Երկուշաբթի, Նոյեմբերի 25, 2024

Ազատ ամբիոն

Բենզինի գինը եւ Հայաստանի տնտեսությունը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Վերջին օրերին Հայաստանում բենզինի գները կտրուկ իջել են, եւ «ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրի գինը կազմել է 310 դրամ: Սպառողների համար վառելանյութի գնի այդ նվազումը, անշուշտ, դրական երեւույթ է` հատկապես առաջիկայում գազի գնի սպասվելիք բարձրացման համապատկերին: Բայց գազի գնաճը առանձին խոսակցության թեմա է: Հայաստանի համար բենզինի էժան գինը, թագաժահրի համավարակով պայմանավորված համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում, շատ բարենպաստ հիմք է երկրի տնտեսության զարգացման առումով: Չէ՞ որ ինչպես բուն Հայաստանում արտադրվող, այնպես էլ դրսից ներմուծվող բոլոր ապրանքատեսակների ինքնարժեքի հաշվարկով մեծ տոկոս են կազմում թե´ տեղափոխման ծախսերը եւ թե´, բնականաբար, բենզինի գինը: Այդ դեպքում առաջին անհրաժեշտության ապրանքների, եւ ոչ միայն դրանց գների ավտոմատ նվազումը, մեծ օժանդակություն է նրանց համար, ովքեր կոնոնավիրուսի առնչությամբ ստիպված են մնալ տանը եւ չաշխատել: Մյուս կողմից` Հայաստանում արտադրվող եւ երկրից արտահանվող ապրանքները նույն պատճառով կարող են արտաքին շուկայում դառնալ ավելի մրցունակ:

Օրերս Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Գեղամ Գեւորգյանն իր հարցազրույցում անդրադարձավ բենզինի գնի նվազման հարցին: Նա հայտարարեց. «Եթե արհեստական իջեցում լինի, դա եւս վատ է: Տնտեսվարողները բողոքում են, որ բենզինի գինը շատ է ընկել: Նույնիսկ` ավելի շատ, քան պետք է: Իհարկե, սպառողի տեսանկյունից` որքան էժան, այնքան լավ: Բայց տնտեսության տեսանկյունից դա այնքան էլ լավ չէ: Գինը պետք է լինի տնտեսապես հիմնավորված»: Գրիգորյանը հավելեց, որ նավթի գինը բենզինի գնագոյացման մեջ «կազմում է մինչեւ 3-4 տոկոս»: Ընդ որում` նա ակնարկում է, թե որոշ ընկերություններ բենզինը վաճառում են դեմպինգային գներով: Բայց ո՞վ է դեմպինգային գներ ստեղծում, եթե Հայաստան ներկրվող վառելանյութի 90 տոկոսն իրականացնում է ռուսական «Ռոսնեվթ» ընկերությունը: Ինչո՞ւ նա պիտի իջեցնի գները, եթե դրա մենաշնորհատերն է:

Ընդհակառակն` նրան ձեռնտու է Հայաստանին բենզին վաճառել ավելի բարձր գներով, քան համաշխարհային մակարդակի գներն են: «Գազպրոմ Արմենիա»-ի օրինակն ակներեւ է: Այդ ընկերությունը մեզ գազը վաճառում է համաշխարհային գներից 3,3 անգամ թանկ եւ դեռ ուզում է էլի թանկացնել: Միանգամայն հնարավոր է, որ գների նվազումը կապված է Հայաստանում հայտարարված արտակարգ դրության առնչությամբ բենզինի պահանջարկի կտրուկ կրճատման հետ: Այդ հարցերի պատասխաններն ավելի խորն են ընկած, քան կարելի է պատկերացնել, եւ ձեռքի տակ առավել ճշգրիտ տեղեկատվություն չունենալու պատճառով չենք կարող միանշանակ գնահատական տալ: Ինչ վերաբերում է գնագոյացման մեջ նավթի գնի 3-4 տոկոս դերին, ինչպես պնդում է Գրիգորյանը, ապա այստեղ ակնհայտ անհամապատասխանություն կա: Համացանցից քաղված պաշտոնական տվյալների համադրումից պարզվում է, որ ՏՄՊՊՀ նախագահի բերած թվերը, մասնավորապես 1 բարելի (մեկ բարելը 159 լիտր է) հաշվով, մի քանի անգամ նվազեցված են: Այսինքն` բենզինի գնագոյացման մեջ նավթի գինը ոչ մի դեպքում չի կարող այդքան ցածր` 3-4 տոկոս լինել:

Խնդիրն այլ է: Հայաստանը ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ արտասահմանյան մենաշնորհատերերի «գերությունից», որոնք ամրապնդվել են մեր երկրում եւ իրենց պայմաններն են թելադրում ինչպես էներգետիկայի ոլորտում, այնպես էլ պետության բնականոն կենսագործունեության համար կենսականորեն կարեւոր այլ ճյուղերում: Հակամենաշնորհային օրենքները, որոնք գործում են Հայաստանում, ի վիճակի չեն լուծել այդ հիմնահարցերը: Դրանք լուծելի են միայն բարձր քաղաքական մակարդակում:

Սակայն արդեն գրեթե երկու տարի է անցել «թավշյա» հեղափոխությունից հետո, բայց այդ հարցը չի լուծվում: Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից կրկնակի շրջափակման մեջ գտնվելը մի կողմից, եւ համավարակը` մյուս, Հայաստանը կանգնեցրել են շատ բարդ իրավիճակի առջեւ: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ այդպիսի պայմաններում, նույնիսկ շրջափակման բացակայության դեպքում, համաշխարհային բոլոր` այդ թվում Եվրոպայի պետությունները, Ասիայի հարավարեւելյան երկրները, ԱՄՆ-ն իրենց խնդիրները լուծում են ինքնուրույնաբար: Հայաստանը եւս պետք է ձերբազատվի մենաշնորհատիրության ճիրաններից, մանավանդ որ, դրա համար հիմքերն ավելի քան բավարար են:

 

Կարապետ Կալենչյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: