Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Ազատ ամբիոն

Հայաստան-Վրաստան տանդեմ. ինչպիսի՞ն են հեռանկարները

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-4-ը պաշտոնական այցով Վրաստանում էր: Վրացի գործընկերոջ՝ Գեորգի Գախարիայի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ իր կառավարությունը Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումը դիտարկում է ռազմավարական համատեքստում: «Մենք մեծ հնարավորություններ ունենք բոլոր ոլորտներում համագործակցության զարգացման համար: Տարածաշրջանային տեսակետից Վրաստանի հետ մեր հարաբերությունները մենք դիտարկում ենք հատուկ մոտեցմամբ: Մենք մեր հարաբերություններն ավելի ամրապնդող գործոն ենք համարում երկու երկրների ընտրած` ժողովրդավարական զարգացման ուղին»,- նշել է Փաշինյանը: Պատասխան խոսքում Գախարիան իր հերթին ասել է. «Մենք նախ պետք է հոգ տանենք մեր երկրների խաղաղության, ապա քաղաքական, տնտեսական, մշակութային եւ բոլոր այն հարցերի մասին, որոնք այսօր շոշափվում են»: Նա հավելել է, որ մեր երկրները գտնվում են «բարդ տարածաշրջանում»՝ ընդգծելով Վրաստանի եւ Հայաստանի հետագա զարգացման գործում խաղաղության ու կայունության նշանակությունը:

Դատելով հարեւան երկրների միջեւ միջպետական կապերի ակտիվացումից, կարելի է արձանագրել, որ Սիրիայում կտրուկ զարգացող իրադարձությունների եւ այդ իրադարձություններում Ռուսաստանի, Իրանի Թուրքիայի ու Իրաքի ներգրավվածության հենքին երկու երկրներն էլ հասկանում են ռազմավարական գործընկերության կարեւորությունը: Գործնականում բոլոր այդ երկրները՝ ներառյալ Հունաստանը եւ Կիպրոսը, չափազանց լարված հարաբերություններ ունեն Թուրքիայի հետ, որը ցանկանում է այդ տարածաշրջանում գերիշխող դեր ստանձնել եւ այդտեղ ամրապնդել իր ազդեցությունը: Սիրիայում շարունակվող պատերազմը հարյուր հազարավոր փախստականների հոսք է առաջացրել: Չի կարելի բացառել իրադարձությունների որոշակի զարգացման դեպքում Հարավային Կովկասի տարածաշրջանում եւս պատերազմի բռնկման հնարավորությունը: Այդ տեսակետից պայթուցիչ կարող է դառնալ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների հետագա զարգացումը, որոնց շահերն այժմ Սիրիայում տրամագծորեն հակադիր են:

Այդ հարաբերությունների պատմությունը ցույց է տալիս, որ չնայած երկու երկրները հաճախ են կռվել միմյանց դեմ, սակայն միշտ վերջում հաշտվել ու պայմանավորվել են այլ ժողովուրդների շահերի հաշվին: Մեծ է հավանականությունը, որ այդպիսի պայմանավորվածություն հնարավոր է նաեւ այժմ, եւ ռազմական գործողությունների թատերաբեմը կարող է անցնել Թուրքիայի արեւելյան մասը, որտեղ մի կողմում Նախիջեւանն է, մյուսում` Բաթումը եւ Աջարիան: Այդ պայմաններում հայ-վրացական տանդեմն ի զորու է մոտ ապագայում զգալի գործոն դառնալ մերձավորարեւելյան տարածագոտու իրադարձությունների զարգացման գործում: Այս երկու երկրները միավորվելով` կարող են ռազմական առումով արժանի հակահարված հասցնել թշնամաբար տրամադրված բոլոր տարածաշրջանային ուժերին: Հատկանշական է, որ փետրվարի վերջին Երեւան էր այցելել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Գարիբաշվիլին: Այցն ուղղված էր Երեւանի եւ Թբիլիսիի միջեւ երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը: Երեւանում նա հայտարարեց. «Այցը դրական է: Այն էլ ավելի կամրապնդի Հայաստանի եւ Վրաստանի փոխհարաբերություները: Երեւանը տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության անկործան մնալու հարցում Թբիլիսիի ողնաշարն է, եւ ընդհակառակն»: 

Վրաստանը մեծ խնդիրներ ունի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Վերջինս արդեն սահմանում վրացական տարածք է զավթել` վրացիներից խլելով «Դավիդ Գարեջի» վանական համալիրը: Թուրքերը` հետեւելով «փափուկ ուժի» քաղաքականությանը, Բաթումը վերաբնակեցրել են թուրք քաղաքացիներով, որոնք այժմ էլ այնտեղ անշարժ գույք են գնում եւ աստիճանաբար փոխում ժողովրդագրական պատկերն իրենց օգտին: Մինչ այդ, Վրաստանի հայաբնակ տարածքով Բաքու-Կարս երկաթուղու կառուցումը նույնպես ուներ ոչ թե տնտեսական, այլ ռազմավարական նպատակ` «ահաբեկիչներից» երկաթուղու անվտանգությունը պաշտպանելու պատրվակով այնտեղ ուղարկել թուրքական զորքեր եւ այդ տարածքը հետզհետե թուրքերի բնակության համար յուրացնելով` նմանապես փոխել ժողովրդագրությունը հօգուտ իրենց: Իզուր չէ, որ կանխավ իմանալով երկաթուղու վնասաբերությունը, Ադրբեջանը, այնուամենայնիվ, առատաձեռնորեն ֆինանսավորեց դրա կառուցումը:

Հայաստանը նույնպես Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ մեծ խնդիրներ ունի: Արդեն ավելի քան 30 տարի Ադրբեջանի հետ մենք պատերազմական վիճակում ենք: Թուրքիան, ի տարբերություն Ռուսաստանի, բացահայտորեն աջակցում է Ադրբեջանին: Փետրվարի վերջին Էրդողանն այցելեց Ադրբեջան եւ հայտարարեց, թե «ԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում անկեղծ չէ»: Ավելին` Թուրքիան Ադրբեջանի հետ ստորագրել է պայմանագիր «Ադրբեջանի վրա հարձակվելու» դեպքում իր ռազմական աջակցության մասին: Արդեն այս տարվա մարտին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն Անկարայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այդ կապակցությամբ թուրք նախարարը հետեւյալ գրառումն է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում. «Մինսկի խումբը պետք է այժմ ավելի արդյունավետ աշխատի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման ուղղությամբ: Այդ լուծումը պետք է լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»:

Ինչպես տեսնում ենք, ե´ւ Հայաստանը, ե´ւ Վրաստանը ունեն ընդհանուր ազգային շահեր, որոնք հեշտ է լուծել միասին: Երկու երկրների առաջնորդները հասկանում են իրենց առջեւ կանգնած մարտահրավերները: Մենք չենք պնդում, թե Վրաստանն իր հարցերը կարող է լուծել միայն Հայաստանի հետ համագործակցաբար կամ հակառակը: Վրաստանն ինքը իր հարցերը կարող է լուծել նաեւ առանց Հայաստանի: Նա սերտ կապեր ունի ՆԱՏՕ-ի, Եվրամիության եւ ԱՄՆ-ի հետ, որոնք նրան օգնում են: Հայաստանը նույնպես լուծել է իր անվտանգությանն առնչվող հարցերը եւ Արցախի հետ համատեղ ստեղծել տարածաշրջանային անվտանգության ամուր հիմք: Ստեփանակերտում Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում այդ մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: «Այսօր տարածաշրջանում ստեղծված աշխահաքաղաքական իրողությունների պայմաններում մենք պետք է արձանագրենք, որ համատեղ պատասխանատվություն ենք կրում ոչ միայն Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության անվտանգության առումով, այլեւ` առանձնահատուկ պատասխանատվություն մեր տարածաշրջանում անվտանգության ապահովման եւ գլոբալ անվտանգության ապահովման առումով… Մեր առաքելությունն ու պարտավորությունն է` ապահովել մեր ազգային անվտանգությունը, տարածաշրջանային անվտանգությունը եւ մեր ներդրումն ունենալ գլոբալ անվտանգության մեջ»,- ասել է նա:

Այժմ խնդիրն այն է, թե կարող են արդյոք մեր երկու երկրները` Հայաստանը եւ Վրաստանը, տարածաշրջանում ստեղծել միասնական աշխարհաքաղաքական տանդեմ` միավորելով նախեւառաջ անվտանգության հետ կապված` իրենց ընդհանուր ազգային շահերը: Դա ցույց կտա ժամանակը: Այդպիսի հեռանկար, կարծես թե, նշմարվում է:

 

Կարապետ Կալենչյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: