Ֆրանսիայի նախագահի ընտրությունների Exit poll արդյունքներով Էմանուել Մակրոնը եւ Մարին Լը Պենն անցան 2-րդ փուլ: Երկրորդ փուլ չանցած կուսակցությունների ղեկավարներից մի քանիսն արդեն իսկ հայտարարում են 2-րդ փուլում Մակրոնին սատարելու մասին՝ միաժամանակ ընդգծելով, որ թեպետ չեն ընդունում Մակրոնի քաղաքական ուղեգիծը, սակայն պաշտպանում են երկիրը ուլտրաաջերից:
Հետեւում եմ Ֆրանսիայի ընտրություններին. քաղաքական միտք, գաղափարներ եւ ծրագրերն են մրցակցում, եւ ոչ միայն անհատները: Ավելի ճիշտ՝ մրցակցում են գաղափարներ եւ ծրագրեր կրող անհատները, եւ հանրությունը ընտրությունն այդ ծրագրերի միջեւ է կատարում:
Պետք է խոսոտովանեմ, որ Ֆրանսիայի ընտրություններն ինձ ավելի են հետաքրքրում, քան Հայաստանի ընտրությունները վերջին քսան տարիների ընթացքում: Հայաստանում վաղուց՝ ընտրություններից առաջ էլ, դրանց ընթացքում էլ եւ հետո էլ բոլորը՝ թեկնածուներն ու կուսակցությունները, ընտրողներն ու ընտրվողները, մոռանում են քաղաքականության եւ գաղափարների մասին:
Ահա թե ինչու է մեր երկիրը հայտնվել քաղաքական կոլապսի մեջ. քաղաքական միտքը մեռած է, պետական քաղաքականությունը՝ հուսահատեցնող, քաղաքական պայքար իրականում չկա, չկան ծրագրերի բախում կամ համադրում: Ահա թե ինչու Հայաստանի բարդ ներքաղաքական եւ աշխարհաքաղաքական իրավիճակներում ելք որոնելը դժվար է լինում, քանի որ ընտրությունների ժամանակ ոչ ոք չի հիշում քաղաքական ծրագրերի մասին:
Հայաստանը հազիվ թե կարողանա առաջ ընթանալ հասարակական-քաղաքական մտքի այս ավերածության պայմաններում: Հանրային հեռուստատեսությունը, որ պետք է քաղաքական միտքը ասպարեզ բերեր, մնացել է խորհրդային քարոզչության մակարդակին: Տպագիր մամուլը, որ քաղաքական վերլուծություններով պետք է տարբերվեր սոցիալական մամուլից, իսպառ հրաժարվել է վերլուծություններից: Հասարակական-քաղաքական կյանքը եւ մամուլն ապրում են «ըսի-ըսավ»-ներով:
Հայաստանում ցանկացած իշխանություն եւ յուրաքանչյուր ընդդիմություն ամենավտանգավորը համարում են ազատ միտք կրողներին, մինչդեռ քաղաքականությունն աճում է ազատ մարդկանցից եւ ազատ մտքերից:
Այսպես հեռու չենք գնա: Այսպես անգամ տեղում կանգնած չենք մնա: Հայաստանում քաղաքական կյանքի փոփոխություններ են անհրաժեշտ. դիմադրությունը մեծ է լինելու, սակայն այդ փոփոխությունները ոչ միայն անհրաժեշտ են, այլեւ՝ անխուսափելի: Մենք չենք կարող հուղարկավորել քաղաքական կյանքը, միտքը, պայքարը, երբ Հայաստանն ու աշխարհը կանգնած են բարդ խնդիրների եւ պատասխանների փնտրտուքին դեմ-հանդիման:
Նարինե Մկրտչյան