Բոլոր քաղաքակիրթ երկրներում օրինականությունը հաստատվել է հասարակության կողմից մղվող երկար ու գիտակից պայքարի արդյունքում։ Այդ երկրներում հանրային համերաշխությունը ձեւավորվել է օրենքի գերակայության հաստատմամբ, ինչն իր հերթին հնարավորություն է տվել հասնելու ընդհանուր զարգացման եւ առաջընթացի։ Մարդիկ փուլ առ փուլ գիտակցել ու կարեւորել են իրենց իրավունքների ճանաչումը եւ դրանց լիակատար պաշտպանությունը՝ համոզված լինելով, որ միայն այդպես կարելի է սահմանափակել իշխանության արտոնությունները եւ ընդլայնել քաղաքացիների պարտականությունները։
Համընթաց զարգացումը միշտ սկսել է այն պահից, երբ հանրությունը գիտակցել է ընդհանուր շահը եւ ջանացել այն ամրագրել օրենսդրորեն։ Սա շարունակական գործընթաց է եւ երբեւէ չի կարող կանգ առնել, քանի դեռ մարդկային գործունեության ընթացքում անընդհատ նոր իրողություններ ու երեւույթներ են ի հայտ գալիս, որոնք հասարակական լայն դիսկուրսների արդյունքում նոր կարգավորումների, օրենքների անհրաժեշտություն են առաջացնում կամ փոխում են որոշ արժեքներ՝ ստեղծելով նորերին ու դրանց ընկալումներին համապատասխան մոդելներ։ Հասարակական առողջ դիսկուրսի, տեսակետների, անհամաձայնությունների եւ մոտեցումների բախումների մեջ է հասունանում այն շարժընթացը, որը շարունակաբար լիցքեր է հաղորդում հասարակության կենսունակությանը։ Մեր ժամանակներում հանրային համերաշխության եւ ընդհանուր համագոյակցության շուրջ համաձայնության ձեռքբերման համար տարվող գործընթացներն առավել աքսելերացվել եւ գլոբալ բնույթ են ձեռք բերել՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ու քաղաքական նոր գործիքակազմերի շնորհած անհամեմատ ավելի լայն հնարավորությունների համատեքստում։
Սակայն Հայաստանում զարգացումները փոքր-ինչ այլ տրամաբանությամբ են առաջ շարժվում։ Հասարակությունը, որն իր մեջ որոշակի ուժ գտավ քաղաքական վայրիվերումները ճիշտ հունավորելու համար, այդպես էլ չկարողացավ մինչեւ վերջ գիտակցել իր արածի նշանակությունը, հասկանալ դրան հետեւող քայլերում սեփական բաժին դերակատարումը, ծավալվող դիպաշարում մասնակցության իր աստիճանի կարեւորությունը։ Սրա վառ ապացույցը բազմիցս հնչող «բա մենք սրա՞ համար էինք պայքարում» դրամատիկ հարցադրումն է։ Մարդիկ, ովքեր մի քանի անգամ «փողոց են փակել» եւ հրապարակում բոլորի հետ մի քանի բառ վանկարկել, լուրջ դեմքով հայտարարում են, թե հեղափոխությունը չի արդարացրել իրենց սպասումները։ Իսկ որո՞նք էին այդ սպասումները եւ արդյո՞ք որեւէ մեկը հանձն էր առել այդ սպասումների իրականացումը։ Ոմանք շատ դեպքերում չեն էլ կարող ձեւակերպել, թե իրականում որոնք են եղել իրենց սպասումները, առավել եւս, չեն կարող այդ սպասումներն իրականացնելու համար որեւէ իրատեսական ճանապարհ ուրվագծել։ Սա, թերեւս, հետեւանք է այն բանի, որ մեր երկրում երբեւէ քաղաքական լուրջ դիսկուրս չի ծավալվել։ Հասարակությունը միշտ խուսափողականություն է դրսեւորել իր համար գերկարեւոր խնդիրների ձեւակերպման եւ դրանց հնարավոր լուծումների հարցում, ինչի հետեւանքով հարթակից հնչեցված եւ հստակ ուրվագծված լրջագույն կետերը, որոնք պետք է կյանքի կոչվեին հեղափոխության արդյունքում եւ փաստացի դառնային իրավական պետության ստեղծման անկյունաքարը, հետհեղափոխական Հայաստանում մղվեցին լուսանցք ու մնացին առկախված։
Ակնհայտ է, որ հասարակությունը կրկին իր վրայից գցում է պետության կայացման գործում պատասխանատվության իր չափաբաժինը եւ ամեն ինչ պատվիրակում իշխանություններին՝ ակնկալելով, որ վերջինս բարի մղումներով մի կողմ է դնելու ամեն բան ու լծվի պետականակերտմանը։
Ինֆանտիլ եւ անտարբեր հասարակությանը, որը շարունակ սպասում է «փրկիչների», բնորոշ է նման վարքագիծը։ Ստացվում է, որ նրանք հեղափոխություն են արել ոչ թե այդուհետ սեփական ուժերով ու գաղափարներով պետություն կառուցելու, այլ «փրկչին» գտնելու եւ իր ճակատագրի տնօրինումը նրան պատվիրակելու համար:
Թե ինչով կավարտվի այս ամենը՝ դժվար չէ կանխատեսել:
Մարինա Մուրադյան