Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը փաստացի հայտարարեց իր մտադրությունների եւ ծրագրերի մասին՝ չթաքցնելով ՀՀ Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերին տիրանալու ձգտումները։
Իշխանությունը շարունակում է լռել՝ արդարանալով, թե այդկերպ մտածում է Ադրբեջանում գերի պահվող մեր հայրենակիցների մասին։ Իրականում իշխանությունը կորցրել է վերահսկողությունը ոչ միայն քաղաքական, այլեւ ազգային ու պետական արժեհամակարգի նկատմամբ, կորցրել է կապը իրականության հետ։ Կորցրել է հայրենիքից ու պետականությունից զրկվելու զգացողությունը։
Վստահ եմ, որ ՀՀ բարձրագույն իշխանության անձնական օգտագործման չինովնիկները մշտադիտարկում են անցկացնում եւ զեկուցում իրենց վերադասին, հետեւաբար առաջարկում եմ փոխանցել նաեւ իմ հետեւյալ ուղերձը.
«Հասկանում եմ, որ հայրենիքի՝ Ձեր եւ իմ գիտակցումը խիստ տարբեր է։ Հայրենիքը Ձեզ համար այսօր լավ ապրելու, կուշտ լինելու արժեհամակարգ է, որտեղ հոգեւոր արժեքներ չկան, կա միայն նյութականություն։ Ձեզ թվում է, թե, ասենք, Հադրութն ու Շուշին սոսկ բնակավայրեր են, որոնք կարելի է զոհաբերել հանուն Թուրքիայի հետ սահման բացելու․ չէ՞ որ թուրքական կապիտալի ներհոսքով Դուք եւ մյուս բոլոր հայաստանցիները լավ կապրեն, շատ փող կստանան, ապրանքներն ու ծառայությունները կլինեն ավելի հասանելի։
Այո, մակերեսի մակարդակում Դուք ճիշտ եք։ 2006-ին, 2007-ին, 2016-ին Ձեր բոլոր պնդումների ժամանակ Թուրքիայի հետ բացվելու միտքը կարմիր թելի պես անցել է՝ պատրաստ լինելով զոհաբերել ամեն տեսակի ազգային արժեք։ Ֆիզիկապես լավ ապրելու մարմաջը Ձեր եւ Ձեզ շրջապատող մարդկանց մեջ միշտ է եղել։ Ո՞վ չի ուզում լավ ապրել։ Ես էլ եմ ուզում, որ իմ երեխաներն ապրեն հարուստ Հայաստանում։
Հռետորական հարց չեմ տա, թե արդյո՞ք մեր զոհված հայրենակիցները չէին ուզում լավ ապրել։ Իհարկե, ուզում էին, բայց նրանք ունեին այլ արժեհամակարգ, որոնք խորթ են ձեզնից շատերին։
Հռետորական մեկ այլ հարց տամ՝ Դուք վստա՞հ եք, որ Ձեր երեխաները լավ կապրեն կամ ընդհանրապես կապրեն, երբ ավարտին հասցնեք բոլոր պայմանավորվածությունները։ Գիտեմ, որ կարդացած մարդ եք։ Գիտե՞ք գոնե մեկ դեպք, երբ մեր այսօրվա թշնամին կատարած լինի իր խոստումը։ Վստա՞հ եք, որ Ձեզ օգտագործելուց հետո նրանք չեն մտափոխվի։ Հիշե՛ք Քարվաճառի դեպքը, Կովսականի օրինակը, Շուռնուխի կամ Ոսկեպարի պայմանավորվածությունները եւ թշնամու կողմից դրանց հետագա խախտումները․ արդյո՞ք Դուք այդքանից հետո դեռ հավատում եք թշնամու «կիրթ» ղեկավարի տված խոսքին։
Լավ, եթե անգամ կատարի իր խոստումը եւ մեր ահռելի զիջումների դիմաց բացի իր ճանապարհներն ու ապահովի Ձեր այդքան երազած տարանցիկ երկրի ապագան, Դուք էլ կարողանաք ուժով կամ մեղրոտ խոսքով բթացնել ազգի զգոնությունը, տարիներ անց ինչպե՞ս եք նայելու Ձեր թոռների աչքերի մեջ, ինչպե՞ս եք նրանց բացատրելու, որ Ձեր պատկերացրած հարուստ պետությունը Հայաստան է լոկ անունով, իսկ իրականում այն թուրքական վիլայեթ է, որտեղ բոլոր ռեսուրսները պատկանում են հարեւան թուրքերին, քանի որ Դուք խաբվել եք ճոխ խոստումներին։
Հիշո՞ւմ եք հայտնի քննարկումը՝ ՏԱՐԱԾՔԸ ՃԿՈՒՆ ԵՐԵՎՈՒՅԹ Է, ՈՐԸ ԿԱՐԵԼԻ Է ՓՈԽԱՆԱԿԵԼ ՇԱՀԱՎԵՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ։
Վստահ եղեք, կգա ժամանակ, երբ Ձեր այսօրվա խորհրդատուները հենց թուրքերին կվաճառեն իրենց կապիտալն ու կգնան Հայաստանից՝ մեկ այլ տեղում բիզնես դնելու։ Նրանց համար հայրենիքը փողն է, իսկ երբ Դուք վերջնականապես հասկանաք, որ գործիք եք դարձել, ուշ կլինի ինչպես Ձեր, այնպես էլ առնվազն 3 մլն հայի համար։
Վստահ եմ՝ հասկանում եք, ինչ եմ ասում, լավ եք հասկանում։ Ամեն դեպքում դեռ ժամանակ ու հնարավորություն ունեք հրաժարվելու այն մի քանի պայմանավորվածությունից՝ փրկելու ինչպես Ձեր դեմքը, այնպես էլ հայկական պետականությունը»։
Նաիրի Հոխիկյան