Մարտի 9-ին «Ռեգնում» ռուսական լրատվական գործակալությունը զետեղել էր «Հայաստանի հասարակության համախմբումը պետության պահպանման կարեւորագույն տարրն է» վերնագրով Արտաշես Գեղամյանի ծավալուն հոդվածը: Գեղամյանի հերթական «գլուխգործոցը» գնահատելու համար կարելի է կարդալ https://regnum.ru/news/polit/2878898.html հղմամբ: Հոդվածի գլխավոր իմաստն այն է, որ ՀՀ-ում, նրա խոսքով, հետեւողականորեն իրականացվող անդրօվկիանոսյան տեխնոլոգիաները երկիրը վերածել են պետության հիմքերը քայքայող ունիվերսալ մեխանիզմների ստեղծման յուրօրինակ պոլիգոնի, ինչն արդեն «սկսել է ազդել մարդկանց հոգեկանի վրա»:
Ճիշտ է, անհասկանալի է մնում, թե ում «հոգեկանը» նա նկատի ունի: Դե, ամեն բանում, ինչպես միշտ, մեղավորը Սորոսի հիմնադրամն է: Հետեւաբար, անհրաժեշտ է համախմբված կարգով ՀՀ-ն «պոկել սորոսյան հինգերորդ շարասյունից»: Իսկ դրա համար, ըստ հոդվածագրի, հարկավոր է նախեւառաջ հետեւողական աշխատանք տանել ընդդիմությունը միավորելու ուղղությամբ, ընդ որում՝ օգտագործելով երկրի «հայրենասիրական ուժերի տրամադրության տակ եղած մարդկային, ֆինանսական, մտավոր եւ տեղեկատվական բոլոր ռեսուրսները»: Հետաքրքիր է, թե ում նկատի ունի Արտաշես Մամիկոնիչը «հայրենասիրական ուժեր» ասելով: Չլինի՞ խոսքը երկիրն ու ժողովրդին լիակատար աղքատության հասցրած ուժերի մասին է: Այնուհետեւ նա գրում է. «Ես ընդամենն ուզում եմ, որ Հայաստանի սթափ դատող քաղաքացիներն ինքնակամ չդառնան երկրին պարտադրված դիվերսիաներն իրականացնող դերակատարներ՝ դիվերսիաներ, որոնք փլուզման են տանում մեր պետությունը»:
Գեղամյանի ասածներում ոչ մի նոր բան չկա: Նա 2018-ի «թավշյա» հեղափոխությունն անվանում է «պետական հեղաշրջում»՝ մոռանալով, որ մեծաթիվ ժողովուրդ էր ոտքի ելել, հաղթահարելով արյունալի հաշվեհարդարի վախն ու սպառնալիքները: Եվ դա ասում է մի մարդ, ով նախկինում եղել է իշխանության վերին էշելոններում եւ ներսից գիտի այդ փտած համակարգը: Ամենից հետաքրքիրը, սակայն, ընդդիմության միավորման մասին Գեղամյանի այն թեզն է, որը կարմիր թելի պես անցնում է ամբողջ հոդվածով: Այստեղ հարց է ծագում, թե որ ընդդիմությանն է վերաբերում խոսքը: Ո՞ւմ է նա հասկանում «սթափ մտածող» եւ «հայրենասիրական ուժեր» ասելով:
Բանն այն է, որ «թավշյա» հեղափոխությունից հետո անցած ոչ լրիվ երկու տարվա ընթացքում մեզանում երկու տեսակի ընդդիմություն է կազմավորվել: Դրանք տրամագծորեն հակադիր են: Առաջին տեսակը նախկին իշխանություններն ու նրանց կողմնակիցներն են, որոնք անարգել թալանում էին երկիրը եւ այստեղ բնակվող ժողովրդին: Այդ ընդդիմությունը չէր լինի, եթե հեղափոխությունից անմիջապես հետո՝ հենվելով ժողովրդի մեծամասնության կամքի վրա, Հանրապետական կուսակցությանը տրվեր քաղաքական գնահատական եւ այն օրենքից դուրս հայտարարվեր: Այժմ նրանք ամրապնդվել են, տիրապետում են զանգվածային տեղեկատվության մի շարք միջոցների, օգտվում են ազատ հասարակության բոլոր բարիքներից եւ ամեն հնարավոր բան անում են անցյալին վերադառնալու համար:
Ունե՞ն նրանք այդ ռեսուրսները: Իհարկե՝ ունեն: Ավելին՝ այդ կեղտոտ նպատակների համար պատրաստ են անգամ զոհել երկրի հեղինակությունը դրսում ունեցած իրենց կապերի միջոցով: Ուստիեւ Հայաստանում լուրջ պայքար է գնում: Վարչական միջին օղակների անձնակազմերում դարձյալ այն մարդիկ են, որոնք հավատարմորեն ծառայում էին նախորդ իշխանություններին: Մեզանում լյուստրացիա չի անցկացվել: Բնական է, որ Փաշինյանը հայտարարում է, թե համակարգում կան դավաճաններ: Եթե այդպիսիք չլինեին ոստիկանությունում, դատախազությունում, հետաքննչական մարմիններում, ԱԱԾ-ում, դատարաններում, ապա բարձրաստիճան հանցագործներն ինչպե՞ս նախօրոք կկարողանային փախչել Հայաստանից: Եվ սա նենգադուլի միայն մեկ մասնավոր օրինակ է:
Ընդդիմության երկրորդ տեսակն այն մարդիկ են, որոնք ակտիվորեն մասնակցել են հեղափոխությանը եւ լիովին աջակցել Փաշինյանին: Եվ այժմ այդ ընդդիմության նպատակներն ու խնդիրները համընկնում են կառավարության ծրագրի հետ: Սակայն ժամանակի ընթացքում այդ մարդիկ կառավարող կուսակցության հետ տարաձայնություններ են ունեցել իրավահավասար եւ ժողովրդավարական հասարակության կառուցման հեղափոխական սկզբունքների մեթոդների վերաբերյալ: Գեղամյանը պնդում է, որ ամեն ինչում մեղավորը սորոսական գրանտակերներն են, որոնք ոչնչացնում են երկիրը:
Բայց հենց այդ «սորոսիկներն» էին, ինչպես արհամարհանքով նրանց անվանում է հոդվածի հեղինակը, որ վերջերս բաց նամակով դիմեցին Փաշինյանին, որտեղ վերջինիս մեղադրում էին նախկին իշխանությունների ներկայացուցիչների դեմ անբավարար կոշտ պայքար մղելու համար: Համակարգային փոփոխություններ են պահանջվում` այնպիսի փոփոխություններ, ինչպիսիք տեղի են ունեցել պետական կառույցներում: Այդ կառուցողական ընդդիմությունը իսկապես տարանջատված է եւ տեսանելի ապագայում նրա միավորումը քիչ հավանական է: Բայց այն, որ նա կա, եւ կառավարող կուսակցությանը վիճակված է ականջալուր լինել նրան` արդեն դրական է: Ի դեպ, երկրորդ տեսակի ընդդիմությունը մեզ հույժ անհրաժեշտ է, քանզի նրա օգնությամբ հետադարձ կապ է իրականացվում հասարակության եւ կառավարության միջեւ:
Որպես դրա օրինակ` Փաշինյանը մարտի 11-ին ներկայացրեց նախկին իշխանությունների քաղաքական գնահատականի թեզերը, որոնք զուգահեռաբար կդրվեն հանրաքվեի: Դատելով հոդվածից, ընդդիմության երկրորդ տեսակին Գեղամյանն ակնհայտորեն չի պատկանում: Այդ դեպքում հարց է առաջանում` ի՞նչ նպատակ էր նա հետապնդում` գրելով այդ հոդվածը: Միանգամայն ակնհայտ է, որ կատարվում է ինչ-որ մեկի պատվերը: Բայց այդպիսի պատվերները պիտի գոնե ավելի կոռեկտ կատարել, ոչ թե բղավել, ինչպես «Ադամանդե ձեռքը» կինոնկարում. «շե´ֆ, ամեն ինչ կորա´ծ է, ամեն ինչ կորա´ծ է»:
Կարապետ Կալենչյան