ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ փաստաթուղթ ներկայացվեց 1991թ.-ին, երբ տեղի ունեցավ Ելցինի եւ Նազարբաեւի այցելությունը Բաքու, Գյանջա, Ստեփանակերտ, Երեւան, որտեղ նրանց միացավ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Իսկ Ժելեզնավոդսկ քաղաքում ընդունվեց «Ժելեզնավոդսկի կոմյունիկեն», որը արցախյան կարգավորման առաջին կիսամիջազգային փաստաթուղթն է: Նրանում հստակ նշվում է, որ Ղարաբաղը պետք է մնա Ադրբեջանի կազմում: Ղարաբաղից այդ բանակցություններին մասնակցում էին Ռոբերտ Քոչարյանը եւ Լեոնարդ Պետրոսյանը:

Խորհրդային Միության փլուզումից հետո Ղարաբաղի հարցը միջազգայնացվեց արդեն ամբողջությամբ, որովհետեւ Ելցին-Նազարբաեւ նախաձեռնությունը դեռեւս միջազգային չէր: Առաջին փաստաթուղթը, որ դրվեց սեղանին, 1997 թվականի երկու առաջարկներն էին՝ փուլայինը եւ փաթեթայինը: Փուլային տարբերակում Արցախի կարգավիճակի մասին ոչ մի խոսք չկար, հարցը թողնում էին անորոշ ապագային եւ լուծում միայն հակամարտության հետեւանքները, այսինքն՝ եթե տարածքները վերադարձնում էին անմիջապես, ապա կարգավիճակը որոշում են այն ժամանակ, երբ արդեն կստեղծվի համապատասխան մթնոլորտ:

Եվ ես կարծում եմ, որ նրանք, ովքեր դեմ էին այդ տարբերակին, շատ տրամաբանական փաստարկ էին բերում. եթե դու տարածքը տալիս ես՝ հինգ շրջան, մեկ շրջան կամ մեկ գյուղ, Ադրբեջանը՝ տեսնելով, որ դու տալիս ես, էլ ինչո՞ւ պիտի բանակցի: Դրա համար պետք է պահել տարածքները, կորզել Ադրբեջանից կարգավիճակը, հետո նոր խոսել տարածքները վերադարձնելու մասին:

Կարգավորման հետագա բոլոր առաջարկներում ենթադրվում է, որ Հայաստանն ու Արցախը վերադարձնում են 6-6,5 շրջան`անկախ նրանից, թե երեք նախագահների կողմից ինչ բառապաշար էր օգտագործվում: Լեւոն Տեր-Պետրոսյանը կողմ էր եւ համարում էր, որ պետք է գնալ փուլային լուծման, որին, ըստ էության, կողմ էր նաեւ Ադրբեջանը: Ադրբեջանը ստանում էր տարածք, եւ Ղարաբաղի կարգավիճակը, անգամ եթե Հ.Ալիեւը ներքուստ համոզված է, որ Ղարաբաղը չի ստանա, բայց իր ժողովրդին կարողանում էր համոզել,  թե տեսեք,  Ղարաբաղը չտվինք Հայաստանին կամ անկախ չէ, իսկ մենք տարածքներ ստացանք: Ամբողջ էությունը սա էր: Այս ճգնաժամը հանգեցրեց Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարականին:

Տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի նիստը, որը փաստացի վճռեց նրա ճակատագիրը: 1998 թվականին, երբ Ռոբերտ Քոչարյանը դարձավ նախագահ (հատուկ եմ օգտագործում՝ դարձավ եզրը, որովհետեւ համարում եմ, որ նա չի ընտրվել ՀՀ նախագահ, ինչպես չի ընտրվել Սերժ Սարգսյանը, ինչպես 1996 թվականին չի ընտրվել Լեւոն Տեր-Պետրոսյանը), Պրիմակովը 1997 թվականին մոլդովական խնդրի կարգավորման համատեքստում Մերձդնեստրին ներկայացրել էր «Ընդհանուր պետության» գաղափարը:

1998 թվականին այդ նույն գաղափարը, երբ նա արտգործնախարար էր, ներկայացրեց նաեւ արցախաադրբեջանական հակամարտության կողմերին: Սա նշանակում էր, որ փաստացի փորձ էր արվում լուծում գտնել կարգավիճակի հարցին, այսինքն՝ խորհրդային Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված 86,6 հազար քառ. կմ սահմաներում կազմավորում են ընդհանուր պետություն: Այդ ձեւակերպմամբ Քոչարյանը ճանաչում էր Ղարաբաղը՝ որպես Ադրբեջանի մաս:

Ուշագրավ է, որ այս առաջարկն ընդունելի էր ե՛ւ Երեւանի համար՝ վերապահումներով, ե՛ւ Ստեփանակերտի՝ խիստ վերապահումներով: Հետաքրքիրն այն էր, որ Ադրբեջանը մերժեց այս փաստաթուղթը, նույնիսկ Ալիեւը հայտարարեց, որ այս առաջարկները «սեւից էլ սեւ են»: Տարածքների փոխանակման տարբերակը դարձյալ Ադրբեջանն է մերժել: Ի դեպ, այդ տարբերակը չէր ենթադրում Մեղրիի փոխանցում Ադրբեջանին, ինչպես 2008-ին հրապարակում փաստաթուղթը թափահարելով, պնդում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը:

 

Թաթուլ Հակոբյանի զեկույցից
ՌԱՀՀԿ, 22 փետրվարի 2018

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: