Երկուշաբթի, Նոյեմբերի 25, 2024

Ազատ ամբիոն

Տնտեսություն կառուցելու ճանապարհին

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Հայաստանում բոլոր ժամանակներում գործել են տնտեսական, այսպես կոչված, կորզիչ համակարգեր: Դեռեւս խորհրդային ժամանակաշրջանից գործ ենք ունեցել անազատ եւ խիստ կարգավորվող շուկայի հետ, որտեղ, բնականաբար, որեւէ գործարարություն չէր կարող զարգանալ: Եվ եթե սոցիալիստական կարգերի պարագայում հենց օրենքն ինքն էր արգելում գործարարությունը, ապա նորանկախ Հայաստանում շուկայի անազատությունը կարգավորվում էր մի շարք չգրված, սակայն բոլորին հայտնի օրենքներով:

Դրանց շնորհիվ իշխանության ներկայացուցիչներին մեծ արտոնություններ էին վերապահված: Արդյունքում բոլոր շահութաբեր ոլորտներում ձեւավորվել էին ծանր մենաշնորհներ. այդ ոլորտներում «կողմնակի անձանց մուտքը խստիվ արգելված էր», իսկ օլիգարխիայի երկաթե օրենքը գործում էր անխափան:

Տնտեսությունը հնարավորինս հարմարեցված էր քաղաքական ընտրախավի պահանջներին ու նպատակներին, որոնց համար երկրի տնտեսությունն ավելի շատ դիտվում էր որպես սեփական բարեկեցությունն ապահովող մեխանիզմ: Հետեւապես ստացվում էր, որ հաջողակ գործարար դառնալու եւ մենաշնորհի ինդուլգենցիա ձեռք բերելու համար պարտադիր պետք էր համալրել քաղաքական ընտրախավի շարքերը: Այդ տնտեսական արտոնություններից օգտվելու շահագրգռվածությունն էր շատերին ստիպում «կառչել» քաղաքականությունից, ինչի արդյունքում այլեւս անհնար էր բիզնեսը զանազանել քաղաքականությունից. քաղաքականությունը դարձել էր բիզնեսի կողմնակի արտադրանք: Իսկ գործարարությամբ զբաղվելու նկրտումներ ունեցող, բայց քաղաքական ընտրախավին տարատեսակ ծառայություններ մատուցելուց խուսափող յուրաքանչյուր անձ անմիջապես հայտնվում էր բիզնեսի լուսանցքում, քանի որ բիզնեսը միայն «յուրայինների» համար էր:

Սակայն «թավշյա» հեղափոխությունը քանդեց այդ կծիկը: Բուրգը կազմալուծվեց, եւ տնտեսությունը գրեթե զրոյից կառուցելու հեռանկար բացվեց, որը միաժամանակ լրջագույն մարտահրավեր է՝ հաշվի առնելով ներքին եւ տարածաշրջանային բազում յուրահատկություններ ու նախապայմաններ, որոնք մեծապես կարող են խոչընդոտել տնտեսության կայացմանը: Այդ խոչընդոտները հաղթահարելու համար պետք է օտարվենք մեր երկրի հնարավորությունների մասին արմատացած պատկերացումներից, ավելի համարձակ եւ լայն հայացքով նայենք աշխարհին ու ինքներս մեզ: Այս առումով պետք չէ կաշկանդված մնալ շարունակ մատուցվող մտակաղապարների մեջ, այլ՝ հասկանալ, որ կարեւորագույն փոփոխությունները կարելի է սկսել ամենաչնչին քայլից:

Փաստ է, որ Հայաստանում գործարարությունը երբեք միտված չի եղել իրական արժեք ստեղծելուն: Այսօր ժամանակն է գիտակցելու, որ գործարարությունն արժեք ստեղծելու համար է, ուրեմն մշտապես պետք է նորարարություն ներարկել այն բոլոր գործընթացներին, որոնք, սովորության համաձայն, դեռ խորհրդային իներցիայով են շարժվում: Պետք է լրիվ նոր բովանդակություն հաղորդվի ցանկացած գործողության, որը միտված է արժեք ստեղծող ներառական տնտեսության կայացմանը:

Կառավարությունն իրապես հաջողած կլինի հեղափոխության այս փուլում, եթե տնտեսության հարցերում նրա միջամտությունը հասցվի նվազագույնի: Հարկավոր է մարդկանց գիտակցության մեջ հստակ արմատավորել, որ պետությունը որեւէ դերակատարում չի կարող ունենալ այս կամ այն անհատի բիզնեսի կայացման մեջ. սեփական գործն առաջ տանելու համար «յուրային» դառնալու ջանքերն ավելորդ են:

Ազատ մրցակցությունը բոլորի կայացման եւ սեփականության անձեռնմխելիության գրավականն է: Իշխանությանը որեւէ բիզնեսի «կռիշ» դարձնելու եւ արդյունքում ապօրինի կուտակած սեփականությամբ «կռիշին» պարտավոր ու հաշվետու լինելու արատավոր գործելակերպը, կարծես թե, թողեցինք անցյալում: Ուրեմն՝ տնտեսական հեղափոխության ճիշտ մեկնարկն ապահովելու կարեւորագույն նախապայման է դառնում նախկինում որոշ գործիչների ապօրինի կուտակած սեփականության լեգիտիմության հարցի լուծումը, որպեսզի այլեւս բացառվի իշխանության եւ բիզնեսի սերտաճումը, ինչը կրկին կհանգեցնի «կորզիչ» համակարգերի ստեղծման եւ, որպես դրա հետեւանք, իշխանության շարունակական վերարտադրման:

Ցանկացած ժողովրդավար պետության զարգացման երաշխիքը ճիշտ գործող ներառական տնտեսական ու քաղաքական ինստիտուտներն են: Ուղղակի պետք է իրապես գիտակցել դրանց կարեւորությունը եւ երբեք պետական շահը չստորադասել քաղաքական շահին: Այդ ժամանակ միգուցե շատ բան հաջողվի:

 

Մարինա Մուրադյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: