Կարդացի Արցախյան շարժման 35-ամյակի կապակցությամբ արցախցիներին ուղղված՝ ՀՀ վարչապետի խոսքը։ Չեմ հիշում, թե 44-օրյա պատերազմից հետո երբ է նա վերջին անգամ արցախցիներին ինչ-որ առիթով շնորհավորել։ Նմանապես կարդացի Արցախի նախագահի եւ պետնախարարի (այժմ արդեն՝ նախկին-խմբ.) ուղերձները բազմաչարչար մեր ժողովրդին անցած 35 տարվա ընթացքում վիճակված փորձությունների մասին, թե ինչպես ենք հաղթահարել ու նոր օրերում կանգնել դժվար մարտահրավերների առջեւ։
Տարբեր են նրանք` վարչապետ, նախագահ, պետնախարար… Երեքն էլ պատմություն են դառնալու, նրանց արածն ու թողածը մնալու են սերունդների դատին։ Եվ սերունդները, եթե կարդան արցախցիներին ուղղված այդ ուղերձները, չեն տարբերակի նրանց, երբ բոլորն էլ իրենց խոսքերով սրտացավ են, հավատարիմ 35 տարիների գաղափարներին։ Մնում է հարցնել` իսկ ո՞վ է այստեղ Արցախն Ադրբեջանի տարածք համարողը, ո՞վ կամ ովքե՞ր են պայքարողները, որ Արցախը հայկական մնա, ո՞վ կամ ովքե՞ր են ցանկանում, որ արցախցիներն ապրեն ազերիների հետ՝ ոտնահարված իրավունքներով ու գլխատված։
Զարմանում եմ, թե ինչպես են Արցախը ճանաչում Ադրբեջանի մաս ու «մտահոգվում» արցախցիների անվտանգությամբ։ Ինչպես են Արցախը հանձնում ու «անհանգստանում» շրջափակման մեջ գտնվող արցախցիների մասին` մեկընդմեջ էլ հիշեցնելով, թե Հայաստանի բյուջեից որքան գումար են փոխանցում Արցախին։ Նաեւ հարց է ծագում, թե այստեղ ո՞վ կամ ովքե՞ր են, որ պատրաստ են միապետ Ալիեւի պահանջները կատարել, չնայած գիտենք այդ մասին։
Թշնամուն ծառայողն իր ազգի թշնամին է։ Սերունդների դատին դրված այս ժամանակահատվածն` իր ո՛չ հայամետ «դեմքով» թե «դեմքերով» հանդերձ, դատապարտվելու է հավիտյանս հավիտենից։ Արցախի իշխանությունը պետք է նույն հայացքով նայի Արցախի հարցին, ինչպես իր ժողովուրդը։ Գուցե մեր մեջ էլ կլինեն տկարներ, որոնց համար թշնամու լուծը գերադասելի կլինի, նրանք արցախցիների մեծամասնության կողքին չեն կարող տեղ ունենալ։
88-ի շարժման գաղափարը միացումն էր Հայաստանին։ Այսօր Հայաստանի ժողովրդի 90 տոկոսը մերժում է Արցախը Ադրբեջանի տարածք դիտելը, միայն մի «իմքայլական» ցավագար իշխանություն է դեմ գնում արցախցիների ազատ, անկախ ապրելու երազանքին։ Այս օրերին մենք հավատարմորեն կանգնած ենք նրանց կողքին, ովքեր մեր գաղափարների կրողն են ու մեզ համարձակորեն կուղեկցեն այդ պայքարում։ Արցախը անկախ լինի, թե Հայաստանի կազմում՝ սա է մեր փրկությունը, մենք այլ ճանապարհ չունենք, մեր պայքարը հայկական Արցախը պահել-պաշտպանելու մեծագույն ձգտումն է, որին պետք է շարունակենք հավատարիմ մնալ:
Նատաշա Պողոսյան