Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Ազատ ամբիոն

Նախարարն ընդդեմ Հայաստանի Հանրապետության

Օգտվողների գնահատում. 5 / 5

գործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղ
 

Օրերս ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդես եկավ ուղիղ եթերով, որտեղ հայտարարեց, որ չի պատրաստվում ենթարկվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան կայացրած վճռին։ Մի քանի ամիս տեւած դատական գործընթացների արդյունքում բավարարվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանի ներկայացրած հայցը ընդդեմ Արսեն Թորոսյանի։

Բանն այն էր, որ առողջապահության նախարարը` քաղաքացի Մինասյանին ազատելով զբաղեցրած պաշտոնից, հրապարակավ, առանց դատական վերջնական որոշմանը սպասելու, նրան մեղադրել էր ամենատարբեր հանցանքներ կատարելու մեջ։ Այստեղ խնդիրը ոչ այնքան տվյալ քաղաքացու մեղավոր կամ անմեղ լինելն է, որքան պետական բարձրաստիճան պաշտոնյային ոչ այնքան հարիր գործելաոճը։ Փաստորեն ստացվում է, որ նախարարը խախտել է անմեղության կանխավարկածը եւ հանդես եկել անպատասխանատու հայտարարություններով։

Ասում ենք` կոնկրետ դեպքում քաղաքացու մեղավոր կամ անմեղ լինելն էական չէ, քանզի վերջինիս մեղավորության փաստն արձանագրող մարմինը ոչ թե Արսեն Թորոսյանն է, այլ դատական մարմինը, եւ պետական բարձրաստիճան պաշտոնյան առնվազն պետք է հետեւեր վարքականոնի տարրական պահանջներին եւ ընդամենը սպասեր համապատասխան մարմինների կողմից կայացրած որոշմանը։ Սակայն պարոն նախարարը շատ ավելի հեռուն գնաց, երբ Առաջին ատյանի, ապաեւ Վճռաբեկ ու Վերաքննիչ դատարանների վճիռներից հետո, որոնցով բավարարվեց քաղաքացու հայցն ընդդեմ Թորոսյանի, վերջինս բացեիբաց հայտարարեց, որ չի պատրաստվում կատարել դատական ատյանների կայացրած որոշումը։

Թորոսյանի այս հայտարարությունն ուղղակի մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի Հանրապետւթյանն ու պետական իշխանակարգին, այլեւ առողջ տրամաբանությանը։ Իր որոշումը նա արդարացնում է՝ պատճառաբանելով, թե ներկա դատակա համակարգը չի վայելում ժողովրդի վստահությունը, ինչն, իբր, իրեն թույլ է տալիս չկատարել ընդունված վճիռները։ Մի՞թե պարոն նախարարը չի հասկանում, որ այդ նույն տրամաբանությամբ դատական համակարգի որոշումներին կարող են չենթարկվել վերջին առնվազն քսան տարիներին այդ նույն դատական համակարգի կողմից դատապարտված կամ այլ պատժամիջոցների արժանացած ՀՀ քաղաքացիները։ Կամ ինչպե՞ս է Արսեն Թորոսյանը չափել ժողովրդի վստահության աստիճանը։ Իսկ եթե նույն տրամաբանությամբ առաջնորդվելով` ցանկացած մեկն իրեն թույլ տա «չափել» որեւէ պետական ինստիտուտի ժողովրդական վստահության մակարդակը եւ, ըստ այդմ, ասենք, հայտարարի, որ ինքը չի պատրաստվում ենթարկվել Ճանապարհային ոստիկանության կամ ԱԱԾ պահանջին, քանի որ վերջիններս, իր կարծիքով, չեն վայելում ժողովրդի վստահությո՞ւնը։

Քանի որ պարոն Թորոսյանը դատական համակարգի նկատմամբ ժողովրդի անվստահության մասին դատում է այն փաստով, որ 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո վերոնշյալ համակարգը չի բարենորոգվել, ստացվում է` յուրաքանչյուր քաղաքացի այսօր հիմնավոր պատճառ ունի չենթարկվելու Հատուկ քննչական կոմիտեի, Գլխավոր դատախազության, մյուս դատական ատյանների որոշումներին կամ օրինական պահանջներին, որովհետեւ այդ համակարգերը 2018 թականից այս կողմ չեն բարենորոգվել ու չեն վայելում ժողովրդի վստահությունը։ Ինչպիսի´ անհեթեթություն:

Ամփոփելով՝ արձանագրենք, որ պարոն նախարարի` դատական համակարգի որոշումների քամահրումն ուղղակիորեն հարվածում է Հայաստանի պետական անվտանգության հիմքերին եւ, ըստ էության, հանդիսանում է հակապետական ու ապօրինի գործողություն։ Վերը նշված հայտարարության վտանգավորության աստիճանը կրկնապատկվում է, եթե նկատի ունենանք, որ այն հնչեցնողը շարքային քաղաքացի չէ, այլ Գործադիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյա։

 

Հ.Գ. Հոդվածի հեղինակը ոչ մի տարակույս չունի, որ ՀՀ պատկան մարմիններն այս ամենը քաջ գիտակցում են: Ուրեմն` հուսանք, որ Արսեն Թորոսյանն ամենամոտ ապագայում պաշտոնանկ կարվի եւ հակապետական վարքագիծ դրսեւորելու համար պատասխանատվության կենթարկվի օրենքի ողջ խստությամբ։ Չէ՞ որ օրենքի առջեւ բոլորը հավասար են:

 

Հայկ Փայտյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: