Կորոնավիրուսի համավարակը երկու-երեք ամսում հիմնովին շրջել է ողջ մարդկության կայուն ընթացող կյանքը դրա` ավանդաբար ստեղծված վարքագծի, կենսաձեւի կանոններով, պետությունների միջեւ եղած փոխհարաբերություններով հանդերձ, ամբողջովին քայքայել է համաշխարհային տնտեսությունը: Վերանայման են ենթարկվել մարդկային արժեքների գնահատականները: Ինչպես ցույց տվեցին անցած երեք ամիսները, մարդկությանն ուղղված այդ մարտահրավերներին աշխարհը պատրաստ չէր` ներառյալ ամենաառաջատար գերտերությունները, միջպետական միավորումները: Այդպիսին է ներկա իրողությունը:
Կոնոնավիրուսը լակմուսի թղթի պես ի հայտ բերեց հայկական պետականության հիմնախնդիրները: Ստեղծված պայմաններում Հայաստանը հայտնվեց ծանր դրության մեջ: Երկրի իշխանությունները փորձում էին հնարավոր ամեն ինչ անել համավարակի հետեւանքները մեղմելու համար: Այդ ջանքերի խորապատկերին ավելի հստակ սկսեցին գծագրվել ազգային անվտանգության հիմնահարցերն ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում: Ամենասուր խնդիրներից մեկն առաջվա պես կադրերի պակասն է, որոնց համալրումը դանդաղ է կատարվում: Ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այն հայտարարությունից հետո, թե պետական կառավարման համակարգում կան առաջընթացին խոչընդոտող պետծառայողներ, շատ քիչ բան է փոխվել: Դրանում մեղքի իր բաժինն ունի կառավարությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ կառավարման ոլորտում առկա սաբոտաժային երեւույթները ոչ միայն սասանում են պետական անվտանգության հիմքերը, այլեւ հարվածում են իր իսկ վարկանիշին, ինչը նախորդ ուժերի ռեւանշի համար բավարար պայման է:
Միջազգային ասպարեզում Հայաստանը պետք է ավելի համարձակ եւ ինքնուրույն քաղաքականություն վարի ինչպես Եվրասիական միության ներսում, ԱՊՀ-ում, Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերություններում, այնպես էլ Եվրոպայի, ԱՄՆ-ի, Չինաստանի եւ այլ երկրների հետ փոխառնչություններում: Այդ հարաբերությունները պետք է կառուցել իրենց թիկունքին ժողովրդի աջակցությունն ունեցող իշխանությունների լիակատար օրինակարգության հիմքի վրա: Վարկանիշ կորցնելու դեպքում (իսկ նախկին իշխանություններն ամեն կերպ դրան են ձգտում) Փաշինյանի համար հետագայում ավելի ու ավելի դժվար է լինելու խոսել նրանց հետ` առաջ տանելով Հայաստանի տնտեսական եւ քաղաքական ազգային շահերը: Օրինակ` այս տարվա մարտի սկզբին ռուսական «Գազպրոմը» 40 տոկոսով իջեցրել է Բուլղարիայի համար Ռուսաստանից արտահանվող գազի գինը: Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ը: Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը դա անվանել է «խորհրդանշական նվեր» 1877-78 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո օսմանյան լծից երկրի ազատագրման 142-րդ տարեդարձի կապակցությամբ: Ընդ որում` Բուլղարիան այդպիսի խնդրանքով Ռուսաստանին դիմել էր 2020 թվականի փետրվարի 11-ին, եւ մարտի 3-ին գինն արդեն իջեցվել էր: Իսկ ինչո՞ւ Ռուսաստանը հրաժարվում է դա անել Հայաստանի համար, որը ՀԱՊԿ-ի, Մաքսային միության, ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի անդամ է, ի վնաս իր միջազգային իմիջի, Ռուսաստանի հետ մեկտեղ խաղաղապահ անձնակազմ էր ուղարկում Սիրիա ու բոլոր միջազգային հարթակներում քվեարկում է Ռուսաստանի օգտին, եւ որը տարիներ շարունակ խնդրում է իջեցնել մատակարարվող գազի ավելի քան երեք անգամ բարձրացված գինը: Ավելին` ուզում է այն բարձրացնել 30 տոկոսով: Եվ դա` կորոնավիրուսի պայմաններում, երբ բոլորը պետք է միմյանց օգնեն: Եկել է բաց ու հրապարակային խոսակցության ժամանակը:
Համավարակը թե´ ներքին, թե´ արտաքին քաղաքականություն վարելու բացառապես այլ եղանակներ է առաջադրում: Որոշ երկրներ` օգտագործելով կորոնավիրուսի խնդիրը, ուզում են անհամեմատ ավելի թույլ պետությունների հաշվին ամրապնդել իրենց դիրքերն աշխարհում: Այդպիսի թույլ պետություններից մեկը մենք ենք: Սակայն ամեն ինչ չէ, որ այդպես մռայլ է: Չկա չարիք` առանց բարիքի: Համավարակը սրընթաց զարգացող տնտեսական եւ դրա հետ կապված քաղաքական գործընթացների ծանր հետեւանքների հետ մեկտեղ Հայաստանի առջեւ բացում է նոր հնարավորություններ, որոնք պետք է անհապաղ օգտագործել: Ճիշտ կառուցված արտաքին քաղաքականություն վարելու եւ միջազգային քաղաքականութան մեջ կշռադատված ու փաստարկված որոշումներ ընդունելու դեպքում կարող ենք հատուկ դեր խաղալ նոր աշխարհակարգի կառուցման գործում: Որքան շուտ մենք կարողանանք համակերպվել նոր պայմաններին, այնքան անցավ կարող ենք լուծել Հայաստանի եւ Արցախի անվտանգության խնդիրները, ինչպես նաեւ վերականգնել մեր տնտեսությունը: Ամեն ինչ մեզանից է կախված:
Կարապետ Կալենչյան