Մայիսի 1-ին` Հայաստանի Հանրապետության նոր վարչապետի ընտրության օրը, Հայաստանի հանրապետական կուսակցությունն Ազգային ժողովում ընթացող հարց ու պատասխանի եւ ելույթների ժամանակ հերթական անգամ ապացուցեց, որ այն քաղաքական միավոր չէ, այլ հստակ նպատակներով ու որոշակի շահերով միավորված մաֆիոզ խումբ: Այդ խումբը քառորդ դար փորձում է բոլոր միջոցներով պետությունը վերածել իրենց մաֆիային հարմարեցված ավազակապետության՝ անտեսելով Սահմանադրական կարգերը, խախտելով բոլոր օրենքները, արմատացնելով մենաշնորհը եւ օլիգարխիան ու պանդեմիկ կոռուպցիան վերածելով նորմի:
Բայց մայիսի 1-ին ակնհայտ դարձավ, որ անօրինականության կծիկի մեջ պարուրված ՀՀԿ-ի վարչակազմը ոչ միայն տարբեր տրամաչափի ավազակներ ու գռփողներ են, որոնց բոլոր արարքները որակելու համար Քրեական օրենսգրքի հոդվածները կարող են չբավարարել, այլ նաեւ պետության եւ պետականության իրական սպառնալիք: Իշխանությունը զավթած եւ իրենց աթոռներին սերտաճած երեսփոխանները, մյուս բարձրաստիճան ՀՀԿ-ականները պատրաստ են հանուն անձնական շահի եւ դրա աղբյուր հանդիսացող ավազակային կուսակցապետության պահպանման` զոհաբերել պետությունն ու պետական շահերը: Դրա ապացույցը` բացի Ազգային ժողովի ամբիոնից հնչեցրած մշտական ստից, ապատեղեկատվությունից ու սպառնալիքներից, օտար պետություններին ուղղված բացահայտ եւ վատ քողարկված կոչերն էին:
Այնպիսի տպավորություն էր, որ ժողովրդի կողմից մերժված կուսակցության արտաքին դաշնակիցների թվում պատվավոր տեղ ունի ոչ այլ ոք, քան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որը պետք է «մի բան անի»՝ իր գործակիցներին կեղեքող քաղաքացիներից փրկելու համար: Ստացվում է, որ երկրի «պահպանողականները» սահմանն ամեն կերպ ապակայունացնելու ուղերձներ են հնչեցնում, որպեսզի ներքաղաքական խնդիրներից կարողանան հասարակության ուշադրությունը շեղել եւ ժամանակ շահել վերադիրքավորվելու համար:
Բացի Ադրբեջանին կոչեր ուղարկելուց, ՀՀԿ-ն ամեն կերպ փորձում էր զուտ հայկական շարժմանը վերագրել ինչ-որ աշխարհաքաղաքական երանգներ` այդ հանգամանքի վրա հրավիրելով Կրեմլի ուշադրությունը: Հանրապետականները դեռ հույս ունեն համոզել Ռուսաստանին, թե իբր այս շարժումը բեկումնային փոփոխություն է մտցնելու Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ եւ վերջ է դնելու ԵԱՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությանը` նպատակ ունենալով Կրեմլին ներքաշել Հայաստանի ներքաղաքական հարցերում: Ստացվում է, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը փաստացի պատրաստ է ամբողջությամբ զոհաբերել Հայաստանի ինքնիշխանությունը, պետությունը գլորել լրջագույն աշխարհաքաղաքական խառնարանի մեջ, միայն թե իրենց չդիպչեն: Եթե ոչ սա, ապա ուրիշ ի՞նչը կարելի է որակել պետական դավաճանություն: Դասական իմաստով հակապետական եւ ապազգային գործունեություն ծավալած կուսակցությունը, որն իրեն նույնականացնում է իշխանության հետ, պատրաստ էր սեփական կեղտերը թաքցնելու եւ գողոնով ձեւավորած կապիտալը փրկելու համար «թռնել» մի ամբողջ պետության վրայով:
ՀՀԿ-ն պետք է հասկանար, բայց չհասկացավ, որ այդօրինակ պահվածքը մի օր իրեն մղելու է ինքնաոչնչացման ճանապարհը, ինչը եւ տեղի ունեցավ: «Իշխանության ճամպրուկը» վերցրած, թերարժեքության բարդույթներն ի հաշիվ պետության ինքնիշխանության բավարարող խումբը ինքն իր հուղարկավորությունն է կազմակերպում, եւ թաղման արարողության դիմացը ճանապարհ փակողներ չկան:
Մարինա Մուրադյան